«Մարտունիում ծնվել եմ, Մարտունիում ապրում եմ ու Մարտունիում կմեռնեմ։ Մենակ մի դեպքում Մարտունիում չեմ լինի․ եթե հանկարծ թուրքը ոտք դնի էստեղ»։

Արցախի Մարտունի քաղաքից երգիչ Վահե Սողոմոնյանը

«Ղարաբաղի հայերը երբեք Հայաստանի հայերից չեն նեղացել, միայն Փաշինյանից կարող են նեղանալ։ Առաջին օրը, որ նա ընտրվել ա, ղարաբաղցին ասել ա՝ սա մեզ ծախելու ա։ Ու էդ պայմանագրի օրից մենք կես մարդ ենք դարձել։ Բայց միևնույն է, հիմա էլ հույս կա հետ բերելու մեր հողերը»:

Արցախի Խաչմաչ գյուղից Գոհար Մարդիյանը

«Հայաստանցիք մեկ ա պահում են դրան, էս ամեն ինչից հետո էլ պահում են: Մեկն ասում էր՝ լավ ա տղաս մահանա, քան Քոչարյանը գա: Ես սենց եմ մտածում՝ հովիվ կա, իրեն հինգ հարյուր ոչխար են տալիս, տանում-բերում ա, ժամանակի ընթացքում հազար ա սարքում: Հովիվ էլ կա, ոչխարները կորում են, գայլերն անընդհատ դրանց ուտում են, ու միշտ ուրիշ մեկն ա մեղավոր: Հիմա չասե՞ս, որ էդ հովիվը գայլին ա պահում»:

Հադրութի Դրախտիկ գյուղից Ստեփանակերտ տեղահանված Վալերիկ Գևորգյանը

«Պատերազմից հետո էկանք, դպրոցում տեսանք՝ Արցախի դրոշը պատառոտած է, Հայաստանինը՝ թողած: Էս իշխանությանը 100 տարի էլ անցնի չեմ ների: Իրենք էդպես էլ չհասկացան, որ Արցախը հիմքն ա, Երևանը՝ վերնատունը»։

Արցախի Խաչմաչ գյուղի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Ցողիկ Մուսայելյանը

«Խելք ու ուժ ունենանք՝ միավորվենք: Ադրբեջանը երեսուն տարի պատրաստվել է: Մեզ բանակը վերականգնելու համար էդքան շատ ժամանակ պետք չի: Պետք է պաշտպանենք մեր հողը, պահենք էս մեր երկիրը: Ասում են՝ վերջին ամիսների ընթացքում 80 հազար հոգի արտագաղթել է, բայց աշխարհում ուր էլ գնաս եկվոր ես, օտար ես: Մենք մեր հողի վրա ենք ամուր»։

Արցախի Խաչմաչ գյուղի դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը

«BBC-ն ռեպորտաժ էր արել: Ադրբեջանցի երեխան ասում ա․ «Մամա, մեծանամ, զինվոր դառնամ, որ հայի սպանեմ»: Բա էդպես ո՞նց կլինի: Չէ, սա սենց չի մնա։ Ժամանակի հարց ա։ Հետ ենք բերելու բոլոր հայկական հողերը: Ղարաբաղում բոլորն են էդ ասում: Եթե 16 թվի նման լիներ մեր բանակի վիճակը, մենք առաջ էլ կգնայինք: Իսկ սա պատերազմ չէր, անվերջ հետնահանջ էր: Էդ պայմաններում, որ էսքանն էլ մնացել ա, լավ ա»:

Արցախի Խաչմաչ գյուղից Մանվել Մարդիյանը, 2016 և 2020 թվականների պատերազմի մասնակից։ Բաքվից է գաղթել Արցախ։ Ունի 5 երեխա։

Լուսանկարել է Նարեկ Ալեքսանյանը