«Ակն ընդ ականի» առաջին պատգամը

2018 թվականից Հայաստանում հակահայկական իշխանության արածների պատճառով Արցախի պետականությունը մազից է կախված։ Արցախը կորցրեց Հայաստանից իր անվտանգության երաշխավորությունը, տարածքների 75 տոկոսը։ Արցախի հայերն ունեզրկվեցին, աքսորվեցին։ Մահացան ավելի քան հինգ հազար, վիրավորվեցին ավելի քան տասը հազար մարդ։ Իշխանությունը չջանաց կորածներին հայտնաբերել և գերիներին վերադարձնել։ Վերացան ազգային կամքն ու ոգին, ինչը հայերին և Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին անասելի խոցելի է դարձրել թշնամու առջև։ Վտանգի տակ է Սյունիքը, իսկ այս իշխանությունն ու նրա քարոզիչներն արդարացնում են Ադրբեջանի կողմից սյունեցիներին ունեզրկելը։

Արհավիրքին նպաստել են տարբեր տեսակի քարոզչամիջոցներ, որոնք գործել են լրագրության, արվեստի, գրականության, հրատարակչության, մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ՝ սատարելով այս իշխանության ծրագրերին։
Վավերագրությունը գործիք է, որով հնարավոր է վերլուծել այս աղետը և հակազդել այն քարոզչամիջոցներին, որոնք վտանգում են հայերի իրավունքները։
Այդ կարիքների համար է ձևավորվում «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը։ Արվեստագետների և գրողների այս համայնքի նպատակն է կանխարգելել քաղաքական անհեռատեսության պատճառով հնարավոր ողբերգությունները, և ոչ թե ողբերգությունից սնվել, ինչպես ընդունված է արվեստում։

«Ակն ընդ ական» վավերագրական խմբի առաջնային մտահոգությունը հայերի իրավունքների պաշտպանությունն է, ազգային հպարտությունը վերականգնելն ու պահպանելը։ Այդ տրամաբանությամբ «Ակն ընդ ականի» ներկայիս գլխավոր խնդիրը վավերագրության միջոցով հայերի շահերը չներկայացնող իշխանությունից ազատվելն ու թուրքական մոլագար ծավալապաշտությանը դիմադրելն է։
Ակն ընդ ական՝ և՛ աչքի դեմ աչք, և՛ ականի դեմ աչք։