Կարծախում երաժշտության ձայն լսեցինք, ոնց որ մեզ կանչեր, ու դիքով բարձրացանք։
Ավտոտնակում կանաչ Նիվայից հնչող երաժշտության ձայնն անջատեց ու մեզ մոտեցավ Փառնոն։ Միանգամից ձեռքը մեկնեց, բարևեց, հարցուփորձ արեց, հրավիրեց իր տուն ու ասաց․
– Էսօր պիտի գնայի Երևան, որ Հայաստանի քաղաքացիության հարցերով զբաղվեի, բայց առավոտը մամային ասեցի` երազ եմ տեսել, մա, երազումս 2 հրեշտակ ինձ ասացին, որ ես էսօր հյուր եմ ունենալու, էսօր տանը կմնամ, ոչ մի տեղ չեմ էրթա։ Տեսա՞ք, ոնց կատարվեց, ես հո ձեզի չգիտեի։
Փառնոն ապրում է իր 84-ամյա մոր՝ Ռոզայի հետ իր հայրական տանը, որտեղ ոչինչ չի փոխվել, բացի ընտանիքի անդամների քանակից․
– Ձագ ջան, ես ամուսնուս հետ 8 տարի եմ ապրել, 4 տարի հետս ա էղել, էն 4ը` խոպանում, էնտեղ էլ մահացել ա։ Շատ դժվար էր 3 երեխա մեծացնել մենակ, ձագ ջան, բայց ես սկզբից որոշեցի, որ էս ա իմ ճակատագիրը։
Մինչև վերջին ամիսները Ռոզան զբաղվում էր տան ամենօրյա չվերջացող գործերով, փոքրիկ հին հեռուստացույցով հայկական ալիքներ էր նայում, կարուձև անում, վերջին բանը, որը կարել է` բարձի շապիկն է` վարագույրի կտորից, բայց կարի մեքենան նվիրել է աղջկան ու հիմա, երբ ուզում է կարել, հարեւաններին է դիմում, իսկ հեռուստացույցը մի քանի ամիս է, ինչ փչացել է։
Տունն ամբողջությամբ հին իրերով է լցված ու չնայած, որ ձմեռը շատ ցուրտ է լինում, փայտից վառարանը մի քանի րոպեում հասցնում է տաքացնել ամբողջ տունը։
– Էս լուցկիներն էլ չեն վառվում նորմալ, սովետի վախտ 50 սպիչկա էր մեջը գոյնա, հիմա 20 հատ են դնում։ Էհ, էհ, ձագ ջան,- Փառնոն գրեթե բոլոր զրույցների ընթացքում մոր հետ լրացումներով խոսում էր իր երազի մասին ու շեշտում, որ հավատում էր, որ հյուր է ունենալու ու երազը կատարվեց։
Փառնոն շատ է գրքեր կարդացել, հիմա էլ է կարդում, չնայած տեսողության խնդիրներին։ Մեծ մասը պատմական գրքեր են եղել, և պատմությունից խոսել շատ է սիրում։
Մտածել է դպրոցում պատմություն դասավանդելու մասին, բայց քանի որ երիտասարդ ժամանակ ընտանիքի ամբողջ հոգսն իր ուսերին էր, չի կարողացել համալսարան ընդունվել ու մանկավարժի կրթություն չունենալու պատճառով ուսուցիչ չի դարձել։
– Իմ կյանքի նպատակներից ամենամեծը դա ձեր էդ հոպ-ստոպով (ավտո ստոպը նկատի ունի) իմ պապական, արմատներիս գյուղերը, քաղաքները գնալն է` Արևմտյան Հայաստանից ուր կհասցնեմ, ինչ կկարենամ, գիտեմ, հաստատ էդ ձեր հոպ-ստոպով ես էլ եմ գնալու մի օր գոնե Վանը տեսնեմ, մեր Վանա լճից էլ ջուր բերեմ հետս։
Հիմա էլ պիտի գնամ Երևան, որ քաղաքիցությանս հարցերով զբաղվեմ։ Ես Դեմուրճիան եմ, բայց որ ինչ-որ տեղ պետք ա լինում ազգանունս, մի քանի անգամ հարցնում են` Դեմուրչյա՞ն, թե՞ Դեմիրճյան, վերջում ասում եմ` ինչ ասեմ, ոնց լսել եք, տենց էլ գրեք, ես մեկ ա Դեմուրճիան եմ։
Կարծախի մեծ մասը, եթե ոչ գրեթե բոլորը հայեր են ու հիմնականում գյուղում զբաղվում են հողագործությամբ, Փառնոն ևս նույն գործերով է զբաղվում, և իր տունն էլ է էստեղ կառուցվել հարյուրամյակներ առաջ, սակայն հիմա Փառնոն պատրաստվում է տեղափոխվել Հայաստան։
Կարծախը հայկական գյուղ է Ջավախքում, այժմ՝ Վրաստանի հարավում։ Հայտնիներից աշուղ Ջիվանին՝ Սերոբ Բենկոյանն է Կարծախից։ Տիկին Ռոզայի ու Փառնոյի համագյուղացի են մոտ 800 հոգի։
Միլենա Ավետիսյան