Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթի մասնակիցների «հետքերով» (մրցույթի արդյունքները կամփոփվեն, երբ պաշարումը ճեղքվի)

– Կարինե՛, ե՞րբ տեսազանգ անեմ հարցազրույցի համար։

– Կներե՛ք, որ ուշ եմ պատասխանում, խնձորի հերթում էի… Հա՛, հինգ հատ խնձոր հասավ ինձ…

Հարցի ու պատասխանի արանքում մի քանի ժամ կա։ Մեր հարցազրույցը կարող էր լինել թեկուզ միայն այդքանը, ու վե՛րջ։ Եվ աշխարհում ամենակարճ այդ հարցազրույցը՝ այդ կարճ «կինոն», կպատմեր ամեն ինչ Արցախի այսօրվա մասին։ «Կինոն» հետո տեսազանգով է շարունակվում, ու ես պաշարված Արցախի կոմիքսների հեղինակին հարցնում եմ, թե ոնց բաժանեցին այդ խնձորները. «Դե, դու կամ ընտանիքիդ մի ուրիշ անդամ գնում է, ժամերով հերթ կանգնում, մրսում, կամ էլ շատ քիփ կանգնելով մրսածությունը հանում՝ չգիտեմ, ծանոթանում, հեռախոսի համար փոխանակում, հանդիպում մանկության ընկերոջը կամ վաղեմի թշնամուն…, ապրանքը բերում, հասցնում է տուն։ Դե, քիչ է։ Տանը երկուսը հաստատ ասում են՝ ես չեմ ուզում, դրանից ստամոքսը ցավում ա, չգիտեմ ինչ։ Եղբորս տղան՝ Նժդեհը, չուտող երեխա է, աղջիկը՝ Նանեն, սկզբից ուզում է, հետո հաշվում է՝ բոլորին կհասնի՞… Օ՜, Նանեն ինքը սիրտ է, Նանեն ուղեղ չունի, նրանը բոլորը սիրտ է»։

 Կարինեի ծնողները, ծնողների ծնողները, բոլորն Արցախից են։ Հայրն առաջին պատերազմում ստացած հիվանդությունից մահացավ մի քանի տարի անց։ Մայրը՝ շտապօգնության 45 տարվա բուժքույր, առաջին պատերազմում ծառայած, այժմ վաստակած հանգստի է… «Հայրիկիս ու մայրիկիս սիրող զույգից բխել է երեք աղբյուրԵվ բոլորս Արցախում ենք, դեզերտիրներ չունենքՄայրիկիս շնորհիվ մենք էդ երեք երեխաներով սպայկա ենք, էլի՛, շատ համերաշխ ենք։ Մեր ընտանիքում սեր կա։ Միայն ես չեմ դա ասում, իմ ընկերուհիներն էլ են ասում։ Իսկ մեր ընտանիքը միավորում են խաղերը. մենք շատ խաղամոլ ընտանիք ենք։ Ահավո՛ր։ Մայրիկս, եղբայրս՝ սաղս խաղամոլ ենք. նարդի ենք խաղում, շախմատ ենք խաղումՄենք լա՛վ ղարաբաղցի ենք»։

Իսկ վատ ղարաբաղցին ո՞րն է։

-Էն ղարաբաղցին է, որն էս պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում ու պատճառաբանելով տուն, աշխատանաք, երեխա՝ դուրս չի գալիս մի հատ էդ հրապարակ, դուրս չի գալիս մի հատ իր բողոքի ձայնը արտահայտի։ Ամենաչնչին բանը՝ մի հատ պլակատ վերցնում ես ու կանգնում։ Ապրիլի 7-ին մեզ մոտ ակցիա էր՝ Կանայք հանուն Արցախի։ Ես եղբայրական գերեզմանից մինչև Շուշվա տակը էդ պլակատը ձեռքերիցս չեմ իջեցրել։ Մոտ 45 րոպե ոտքով ճանապարհ էր։

 

«Մինչև Շուշվա տակը էդ պլակատը ձեռքերիցս չեմ իջեցրել»

– Ի՞նչն է պատճառը, որ այստեղ, ըստ քեզ, ղարաբաղցիները դուրս չեն գալիս՝ բողոքի ցույց անեն։

– Մեծամասնությունը ասում է՝ արա՛, բայց որ ես գնամ, ի՞նչ ա փոխվելու, եթե իմանամ, որ  բան կփոխվի, կգնամ։ Մի մասն էլ ասում է՝ եթե ինձ հետ մեկը գար, կգնայի։

– Լա՛վ, իսկ եթե գնան, բան կփոխվի՞ քո կարծիքով։

– Չգիտեմ, բայց եթե տարիներ հետո նրանց զավակները ասեն՝ մա՛մ, պա՛պ, էն որ բլոկադա էր, էն որ անցակետ էին տեղադրում, դուք ո՞ւր էիք, դու՞ք ինչ եք արել։ Նրանք էլ ասելու են՝ Ֆեյսբուքով ստատուս էինք գրում, Ֆեյսբուքով լայքում էինք, Հայաստանում համերգների էինք մասնակցում, պոստեր էինք անում, լայվ էինք մտնում, տարբեր ուտեստներ էինք տեղադրում. Արցախում երեխան վերջին անգամ դրանից երբ էր կերել, չգիտեինք։

-Ինձ գիտե՞ս ինչն է զարմացնում, ինչու՞ ես դու այդ ամենը ղարաբաղցիներից պահանջում, ինչու՞ մեզանից չես պահանջում, բա մենք հայ չե՞նք, մենակ ղարաբաղցի՞ն է քո հարազատը։

– Որովհետև նրա ընտանիքի մեկ անդամը հաստատ գտնվում է այստեղ։ Կամ՝ նրա ընկերուհին, համադասարանցին, գուցե հարևանն է գտնվում այստեղ։ Ես տարբերություն, հա՛, դնում եմ… Ճանապարհը նոր-նոր փակվել էր, մի ծանոթ ունեմ Հայաստանում, զանգեց՝ մեղր էր ուզում ուղարկեմ։ Ես էլ՝ բայց գիտե՞ս, Լո՛ւս ջան, մեզ մոտ ճանապարհները փակ են, բլոկադում ենք, բան։ Ինքը մեկ էլ հարցնում է՝ Լա՞րսը…Ես նրանից պահանջելու բան չունեմ։ Բայց ես պահանջում եմ այն ղարաբաղցուց, որի մաման, պապան, տատիկը, պապիկը, հարևանը էստեղ են։ Ինքը գնում է համերգ, իսկ իր հայրը այստեղ ժամերով հերթ է կանգնում, որ մի քանի հատ ձու գնի, տանի տուն։

Բայց լավ բան չի տարբերություն դնելը։

– Ներողություն եմ խնդրում բոլոր հայերից, բայց ես տարբերություն սկսեցի դնել 2018 թվականի հեղափոխությունից։ Իրե՛նք սկսեցին։ Ի՛նչ էին ասում՝ երեխադ ինստիտուտ չընդունվեց, որովհետև ղարաբաղցին խելոք էր, ինքն ընդունվեց։ Դու քշում ես Մոսկվիչ, բայց եթե ղարաբաղցին չլիներ, դու կքշեիր Մերսեդես։ Դու չես ստանա բարձր աշխատավարձ, որովհետև ղարաբաղցին …Էդ ատելության մթնոլորտն էնքան շատ էր, որ մարդիկ կարծեցին, թե Արցախը որ տան՝ վսյո՛, ազատվելու են ամեն ինչից՝ դառնալու են Եվրոպա, չգիտեմ՝ Հռոմի պապը գալու է օծի իրենց, Անջելինա Ջոլին ասելու է՝ ես Հայաստանում եմ ապրելու, Բրեդ Փիթն էլ՝ ես Հայաստանից աղջիկ պիտի ուզեմ…Ու չիմացան, որ Արցախը վահանն է մեր։ Որ ես Արցախից եմ, էդ պատճառով չեմ ասում, է՛, էդ փաստ է։ Արցախցին եթե կանգնի, ինքը կանգնելու է։ Ու արցախցին է կանգնել, որ երեսուն տարի ապրել եք, աճել եք, զարգացել եք, բարգավաճել եք։ Արցախի ներդրումը շատ է։ Հեղափոխականների անհայրենիքը ծախեց իմ հայրենիքը, նրանց անտունը քանդեց իմ տունը, նրանց ապագան խորտակեց իմ ապագան։

Կարինեն եղբոր ու քրոջ հետ մեծացել է մորական տատի, պապի տանը. «Այնպես չի, որ պատերազմ եղավ, ու ես հանկարծ հայրենասեր դարձա. ես այսպես եմ ծնվել, շատ հայրենասեր եմ, ես էս հող ու ջրի մեռած եմ, ու դա ստացել եմ իմ տատիկ ու պապիկից, որոնք հողը շատ էին սիրում, իրենց արցախյա՛ն հողը… Այո՛, ճիշտ եք, էդ «հավը եփող» տատիկս է. իմ բոլոր գրվածքների գլխավոր հերոսը Թամարա տատիկս է, դե, պապիկս էլ սըփորթինգ՝ երկրորդական դերերում է։ Չնայած պապս երեք համալսարան ավարտած կատարյալ տղամարդ էր. տղամարդ՝ ամեն մի կետով»։

 (Իր «Բազմաֆունկցիոնալ հավը» պատմվածքում Կարինեն պատմում է, թե ինչպես էր ամեն Նոր տարվա սեղանի համար ընտրվում տան հավերից որևէ մեկը, որից տատիկն, ինչ ասես՝ պատրաստում էր. «Ղալաթ կանին Կրասնի կրեստի, ՕԴԿԲի, Պենտագոնի սոբեսեդովանիքը մեր հավի կասծինգի կողքին»)։

 ­- Էդ հումորը քեզ որտեղի՞ց, հո ասկերանցի Պըլը Պուղուն ազգական չե՞ք։

– Տո բա ինչ ենք… Չէ՛, ոչ մի ազգական էլ չենք։ Ճիշտն ասած, ատամհատիկիս մասնագիտություն ընտրելիս հումորն եմ վերցրել։ Կատակ եմ անում։ Հա՛, ես շատ հումորով եմ, կատակասեր եմ, ես շատ ընկերասեր եմ, բայց ես շատ ռևնոստնի եմ, երբ հարցը վերաբերում է իմ Արցախին։ Ես դա համարում եմ իմը, իմ սեփականությունը։ Ամեն ինչով։ Էս կոմիքսներովս էլ զվեզդա եմ դարձել, է՜։ Ասենք, ճանապարհին երկու կին են ինձ տեսնում, մեկը-մյուսին ասում է՝ էս ի՜նքն է։ Մյուսն էլ ինձ ասում է՝ ա՜, մատա՛ղ, երկե դավլենիս շատ պեցուր ա իլալ, մտալում էջավըտ շոռ տվալ, էնքան ծիծաղալ, վեր դավլենիս ինգալ ա տեղը…Մի խոսքով, անցկացնում եմ բուժումներ՝ սիրտ անոթային համակարգի։

Բուժքրոջ իր կրթությամբ Կարինեն երբեք չի աշխատել, բժշկական համալսարան Երևանում ընդունվեց, բայց չշարունակեց. «Վճարովի էի ընկել, մի քիչ ավելի թանկ էր, քան ընտանիքիս կարողություններն էին, կրթությունս շարունակեցի այստեղ՝ Ստեփանակերտի համալսարանի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետում։ Դրա հետ մեկտեղ ընդունվեցի աշխատանքի Ղարաբաղ տելեկոմում։ Երևի 11 տարի է, որ աշխատում եմ. սկզբում օպերատոր էի։ Եթե դուք Արցախ զանգահարել եք 2010-ից մինչև 2013 թվականը և հիացած եք մնացել օպերատորից, ապա դա հաստատ ես էի»։

– Դժվարությունները մի օր քեզ զոռով կհանե՞ն այդտեղից։

– Մանկությունս, երիտասարդությունս ամբողջն անցկացրել եմ այստեղ, ու անգամ միտք չի եղել, որ ես պետք է ստեղից դուրս գամ։

Կեղծ հայրենասիրություն չեմ քարոզում։ Չեմ ուզում ասեք՝ գիտե՞ք, էս Կարինե Պետրոսովան հայրենասեր է, չէ՛։ Էդ իմ էությունն է։ Իմ ընտանիքը շատ բան է տվել էս հողի համար։ Ամեն ինչ արել է ու արդար է արել։ Ես ինձ աննամուս կհամարեմ, որ ես Արցախը թողնեմ ու գնամ։ Ես կկորցնեմ իմ նամուսը, հարգանքը, պատիվը, ու անգամ առավոտ երեսս լվանալով երբ նայեմ ինձ հայելու մեջ, ինձ չեմ հարգի։ Որովհետև ես ուզում եմ արժանի լինել իմ պապիկի, տատիկի թափած քրտինքին, նրանց ամեն ինչին։ Որ ինձ առաջարկություն էին անում Հայաստանում մնալու, ասացի՝ ո՛չ, ինչ էլ լինի, ես էստեղից չեմ գնալու։ Ընկերուհիս ասաց՝ Հայաստանը էլ մեզ չի ֆինասնավորելու, ոչ մի կոպեկ չի տալու, օժանդակություն չի անելու, մենակ ի՞նչ ես անելու Արցախում, ասացի՝ եթե ես անգամ մեն-մենակ մնամ Արցախում, ես կապրեմ մեր տանը, գդալ կվերցնեմ ու հողս կուտեմ։ Մինչև հիմա էդ կարծիքին եմ։

– Էդ պաշարումը՝ բլոկադան, դժվար բան է։

– Բլոկադան վատ բաների հետ լավ բաներ էլ բերեց. սովորեցրեց միշտ ռյուգզագ կրել։ Խանութում մի բան ես տեսնում, հո՛պ, գցում ես մեջը։ Մարդիկ հիմա ճանապարհին բարև տալու փոխարեն սետկայիդ են նայում, սովորեցինք անթափանց գունավոր տոպրակներով ման գալ։ Ես գոհ եմ բլոկադայից։ Կարող է սխալ հնչի, բայց ասեմ՝ ինչու։ Ես բլոկադան համեմատում եմ մաղի հետ։ Ճիշտ է՝ բլոկադան տարավ ընկերներ, փչացրեց հարաբերություններ, տարավ հույս, հավատ, բայց ցույց տվեց, թե ով ով է։ Տվեց ճիշտը գնահատելու, լավ մարդկանց տեսնելու հնարավորություն։ Բլոկադայի ժամանակ մարդիկ սկսեցին իրար օգնել։ Առաջին պատերազմի ժամանակ ինչ-որ կանայք եկան, բաբոյիս հարցրին՝ մայրիկ, կարո՞ղ ես գուլպա գործել։ Ասաց՝ հա՛։ Թելեր տվեցին։ Մենք պադվալում էինք ապրում, ես պապիկիս ծոցն էի քնել։ Գիշերը արթնացա, տեսա տատիկս փայտի վառարանի տակից եկող լույսի դեմը կռացած գուլպա է գործում, դա՛ է հայրենասերը։ Ես ուզեցի նույնը անել պապիկիս, տատիկիս պես, ու բլոկադայի ժամանակ ինձ համախոհներ գտա։ Ընկերուհուս նման, ես ոչ թե ինձ, այլ ձեզ եմ համարում բլոկադայի մեջ։

– Հայաստանից ի՞նչ սպասելիք ունես։

– 1988 թվականի շարժմանը պապիկս, տատիկս, պապաս, մամաս օրերով կանգնում էին։ Էդ թավշյա հեղափոխությունը, որ դուք արեցիք, դա փիարվելու, գործից փախչելու, կայֆավատ լինելու բան էր։ Պոգոդան հիասքանչ էր, մարդիկ շփվելու, խորոված անելու էին դուրս եկել։ Էդ անկապ բաները հայրենիքի համար ոչնչություն են։ Իսկ Հայաստանի 21 թվականի ընտրությունների ժամանակ ես ասացի՝ Արցախի բնակչության համար էսօր պատերազմի 45-րդ օրն է։ Ես դրանց ձայն տված 600 հազարին չեմ մեղադրում, էն մարդկանց եմ մեղադրում, որոնք չգնացին ընտրության։ Հեղափոխականներից շատերը զղջում էին՝ 18-ին ինչու՞ դուրս եկա փողոց.. Բայց եթե զղջում էիր, ինչու՞ ընտրությանը չմասնակցեցիր, ինչու՞ չգնացիր քվեարկության։ Ես էնքան եմ ցավում Հայաստանի համար, և Հայաստանը դա միայն Երևանը չի։ Հայաստանում ծայրամաս կա, որտեղ մարդիկ ավելի վատ դրության մեջ են, քան ղարաբաղցիները։ Ղարաբաղցին սովորել է կրակոցին։ Արցախցի կինը գիտեր, որ եթե հիմա խփելու են Հադրութին, ինքը երեխաներին վերցնում, գնում է պադվալ, ինքը իմանում է ինչ է անելու։ Պահածո մահածո է փակում… Իսկ ծայրամասում Հայաստանի բնակիչը չգիտի, թե դա ինչ է։ Ջերմուկը մի հատ փամփուշտ չստացավ երեսուն տարի։ Ջերմուկ չմտան, չփշրեցին, չկոտորեցին, որովհետև Արցախը կանգնած էր։ Հիմա էդ աղետը մեզնից վերցրել, բերել են էդտեղ, իսկ Երևանի մեջ մարդիկ գնում են դեպի Եվրոպա։ Էլի՛ գնացեք Եվրոպա, բայց էդ թքած ունենալու արվեստը քո սահմանամերձ տարածքներին, քո արցախցուն, դա պիտի չլինի։

– Ի՞նչ հույսեր ունես «Շրջափակված Արցախ» մրցույթից։

– Կոնկուրս է, էլի, մասնակցում եմ։ Եղբորս կինն ասել է՝ ձև չի, որ մեկը կարողանա քեզանից լավը լինի կամ քեզ հաղթի… Էս շրջափակումն էլ որ բացվի, քեզ հրավիրում եմ ստեղ՝ մեր տուն։

– Ես Երևանից դուրս չեմ գալիս, առողջական խնդիրներ ունեմ։

– Հետևիցդ հատուկ տաքսի կուղարկեմ, էն է, Կարմիր խաչը որպես Գորիս-Ստեփանակերտ տաքսի է աշխատում։

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի