Այս աշխատանքը ներկայացվել է «Շրջափակված Արցախ» մրցույթին
Այն, ինչ իրոք սիրում ես, երբեք չեն խլի քեզնից,
Այն, ինչ իրոք սիրում ես, քո ճշմարիտ ժառանգությունն է:[1]
Է. Փ.
Ավելին քան բույսը, ստվերը բույսի և հիշողությունը տեղի,
մեկուսացման մեկնության հակառակ կողմում
հեռավորությունը չափվող հավասար է մերձությանն անբեկանելի:
Քեզ նկատի ունենալով՝ խոսում եմ բոլորի մասին և տեսնում միայն դեպի ներս
այս պատից, որը իմը (մերը) չէ միայն:
Ձեռքդ բացվում-փակվում է փամփուշտների անփոփոխ ներկայությամբ,
մինչ դեկտեմբերը, երկու շաբաթը մեկ ջրվող ծաղկի ոլորվող ցողունի պես,
մոտենում է վերջին մարտի:
Ստվար ու մշտամնա լեռնաշղթաներն այս՝ սպասման անվհատ մարմին,
իսկ ես չեմ հաշտվում. մնալու, երևալու, սիրելու, վերապրելու կամքի կողմնացույցը
հստակ է, ինչպես երբևէ:
Ազատագրումը վերահաս հոմանիշն է թանձրամարմին անտառների,
որոնք կասկած են հարուցում, թե արդյոք լիարժեք է քեզ ընդգրկող ներկայությունը երկրի վրա (ինչպես մտածել էիր առնվազն մեկ երկվայրկյան շարունակ)
և որոնք տարածականորեն անհյուրընկալ են անգամ մեկ ստորակետի հանդեպ:
Տևել մինչև ավարտն աղետի և պատմել պատմությունը քո, չդառնալ այն:
Զուգահեռ երկխոսություններ բնապատկերի հետնախորքում՝
ինքնաեռի և անընդհատաբար ծավալվող կտորի շուրջ:
Մանվածապատ, անուշաբույր, անպարագիծ և կարծր,
հանուն վերադարձի:
Առաձգական մենությունն իմ ընկերակցում է ծառի ամենաբարձր ճյուղով քողարկված, չտեսնված լինելու պատճառով անանուն թռչունի շնչառությանը:
Սիրտն է այս միայն քոնը հերթական հարությունից առաջ:
[1] Հատված Էզրա Փաունդի «Լիբրետտո» բանաստեղծությունից (թարգմ.՝ Սամվել Մկրտչյանի):
Հեղինակ՝ Աիդա Հարությունյան
Նկարազարդումը՝ Նարե Նավասարդյանի