Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթի մասնակիցների «հետքերով» (մրցույթի արդյունքները կամփոփվեն, երբ պաշարումը ճեղքվի)
Վիկտոր Զատիկյանն իր «Միայն ամպերն են շարժվում» ֆիլմը նկարահանել է այս հունվարին, Վանաձորում, Արցախի շրջափակման տասներորդ օրը, հատուկ այս մրցույթի համար։ Ինչ կապ ունի՞։ Ռեժիսորն Արցախի ճանապարհը նմանեցնում է Վանաձորի շուկաներից մեկին, որի տարածված անունն է՝ Լաչինի միջանցք (շուկայի երկարավուն տարածքը նման է ճանապարհի, բացի այդ, ասում են, որ այդ անունը շուկան ստացել է 1990-ականներին, երբ հայերի ու ադրբեջանցիների միջև կռիվ էր Լաչինի միջանցքի համար՝ ինչպես վանաձորյան շուկայում, երբ վաճառողները տարածքի ամեն սանտիմետրի համար կռիվ էին անում)։
Ֆիլմում հնչում է ալթայական կոկորդային երգ. «Երաժշտական այդ ֆոնն իմ փոքրիկ մանիպուլյացիան է, որն, իմ կարծիքով, աշխատել է։ Այսինքն, դու տեսնում ես պատկերաշար, քեզ ասում են, որ դու քաղաք Վանաձորում ես, բայց ինչ–որ երաժշտություն է հնչում, որը մի տեսակ Վանաձորի հետ չի ասոցացվում»։
Աշխույժ վաճառքի կադրերն աստիճանաբար հանդարտվում են չորսուկես րոպե տևողությամբ ֆիլմում. մարում են շարժումները, օրը մարում է, շուկայի աղոտ լույսերն են վառվում, մարում են հատուկենտ մարդկանց շտապողական քայլքն ու վազքը, կիսամութ, դատարկ տարածքի պատկերին հայտնվում է գրությունը՝ «Մինչև կբացվի նոր աշխատանքային օրը» (ուրեմն՝ մինչև կբացվի առավոտը, մինչև կբացվի լավ օրը, մինչև կբացվի ճանապա՛րհը)։

Մի քանի տարի է, ինչ Վիկտորն ապրում և ստեղծագործում է Վանաձորում, որտեղ, ասում է, չունի ո՛չ ազգակցական, ո՛չ «խնամիական» որևէ կապ («լոռեցի նախնի չունեմ, տավուշցի՝ այո՛»), այնտեղի ընկերներին ու գործընկերներին էլ տեղափոխվելուց հետո է ձեռք բերել.
–Ուրեմն, ինչո՞ւ հենց Վանաձոր, որովհետև հայկական ռոքի մայրաքաղա՞քն է, որովհետև արվեստագետների՞ քաղաք է Գյումրիի պես։
– Չէ՛, ռոք էդքան էլ չեմ լսում, արվեստագետների համար՝ իհարկե՛, քանի որ, թեկուզ փոքր, բայց ջերմ համայնք կա։ Բայց ամենակարևորն էն է, որ կա լռություն քաղաքում, ամեն պատուհանից կարելի է անտառ կամ սար տեսնել, ու ինչքան էլ որ կարող է առաջին անգամ քաղաք մտնողին թվալ, թե էդ քաղաքը դատարկ է, իրականում ինձ համար ինքն էնքան է, ինչքան ինձ պետք է, իր մեջ էնքան օդ կա, ինչքան ինձ պետք է։ Էդ քաղաքում ես ինձ ազատ եմ զգում ու կարող եմ մտածել. մի բան, ինչը չեմ կարողանում անել Երևանում։ Երբ որ ես Վանաձորից գալիս եմ Երևան, ինձ թվում է, թե ես մտնում եմ մի մրջնաբույն ու դառնում եմ մրջյուն։
– Իսկ Վանաձորու՞մ ինչ կենդանի ես, կներե՛ս։
– Վանաձորում … դելֆին եմ։ Չգիտեմ՝ ինչ կենդանի եմ, բայց Վանաձորում ես դառնում եմ ե՛ս։
24-ամյա Վիկտորը ծնվել, հասակ առել ու կրթություն է ստացել Երևանում. «Չարբախյան իրականության մեջ եմ մեծացել, որում լուծվում էր երբեմնի ինդուստրիալ թաղամասի պոստինդուստրիալ կյանքը։ Մոտավորապես 15 տարեկանում ինձ դուրս շպրտեցի մինչև էդ ապրածս «փողոցից» ու «բարձրացա տուն»։ Ինձանից մի քանի տարի մեծ քույրս՝ Մարգարիտան, արդեն սովորում էր Թատերական ինստիտուտում, ինձ խորհուրդ էր տալիս ֆիլմեր, գրքեր, արվեստի նյութեր…Ու սկսեցի հետաքրքրվել էնպիսի բաներով, ինչով չէի հետաքրքրվում մինչ էդ»։
Ապա կայացվում է որշումը՝ ընդունվել Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին. «Հետաքրքիր պատահականությամբ, վերջին տեղով անվճար ընդունվեցի, ինչը ինձ երաշխավորեց չորս տարի մնալ քաղաքացիական անձ և չզորակոչվել բանակ։ Էդ չորս տարիների ընթացքում հիասթափություն առաջացավ ինստիտուտի ուսումնական համակարգից։ Բայց մյուս կողմից, ուսանողների հետ ստեղծվեցին շատ լավ կապեր, շատերը դարձան իմ ամենալավ օգնականները, կոլեգաները, ամենամոտ ընկերները։ Շրջապատ, որում բոլորը կարողանում էին մենակ չմնալով, իրար օգնելով ռեալիզացնել իրենց մտքերը։ Եվ հնարավոր չէր՝ էդքան հետաքրքրություններ ունենալով, մնալ Չարբախում. արդեն ձգվում էի դեպի քաղաքի կենտրոն, որտեղ ընկերներիս հետ վարձեցինք մի կիսաքանդ շենք»։
Պատմում է, որ այդ տանը hավաքվում էին գրեթե ամեն օր, երկար էին մնում, գիշերում էին։ Հիմնական կորիզը 6-7 հոգի էին. մեկը լուսանկարիչ էր, մի քանիսը ռեժիսորներ էին, մեկը երաժիշտ էր, մեկը պարող էր, մյուսը նկարիչ… «Անընդհատ հավաքվում էինք, ու անընդհատ ինչ-որ բան էր տեղի ունենում էդ տանը։ Ինչ-որ պահի էդ տունը դարձավ նույնիսկ հանրային վայր, այսինքն, յուրաքանչյուր պահի ինչ-որ մեկը դուռը ծեծում էր, ուղղակի հյուր էր գալիս կա՛մ գարեջրով, կա՛մ բուլկիով ու սուրճով, կա՛մ ուղղակի ձեռքերը թափ տալով…Երբեմն դրսից որ նայում էի, մտածում էի՝ երևի մի տասը րոպեից կփլվի էս տունը»։
– Չփլվե՞ց վերջը։
– Փլվեց, բայց մենակ՝ զուգարանի հատվածը։ Հա՛, էդ պահին մարդ կար զուգարանում, ցավոք… Չէ՛, բան չեղավ իրեն…Իսկ իմ կյանքում, արդեն էն պահն էր, որ անվճար սովորելով հանդերձ, արդեն չէի կարող չհայտնվել բանակում. գլխավերևումս կախված ժամացույցն արդեն շատ արագ էր պտտվում…Շուտով՝ վե՛րջ, չի լինելու էն ամենը, ինչով հիմա զբաղվում ես, էդ ամեն ինչից կապը ֆիզիկապես կտրվելու է միանգամից ։ Սկսեցի ծանր տանել էդ սպասումը, կորոնայի պատճառով էլ չնկարեցի դիպլոմային աշխատանքս։ Ու էդ բեռը վրաս հայտնվեցի բանակում 2020 թվականի ամռանը։
– Մոտենում ենք պատերազմի՞ն։
– Մոտենում ենք, բայց պատերազմը կողքովս կանցնի։ Էսօր մամայիս էի ասում՝ ինձ թվում է, որ ես կենցաղային հարցերում՝ ոչ, բայց գլոբալ բաների մեջ բախտ ունեմ, որը միշտ նման դեպքերում իմ կողքին է։ Լրիվ պատահաբար հայտնվեցի էնպիսի ստորաբաժանումում, որը չգնաց Ղարաբաղ, ինչքան էլ որ մոտ էր։ Ուղղակի չգնաց՝ մնալով գնալու ամենօրյա սպասման մեջ։
– Վա՞խ ունես բանակից, պատերազմից։
– Պատերազմից՝ իհարկե՛։
– Պացիֆի՞ստ ես։
– Շատ բարդ հարց է, որովհետև չեմ երաշխավորում, որ պացիֆիստ եմ։ Իմ կերպարի էն մասը, որը բանակում ստեղծեցի ու աճեցրի, հաստատ պացիֆիստ չէր։ Ինքը սովորեց էն ամենը, ինչը պետք է կրակի կառավարման համար։ Իսկ մյուս մասը ուղղակի նայում է իր հակառակ կողմին ու զարմանում, թե ինչքան մեծ հնարավորություններ ունի մարդը. ինչքան տարբեր ինքը կարող է լինել։ Իսկ երբ բանակից եկա, հասկացա, որ կյանքում առաջին անգամ մնացել եմ առանց համակարգ, որ ոչ մի համակարգի չեմ պատկանում։
– Այսինքն, միայնակ գայլ չես կարող լինել, պետք է անպայման համակարգի մաս լինես։
– Չէ՛, լրիվ հակառակը։
– Իսկ ձեր էդ քանդվող տունն ի՞նչ եղավ։
– Տուն չասեմ, ասեմ օրգանիզմ։ Էդ օրգանիզմը երկար տարիներ տնից տուն էր տեղափոխվում, առաջինն էդ կիսաքանդն էր, հետո ինչ-որ պահի հասկացանք, որ կարող ենք մի քիչ ավելի նորմալ պայմաններում ապրել, բնականաբար, տեղափոխվեցինք մի շենք էն կողմ, հետո՝ մի ուրիշ շենք, հետո՝ մի ուրիշ տուն… Հետո օրգանիզմը սկսեց քայքայվել, դինաստիաներ առաջացան, որոշ մարդիկ փոխարինվեցին ուրիշ մարդկանցով, ոնց որ էվոլյուցիոն ցիկլ լիներ… 2020 -ի ամռանն էդ օրգանիզմն արդեն չկար։ Մարդիկ հասկացան, թե իրենք ով են, ինչ են ուզում անել, ամեն մեկը հասցրել էր իր գործի մեջ ինչ-որ չափով վարպետանալ, բնականաբար, մյուս քայլը անկախանալն էր՝ անկախացան։
– Նիկոլի հեղափոխությանը մասնակցե՞լ էր ձեր այդ «օրգանիզմը»։
– Մենք դուրս էինք գալիս ֆիքսելու իրադարձությունները, ու շատ էինք լուսանկարում։ Տեղում սարքեցինք ֆոտոլաբորատորիա ու սկսեցինք ժապավենով նկարել, հետո էդ ֆոտոլաբորատորիան դարձավ մեր համայնքի հիմնական ճյուղերից մեկը։ Իրարից անկախանալուց հետո մեր լուսանկարիչն այն իր բիզնեսը դարձրեց՝ «Բոքս» անունով («բոքսի հայաթում» է)։ Ինքս անցա իմ մասնագիտական գործին։ Սկզբում ստաժոր էի՝ փոքր վարձատրությամբ, հետո՝ մի քիչ ավելի մեծ, ու հասցրի մինչև էն կետը, որ փողը ստանայի, տանեի, տայի էն ինստիտուտին, որտեղ ես փաստորեն չէի սովորում վերջին երկու տարիներին։ Էդպես ունեցա դիպլոմ, ճիշտ է, մինչև հիմա չեմ հասկանում, թե կոնկրետ ինչի համար է, բայց, ամեն դեպքում, կա՛։
– Մտահո՞գ ես Արցախի ճակատագրով։
– Դա ինձ մտահոգող միակ հարցը չի. 2016 կամ 2018 թվականից Հայաստանում չէիր ձանձրանա, անընդհատ ինչ-որ բան էր տեղի ունենում։ Էնպիսի բաներ, որպիսիք կոլեկտիվ էմոցիա էին առաջացնում։ Սկզբում կարող է՝ ուրախություն։ Հիշում եմ 2018 թվականը։ Կոնտեքստից դուրս ընդհանրապես հիշում եմ ուղղակի մարդկանց, որ փողոցում շամպայն էին պայթեցնում, ու բոլորը՝ անկախ ամեն ինչից, շատ ուրախ էին։ Հետո էլի ցնցվեց հանրությունը՝ վիրուս, ու հետո՝ պատերազմ, էլի մեծ ցնցում, ու մեր հասարակության մեջ չկար մարդ, որի վրա չի ազդել 20 թվականին տեղի ունեցածը, եթե ինքը հայ է։ Իսկ արվեստագետը պետք է էդ ամենն արտացոլի իր գործերում, դառնա իր ժամանակաշրջանի հայելին՝ ինչքան էլ աբստրակտ լինի իր արվեստը։
– Դու ինքդ փորձու՞մ ես դառնալ քո ժամանակաշրջանի հայելին։
– Ինքս նախ փորձում եմ հասկանալ իմ ժամանակաշրջանը, ինչը էդքան էլ հեշտ չի։
– Արվեստը կամ արվեստագետները կարո՞ղ են նպաստել Արցախի հարցի լուծմանը, շրջափակումը վերացնելուն։
– Իհարկե՛։ Ուշադրություն գրավելով, ինչը շատ կարևոր գործիք է։
Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի