Արցախը հանձնող դավաճանները նաև արվեստի թշնամին են․ աջակցություն Հասմիկ Թանգյանին և Նարեկ Մալյանին
Երկու բոթ արվեստից:
Առաջինը՝ դատի են տվել «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման հեղինակներին։
4 տարի է անցել, ինչ 2019թ․ նոյեմբերին Հանրապետության Հրապարակի մետրոյում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» պարային, ձայնային և պոեզիայի ներկայացումը տապալվեց, երբ մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին մասնակիցների վրա։ 4 տարի անց մշակույթի նախարարության պարտականությունները կատարող կառույցը դատի է տվել ներկայացման հեղինակներին՝ պահանջելով վերադարձնել հատկացված գումարը՝ 2 756 000 դրամ։
Մյուսը՝ դատի են տվել Նարեկ Մալյանին ու պահանջում են, որ մեկուկես տարով ազատազրկեն նրան «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ներկայացման համար, որը նա արել էր Բաղրամյան փողոցում՝ Ազգային ժողովի դիմաց, 2021թ․ փետրվարին։
Այս երկու դեպքերին ավելացնելով Գոյ թատրոնի փակելն ու էլեկտրոնային երաժշտության սիրահերների Պոլիգրաֆ ակումբի վրա հարձակումը, պարզ է դառնում, որ Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանները ոչնչացնում են այն ամենը, ինչից Հայաստանի քաղաքացիների տարբեր շերտեր իրենց մշակութային սնունդն են ստանում, լիցքավորվում ու իրենց գիտելիքները ներդնում հայ մշակույթի զարգացման մեջ։
Սա պատահական չէ, քանի որ Արցախը «Իսլամական պետություն» ահաբեկիչների կրկնօրինակ Ադրբեջանին հանձնելով՝ հանձնում են նաև բազմաթիվ արվեստի գործեր, քանդակներ, արձաններ, վանքեր, թանգարաններ, տարածքներ, որտեղ հայ արվեստագետները ցուցադրություններ ու պերֆորմանսներ են արել հազարամյակներ ի վեր։
Բնականաբար, այդ բոլոր գործերը Ադրբեջանը ոչնչացնելու է, իսկ Հայաստանի մեջ ճնշում են հայ ստեղծագործողների ազատությունը՝ դավաճանների ձեռքով։
Ակն ընդ ական վավերագրողների համայնքը աջակցում է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման հեղինակ Հասմիկ Թանգյանի և «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ներկայացման հեղինակ Նարեկ Մալյանի ստեղծագործական ազատությանը և բոլորին՝ անկախ մասնագիտական ոլորտից, կոչ անում նույնպես սատարել նրանց։
Նարեկ Մալյանի դատական նիստը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 16։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մասիվի դատարանում)։
Ակն ընդ ական վավերագրողների համայնք