Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթի մասնակիցների «հետքերով» (մրցույթի արդյունքները կամփոփվեն, երբ պաշարումը ճեղքվի)։
Կիթառ նվագել Վարուժանին եղբայրն է սովորեցրել. «Մի օր եղբայրս ասաց՝ եթե ուզում ես աղջկերքը քեզ սիրեն՝ սովորիր կիթառ նվագել։ Ու սովորեցի… Աղջիկները սիրեցի՞ն, թե՞ ոչ, եսի՞մ, չգիտեմ, բայց կիթառն օգնում է, որ մարդիկ հեշտ մտնեն կոնտակտի մեջ։ Դառնում ես «դուշա կոմպանիի»։ Չնայած հիմա արդեն հայտնի երգեր չեմ երգում, մենակ՝ իմ երգերը»։
Վարուժան Գալտակյանի երգը՝ ներկայացված «Շրջափակված Արցախ» մրցույթին
Հայրը՝ Սամվել Գալտակյանը, 1970-ականներին բաս կիթառ է նվագել Երևանի Մետաքսի գործարանի կոմբինատի «Անի» խմբում. «Ի դեպ, ինքը շատ պոզիտիվ մարդ է։ Երևի երաժշտությունն էլ է նպաստել։ Ամենավատ վիճակում էլ միշտ մտածում է, որ լավ է լինելու»։
Վարուժանի պապիկի հայրը Յոզղաթից էր։ Ցեղասպանության ժամանակ Հունաստան են փախել, ամուսնացել է հույն աղջկա հետ, իսկ 1931 թվականին, երբ պապը երեք տարեկան էր, բոլորով հայրենադարձվել ու հաստատվել են Երևանում. «Հույն մեծ տատիս լրիվ հայ են դարձրել։ Հայերեն էլ շատ լավ է խոսել։ Պապս էդ ամենի մասին օրագրի նման գրել է, Վերժինե Սվազլյանի գրքում ընդգրկված է»։
Փոքրուց որոշել էր նկարիչ դառնալ։ Ընդունվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ. «Բայց ավելի շատ կիթառ էի նվագում, քան նկարում էի։ Քոլեջի կիթառիստն էի, նվագելով էլ քննություն եմ ստացել։ Արվեստի պատմության քննությունը։ Հատուկ երգ էի գրել էդ առիթով՝
Ես հասկանում եմ, որ հիմա պիտի
Հնձեմ իմ ցանած բերքը.
Բայց ձեզ խնդրում եմ,
Որ դուք դնեք իմ տրամվի տակ ընկած երեքը…
Չորս դրեց»։
– Հիմա ի՞նչ, տանը չունե՞ս վրձին, ներկեր…
-Չէ՛, վերջին նկարը դիպլոմայինս է եղել։ Առավոտյան անկողնում նվագող կիթառիստ էի նկարել։
– Բայց կարո՞ղ է կորցրինք մեծ գեղանկարչին։
– Դժվա՛ր։ Իրականում ինձ ավելի շատ դուր էր գալիս պատմություն պատմելը. նկարչությունը իրենով ոնց որ շատ սահմանափակում է պատմություն պատմելը։ Որոշեցի դառնալ ռեժիսոր, ընդունվեցի Թատերական, երկու տարի սովորեցի վավերագրական կինո, հետո գնացի բանակ, հետո եկա, երկու տարի էլ խաղարկային ռեժիսուրա սովորեցի, ավարտեցի, մի քանի ֆիլմերում աշխատել եմ որպես երկրորդ ռեժիսոր։ Առայժմ չունեմ իմ նկարած կինոն։ Հիմա սցենարներ եմ գրում թե՛ կոմերցիոն, թե՛ ինձ համար, մինչև մի օր կնկարեմ իմ ֆիլմերը։
– Աշխարհում երևի շատ քչերին է «հաջողվել» ղեկավար պաշտոնում աշխատել ընդամենը մեկ ամիս։ Չարենցի տուն թանգարանում քեզ հետ պատահել է. այդ ինչպե՞ս ստացվեց։
– Հանրահռչակման բաժնի վարիչն էի, ինքը իրականում շատ խնդալու էր, որովհետև էդ բաժնում մենակ ես էի։ Մի-երկու վիդեո նկարեցինք. (Չարենցը սիրել է կոնյակ ու բաստուրմա, էդ մոտիվներով էլ մի ֆիլմ արեցինք)։ Բայց պետք էր, որ ես ստաբիլ գնայի գործի, ես էլ իմ բնավորությամբ էդ մարդը չեմ։ Էդ եղավ իմ կյանքում փաստորեն միակ ամիսը, երբ ես փորձեցի ամեն օր գնալ աշխատանքի, բայց չստացվեց, ինքս դուրս եկա, որովհետև չէի ուզում գրաֆիկով աշխատել։ Հիմա չունեմ մշտական աշխատանք։
Վարուժանը սիրում է համերգների ժամանակ իմպրովիզներ անել։ Օրինակ, մարդիկ թղթի վրա գրում են տարբեր բառեր՝ ում մտքով ինչ անցնի։ Հետո ինքն այդ բառերով՝ նույնիսկ հերթականությունը պահելով, երգ է գրում։
– Բա որ հայհոյակա՞ն բառեր գրեն։
-Էդ էլ եմ օգտագործում, համերգներս ուշ երեկոյան են ու փաբերում, էդ առումով խնդիր չկա։ Բայց դրա հետ մեկտեղ, օտարալեզու բառեր իմ երգերում չեմ գործածում։ Շատ սիրուն լեզու է հայերենը, ֆանտաստիկ լեզու է ։ Չարենցի հայերենն եմ շատ սիրում։ Հայոց լեզուն ինձ դուր է գալիս ինչ-որ տեղ նաև նրանով, որ աշխարհում քիչ մարդ գիտի հայերեն։
– Առաջին համերգիդ մասին կպատմե՞ս։
– Առաջին համերգս, ավելի շուտ՝ համերգիկս, Սունդուկյանի այգում էր։ Մի 17 տարեկան էի։ Արդեն 6-7 երգ էր հավաքվել իրար գլխի, Ֆեյսբուքում իվենթ բացեցի, գրեցի, որ այսինչ այգում համերգ եմ տալիս։ Մի աթոռ վերցրի, գնացի, նստեցի, սկսեցի նվագել։ Պատրաստի երգեր էլ կային, իմպրովիզ էլ եղավ։ 10-15 հոգի էր եկել, ինչն ինձ համար բավարար էր։
– Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Շրջափակված Արցախ» մրցույթին։ Արդեն ունեի՞ր երգը։
– Երգը, չէ՛, դեռ չկար, միանգամից թեման հետաքրքրեց, համ էլ ես մտածում եմ, որ պետք է փորձել երգեր գրել ակտուալ թեմաներով։ Որոշեցի երգ գրել։ Մի ժամում գրեցի։
– «Բացե՛ք ճամփաները», ու՞մ նկատի ունես երգի այդ կոչով։ Ու՞մ ես դիմում։
– Բոլոր նրանց, ովքեր կարող են անել դա։
– Իսկ եթե կոնկրե՞տ. Հայաստանի՞ իշխանություններին։ Ոմանք ասում են՝ Ռուսաստանն է փակել՝ Ռուսաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, միջազգային հանրությանը…, ու՞մ։
– Հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Հայաստանին, հա՛մ Ռուսաստանին, բայց ամենաշատը՝ Հայաստանին, որովհետև, ամեն դեպքում, մե՛նք մեզ պետք է օգնենք։ Հիմա մի նոր երգի վրա եմ աշխատում, որը կոչվում է՝ «Մեզ չեն օգնի»։ Տեքստը մոտավորապես էսպիսին է՝
Մեզ չի օգնի Ամերիկան,
Մեզ չի օգնի Եվրոպան,
Մեզ չի օգնի Ռուսաստանը,
Ո՛չ Ռումինիան, ո՛չ Չինաստանը։
Մեզ չեն օգնի Աֆրիկան,
Կանադան,
Կոլումբիան մեզ չի օգնի,
Ինչքան էլ չուզենք, պետք ա հասկանանք,
Որ մենակ մենք ենք մեր կողքին։
– Ապագա ունի՞ մեր խեղճ երկիրը։ Գնալու միտք չունե՞ս։
– Չէ՛, ես ստեղ եմ մնալու։
– Քո կարծիքով, արվեստը կարո՞ղ է իրադրություն փոխել մեր այս վիճակի մեջ։ Թե՞ այդ իմաստով իզուր են մեր բոլոր երգերը։
– Ամեն դեպքում, ամեն ինչ իզուր է, եթե երկարատև ժամանակի մեջ ես նայում. մեկ է՝ մի օր Արեգակը կտրաքի, կդառնա սև խոռոչ, ամեն ինչ կուլ կտա։ Բայց մենք գոնե պետք է փորձենք։ Թե դա ինչ արդյունք կտա, կարող է էդ արդյունքը 100 տարի հետո լինի։
– Քո երգը կարո՞ղ է ճանապարհ բացել։
– Ինձ չի թվում, որ մենակ իմ երգը ճանապարհ կբացի, ու ով էդ ճանապարհը բացելու է, կասի՝ վա՞յ, Վարուժը երգեց, արի բացեմ։ Բայց ես գոնե կկարողանամ էդ թեմայի մասին խոսել, էդ թեման ավելի մասսայական դարձնել, որպեսզի ավելի շատ մարդիկ սկսեն էդ ուղղությամբ մտածել։ Որովհետև, եթե թշնամին անընդհատ էնպես ա անում, որ մենք մտածենք սրա-սրա-սրա մասին, մենք էլ պետք է փորձենք ասել, որ չէ՛, եկեք մենք այ սրա մասին մտածենք, ժողովո՛ւրդ։ Պետք է էդ հակաուժը փորձի ամեն մի արվեստագետ առնվազն իր խղճի հանգստության համար։
– Որ ասում ես՝ մենակ մենք ենք մեր կողքին, սա չի օգնի, նա չի օգնի, մյուսը չի օգնի, իսկ գոնե մենք մեզ կարողանալու՞ ենք օգնել։
– Ինձ թվում է՝ վաղ թե ուշ մենք մեզ կարողանալու ենք օգնել։ Մի օր էդ ստացվելու է։ Ռեալ հավատում եմ, որովհետև, եթե չհավատամ, ոչ մի բան չի մնա անելու։ Դրան էլ չհավատանք՝ էլ ի՞նչ պետք է անենք։ Պետք է մի օր համախմբվենք։
-Ուշ չի՞ լինի։
– Մինչև դանակը ոսկորին չի հասնում, ոչ ոք բժշկի չի դիմում։
Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի
Նկարազարդումը՝ Նարե Նավասարդյանի