Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» նախագծին
Երբևէ մտքովդ կանցնե՞ր, որ քո անունով պաստառ բռնելը խնդիր կլինի։
Արտաքին գործերի նախարարության դիմաց ցույց էի կազմակերպել ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավի, այդ թվում՝ նաև քեզ։
Ձեռքիս բոլորիդ անուններով պաստառներ էին, բաժանում էի մարդկանց, որ բռնեն։ Բոլորը պաստառները վերցրին ու միայն մի պաստառ էր, որ ոչ ոք չուզեց բռնել։
«Ես դրա անունով պաստառը չեմ վերցնի»,֊ ասում էին։ Այդ պաստառի վրա քո անունն էր։ Կանխատեսել էի այդ սցենարը ու ինքս ինձ որոշել, որ ես կբռնեմ «մերժված պաստառը»։
Եվ ահա, անունդ պարզած՝ կագնած եմ Հայաստանի ԱԳՆ-ի դիմաց, մարդիկ գոչում են՝ «ազատություն հայերին», «Սա ցեղասպանություն է», իսկ ես նրանց մեջ կանգնած մտածում եմ՝ մարդ պիտի այնպես ապրի, որ եթե ի պաշտպանություն իրեն ցույց լինի, իր անունով պաստառը բռնել ցանկացող լինի։
Դու ինձ չես ճանաչում, բայց ես քո անունով պաստառը բռնել եմ։
Լավ եղիր, վերադարձիր ու դատվիր Հայաստանի դատարանում։
Արայիկ Հարությունյանի անունով պաստառ բռնած
Արեգա Հովսեփյան