«Այսօր լրանում է Ոսկեպարի պաշտպանության 33 ամյակը։ 1991թ.-ի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ ոստիկանները դիմադրություն ցույց տվեցին «Օղակ» (Կոլցո) օպերացիան իրականացնող Խորհրդային Միության 4-րդ բանակին և ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումներին։ Արցախում Շահումյանի և Գետաշենի հայաթափումից օրեր անց օպերացիայի իրականացումը շարունակվեց ՀՀ տարածքում։

Հիսուն ոստիկաններից տասնմեկը զոհվեցին, մեծ մասը գերի ընկան, երեքն էլ գերության մեջ մահացան Կիրովաբադի բանտում։ Զոհվեց ևս 4 քաղաքացիական անձ: Բարեբախտաբար Ոսկեպարը մնաց հայկական։

Հրապարակում ենք Իգնատ Մամյանի «Եղերական լուսաբաց» հուշագրությունից հատվածներ. այն նվիրված է Ոսկեպարում զոհված հայ ոստիկանների եւ քաղաքացիական անձանց հիշատակին։

Նրանք էին.

Գեղամ Հակոբյան, Յուրա Թամազյան, Լյովա Խաչատրյան, Հարություն Մալինյան, Արտաշ Մամյան, Վահրամ Աղաբաբյան, Վաչիկ Անանյան, Վարդան Հանիսյան, Ստեփան Ղարագյոզյան, Միշա Մուրադյան, Ռաֆիկ Մնացականյան, Սպարտակ Ամիրաղյան, Աշոտ Ամիրաղյան, Սաշիկ Անանյան, Արմեն Ազիզբեկյան, Մարտիկ Գիշյան, Սարգիս Մուղդուսյան, Սոս Մանթաշյան։

Հատվածներ հուշագրությունից․

«․․․Վերջին տարիներին, այո, մեր միլիցիան այլևս այն չէ, ինչ էր մի ժամանակ՝ ոչ թե ժողովրդի պաշտպանը, այլ սարսափը, գռփողը, պատուհասը։ Ազգային զարթոնք եղավ, նա թափ տվեց իրենից հնամյա աղտն ու կեղտը, շարքերը համալրեց խիզախ, երիտասարդ մարդկանցով և որպես մռնչացող զինվոր կանգնեց հայող սահմանի վրա։ Եղան միլիցիայի համազգեստով առաջին նահատակները, որոնցից մեկը Գորիսում զոհված ծովագյուղցի Սամվել Գուլանյանն էր։ 1990 թվի օգոստոսին Ոսկեպարում միլիցիայի կարգախումբը գյուղի ուրիշ պաշտպանների հետ օրեր շարունակ ենթարկվում էր մոլեգին գնդակոծության»։

«1990-ի օգոստոսին Ոսկեպարը պաշարված էր թշնամու խիտ օղակով։ Ներսում էր գյուղի բնակչության մեծ մասը, կային երկրապաշտպան և միլիցիայի տղաներ, իսկ Ոսկեպարում արդեն սպառնում էր սննդամթերք ու ամեն ինչ։ Չկար Ոսկեպար թափանցելու ոչ մի հնար։ Բայց Աշոտ Ամիրաղյանը գտավ հնարը․ գտավ նույնիսկ ռազմական քարտեզում չնշված մի վայրի ուղի ու իր ավտոմեքենայով հասավ Ոսկեպար։ Այդ նույն ճանապարհով էլ 1991-ի մայիսի 6-ի գիշերը նա միլիցիայի կարգախմբին ուղեկցում էր կրկին պաշարված Լեռնագյուղ։ Եվ ի՞նչ իմանար, որ վերջին անգամ է անցնում այդ ճամփով և այն տանում է դեպի գերություն ու մահ․․․»

«․․․1991 թիվ, մայիսի 6: Ոսկեպար լեռնագյուղը շրջապատված է։ Ռուսական դեսանտային զորքն ու ադրբեջանական օմօնը կրակ են թափում գյուղի վրա։ Ուղղաթիռները գնդակոծում են շրջակա տարածքները։ Դեռևս ոչ ոք չգիտի, որ Նոյեմբերյանից Ոսկեպար եկող մլիցիայի կարգախումբը վաղ լուսաբացին ընկել է թշնամու ծուղակը, վայրագաբար ջարդվել, իսկ ողջ մնացածները գերեվարվել են դեպի օմօնական Ադրբեջան։ Ոսկեպարը պաշտպանած եկած հայ տղաները չեն կարող դիմագրավել ռազմական հզոր տեխնիկայով զինված դեսանտային զորքերին։ Դիմադրությունը կործանարար կլիներ նաև գյուղի համար։ Բայց զենքը ձեռքին թշնամուն հանձնվելը, երբ գիտես նրա դաժանությունը հայ գրոհայինի հանդեպ, ինքնասպանություն է։ Տանկերը հրետակոծում էին դեպի անտառ նահանջի միակ ուղին՝ մանր թփուտներով ծածկված լանջը։ Լյովա Խաչատրյանը գուցեև կհասներ հուսալի անտառ, բայց նա տեսավ, թե ինչպես զարկվեց եղվարդցի Գեղամ Հակոբյանը, և շառաչող արկերի ներքո փութաց նրան դուրս բերելու կրակադաշտից։ Եվ եղավ այն, ինչը հազարավոր անգամներ կրկնվել է մեր ազատագրական կռիվների ընթացքում․ խփվեց նաև ինքը։ Այսպես։ Ոսկեպարում զոհվեց 27-ամյա սասունիկցի Լյովա Խաչատրյանը՝ երկու երեխաների հայրը։ Լյովա Խաչատրյանն ընկավ Ոսկեպարում, բայց՝ նախնյաց երկիր տանող ազատագրակա՜ն ճամփին»։

«․․․Լսում եմ նրա Լենա և Արթուր զավակների անխուսափելի երկխոսությունը իրենց մոր հետ։
– Ո՞վ սպանեց մեր հորը։
– Թուրք-ռուսական բարբարոսները։
– Ինչու՞։
– Որովհետև հայ էր, ինչպես դուք, ինչպես իր ամբողջ տոհմն ու ցեղը։
– Հայ լինել՝ նշանակում է սպանվե՞լ․․․
– Ոչ։ Նաև չի նշանակում սպանել։ Հայ լինել-ասել է թե՝ ապրել հավերժ մաքառելով, անմեղ զոհերի վրեժը սրտում»։