Ակն ընդ ականի Նարե Նավասարդյանը 2023թ․ օգոստոսին Սիսիանում զրից է արել արվեստագետ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի հետ։ Զրիցը մաս-մաս հրապարակում ենք Աշոտ Ավագյանի 66-ամյակի կապակցությամբ։

ՄԱՍ I

Ռևանշ լինելու ա գաղափարի ծնունդը ու զարգացումը

Պատերազմից հետո դեպրեսիա, առողջության քայքայում, գիշերը չքնել, հետո տղերքը մի քանի օր տարան իրանց մոտ պահեցին․․․

Տղերքը, այսինքն ԱԱԾ-ն, էլի (44-օրյայից հետո Աշոտ Ավագյանի դեմ գործ էին սարքել, տարել ԱԱԾ)։

Բայց միևնույնն է ես գիտեի, որ 21 թվականին պերֆորմանս եմ անելու։

Մի օր ամռանը տեսա, որ ուսապարկս ոնց բերել պատերազմից հետո քցել եմ, տենց մնացել ա։ Ասի՝ արա, հանի, որը շպրտելու ա՝ շպրտի, լվանալու ա՝ լվա։ Երբ որ տենց բզբզեցի, տեսա զինվորական բակլաշկան (տափակաշիշ)։

Թափ տվեցի, ջուր կար մեջը։ Հիշեցի, որ էդ ջուրը վերցրել եմ ամսի հինգին դեռ։ Երևի։ Հադրութից։ Իսկույն մտքիս էկավ, որ էդ էկող պերֆորմանսին էդ օգտագործվի։ Հետո մի էրկու ամիս տենց անընդհատ մտածում էի՝ ինչ եմ անելու։ Մեկ էլ հասարակությունը սկսեց իրա դեգրադացիայի պերիոդը։

Եվ ես հասկացա, որ պերֆորմանսը պիտի լինի էս ժողովրդին էս վիճակից հանելու համար։

Համ ինձ պիտի հաներ, համ որոշներին, ովքեր կմիանային էդ գաղափարին։

Մի օր արեցի ու Էրևանից էկան մի քանի հոգի։ Ցուրտ էր, ձյուն էր Էպիկենտրոնում (Սիսիանում Զորաց քարերի մոտակայքում Աշոտ Ավագյանի արվեստադաշտը), որտեղ որ վերջին տաս տարիներին միշտ անում եմ։

Գաղափարը էս էր, որ․․․ Էդ ընթացքում ես Վարուժանի խոսքերը, Մուշեղ իշխանի խոսքերը*, որոնք մոտ էին էդ ռևանշի գաղափարին, տենց մեծ պլակատներ էի սարքել ու կախել էի։ Ես Կարճ ասեցի էդ գաղափարը, որ եթե էս արևի տակ ուզում ենք ապրենք, և էս տարածքում, ուրեմն պիտի վերականգնենք մեզ։ Վերականգնելուց հետո ռևանշն ա։

                                                            Ռևանշ լինելու ա պրեֆորմանսից՝ Էպիկենտրոնում         

Էս էր ընդամենը։ 23-ին էդ գաղափարը լայնացավ։

22-ին Աղավնոն որ պիտի փակվեր, մի քանի օր առաջ ես Աղավնոյում էի, էդ ռևանշի բանը փորձեցի ըտեղ անեմ։ Չնայած մարդ չկար արդեն գյուղում։ Մի հինգ հոգով։

Քանի օր ես մասունք ունեի Հադրութից, որոշեցի էնտեղից քար բերեի։ Երբ որ էնտեղ էի, արդեն կապ ու էլեկտրականություն չկար, հայտնի էր, որ տալիս են [գյուղը]։

Երկու հատ քար գցեցինք մեքենան մեծ դժվարությամբ, ու ես բերեցի ստեղ։ 23 թվին էլի էդ քարը էպիկենտրոնում դրվեց։ Փշալարերով իրան փաթաթեցի, բայց գաղափարը միշտ նույնն էր՝ ռևանշ լինելու ա, եթե ուզում ես ստեղ ապրես, ուրեմն պիտի պայքարես։ Իսկ պայքարը վերջում բերում ա ռևանշի։ Պայքար ինքդ քո դեմ։ Երբ որ դու լցվում ես պայքարի ոգով, հաջորդ քայլը ռևանշն ա։

Սկզբում կոչ էի անում ուսուցիչներին, որ էս գաղափարը էրեխեքի մեջ վառ պահեն։ Հետո հասկացա, որ սա անհատի խնդիր չի, պետության խնդիր ա։ Պետությունը պիտի հավաքի էդ մտայնության մարդկանց, ձևակերպեն խնդիրը և ուղարկեն դպրոց, մանկապարտեզ, ենթադրենք, հասարակության մեջ տարածեն։ Հեռուստատեսությամբ, ասենք։

Քանի որ ես ընդամենը նկարիչ եմ, որոշեցի սոցիալական ցանցերով էդ գաղափարը տարածել, ու եթե համակիրներ կլինեն, էդ գաղափարը չի մեռնի։ Հիմա ե՞րբ իշխանությունը կփոխվի, ի՞նչ կլինի, ո՞վ կգա՝ էս գաղափարը կմնա գոնե մի հարյուր հոգու մեջ։ Իսկ հետո կամաց-կամաց կսկսի ծիլեր տալ, մեծանալ։ Ինքը շատ ամբիցիոզ չի, որտև ես ամբիցիոզ մարդ չեմ։

– Ինձ համար Ռևանշ լինելույան ամենակարճ ձևակերպումն ա, ինդիկատորը։ Ասենք՝ գնում ես տաքսիով, վարորդը պատմում ա իրա պատերազմի վերքերի մասին, ու վերջում իրան ասում ես՝ ռևանշ լինելու ա։ Ու ինքը միանգամից՝ հա, իհարկե լինելու ա, քանի դեռ մեր նման տղերքը կան։

– Զիլ ա շատ, ես դրա մասին չգիտեի։ Այսինքն ժողովրդի մեջ չի մեռել դեռ պայքարի ոգին։ Էս կարևոր ա։

– Հա, կամ պայուսակդ որ կրում եմ, մարդիկ միշտ հետաքրքրվում են։ Ու որ Ակնով ճամփորդում ենք՝ օրինակ, Լիբանան, Իրան, Ռուսաստան, միշտ թանգարանների կամ համայնքային կենտրոնները հյուրագրքերում վերջում գրում ենք՝ Զորաց ռևանշ լինելու ա։ Սեղմ ու հեշտ ձև ա ջոգել քոնոնցական են թե չէ։

84ba401b-82fc-4570-965e-d5d68fa0e88a
«Ռևանշ լինելու ա»-ի պայուսակը

– Շատ ուրախ եմ, ես չգիտեի դրա մասին։ Ինձանից չի դա բնականաբար։ Ուրեմն բոլորի մեջ կա, ուղղակի մեկը փորձեց սա կյանքի կոչել, բարձրաձայնել։

– Հավաքագրել բոլոր չպարտվածներին․․․

– Ոգով չպարտվածներին, էն մարդկանց, ովքեր չեն համակերպվում պարտության հետ։ Պարտությունը տղամարդու բան ա։ Պտի ընդունես, որ պարտվել ես։ Բայց ի՞նչ պիտի անես հաղթելու համար․ կամ պտի որոշես, որ հաղթելու ես, այսինքն պայքար, կամ պիտի թողես ստեղից գնաս, էս արևի տակ, էս տարածքում էլ չապրես։ Գնաս դառնաս ռուս, վրացի, ֆրանսիացի․․․ Փաստորեն մարդիկ կան, որոնց մեջ պայքարը չի մեռել։ Եվ եթե ես մի պուճուր կարողանում եմ էդ մարդկանց արթուն պահեմ․․․ Որովհետև եթե ինքը մենակ էղավ, մի օր դա քնելու ա, ավելի խորքն ա գնալու։ Գործողություններով դա մակերեսին պահելը կարևոր ա։

– Թելի նման կապվում են էդ մի բառով։

– Հիմա էդ նկարները շաբաթը մեկ, տաս օրը մեկ դնում եմ։ Որոշների մեջ գրում եմ Մուշեղ իշխանի, Դանիել Վարուժանի բառերը։

                                                                        «Ռևանշ լինելու ա» նկարների շարքից

 Հիմա էլ էդ խաղաղության հետ կապված գրում եմ՝ մոռացեք, տենց բան չի լինելու, որովհետև դու ուզում ես, բայց իրանք չեն ուզում։ Ո՞նց ես խաղաղություն ստանալու։ Մի տող դրա մասին եմ գրում։ Ու անընդհատ գրում եմ, որ պատերազմ լինելու ա, անխուսափելի ա, տղերք, պատրաստվեք։ Խաղաղության հասնում են պատերազմի միջոցով, պատերազմը խաղաղության մյուս կողմն ա։ Նույնիսկ մի շրջան կար՝ մտածում էի մանիֆեստ գրեմ ռևանշի հետ կապված։ Ով ստորագրի՝ ստորագրի։

– Քեզ չի՞ թվում, որ Արցախում, Հայաստանում ձևավորվել ա մի իրավիճակ, որ հանրությունը կամ մարդիկ պատրաստ են շատ ավելի մեծ զոհողությունների, մեծ գործերի, քան իրանցից պահանջում ա իշխող ուժը։

– Կա տենց բան, բայց քչաքանակ են։ Արցախում միգուցե, բայց ստեղ առայժմ մեծ քանակ չի, իմ նայելով։ Բայց էդ մի օր շատանալու ա, որտև նայի, վերջին ազգային ազատագրական պայքարը՝ սկիզբը պայքարի, Սյունիքի մելիքներն էին, որ կանչել էին նաև Ղարաբաղի մելիքներին։ Անգեղակոթում ժողով են արել։ Սա 1701 կամ 4 թվին ա եղել։ Իհարկե Լեոն մի քիչ քմծիծաղով ա վերաբերվում դրան, որ յանիմ ի՞նչ մելիք դրանք, բայց մեր ունեցածը դրանք էին։ Գյուղապետ էին նույնիսկ, թե ինչ էին։ Իրանք մի քսան հոգի էին, հետո կամաց-կամաց 200 տարվա մեջ էնքան էին շատացել ու գաղափարական տեսք էր ստացել սա։ Եվ գնում էին Էրգիր՝ Սասուն, Մուշ, Վան։ Վանի հերոսամարտ, էնտեղ նույնիսկ պետություն էին սարքել։

Օրինակ, մեր էն ժամանակվա էլիտան՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, պահանջում էին դա։ Մի փոքր մարգինալացված հատված կար, որ դժգոհ էր։ Բայց քանի որ պետությունն էր դա ուզում, ինքնազոհվող մասսայի կողքին պետություն էր կանգնած, դրա համար գնում էին։ Էն մյուս մասսան, որ դժգոհ էին՝ լույս չկա, էս չկա, էն չկա, իրանք փոքրաքանակ էին կամ լռում էին։ Էսօր հակառակն ա։ Էդ տեսակ մարդիկ շատացել են։ Պատերազմը մանավանդ հասարակության մեջքը կոտրեց։ Կոտրված ժողովուրդ ենք հիմա, էլի։ Որոշ անհատներ, եթե իրանց մեջ ուժ են գտնում, պիտի վառ պահեն էդ պայքարի գաղափարը։

– Իսկ դժվար չի՞ ամեն օր զարթնել Արցախը ծախած Հայաստանում։

– Համակերպվելու խնդիր ա։ Ես չեմ համակերպվում։ Իհարկե դժվար ա իմ համար, բայց ենթադրենք՝ 80%-ի համար դա միևնույնն ա։

– Կարա՞ միևնույն լինի էդ մասշտաբի բանը։ Նույնիսկ եթե չես գիտակցում կամ հետաքրքրվում, չես կարող ինստինկտով չզգաս, թե ինչ տիպի պետությունում ես հիմա ապրում, մի պետությունում, որը քեզ՝ քաղաքացուն, ծախել ա, ուղղակի քաղաքացուն, որը մի քիչ ուրիշ տեղ ա։

– Նայի, մասսան բնազդով զգում ա, որ շատ վատ ա, ճիշտ չի, բայց պետական քարոզչությունն էս ամենն էնպես ա գունավորել, որ մարդիկ պատերազմի ողբերգությունից դուրս չեն եկել։ Եվ կոտրված մեջքն ուղղելու համար ժամանակ ա պետք։ Իրանք էլի շատանալու են, վստա՛հ։ Ոմանք լուռ, ոմանք իրանց ընկերների մեջ կարողա հայհոյում են, բայց հենց բանը հասնում ա մի բան անելուն, հետ են կանգնում։

Հիմա երևի էկել ա ժամանակը նրանց, ովքեր ինքնազոհողության կգնան։ Ու արդեն էական չի էդ օգուտ կտա թե չի տա։ Բայց կդառնա ուղենիշ, որի հետևից կսկսեն գնալ, կշատանան։ Վստահ եմ, որ լինելու ա։ Դրա համար իհարկե առաջին խնդիրը իշխանության փոփոխությունն ա։ Բայց էս էլ պրոբլեմատիկ ա․ Ո՞վ ա գալու։ Բա որ էկավ էս նույն տեսակի իշխանություն, ի՞նչ ենք անելու էդ դեպքում։ Էս ա պրոբլեմներից պրոբլեմը։

Դրա համար իմ գործունեությունն ավելի տևական ժամանակի համար ա։ Եվ կարծում եմ, որ էդ տևական ժամանակն ամենաքիչը քսան տարի ա, որ հետո մի իշխանություն գա, որ համամիտ լինի իմ գաղափարներին։ Միգուցե սխալվում եմ, միգուցե կան ընդդիմադիրների մեջ, որ հենց էկան միանգամից սկսեն բանակը վերականգնել, հոգեբանական էս վիճակից հանել ժողովրդին, հասարակությանը։ Ես իմ գործն անում եմ, չեմ նայում ով ա գալու։ Վախենում եմ, որ կգան իրանց նմանները։ Եթե չգան, իմ ասածն ավելի շուտ տեղ կհասնի։

– Իսկ կա՞ տենց տենդենց արվեստագետների մոտ, վերադառնալ մեր հողից դուրս եկած արվեստին՝ մեր խնդիրներից, մեր մտահոգություններից։ Թե՞ մենակ ես, չի արձագանքում։

– Որոշները կան, որ համամիտ են։ Քանի որ ես Սիսիանից չեմ դուրս գալիս, ես չգիտեմ իրանց թվաքանակը։ Ես որոշներին ճանաչում եմ, որ ուրիշ ձևի են մոտենում, բայց գաղափարը նույնն ա։ Օրինակ, ձեր խումբը, ճիշտ ա, փոքր ա, բայց դուք էլ եք, չէ, բոլորդ արվեստագետ։ Ուրիշ չգիտեմ, որովհետև ստեղից դուրս չեմ գալիս, իմ շրջապատը շատ փոքր ա։

                                                                                                                                                                           Շարունակելի