ՏՏ ոլորտի գործիչ Կարեն Վարդանյանը 106․5 ռադիոյի եթերում բացատրում էր, որ Արևմուտքը իրավապաշտպան կազմակերպություններով Հայաստանում իր գործակալական բանակներն է ստեղծում։ 

Այդ ժամանակ Փինք Արմենիա իրավապաշտպան ՀԿ-ում էի աշխատում ու մտածում էի՝ էս ի՞նչ դավադրության տեսությունների է հավատում այս մարդը։

Միքայել Մինասյանը «Հայերն ու դավադրության տեսությունները» հոդված է գրել, որտեղ պնդում է, որ 1980-ականներից է հայերի մեջ մտել դավադրության տեսությունների հոսքը և թույլ չի տալիս տեղի ունեցող իրադարձությունները ճշգրիտ բացատրել։ Դրա համար մեղադրում է «անպատասխանատու հայրենասեր պոետների սերնդին»։

Նա 80-ականների Հայաստանի դավադրության տեսություններից հիշեցնում է, որ ժողովուրդն ասում էր, թե 1988թ․ Սպիտակի երկրաշարժը Մոսկվան է կազմակերպել, որպեսզի հեռու պահի հայերին Արցախը պահանջելուց։ 

Դավադրության տեսությունները լինում են ընդդեմ որևէ մեկի և հօգուտ մեկ ուրիշի։

Եթե ժողովուրդը մտածում է, որ Մոսկվան է կազմակերպել երկրաշարժը, ապա ընդդեմ Խորհրդային միության է մտածում և հօգուտ՝ Միությանը դեմ հակամարտող երկրների։ 

Հայերի ազգային թեմաներին դեմ և օգուտ դավադրության տեսություններ Սովետական միությունում կարող էին չլինել, որովհետև Հայաստան պետություն չկար, որի դեմ արժեր հյուսել դավադրության տեսություններ և հօգուտ նրա հակամարտող երկրների։ Չկա պետությունը, չկա նրա դեմ մարտավարություն, չկա դավադրության տեսություն։ 

Իսկ դեպի դուրս դավադրության տեսությունները Խորհրդային միությունում հյուսվում էին թշնամի երկրների դեմ։ Օրինակ, Դալեսի պլանը, որով իբրև թե Խորհրդային միությունը փլուզելու համար ԱՄՆ-ն միության քաղաքացիներին անբարոյականացնելու ծրագիր էր ներդրել։ 

Սպիտակի երկրաշարժը, որը դեպի ներս դավադրության տեսություն էր, Կարեն Դեմիրճյանը չէր որ կազմակերպել էր, քանի որ Կարեն Դեմիրճյանը, այսինքն՝ Երևանը, չէր ներկայացնում բուրգի գագաթը, որին հարկավոր էր հարվածել Սովետական միությունը քանդելու համար․ Մոսկվան էր՝ Միխայիլ Գորբաչովը։   

Սակայն 1999թ․ հոկտեմբերի 27-ը, ըստ դավադրության տեսության, Ռոբերտ Քոչարյանն էր կազմակերպել, քանի որ Հայաստանն այլևս առանձին սուբյեկտ էր և ուներ իր առանձին նպատակները, որոնք հակադրվում էին Հայաստանի հետ հակամարտող սուբյեկտների նպատակներին։ Ռոբերտ Քոչարյանի նպատակներն ու Թուրքիայինն էին հակադիր, ինչպես ԱՄՆ-ի ու Միխայիլ Գորբաչովինը։ 

Լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածում Դավադրության տեսություն է համարում պանթուրքիզմի գաղափարը, բայց տարիները ցույց տվեցին, որ այն ոչ թե դավադրության տեսություն էր, այլ Թուրքիայում քնած երազանք, որը պիտի արթնանար կարողությունների հայթայթումից հետո, և այդ կարողությունների հայթայթման ընթացքում Խորհրդային միության փլուզումը ձեռքբերում էր, որովհետև դրանից հետո առանձին է հարաբերվում  Հայաստանի, ոչ թե որպես միջուկային զենքով տերության մաս, ու կարող է դավադրության տեսությունների իր խողովակը մտցնել Հայաստան։

Դա՞ էր պատճառը, որ Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ամեն դեպքում Թուրքիային ձեռնտու էր, որ պանթուրքիզմի նրա երազանքը համարվի դավադրության տեսություն, հայերն առանց վախի փլուզեն Խորհրդային միությունը և Թուրքիան աննկատ իրականացնի իր երազանքները։  

Արդյո՞ք հոկտեմբերի 27-ի դավադրության տեսությունը Թուրքիայի խողովակով է եկել, թե ոչ, կարելի է չքննարկել, որպեսզի դավադրության տեսության մեջ չմեղադրվենք։

Սակայն, որ հոկտեմբերի 27-ի դադավրության տեսությունը համընկնում է Թուրքիայի նպատակի հետ, դա կարելի է փաստել Ռոբերտ Քոչարյանի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Արցախի ինքնորոշմանը միտված քաղաքականությունից։ Այդ քաղաքականությունը ձեռք չի տալիս Թուրքիային, հետևաբար Քոչարյանը ձեռք չի տալիս Թուրքիային, հետևաբար ինչը վարկաբեկում է Քոչարյանին, օգուտ է Թուրքիային, ուրեմն հոկտեմբերի 27-ի դավադրության տեսությունը օգուտ է Թուրքիային, անկախ նրանից Թուրքիան է այն հնարել, թե ոչ։ 

Այսպիսով, դավադրության տեսությունները հյուսվում են և զարգանում են պետությունների հակամարտություններում՝ մեկը մյուսին հաղթելու գրգիռով կամ պաշտպանվելու բնազդից։ Պաշտպանվելու բնազդի դավադրության տեսություն է վերը նշված Դալեսի պլանը, կամ դավադրության տեսություն է, որ հրեաները ուզում են հայերին վերացնել․ այն սրացել է Իսրայելի հակաիրանյան քաղաքականությունից, որը պրոյեկտվել է Հայաստանի վրա ու Իսրայելին դարձրել հայերին վերացնող՝ հակահայ։ Արդյունքում հայերի պաշտպանական բնազդը հյուսել է՝ հրեաներն ուզում են մեզ վերացնել դավադրության տեսությունը։ 

Դավադրության տեսությունների հետ առաջանում են հակադավադրականները՝ նրանք, ովքեր, նողկալով դավադրության տեսություններից, իրենց աշխարհայացքին դեմ ամեն ինչը կոչում են դավադրության տեսություն։ 

Նրանք հանրությանը փորձում են կրթել, որ, օրինակ, Արցախը հանձնելու Նիկոլ Փաշինյանի մասին լուրերը դավադրության տեսություն են կամ, որ քաղաքացիական հասարակություններ ձևավորող ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսի Արցախը հանձնելու հետաքրքրությունը դավադրության տեսություն է։ 

Այն, որ Նիկոլ Փաշինյանի Արցախը հանձնելու տեղեկությունները դավադրության տեսություն չէին, ապացուցվեց հողի վրա, սակայն մինչև հանձնումը Փաշինյանի նպատակները հռչակելով դավադրության տեսություն՝ օգտակար եղավ Հայաստանի դեմ աշխատող պետություններին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։

Դավադրության տեսություն պիտակը խլացնում էր քաղաքագետների, թուրքագետների, արևելագետների, լրագրողների, իրավաբանների, քաղաքական ու հասարակական գործիչների նախազգուշացումները, այս մասնագետները հռչակվել էին դավադրապաշտներ։ Այսինքն, դավադրության տեսության հռչակումները լինում են նաև վնասարար։

Ամերիկացի Ջորջ Սորոսը  հոդված ունի, որտեղ համոզում է, որ Սիրիայի հարցում Եվրոմիությունը պետք է օգնի Թուրքիային, որ այնտեղից դուրս հանվի Ռուսաստանը։ 

Ռուսաստանը էլ որտե՞ղ ռազմական ներկայություն ունի։ Հայաստանում։ 

Սրանից հետևո՞ւմ է արդյոք, որ ռուսատյաց Ջորջ Սորոսը նպատակ ունի, որ Հայաստանից դուրս հանվի Ռուսաստանը։ Հետևում է։ Ո՞րն է դրա գինը։ Արցախը և Հայաստանը։ Ջորջ Սորոսի ցանկությունը արդյունք է, որ 2020 թվին Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ բերեց Արցախ՝ հայ զինվորներին սպանելու։ Ջորջ Սորոսի նպատակը Հայաստանը վերացնելը չէ, սակայն իր նպատակում վերանում է Հայաստանը։ Եվ սա ոչ թե դավադրության տեսություն է, ինչպես կհռչակեն հակադավադրականները, այլ մարտավարություն։  

Ուրեմն, Հայաստանում հակառուսական դավադրության տեսությունները օգտակար են Թուրքիային և Ջորջ Սորոսին, և հակառակը, Թուրքիայի և Ջորջ Սորոսի նպատակները դավադրության տեսություն հռչակելն է նրանց համար օգտակար, քանի որ Հայաստանի դեմ նրանց նպատակներին չեն հավատում, ուրեմն չի լինի դիմադրություն, իսկ ովքեր մատնացույց կանեն նրան նպատակները կկոչվեն դավադրապաշտներ ու կմարգինալացվեն ու եղած դիմադրությունն էլ կկոչրի։ 

Հետևաբար, հոկտեմբերի 27-ի դավադրության տեսությունը օգուտ է և՛ Թուրքիային, և՛ Ջորջ Սորոսին, սա է պատճառը, որ մի շարք հակադավադրականներ հավատում են այն դավադրական տեսությանը, թե Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել հոկտեմբերի 27-ը։

Ավելի բարդ է օբյեկտիվի՝ անաչառի մարտավարությունը բացահայտելը, որ այն դավադրության տեսության շարքին չդասվի։ 

Օրինակ՝

Ամերիկյան Ազատություն ռադիոկայանը ստեղծվել է Ազատ Եվրոպայի ազգային կոմիտե հակակոմունիստական ծրագրի շրջանակներում, որը ենթարկվում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): Մինչև 1972թ․ այն ակնհայտ քարոզչական ռադիո էր, լսողը դա ընկալում էր, ինչպես կընկալեր Սովետական Հայաստան թերթի կամ Հայաստանի Առաջին ալիքի քարոզչությունը։

Հասկանալով, որ քարոզչական բնույթը վստահություն չի ներշնչում, Ազատություն ռադիոն ԿՀՎ-ից փոխանցում են Կոնգրեսին ու մշակում անաչառության սկզբունքները։ Այլևս ոչ թե հակակոմունիստական է, այլ ժողովրդավարություն սփռող և անաչառ։

Հետսովետական Հայաստանում Ազատություն ռադիոն ամենաանաչառ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցներից էր, և եթե որևէ մեկին ասեիր, որ Ազատություն ռադիոն նրա համար է, որ օժանդակի Արցախի հանձնմանը, կմտցնեին դավադրության տեսաբանների ցուցակի մեջ։

2018թ․ Ազատություն ռադիոն օժանդակեց Հայաստանում հակաարցախյան, բռնապետական հեղափոխությանը և Ազատության լրագրողները հայտնվեցին իշխանական ճամբարում։ Ազատություն ռադիոն օժանդակեց դատարնների դեմ ոտնձգությունները՝ թույլ տալով իր եթերում ատելության խոսքի քարոզներ և անմեղության կանխավարկածի խախտումներ, ինչպես նաև բացահայտված գործակալներին և զրպարտիչներին եթեր տրամադրելով, և պարտվողականության քարոզ անելով հանրությանը մոլորեցրեց սպասվող վտանգներից։ Ազատության հակալրագրությունն ու հասցվող վնասը չեզոքացնել չստացվեց, քանի որ այն վստահությունը, որը նա ձեռք էր բերել տարիներ շարունակ անաչառ լինելով, մարդուն դավադրապաշտ էր դարձնում, երբ բացահայտում էիր Արցախը հանձնելու Ազատություն ռադիոյի շարժառիթը։ 

Նույնն է Հայաստանում իրավապաշտպանության հետ։ 

Եթե մինչև 2018թ․ զգուշացվեր, որ իրավապաշտպան ՀԿ-ները օժանդակելու են Արցախի հանձնմանը, քանի որ ոչ թե Հայաստանի, այլ այլ պետության բանակներ են դրանք, նույնպես կհայտնվեիր դավադրության տեսության մատյանում, ինչպես Կարեն Վարդանյանն ինձ համար հայտնվեց, երբ բացատրում էր սա։ 

Այսպիսով, դավադրության տեսությունը վնասարար է ճշգրիտ իրողությունները հասկանալու համար, և կործանարար է, երբ դավադրության տեսություն են հռչակում ճշգրիտ իրողությունները։ 

Պետությունը ևս ունի պատասխանատվություն ճշգրիտ որոշումներով դավադրության տեսությունների հոսքը կանխելու։

Օրինակ, եթե որևէ մեկը բռնվում է հակառակորդ երկրին ծառայելու մեջ, անհրաժեշտ է անմիջապես համապատասխան գործողությունն անել նրա հետ։ Բայց եթե չի արվում, և ազատության մեջ անձի գործողությունները համապատասխանում են լրտեսի արարքներին, ինչի համար ժողովուրդը նրան լրտես է կոչում, բայց առանց ապացույցների, սա դառնում է դավադրության տեսություն։ Մինչև 2021թ․ հունիսը Արարատ Միրզոյանի գործակալ լինելը դավադրության տեսություն էր, բայց հետո փաստ դարձավ (ԱԱԾ-ի գործակալը լինելու մասով)։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե Արարատ Միրոզյանին կամ Արման Բաբաջնյանին, որոնց լրտեսության հետ կապված հիմնավոր տեղեկություններ ապացուցեին իրավապահները ու նրանք կրեին նախատեսված պատիժը։ Չէր հյուսվի դավադրության տեսություններ։   

Հետխորհրդային Հայաստանը 33 տարեկան է։ Պետությունների մարտավարություններին դավադրության տեսություն հռչակելու և չհռչակելու համար արդեն հասուն տարիք է։  

Անհրաժեշտ է ոչ թե ըստ դավադրության տեսությունների գոյության կամ բացակայության տրամաբանությամբ ընկալել աշխարհը, այլ ըստ տեղանքի և աշխարհում գոյություն ունեցող մյուս պետությունների նպատակների, այդ թվում՝ քնած նպատակների, քեզ հետ կապված նպատակների և քո վրայի ազդեցությունը՝ այլ պետությունների հակամարտությունից։

Կարեն Վարդանյանը դա նկատում էր, բայց ասում են՝ դավադրության տեսություն էր համարում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու մասին խոսակցությունները։ 

Հովհաննես Իշխանյան