Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

Երեխաների երկիր – Հայաստան

Դու տեսե՞լ ես՝ եռագույնի մեջ լողում են կապույտ ձկներ

Եվ ծովից – ծով Հայրենիքը մեր, թղթե նավերով շարված

Եվ Մայր Հայաստանը բացած կլորիկ ծնկներ 

Ինչպես ցանկացած կին ուզում է լինել սիրված.

Եվ երեխաները երազկոտ աչքերով նայում են վերև

Թռչող ինքնաթիռների ետևից՝ երկինք. 

Մեր մանության անկատար երազանքների երկիր 

Իմ ավիացիա չունեցող Հայրենիք: 

Եվ ծովահենների գանձերից գտած միայն կնունքի խաչեր

Աստծո օրհնությամբ անշուշտ, բայց մի տեսակ՝ եսիմ

Մեծանում են երեխաները – չպաշարած բերդեր

Ոչ էլ տեսած ծովեր, կամ թե նորմալ երկինք. 

Ու հայելիներից մեզ նայում ուրիշ, 

Լրիվ ուրիշ մարդիկ:

Եվ աղջիկները կարմիր հագած երգում են Ավե Մարիա

Հեղափոխություն տեսած մեր աչքերին դնելով սառը թրջոց

Փոքրուց մեզ ասում թե ոնց «չի …և ոնց կարելի ա »

Ուշացնելով հեղափոխությունը սաստում « դուրս չգաս փողոց ».

Եվ փողփողում է հավետ եռագույնը ձեռքում մեկի

Մեր ուշացած հեղափոխությունների երկիր:

 

Արամ-Նեմրութ Թարվերդյան