Սիսիանցի արվեստագետ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի «Էպիկենտրոն» արվեստների լաբորատորիան Հայաստանի հարավի սիրված այցելավայրերից է։

«Զորաց քարեր» մեգալիթյան հնավայրի դիմացի բլրի վրա գտնվող արտ-օբյեկտը լեյտմոտիվային է Ավագյանի արվեստի համար, այն կոչված է նոր, արդիական մոտեցումներով վերաիմաստավորել նախնյաց սրբազան կառույցները և ծիսական արվեստը, ամրացնել ժամանակակից մարդու կապը հայրենի հողի ու տիեզերքի հետ։

Օգոստոսի 20-ին այստեղ կայացավ «Աշխատել ազատագրման համար» քանդակի բացմումը։

Թե՛ քանդակ-ինստալյացիայի, թե՛ կայացած փերֆորմանսների հեղինակը Աշոտ Ավագյանն է։ Հենց նա է ներկայումս բռնազավթված Աղավնո գյուղից 2022 թ․ Սիսիան տեղափոխել քանդակի համար օգտագործված քարը։

Իր աշակերտ Վահե Եղյանի օգնությամբ կիսելով քարը՝ նա այն վերածել է իրար կապված երկու անջատ կտորների․ ավելի բարձր, ասես երազային կտորը խորհրդանշում է Արցախն ու Կիպրոսի օկուպացված Հյուսիսը, իսկ ամրորեն ժայռին ամրացված մյուս քարը՝ Հայաստանը և Կիպրոսի Հանրապետությունը։

457159103_828131319445191_640844216633292613_n
Արցախն ու Կիպրոսի օկուպացված Հյուսիսը, Հայաստանը և Կիպրոսի Հանրապետությունը

Ավագյանը մտածող, երևույթները զուգադրող արվեստագետ է, նրա աշխատանքները որպես կանոն ունեն մի քանի ենթաշերտեր։ Այս անգամ էլ՝ դուրս գալով ազգայինի սահմաններից, արվեստագետը ճակատագրի նմանություններ է տեսել հայ և հույն ժողովուրդների միջև։

Քանդակը առայժմ կապանքված է փշալարերով, որից կազատվի Արցախի և Հյուսիսային Կիպրոսի ազատագրումից հետո։ Ներկաները կտրատեցին ու իրենց հետ վերցրին կտորներ փշալարից, որոնք պիտի պահեն իրենց մոտ՝ Արցախի մասին երբեք չմոռանալու համար։

«Կենտրոն, որով անցնում է տիեզերական ուղղահայացը» ինստալյացիայի տարածքում՝ արնագույն կարմիրով ներկված քարերից կազմված օղակում խարույկ վառվեց, որի մեջ ներկաները խորհրդանշաբար այրեցին իրենց ներսում կուտակված բացասական, հոռետեսական ապրումները, որպեսզի ավելի ամրապնդվեն հայրենիքը պաշտպանելու, ամրացնելու ու ամբողջացնելու ձգտումներն ու կարողությունները։

 

vlcsnap-2024-10-04-15h55m42s162
Այրեցին բացասական ապրումները

Բացման խոսքում «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի անունից վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն ընդգծեց․ «Մեր անելիքն էլ հենց այն է, որ պիտի բոլորս աշխատենք մեր ազատագրման համար»։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» տնօրեն Նաիրի Հոխիկյանը, որը փոխանցեց նաև ՀՀ-ում Կիպրոսի դեսպանի ողջույնի խոսքը։ Բացմանը ներկա էին հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, նաև՝ գրողներ Երևանից և Ստեփանակերտից, որոնց ստեղծագործություններից հատվածներ հնչեցին փերֆորմանսի վերջում։

Դրանից հետո «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ «Երկաթ» Մինասյանը ազատամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Եսայանին հանձնեց «Մայրական երախտագիտություն» հուշամեդալը։ Ի դեպ, Եսայանը «Սիսականի» ազատամարտիկներից երջանկահիշատակ Արտուշ Եսայանի որդին է։ Եսայանն իր մեդալը փոխանցեց մանկահասակ որդուն՝ դրանով ընդգծելով սերունդների հերթափոխությունը։

Աշոտ Մինասյանը նշեց, որ մենք՝ հայերս, դատապարտված ենք ազատագրել Արցախը․ «Արցախն է եղել մեր պատվարը, մեր վահանը, մենք պետք է ոտքի կանգնենք ու նորից տեր լինենք մեր Արցախին։ Մենք պետք է զգանք, ապրենք որպես Արցախցի։ Ես հավատում եմ Ձեզ։ Ռևանշ լինելու՛ ա»։ Այսպիսով ամբողջացավ «Ռևանշ լինելու ա» փերֆորմանսի հինգերորդ շարանը։

Փերֆորմանսի մասնակիցները ավանդաբար այցելում են նաև Ավագյանի արվեստանոց, որը Սիսիանում արվեստասերների սիրելի հավաքատեղիներից է։ Պատերին կախված են աշխատանքներ «Ռևանշ լինելու ա» և այլ շարքերից, որոնք կրում են ավագյանական ամուր ոգու, ազգա- և տիեզերակենտրոն մտածողության դրոշմը։ Սերտորեն կապված լինելով անցյալի ժառանգությանը՝ Ավագյանի ստեղծագործությունը իր բնույթով նորարարական է, ինքնատիպ։ Իր «Մաշտոց» որմնանկարի համար (Մաշտոցի անվան Մատենադարանի սիմպոզիումների սրահ) բազմատաղանդ արվեստագետը 2013 թ․ արժանացել է Պետական մրցանակի։

Աշոտ Գրիգորյան