Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

 

Առավոտ է, նոր օր,
քայլում եմ որդուս հետ,
սա բանաստեղծություն է, որ չի գրվի բառերով,
Ամեն օր անցնում ենք նույն տեղով,  եւ ամեն աստծո օր
վախենում եմ հարցից,
երբ չունեմ պատասխան։
-Դե ասա, այստեղ ո՞վ է ապրում։
Նայում եմ վրանին՝ այգու մեջ ծվարած,
բառերը հալվում են, չեն հնչում, որ ասեն.
սա գաղթի մի տխուր կտավ է,
աշխարհի լռության դեմ ճերմակ մի ցասում…
-Մայր ,- ասում է որդիս,- նայիր վեր,
թռչունը իջնում է վրանին,
ասել ես՝ բարի է։
Նայում եմ, չեմ տեսնում,
որտե՞ղ է թռչունը։

-Մայր, ախր
այն ամպը չե՞ս տեսնում , թռչուն է,
նա կիջնի՝ կլինի
վրանում ապրողը եր-ջա-նիկ…
Քայլելով հասնում ու անցնում ենք,
եւ հանկարծ  դռները բացվում են…
ձեռքերը արեւին են պարզում
արեւից պսպղուն ինքնաեռ։
Ձեռքերը շարում են տաշեղներ.
հորա՜ -հորա ՜-հո՜….
ձեռքերը՝ ջուր.
հորի՜ լորի՜ լորի՜…
ձեռքերը՝ կրակ.
հորա հո՜, հո՜, հո՜…
ձեռքերը՝ շաքար
հորի լորի լորի…
ձեռքերը լցնում են բաժակները.
հորովեեեել…
ձեռքերը սրբում են աչքերը…
հորա հոոոո՜…
գոլորշին ծածկում է երկինքը,
դառնում  ամպ, որ հասնի ու կախվի
Արցախի վերևում,
անձրեւի տան վրա ու հողի,
որ  սպասում է միակ տերերին  …
ձեռքերը շոյում են իմ որդուն…
ու խառնում են, խառնում
հարցերը…
– Մեր շաքար երազներ․․․
նայում է թափանցիկ թեյի մեջ.
բյուրեղները հալվում կորում են…
ձեռքերը սեղմվում են կրծքին,
այնտեղ է թռչունը,
որ ամեն օր պոկվում է տեղից,
անցնում է  կամրջով ու գերված օրրանին
իջնում է ու փետուր է թողնում…
ապան մատաղ,
ձեռքերը սպասում են …

– Նա ասաց, որ տուն է գնալու։
-Անպայման, ասում եմ, անպայման…
– Դու գիտե՞ս՝ երբ, գիտե՞ս,-
ու առաջ է պարզում բռունցքները փոքրիկ,-
ձեռքերը ասում են՝
կգնան, երբ հետ բերեն ար-դա-րու-թյունը…

 

Մարինա Գևորգյան