Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

 

Շրջափակման օրերին ես էստեղից տեսնում էի, թե ինչ է սպասվում ոմանց կոկորդին կանգնած Ստեփանակերտին,

Շրջափակման օրերին մերոնց հորդորում էի չորահացեր սարքել,

Մեծ քանակով դոշաբ գնել,

մերոնց հորդորում էի բենզին գնել ու դնել թանկուկրակ գնով վարձած էդ բնակարանի միջանցքում,

Մերոնց հորդորում էի զգույշ լինել, վերին աստիճանի զգույշ,

Շրջափակումից մի օր առաջ իմ մի քանի ամսականի հետ պիտի գնայի Ստեփանակերտ,

Տատիս հրաժեշտ տալու,

Տատիս գերեզմանին լացելու,

Տատս իմ՝ իրեն հրաժեշտ տալու դրվագը քնելուց առաջ բազմիցս նկարագրել էր,

Ես գալու եմ ու բարձրաձայն,

ձայնս գլուխս գցած տատի վայ եմ կանչելու,

ու էդտեղ հեծկլտալու են գյուղի ողջ մնացած իմ տատիկներն ու պապիկները,

որոնք մի մարդու նման ներկա էին լինում բոլոր թաղումներին,

հետո երկար ու տխուր նստում իրենց տան դիմացի մի հատիկ,

փայտե,

սեւացած նստարաններին,

գլուխները համաչափ թափահարելով անցած, գնացած օրերին,

իսկ երեկոյան արդեն դուրս էին գալիս սարերում փնտրելու իրենց կենդանիներին,

կենդանություն հաղորդելով ցերեկվա արեւին լռված փողոցի պատկերներին,

կյանքը շարունակվում էր։

Ես էստեղից տեսնում էի նրանց քայլերը հատիկ-հատիկ,

Վերծանում էի մեր, էն ոնց են ասում, էն գերագույն գլխավոր հրամանատարի հեգնախառը տեքստերը,

որ գուժում էին էն, ինչ գալու էր հետո,

մինչ կինը զբաղեցնում էր հասարակությանը իր անիմաստ ռիլզերով,

նույնը իմիջիայլոց տեղի է ունենում էս օրերին,

սարսափ օրեր էին։

Ես գիտեի, որ մերոնք ուժեղ են,

Մերոնք, որ սարի ճամփով էլ շարունակում էին շնչել,

Մերոնք, որ ինձնից բարձր ծիծաղում էին,

Մերոնք խաղում էին բախտի հետ,

Մերոնք Արցախում էին, ու ես նրանց նախանձում էի,

Իսկ ինչ կլիներ եթե ես Ստեփանակերտ հասած լինեի,

Մի կողմից բեռ էի դառնալու,

Մյուս կողմից,

Չգիտեմ,

Բարդ է ասել։

Շրջափակման օրերին Երեւանն անձայն, անձայն էր,

Մի քանի հարյուր մարդ ինչ-որ կազմակերպության դիմաց գիշեր-ցերեկ կանգնած,

Մուրում էին,

Մուրացիկ,

Թափանցիկ,

Ասֆալտին

Աղաղակող

Չկար,

Ավելի շատ լուռ էին,

ավելի սրված էին ամենքի դեմքերը,

Սայթաքուն,

Պսպղան ասֆալտին

Խամրում էին հայացքները։

Անահիտ Հայրապետյան