100 000 դրամ և ապագայի անորոշությունը գրպանում՝ 2024թ. օգոստոսի 30-ին 66-ամյա Գևորգ Կ.-ն դուրս եկավ բանտից. ո’չ տուն ուներ, ո’չ ընտանիք, ոչ էլ՝ առողջություն։  

Սկզբում Գևորգը (ազգանունը չցանկացավ նշել) ցանկանում էր ձեռնոց պատրաստելու սարք գնել, ընկերոջ հետ գործ սկսել, սակայն 7 ամսում արդեն 2 վիրահատություն է տարել, ասում է՝ ի վիճակի չէ աշխատելու. միայն համբերատար սպասում է՝ խնամքի կենտրոնում իր հերթին։ Դեկտեմբերին սպասողների ցանկում 9-րդն էր, մարտին՝ երրորդը։

Գևորգը պատմում է, որ իր ընկերներից շատերը նույն անորոշ վիճակում են։ 

Պետությունն էլ հայտնում է, որ նախկին դատապարտյալների համար իրականացնում է վերաինտեգրման և վերասոցիալականացման տարբեր ծրագրեր, աջակցում կրթություն ստանալու և աշխատանք գտնելու հարցում, սակայն թղթի վրա գրված այդ ծրագրերը միշտ չէ, որ արտացոլում են իրականությունը։

Ի՞նչ թերություններ ունեն վերաինտեգրման ծրագրերը, արդյո՞ք դրանք լուծում են հիմնական խնդիրները, որտե՞ղ է մեխանիզմի թերացումն ու ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ազատազրկումից հետո մարդիկ չհայտնվեն նոր փակուղու առաջ։


«Ես ուզում էի, որ դուրս գալուց առաջ մարդու գոնե ապահովեին»

«Մի օր ստեղ եմ, մի օր՝ ընդեղ, հիմա կոնկրետ ապրելու տեղ չունեմ», – ասում է Գևորգ Կ.-ն։ 

Ձեռքերն ու ոտքերը չեն աշխատում, քայլում է ձեռնափայտով, միակ եկամուտը հաշմանդամության թոշակն է՝ 36 000 դրամ. 

«էնքան վատ եմ հիմա, որ նույնիսկ նստած գործ չեմ կարող անել»։

Վերջին 3 ամսում արդեն 2 վիրահատություն է տարել, երրորդն էլ պետք է անեն, երբ «վերքերը լավանան»։ Բացի այդ, շաքարային դիաբետ ունի։

Գևորգը հույսը կորցրել է, որ իր կյանքը նոր սկիզբ կունենա. այժմ ուղղակի սպասում է «Նորք» խնամքի կենտրոնում տեղ ազատվի, որ գնա. հիմա ցուցակում 3-րդն է. «Եթե կացարան տան, էլ պրոբլեմ չի լինի. էնտեղ օրը 3 անգամ հաց են տալիս, քնելու տեղ են տալիս», – ասում է նա։

Ըստ նրա՝ այս խնդիրներին են բախվում նաև իր մյուս ընկերները. շատերը չունեն բնակվելու հիմնական  վայր, աշխատանք, գործատուները միշտ չէ, որ պատրաստ են ընդունելու նախկին դատապարտյալի։

«Ես ուզում էի, որ դուրս գալուց առաջ մարդուն ապահովեին, նոր դուրս գար»,-ասում է Գևորգը։ 

Թեև Հայաստանում բնակվելու տեղ չունեցող նախկին դատապարտյալներին պետք է տրամադրվի բնակարանի վարձակալության հատուցում (ամսական մինչև 60,000 դրամ ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով), սակայն Գևորգը նշում է, որ իրեն այդ մասին որևէ մեկը չի տեղեկացրել, և նա այդ գումարը չի ստացել։

Ինչպե՞ս է պետությունը ազատազրկվածներին

պատրաստում վերաինտեգրմանը

8655747

2024թ. դեկտեմբերի 19-ի տվյալներով՝ Հայաստանի Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2701 մարդ (1284 դատապարտյալ և 1417 կալանավորված

 

Պատիժը կրելուց հետո դատապարտյալները պետք է վերաինտեգրվեն հասարակությանը, դրա համար «մի քանի ուղղություններով աշխատանք է իրականացվում»։ Այս մասին մեզ հայտնել են Արդարադատության նախարության Քրեկատարողական ծառայությունից (ՔԿԾ)։ Ի՞նչ ուղղություններ են դրանք՝ 

 

  • Աշխատանք 

 

ՔԿԾ-ից հայտնում են, որ նախ, ազատությունից զրկված անձինք պատժի կրման ընթացքում հնարավորություն ունեն ներգրավվել քրեակատարողական հիմնարկում եղած աշխատանքներում, որոնք կարող են լինել թե’ վարձատրվող, թե’ ոչ, ինչպես նաև՝ աշխատել այլ գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով։ 

 

  • Կրթություն

 

Բացի այդ,  նրանք հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես ֆորմալ, այնպես էլ՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերին, որոնք հնարավորություն կտան հետագայում էլ շարունակել կրթությունը կամ «ձեռք բերել պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններ»։ 

 

  • Սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցություն 

 

Ազատազրկված անձանց հետ իրականացվում են անհատական և խմբային սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ, որոնք, ըստ ՔԿԾ-ի, հնարավորություն են տալիս բարձրացնել նրանց իրավագիտակցության մակարդակը, պահպանել կապն արտաքին աշխարհի հետ, հաղթահարել հոգեբանական խնդիրները։

Այս առումով՝ ՔԿԾ-ն համագործակցում է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ։

 

«Պատժից ազատելու նախապատրաստման նպատակով դատապարտյալի հետ նախապես անցկացվում են համապատասպան աշխատանքներ՝ համաձայն վերջինիս վերաբերյալ կազմված վերասոցիալականացման ծրագրի, որը հիմնվում է տվյալ անձի կարիքների և ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա»,-հայտնել են ՔԿԾ-ից։

 

Քրեակատարողական ծառայությունը նաև նշում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, դատապարտյալի ազատազրկման ժամկետը լրանալուց  ոչ ուշ, քան 6 ամիս առաջ նրա ընտրած բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիներին տեղեկացնում է ազատվելու ժամկետի, աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև՝ տան առկայության մասին։ 

 

Նույն ժամկետում, դատապարտյալին գրավոր կամ անհատապես ծանուցում են կազմակերպվող մասնագիտական ուսումնական ծրագրերում ընդգրկվելու իրավունքի մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը, և դատապարտյալի տվյալները փոխանցում են լիազոր մարմնին (Միասնական սոցիալական ծառայություն, հեղ.)՝ որպես աշխատանք փնտրող անձ՝ հաշվառելու և զբաղվածության ամենամյա պետական ծրագրով կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկելու համար։ 

 

Ինչ վերաբերում է կենսաթոշակային տարիքի հասած, կամ հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին, ապա, նրանց խնդրանքով, ՔԿՀ վարչակազմը տվյալները ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ապահովող սոցիալական պաշտպանության հաստատություններ գնալու համար։

 

Դատապարտյալները կարող են ստանալ նաև որոշակի  դրամական օգնություն, եթե ՔԿՀ վարչակազմը գնահատի նրանց «գույքային դրությունը» և նրանք համապատասխանեն 2023թ. ապրիլի 13-ի Կառավարության N502-ն որոշման պահանջներին։

2 տարում միայն 4 նախկին դատապարտյալ է աշխատանք գտել

պետության միջոցով

Photo of wall texture pattern

ՔԿԾ՝ պատժի կրման վերջնական փուլում արված աշխատանքները, սակայն, դեռևս այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ դրանք չեն ապահովում նախկին դատապարտյալների լիարժեք վերաինտեգրումն աշխատաշուկա։ 

 

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տվյալներով՝ 2022-2024թթ. ընթացքում ազատազրկման վայրերից վերադարձաց անձանցից տարածքային կենտրոններում հաշվառվել են ընդամենը 13 մարդ, աշխատանքի է տեղավորվել միայն 4-ը։ 

 

Կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման համաձայն՝ նախկին դատապարտյալները համարվում են աշխատաշուկայում անմրցունակ և զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար ունեն առաջնահերթության իրավունք։ Սակայն մինչ օրս նրանց համար չկան զբաղվածության առանձնացված ծրագրեր։

 

Մենք ՄՍԾ-ից հետաքրքրվել էինք՝ ինչ աջակցություն են տրամադրում նախկին դատապարտյալներին աշխատանք գտնելու հարցում։ Մեզ հայտնել էին, որ «խորհրդատվություն են տրամարդել թափուր աշխատատեղերի մասին».

 

«ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հիմնարկներից ստացվել են ազատազրկման վայերերից վերադարձող 245 անձանց վերաբերյալ տեղեկություն, որոնցից 81-ը ներկայացել է տարածքային կենտրոն, ստացել խորհրդատվություն աշխատանքի և զվաղվածության օրենսդրության, մասնագիտական ընտրության և թափուր աշխատատեղերի մասին»,-սա է ՄՍԾ պատասխանն ու աջակցությունը։

 

Սոցիալական աջակցություն. ընդունված որոշումներն ու թերությունները

 

Պատժից ազատված դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցությունը կարգավորվում է Կառավարության՝ 2023թ. ապրիլի 13-ի N502-ն որոշմամբ։

 

Ըստ այդ որոշման, օրինակ, եթե պատժից ազատվող դատապարտյալը չունի բնակության վայր, ապա նրան տրամադրվում է բնակարանի վարձակալության վճարի հատուցում՝ մինչև 6  ամիս ժամկետով։ Հատուցման չափը՝ ամսական 60 000 ՀՀ դրամ։

 

Այս որոշման կիրարկման ընթացքում, սակայն, ի հայտ են եկել «որոշակի խնդիրներ», որոնց լուծման համար Նախարարությունը, ՄՍԾ-ն և Արդարադատության նախարարության ՔԿԾ ներկայացուցիչները պարբերաբար քննարկումներ են իրականացնում. 

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին դեռևս հնարավոր չէ իրականացնել Որոշմամբ սահմանված մի շարք պահանջների կատարումը, նախատեսվել է փոփոխություններ կատարել Որոշման մեջ և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառել Որոշման համապատասխան փոփոխություններով նախագիծ»,-հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։


Նշենք, որ դատապարտյալը համարվում է բնակության վայր չունեցող, եթե Հայաստանի տարածքում չունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան, բնակելի տարածք։ 

Վերասոցիալականացում՝ առանց բյուջետային հատկացումների

ի՞նչ է անում Պրոբացիայի ծառայությունը

Պետությունը մի կողմից հայտարարում է, որ կարևորում է նախկին դատապարտյալների վերաինտեգրման և վերասոցիալականացման հարցերը, մյուս կողմից արդեն 3 տարի է՝ բյուջետային միջոցներ չի հատկացնում Պրոբացիայի ծառայությանը։

Այս ծառայությունն է զբաղվում նախկին դատապարտյալների մասնագիտական և հոգեբանական աջակցությամբ՝ նպատակ ունենալով նրանց օգնել վերաինտեգրվել հասարակությանը և խուսափել կրկնահանցագործությունից։

Պրոբացիայի ծառայությունը նաև պատասխանատու է այլընտրանքային պատժամիջոցների կիրառման համար, ինչպիսիք են տնային կալանքը և էլեկտրոնային հսկողությունը։ Այս միջոցները թույլ են տալիս դատապարտյալներին մնալ հասարակության մեջ՝ պատիժը կրելով ոչ քրեակատարողական հիմնարկներում։

Ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով, վերասոցիալականացման ծրագրերն իրականացվում են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։

Պրոբացիայի ծառայությունը, հաշվի առնելով շահառուների ռիսկերն ու կարիքները, կազմում է վերահսկողության պլան, որը ներառում է վերասոցիալականացման և վերաինտեգրման համապատասխան ծրագրեր։

  • Հոգեբանական աջակցություն՝ անհատական խորհրդատվություններ, թրեյնինգներ (հույզերի կառավարում, սթրեսակայունություն, ագրեսիայի նվազեցում)

  • Կրթական ծրագրեր՝ օտար լեզուներ, համակարգչային հմտություններ, մասնագիտական դասընթացներ (կահույքաշինություն, կար, վարսավիրություն, կոսմետոլոգիա)

  • Մշակութային ու կրոնական միջոցառումների այցելություն՝ թանգարաններ, թատրոններ, գրադարաններ, եկեղեցական արարողություններ

  • Մարզական միջոցառումներ՝ ֆուտբոլ, թենիս, շախմատ, առողջ ապրելակերպի դասընթացներ

  • Վերաինտեգրման այլ միջոցառումներ՝ ինտելեկտուալ խաղեր, իրավագիտակցության բարձրացման թրեյնինգներ, հանրօգուտ աշխատանքներ

Ծառայությունն ուղղորդում է նաև զբաղվածության տարբեր կենտրոններ, աջակցում կրթական հաստատություններ ընդունվելու հարցում։ Օրինակ, վերջին 3 տարիների ընթացքում Պրոբացիայի ծառայության աջակցությամբ աշխատանքի է ընդունվել 50 հոգի, 2632 մարդ էլ մասնակցել է վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին,  նրանցից 130-ը ստացել են տարբեր հավաստագրեր։ Ծառայությունը նշում է, որ մասնակիցների մեծ մասը չեն ունեցել դատարանի կողմից դրված պարտականություններ՝ մասնակցելու վերասոցիալականացման ծրագրերին։

Ծառայությունը համագործակցում է նաև տարբեր կազմակերպությունների հետ՝ բարելավելու շահառուների վերաինտեգրումը հասարակություն: Այդ կազմակերպություններն են՝

  • Եվրոպայի խորհուրդը 2022թ. ներդրել է «Վերականգնողական ծրագիրը», որն ուղղված է հույզերի կառավարմանը և միջանձնային հարաբերություններին։ 2024թ. ծրագիրն ընդլայնվել է՝ ներառելով «Բռնի վարքի նվազեցման» և «Կախվածությունների հաղթահարման» ուղղությունները։

  • Հասարակական կազմակերպությունները («Սոցիալական արդարություն», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն», «Հանուն ազատության իրավական») իրականացրել են մասնագիտական դասընթացներ՝ համակարգչային, վարսավիրական, մատնահարդարման, օճառագործության, մոմագործության, ինչպես նաև վարորդական իրավունքի ձեռքբերման և հմտությունների զարգացման ուղղությամբ։

  • ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է կրթական դասընթացներ, այդ թվում՝ ընտանեկան բռնության կանխարգելման, հույզերի կառավարման, օտար լեզուների, կահույքաշինության, կարի, վարսավիրական, կոսմետոլոգիական և համակարգչային հմտությունների ուսուցում։

  • Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է «Հանրօգուտ աշխատանքներ/շաբաթօրյակներ», իսկ մշակութային կենտրոնները իրականացրել են մշակութային միջոցառումներ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։

Թեև այս ծրագրերը, ըստ ՊԾ-ի,  նպատակ ունեն նվազեցնելու կրկնահանցագործության ռիսկը և աջակցելու շահառուների վերասոցիալականացմանը, սակայն բյուջետային հատկացումների սահմանափակումը կարող է նվազեցնել այդ ծրագրերի արդյունավետությունը, քանի որ Պրոբացիայի ծառայությունը չի կարող ապահովել անհրաժեշտ ֆինանսական աջակցություն կամ վարձատրվող աշխատանքներ՝ առանց պետության կամ միջազգային կազմակերպությունների կայուն աջակցության։

 

Նախկին դատապարտյալները հատուկ բժշկական և

հոգեբանական աջակցություն չեն ստանում

Նախկին դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ Առողջապահությաան նախարարությունն առանձին վիճակագրություն չի վարում։ Նրանք ընդգրկված չեն Կառավարության 2004թ. մարտի 4-ի N318-Ն որոշմամբ հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության խմբերի ցանկում. նրանց բժշկական օգնությունը կազմակերպվում է ընդհանուր հիմունքներով։ 

 

Իսկ Կառավարության մեկ այլ՝ 2004թ. մարտի 4-ի N318-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի ամբողջ բնակչությունն է անվճար կամ արտոնյալ պայմաններով «օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից»։

 

Նախարարությունը շեշտը դնում է նրա վրա, որ Հայաստանի ամբողջ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման ծառայությունները, դիսպանսերային և նեղ մասնագետների կողմից իրականացվող բժշկական օգնությունը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են «պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկակական օգնության և սպասարկման շրջանակներում»՝ համաձայն Առողջապահության նախարարի 2022թ. հունիսի 13-ի N40-Ն հրամանի չափորոշիչների։

«Առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև՝ անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների՝ անկախ սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկվածությունից»,-հայտնել են Նախարարությունից։

 

Ինչ վերաբերում է վերաինտերգրման համար կարևոր հոգեբանական աջակցության ծրագրերին, ապա դրանք «դուրս են ԱՆ իրավասության շրջանակից»։ Ավելին, հոգեբանական ծառայությունները չեն համարվում բժշկական օգնության տեսակ և ներառված չեն բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկում։

Մեր վերջին զրույցի ընթացքում Գևորգն ասում է.

hand-gesture-expressing-different-feelings-1

 

– Ես ուզում եմ մի հատ գիրք գրել

– Ինչի՞ մասին

– Դե, մեր անցյալի մասին. ո՞նց ա եղել, մարդը ոնց ա կործանվել, ի՞նչ ա պետք անել, որ մարդիկ իրանց լավ գզան. սաղ էդ մեր պրոբլեմների մասին, էլի։ Բայց ես կոմպյուտերով էլ չեմ կարում հավաքեմ։ Որ ես ձեզ ասեի, դուք հավաքեիք էդ խնդիրների մասին, լավ կլիներ։

Հավաքեցի։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Նկարազարդումները՝ Տաթև Խաչատրյանի