Հեղինակ՝ Պիետրո Ա. Շաքարյան

Երեքշաբթի Երևան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար նեոպահպանողական Մարկո Ռուբիոն։ ՀՀ մայրաքաղաք էր ժամանել Հնդկաստանից, որտեղ նախագահ Թրամփի անունից ջանացել էր հարթել երկրների հարաբերությունների սուր անկյունները։ Ռուբիոն Զվարթնոց օդանավակայանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրեց մի շարք փաստաթղթեր՝ ուղղված ամերիկա-հայկական հարաբերությունների խորացմանը։ Նա նաև իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանի դժվարին իրավիճակում հայտնված կառավարությանը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ առաջ։

Չնայած Ռուբիոյի այցը տևեց ընդամենը մեկ ժամ, այն բացահայտեց Թրամփի վարչակազմի հավակնոտ ծրագրերը Կովկասի վերաբերյալ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն, բանակցությունների ընթացքում, կրկին հարձակվեց Իրանի վրա։ «Ամենակարևորը, Ռուբիոյի հայաստանյան այցը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը դեռ չի կարողանում հրաժարվել արտերկրում ընտրություններին միջամտելու իր ախտից», — ասում է Ջեյմս Քարդենը՝ Օբամայի Պետդեպարտամենտի նախկին խորհրդականը։

Մինչ այդ, Երևանյան թոհուբոհից հեռու, հարմարավետ ստուդիո բնակարանում, երիտասարդ հանրային գործիչներ Հովհաննես Իշխանյանը և Նարե Նավասարդյանը քննարկում են քաղբանտարկյալներին օգնելու ձևերը։ Երկուսն էլ աջակցել են 2018-ի «Թավշյա հեղափոխությանը», որն իշխանության բերեց Փաշինյանին։ Սակայն պաշտոնի մի շարք չարաշահումներից և 2020-ի արցախյան պատերազմից հետո, ինչպես հայերի մեծ մասը, կտրուկ դուրս եկան նրա դեմ։ Իշխանյանն ու Նավասարդյանը նաև լրագրողներ ու վավերագրողներ են՝ Երևանում թափ հավաքող անկախ հանրային շարժման ներկայացուցիչներ։ Ինչպես նրանք են շեշտում, երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու խոստումները փուչ դուրս եկան։ Այսօր Հայաստանում հետաքննող լրագրողները լռեցվում են, ընդդիմախոսները՝ հալածվում, իսկ ազգային ինքնության հենասյուները՝ խարխլվում։

Հունիսի 7-ի ընտրությունները առաջինն են 2022-ին Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմի մեջ ճանաչելու վիճահարույց որոշումից հետո՝ հայտարարություն, որը Բաքվի համար հնարավորություն բացեց հայաբնակ տարածաշրջանի էթնիկ զտման համար։ Տնտեսական անհավասարությունից և ժողովրդավարության հետընթացից բխող դժգոհությունն ավելի է խորացնում Փաշինյանի ճգնաժամը։ Ընդդիմության վարկանիշը բարձրանում է՝ մանավանդ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» կենտրոն-ձախ դաշինքին։ Ուստի, ընտրություններին մոտենալուն զուգընթաց, Փաշինյանն իր քաղաքական դիրքերն ամրացնելու ավելի ու ավելի հուսահատ փորձեր է անում։

«Ինքնորոշման և ժողովրդավարության հարցը միայն հայկական խնդիր չէ, համամարդկային խնդիր է», — պնդում է Իշխանյանը։ «Երբ Փաշինյանը դավաճանեց Արցախին, նա դավաճանեց ժողովրդավարությանը։ Նա դավաճանեց Արցախի ինքնորոշման իրավունքին։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ նրա ռեժիմը քանդում է Հայաստանում ժողովրդավարությունը։ Հայաստանում մի օրը կարծես մի տարվա չափ տևի։ Գրեթե ամեն օր խախտումներ են լինում՝ իրավական, սահմանադրական, ընտրական, միջազգային իրավունքի։ Ամեն օր Փաշինյանի ավազակախումբը, որ ձևացնում է թե «ժողովրդավարական» իշխանություն է, խախտում է իմ իրավունքները»:

Հայկական սուրճի շուրջ Իշխանյանը մտորում է. «Ի՞նչ գործ ունի Ռուբիոն այստեղ։ Արդյո՞ք եկել է խոսելու Արցախի հայկական եկեղեցիների մասին, որոնք Ադրբեջանն այժմ քանդում է։ Թե՞ եկել է պաշտպանելու այն դավաճանին, ով խախտել է Սահմանադրությունը և խոստանում է նորից խախտել՝ սպառնալով հեռացնել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին»։

Փաշինյանը բացահայտ բախման մեջ է մտել Հայ Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդ Գարեգին Բ Կաթողիկոսի հետ, ով հետամուտ էր Արցախի հայերի ճակատագիրը հանրային ուշադրության կենտրոնում պահելուն։ Հակամարտությունն այնքան է սրվել, որ Փաշինյանը անհեթեթորեն հայտարարել է Եկեղեցու նոր ղեկավար նշանակելու մտադրության մասին՝ բացահայտ հակասելով օրենսդրությանը։ Հանրային գործիչներն ընդգծում են, որ իրավիճակը զարմանալիորեն հիշեցնում է Թրամփի և Լեո ԺԴ Պապի միջև վերջերս Իրանի պատերազմի շուրջ ծագած հակամարտությունը։

«Օրենքով, — նշում է Իշխանյանը, — հայ հոգևորականները քաղաքականությանը մասնակցելու նույն իրավունքն ունեն, ինչ մյուս քաղաքացիները։ Դա չի նշանակում, որ եկեղեցին պետության մասն է, այլ որ հոգևորականներն իրավունք ունեն կարծիք հայտնել քաղաքականության մասին, ինչպես բոլորը։ Այնպես որ, մենք պաշտպանում ենք նրանց իրավունքները։ Այն, ինչ անում է Փաշինյանը, հակասահմանադրական է»։

«Ռուբիոյի այցը բացահայտ ընտրական միջամտություն է», — ավելացնում է Նավասարդյանը։ Բայց սա միայն սառցալեռան գագաթն է։ Պատկերացրեք, որ Ամերիկայում Չինաստանից կամ Իրանից ֆինանսավորվող կազմակերպությունների մի ամբողջ ցանց գործի՝ առանց օտարերկրյա գործակալների մասին օրենքի սահմանափակումների, և ապատեղեկատվություն տարածի իրենց նախընտրած թեկնածուի բոլոր մրցակիցների մասին։ Հենց սա է կատարվում մեզ մոտ։ Անհեթեթ է, բայց ընդունված է, որովհետև Հայաստանին վերաբերվում են ինչպես հետխորհրդային մի լուսանցքային երկրի, որն ի վիճակի չէ պաշտպանել իր իրավունքները»։

Անդրադառնալով Ռուբիոյի՝ Կուբայում հեղաշրջում հրահրելու փորձին, նա ասում է. «Ռուբիոն կուբացի է, իհարկե, բայց նայեք, թե ինչ է անում հենց Կուբայի հետ։ Ահա թե ինչպես է ամերիկյան իմպերիալիզմն էթնիկ սփյուռքերին օգտագործում որպես զենք՝ իրենց հայրենիքների դեմ»։

Իշխանյանն ու Նավասարդյանն ընդգծում են, որ Փաշինյանի կողմից Հայաստանում ժողովրդավարության ապամոնտաժումը տեղի է ունենում իր զինակից պոպուլիստի՝ Թրամփի օրհնությամբ։ Թրամփի նպատակն է ապահովել հայ վարչապետի հավատարմությունը՝ փորձելով «մատ անել» Իրանին և Ռուսաստանին ռազմավարական Կովկասում՝ Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի (TRIPP) ծրագրի միջոցով։ TRIPP-ը նախատեսում է, որ Հայաստանն Իրանի հետ հարավային իր սահմանի վերահսկողությունը հանձնի ամերիկյան մասնավոր շահերին՝ մինչև 99 տարի ժամկետով, իսկ Ադրբեջանին ապահովի անարգել կապ Թուրքիայի հետ։

«Ինձ մտահոգում է, որ հայ վարչապետը մեր հողերը տալիս է ուրիշներին», — շեշտում է Իշխանյանը։ «Ընկերներ ու ընտանիք ունեմ Հայաստանի այդ հատվածում՝ Ագարակում, Մեղրիում, և նրանք էլ մտահոգ են։ Մենք տեսնում ենք, թե ինչ է անում Թրամփն Իրանի դեմ։ Նրա հրահրած պատերազմը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Եվ կարո՞ղ եք պատկերացնել, եթե Ամերիկան ու Իրանը սկսեն կռվել այստեղ։ Դա աղետ կլինի։ Փաշինյանը Իրանի դեմ պատերազմը բառացիորեն բերում է Հայաստան»։

Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է, սակայն նրա կապերը իսլամական Իրանի հետ ջերմ են ու հին՝ դեռ Պերսեպոլիսի ժամանակներից։ Վերջին հարցումների համաձայն, հայերի ճնշող մեծամասնությունը համակրում են Իրանի ժողովրդին և մեղադրում ԱՄՆ-ին ու Իսրայելին վերջին պատերազմի համար։ Շատերը խաղալիքներ ու ծաղիկներ էին տանում Երևանի Կապույտ մզկիթ՝ Հայաստանի բազմադարյա իրանական ժառանգության խորհրդանիշ, ի հիշատակ Մինաբում ԱՄՆ-ի հարվածից զոհված իրանցի աշակերտուհիների։

Ակտիվիստները Փաշինյանին մեղադրում են նաև հայկական ինքնության վրա հարձակվելու մեջ, օրինակ՝ հայկական անձնագրի դրոշմանիշերից բիբլիական Արարատ լեռը հեռացնելով և նույնիսկ Հայոց ցեղասպանության կարևորությունը նվազեցնելով։ Ի հակադրություն, Իշխանյանն ու Նավասարդյանն դրական էին գնահատում Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի ցեղասպանության մասին հիշատակի հայտարարությունը՝ այն անվանելով «թարմ շունչ»։ «Մամդանին ինձ դուր է գալիս», — ասաց Իշխանյանը։ «Ցեղասպանության մասին նրա հայտարարությունն արժանի է միայն գովասանքի։ Ավելին, սա հենց այն հայտարարությունն է, որ պարտավոր էր անել Հայաստանի վարչապետը»։

Ընտրարշավի ժամանակ Փաշինյանը վերջերս մի շարք բուռն վեճեր է ունեցել հայ ընտրողների հետ։ «Դու ինչի՞ չես զոհվել», — գոռաց նա մի պատերազմի մասնակցի վրա, որն այժմ քաղբանտարկյալ է։ Միևնույն ժամանակ, չնայած Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքներին, Փաշինյանը պարբերաբար պնդում է, որ TRIPP-ը Հայաստանին բերել է կայուն խաղաղություն, իսկ իր ընդդիմադիրները, եթե ընտրվեն, պատերազմ կբերեն։ Իշխանյանն ու Նավասարդյանը թերահավատ են։ Նրանք նշում են, որ Հայաստանը Փաշինյանի օրոք ավելի շատ պատերազմ է տեսել, քան որևէ այլ հետխորհրդային հայ առաջնորդի օրոք։

«Փաշինյանը մեզ անընդհատ վախեցնում է պատերազմով, եթե ինքը չընտրվի», — պնդում է Նավասարդյանը: «Այնպես որ, սա սովորական ընտրարշավ չէ, այլ քաղաքական ահաբեկում՝ վերափաթեթավորված որպես «խաղաղության» և «բարգավաճման» նեոլիբերալ խոստումներ։ «Ժողովրդավարության» մասին այլևս խոսք էլ չկա։ Փաստացի, մենք տեսնում ենք, որ ամեն անգամ Փաշինյանը նախընտրում է խոշոր միջազգային կորպորացիաների շահերը՝ ժողովրդի շահերին։ Ավելին, նա նախընտրում է իր խմբակի ֆինանսական շահերը՝ Հայաստանի երկարաժամկետ բարգավաճմանը։ Մենք կասկած չունենք, որ եթե վերընտրվի, նույն ճանապարհով կշարունակի: Բայց ամեն դեպքում մենք պատրաստ ենք շարունակել մեր պայքարը»:

Հոդվածի անգլերեն բնօրինակը հրապարակվել է The Nation ամերիկյան հարթակում։