ԷՐԳԻՐ։ ՎԵՐՋԱԿԵՏ

Դու, անշուշտ հորդ ճանաչում ես, պապդ էլ քիչ թե շատ ստվերոտ, բայց գաղտնիք չի մնա: Իսկ որ ափովդ մշուշը հրես քո մեծ պապն էլ երևի քիչումիչ ճղրտված նկարների միջից երևա: Իսկ հետո՞: Հետոն անհայտ է, եղբայրս, մեգ է ու հիշողության քաղց: Դու նստիր հանգիստ, սովետական նստարաններից կորացած թիկունքդ մի հարմար դիրքով հենիր բազկաթոռին ու լսիր: Տո, մի հատ էլ սիգարետ կպցրու, սուրճը դառն է՝ իսկը ծխելու: Էպոսը կարդացե՞լ ես: Աչքերդ մի պահ փակիր ու պատկերացրու սարյանական գույներ: Լեռներ, ծերպեր, գետեր, դուրաններ ու ցորյան անդաստաններ: Պատկերացրու Մհերին, Դավթին, Օհանին ու Թորոսին, հերն անիծած, Վերգոյին էլ տես: Սասուն… մի խոսքով: Մերոնք սասունցի էին: Մեր Էրգրում մանրիկ կռիվներ շատ են եղել, եղել են և լեռնային բորբոքուն մարտեր, եղել է և կարկուտ՝ թուրանական ժահրոտ փամփուշտի պես, բայց եղել է խոշորագույնը՝ Եղեռնը, հետո դաժանը՝ գաղթը: Մեծ պապս՝ Մոսեն, մի տասնհինգ տարեկան, հատուկենտ փրկվածներից, գաղթի ճամփին իր մատներով է ճանկռում հողն ու թաղում իր հյուծամահ եղբայրներին, ու հետո էլ ուժասպառ ընկնում վրաները, որ մարմնով պահի գիշատիչների հարձակումներից:

Պատկերացնու՞մ ես: Էպոսագույնը փոխվե՞ց, եղբայրս: Գիտեմ, հիմա մի փոշեգույն ամպ է աչքերիդ դեմ, իսկ կոպդ թրջվել է ավազե հատիկից: Այս Մոսե պապս ճանապարհին միանում է Անդրանիկին ու գալիս, հասնում են Ուջան՝ Արագածի սրունքներին գտնվող մի պստլիկ գյուղ, որտեղից արդեն չքվում էին թաքուբիր թուրքերը: Պապս տուն շինեց, որդիներ ունեցավ, ապրեց էլի, եղածը կյանք չի՞, տուրևառի մի զավզակ հրմշտոց է, էլի: Իրենց ապրածից մնաց մի բուռ թութուն, որ Անդրանիկի մահից էլ հետո դեռ ճամփվում ու ճամփվում է երկրեերկիր՝ երևակայական հայդուկին իբրև թե ընծա…

1967-ին երիտասարդ սասունցիները գյուղում կանգնեցրին Անդրանիկի արձանը (չեքիստների ականջը խուլ), գյուղացիք բահով ու փոցխով հերթապահ էին կանգնում, որ ջղային սովետը՝ մի երկու նամռոտ մռութի տեսք ստացած չգար ու քանդեր իրենց պաշտած Զորավարին: Է՜հ, օրեր էին, խաշամի պես մխացին ու անցան: Խորհրդային միրաժը փլվեց: Նորից կռիվ (ես դիտմամբ հայրենական կռվի ու երկրաշարժի սով ու բութ տարիները շրջանցում եմ): Բայց ինչի՞ համար է այս մութ օրերի հիշատակումը: Մի անձրևոտ օր ծնվեցի ես՝ գաղթականների վերջին թոռս, որ, իհարկե, փախեփախ չեմ տեսել, բայց մեջքս մի քիչ ապաթարցի է նման, և ծռվել է ոչ թե դպրոցական նստարանից, այլ գաղթի ցավագար ըմբռնումից:

Հայաստանը քիչ թե շատ լուսավորվեց: Միայն թե չասես՝ մարգարինի, կետչուպի ու ապուխտների զանազանության ի հայտ գալով: Ուղղակի մի քսանհինգ տարի կռիվ չեղավ: Դու դեռ փոշեգույնը մտքումդ պահիր: Կռիվ, կռիվ ու կռիվ: Դե ինչ անեմ, եղբայրս, լաո՜… ի՞մալ չխոսեմ: Մենք ի՞նչ տեսանք որ. Կռիվ, կռիվ, տեղահան, նորից կռիվ ու հակառակը: Մեր ցեղի տղամարդկային մի յոթ հաջորդականություն որ գումարես իրար՝ երջանկության մի կարճ պատանեկություն չի դառնա: Հիմա ես, դու, մենք, ապրում ենք այս էթիլենի ու մալուխի դարում և մեծ-մեծ ճամարտակում ենք թե «օ՜, կյանքը բերկրանք է կնոջ ստինքին սեղմված», «օ՜, ես Վեռլեն եմ սիրում», «Եվրոպան մարդասե՜ր է», «ռուսը սրիկա է», «քեզ էսպրե՞սո», «ոչ, սիրելիս, ինձ ցեյլոն»: Ժամանակը չռում է, հին վերքերը իրենց մաշկին կրողները մեռնում ու թաղվում են, իսկ մեզ երջանիկ երկրի երազների դիմաց տրվում են նոր վերքեր, որոնք մեր մեռնելով գուցե թարմանալու հարկ զգան ու աճեն՝ պուտ-պուտ բշտերի պես՝ նոր կռիվների տեսքով: Շատ կուզեի խոսել վառվռուն մայթերից, ակումբային էլեկտրիկ կապույտից, կոկտեյլներից, շատրվաններից, կամ առհասարակ քաղցր-մեղցր կեցության շորշոփ շփող երկրներից, բայց մերը սա է՝ այս դիասայլը, որը պիտի հրենք ցկեանս: Հիմա կասես՝ բա ասածդ Էրգիրն ու՞ր մնաց: Էրգիրը, լաո, հալվե՜ց, Մեղրագետով հոսեց ու գնաց: Մեզ մնաց մի մոմպասի պես հալվող ոտնատեղ (չգիտեմ՝ աջի՞, թե՞ ձախի համար), որի անունը դրեցինք երկիր: Հիմա կասես՝ հետո՞ ինչ: Հետոն ի՞նչ իմանամ: Հետոն մառախուղ է, մեգ է, հետոն վազք է, աղջամուղջ ու փոշեպտույտ: Կոպիդ տակից հանեցի՞ր ավազե հատիկը: Դե սիգարետիցդ մի հատ էլ ինձ տուր, կամ, իմը կծխեմ. մոտս մի բուռ ունեմ էն դառնահամ փաթթովիից…

ՈՒՋԱՆ

Հունիսյան ջեռ ցերեկ էր: Արևը հյուծում էր անծայր կապույտից ու թե զոռով փնտրեիր՝ հազիվ կնշմարվեին մի քանի բարալիկ ամպի ծվենիկներ՝ խոտհարքից հետո նոսր փռված խոտերի պես, որ վրիպում են եղանի բարկությունից: Շոգից հալվում էր գյուղի կոմունիստական ասֆալտը, որ անկախության տարուց մինչ օրս մեր արևի նահանջող թշնամին էր: Գյուղի բլքոզ պատերից մեկի կեսմետրանոց ստվերի տակ կծկվել էր հոպո Գևոն՝ հորս հորեղբայրը: Ինձ ճանաչեց: Մանկական թրթռանքով տեղից ելավ, փաթաթվեցինք, ու մի խոսքի սպասելով նայեց վրաս: Մրջնի պես ամենօրյա շալակումներից ստորակետի նման ճկվել էր, կռացել: Շտկեց խոտկապի թելով շալվարն ու հենվեց նոր քաշվող գազի խողովակի տակ՝ կեսմետրանոց ստվերի մեջ: Մի երկու հարցից հետո, երբ էլ հարցնելու բան չմնաց՝ ճմրթված ծխախոտի տուփից հանեց մի անֆիլտր գլանակ ու վառեց, տարիներից պղտորված կապտավուն աչքերը չռեց վրաս և.

– Քաղսովետի նախագան հմի Նիգոլն է, հա՞…

– Հա, հոպո, Նիգոլն է:

– Հմմ,- ընկավ մտքերի մեջ ու չսափրած դեմքը ճմլվեց, անատամ դատարկությունով մեկ ներս քաշեց ծուխը՝ կարճելով գլանակի երկարությունը:

Մի ծխելու տևողությամբ դեմ-դիմաց լռեցինք: Նայեց ինձ իբրև մի թարմ թերթի, ուր ոչ մի նորություն գրված չէ, կամ մի ռադիոյի, որ նույնությամբ կրկնում է անցյալի դեպքերը: Կռացա, համբուրեցի փշոտ երեսը և որպես հրաժեշտ ասացի.

– Գնում եմ քաղաք գործերով, հոպո: Էս շոգին մի նստի:

– Ա՜, պան չէղնի,- անհաղորդ և կիսախռով պատասխանեց հոպո Գևոն:

– Հետո կգամ, կպատմեմ քաղսովետի գործերից,- իբրև թե սփոփանք ավելացրի ես:

– Հա՜,- երեխայի պես կլանված նայելով՝ ասաց հոպոն:

Ուջանում հունիսյան ցնդող մի օր էր: Դրսում Անդրանիկն էր՝ արևից փայլող բեղերով, լավ օրերից հետո սմքած գյոլի դիմաց, քիչ այն կողմ ստորակետի պես կեռ հոպոն էր՝ քաղսովետից լուր ստանալու տապակումով, փոշիներում խայտացող օձերն էին և, գյուղն էր, որ առասպելական շոգին մղկտալով սպասում էր նորության»։                                                    

ԵՍ, ՄԵՆՔ

Մերոնք Սասունից էին: Անմեղ խենթեր են եղել, որ ապրել էին իրենց կյանքը էպիկական պարունակներում՝ սարյանական գույներով: Ազգանվանս անվանակիրը՝ Սիրունը, Սասունում եկեղեցու առաջ է թաղված: Սա վկայում է առաքինի վարքի մասին: Ինչպես Հոմերոսի «Իլիական»-ում Աքիլլեսի մայրն է դիմում իր որդուն, թե՝ ամուսնանաս, երեխաներ ունենաս, թոռներ ունենաս, թոռներդ էլ իր հերթին երեխաներ ունենան՝ քեզ կհիշեն, բայց հետո կմոռացվես կյանքի բնականոն սողանքի հետ, իսկ թե գնաս կռիվ, հերոսանաս, քո մասին երգեր կերգվեն և կմնաս պատմության էջերում: Հիմա մենք՝ թոռան թոռներս, փորձում ենք անցյալի մառախուղը հրել և գենետիկ հիշողության փշրանքներ հավաքել մեր պապերից, որոնք թեև անտիկ առասպելական վազեվազով չեն անցել, բայց ոչ պակաս մացառուտներ են տրորել:

Սիրունի թոռ Մոսեն՝ Մովսես Սիրունյանը, որ Արևելյան Հայաստանում մեր տոհմածառի տնկին է դրել, եկել է Սասունից՝ եղեռնից մազապուրծ: 15 տարեկան է եղել։ Ճանապարհին մատներով փորել ու թաղել է եղբայրներին, մարմնով պաշտպանել գիշատիչների հարձակումներից, ուժասպառ եկել, հասել Զորավար Անդրանիկին, ու հաստատվել Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: 

Գյուղում ապրող հատուկենտ թուրքերը այդ ժամանակ հեռանում էին, և այնտեղ հաստատվեցին սասունցի մի քանի ընտանիք, որոնք, այսպես ասած, հիմքը դրեցին մերօրյա Ուջանի: Այս մասին մանրակրկիտ գրել է Ղուկաս Սիրունյանն իր «Հեյ Ուջան, հեյ Ուջանցիներ» գրքում, ինչպես նաև «Բաբելոն Բաբելոն» էսսեների և պատմվածքների ժողովածուում: Այսպիսով, Մոսեն հաստատվում է Ուջան գյուղում, զբաղվում հողագործությամբ, շերեփագործությամբ, թութունի մշակմամբ և այլն: Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» հայտնի վիպասքում հիշատակվում է Ուջանի թութունի մասին, որն ուղարկում էին երկրերկիր՝ Զորավար Անդրանիկին:

Տիգրան Սիրունյանը 1949 թվականին ունեցավ իր առաջնեկին՝ Ղուկաս Սիրունյանին, որը հետագայում հայ նոր գրականության դեմքերից մեկը դարձավ։ Ղուկաս Սիրունյանը Ուջան գյուղին բերեց մի նոր համբավ, և կարոտի գրականությունը հարստացրեց:

1949

Ես ծնվել եմ մի գյուղում,
որի բնակիչները գաղթական էին
և կեղեքվում էին իրենց հին երկրի սիրուց –
նրանք բոլորը մեռան որպես գաղթական:
Մեր տունը վագոն էր՝
իրար վրա լցված հորաքույր-հորեղբայրներով,
ծանոթ-անծանոթ մանր վաճառականներով,
սոված ճամփորդներով,
կարոտն առնելու եկած հին երկրացիներով,
պապիս երգերով՝ վաղ լուսաբացին
Լեյլիխանե Քովարիի առասպելական թովչանքի մասին,
որից կոտորվում էր ամբողջ Անատոլիան՝
արցունքաքամ անելով վագոնի ուղևորներին:
Վագոնը լքվում էր վաղ լուսաբացին,
մնում էր տատս մխացող օջախի կողքին,
որի վրա ճաշ էր քլթքլթում
առնվազն երեսուն մարդու համար:
Իմ ծնունդի պահին
Մեկը թփթփացրել է հորս ուսին և բարի բառեր խոսել:
Հայրս շուռ է ելել, նայել շուրջը,
ոչ մեկի չի տեսել,
ձյուն է եղել ու մշուշ ու մշուշ ու ձյուն: 

                                             Ղուկաս Սիրունյան 

1967 թվականին Ուջանում դրվեց Անդրանիկի արձանը, որին դեռևս հին սասունցիները հսկում էին եղանով ու փոցխով: Խորհրդային իշխանությունների նամռոտ ձեռքը չհասավ արձանին, և ուջանցու հերոսը մնաց գյուղի կենտրոնում: Քիչ ուշ կանգնեցվեց ֆիդայիների արձանը, որի առաջ հիմա թաղված են գյուղի հերոսական զինվորները:

Երբ տարիներ առաջ փորձեցի բանահավաքչական պրպտումներ անել և գյուղացիներից հի՜ն Սասունի լեզվով քրքիջներ, զավեշտներ կամ առօրեական զրույցներ հավաքել՝ դեմ առա մի տխուր նոտայի. հին սասունցիք չկան, նորերն էլ, Երևանին մոտ լինելով, մաղել են իրենց լեզուն և ստացվել է միջաշտարակային-կիսաքաղաքային մի ֆալշ: Միջին սերունդը՝ հորս հորեղբայրները (ներքևի նկարում ձախից առաջինն ու երկրորդը: Առաջինը Մայիսը, երկրորդը Եփրեմը՝ Ֆրեմը) Սասունի բարքը շարունակողն էին: Ես հիշում եմ նրանց լեզուն՝ ճիշտ և ճիշտ էպոսի հնչերանգով ու ծոր տալով: Հիշում եմ Ֆրեմի Յարխուշտա պարելը, որին ապշանքով հետևում էին Երևանից եկած ազգային պարարվեստի ուսուցիչները: Հիշում եմ նրանց կենացները. «Մենք քըռքըռցունք, դուք նըղնըղցուք»: Երիտասարդներին ուղղված մեծական մի խոսք: Հիմա հորս հորեղբայրներից մնացել է Գեվոն՝ խենթերի խենթը, որ ինսնամյա և գուցե անց մի ծերունի է, և անսպառ մի սյուժե գրական հոսքերի համար:

Մեջտեղում՝ Մոսեն և Խաթունը։ Կողքին՝ պապս և տատս՝ Տիգրան և Մարիամ Սիրունյանները։ Վերևի աջ անկյունում հայրս է, կողքին՝ հորաքույրս, հորեղբայրս, հորս հորեղբայրները։ Ներքևում հարսները և երեխաները

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

Նրանց մասին, տղաս, քեզ ինչպես պատմեմ,
որ այսքան ծալ-ծալ նստած խավարի միջով
տեսնես նրանց դեմքը` հեռացող հավետ,
լսես ոտնաձայնը հավետ մոտեցող…

Նրանք կտրած ծառ էին, կանաչ վառելիք,
ժայռ էին ու կատար` լեռները կորցրած-
նրանք եկան դատարկ, նրանք եկան լիքը,
չիմանալով այստեղ որն է վեր, որը` ցած…

Նրանք իջեցրին հողին կողերում իրենց
կուչ եկած կյանքը` մանուկներին, ապա
փորձեցին ժպտալ բախտին, բայց ստացվեց
ծամածռություն Աստծուն և աշխարհին համայն:

Ապրեցին մի ոտի վրա, մյուսը պահած
ետդարձի ճանապարհի համար պատրաստ,
գաղթ էր նրանց օրը, գիշերը, հազի նոպան,
նաև, ասեմ քեզ, նրանց մեռնելն էր գաղթ:

Կրակոց էր նրանց կյանքը`արձակված մթնում,
սակայն չդիպած ոչ մի անգամ տասին…
Վաղ մեկնածները խմբվեցին մի տեղ եթերում,
սպասեցին, որ վերջինը գա հասնի:

Նրանք մեկնեցին մահն առաջն արած,
ինչպես որ եկել էին 15 թվին,
կպել պաղշուրթ կյանքին, ձեռքներին մարած
դաշույնի չափ գլանակներ փաթթովի:

Ուզածներն ի՞նչ էր այնժամ – լուցկու մի չոր հատիկ,
որ վառեր պարտության հուշը արնածոր
և մշուշեր դեմքը մեռած հայրենիքի`
ջրի միջից հայտնվող դիակի տեսքով:

Ուզածներն ի՞նչ էր այնժամ – լուցկու մի չոր հատիկ,
բայց թաց էր լուցկին, անձրև էր ու ծանր ցեխ—
նրանք լուցկի էին ուզում և ուրիշ ոչինչ,
նրանք` դեպի ետ հոսող ցնորված գետեր:

Շոշափիր, տղաս, գրպանումդ մի տեղ
կգտնես անպայման այն հատիկը լուցկու—
Բայց ոչ ծխողները կան, ոչ գլանակները…
Ողջը երազ է բացաչ, Ամանորի ձյուն:

                               Ղուկաս Սիրունյան (հայրս)

Ղուկաս Սիրունյան և Հայկ Սիրունյան

Հայկ Սիրունյան

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի