Ադրբեջանը ջանադրաբար ոչնչացնում է Արցախի տարածաշրջանում գտնվող հայկական հոգևոր
և մշակութաjին հուշարձանները։
Վերջին 2 ամիսներին հիմնահատակ ոչնչացվեցին Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես
Մկրտիչ) եկեղեցին (1847 թ․), Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին, Հայրենական պատերազմին
և Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրներ և այլն։
Ըստ Monument Watch անկախ ակադեմիական հարթակի մշտադիտարկման՝ այս պահին ոչնչացման վտանգի տակ է Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին։
Հայկական հոգևոր և մշակութաjին հուշարձաններին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի լուրջ խախտում է, նաև՝ ցեղասպանական գործողություն է (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։
Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված
են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս» (ICC, Policy on Cultural Heritage, para. 78)։ Ֆիզիկական վնասներից բացի, եկեղեցիների ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Ի վերջո, կարճ ժամանակ անց Արցախում կարող է չմնալ որևէ հայկական հուշարձան, ինչպես դա արեցին հայաթափված Նախիջևանում ու Ադրբեջանի շրջաններում։
Վերջերս այս մտահոգություններով հարցում ուղղեցի ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ պարզելու, թե ի՞նչ կոնկրետ գործողություններ է իրականացնում «խաղաղության» օրակարգ որդեգրած ՀՀ ԱԳՆ-ն, որպեսզի կասեցնի այս՝ Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող վանդալիզմը և հանցագործներին պատասխանատվության ենթարկի միջազգային ատյաններում, որոնց անդամ են ՀՀ-ն և Ադրբեջանը։
Մայիսի 27-ին ստացա պատասխանը, որը սպասելի էր, բայց ոչ հուսադրող։
Նշվում էր, որ 2020թ-ից ի վեր Հայաստանը մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, այս թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտապես բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության աղավաղման խնդիրը։
Հայաստանն աջակցություն է հայտնել 2020 թ․ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական առաքելություն ուղարկելու առաջարկությանը,
սակայն Ադրբեջանը շարունակաբար արգելափակում է դրա իրականացումը։
2023 թ․ հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հանդիպման արդյունքում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանում ԱԳ նախարարը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է թեմային։ Հարցը բարձրաձայնվել է նաև 2024 թ․ մարտին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 219-րդ նստաշրջանում։
Ստացվում է, որ կոնկրետ քայլերի, իրավաբանական ուժ ունեցող բանաձևերի փոխարեն մատնանշվում են բանավոր ինչ-որ ելույթներ․ փաստորեն, 4 տարի է՝ դրանցից բացի ոչ մի գործնական քայլ չի արվել, մինչդեռ Ադրբեջանը մեծ արագությամբ շարունակվում է ոչնչացել հուշարձաները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու տարբերակն, ըստ էության, փակուղային է։
Այս ուղղությամբ վաղուց արդեն պետք է գործարկվեին այլընտրանքային ընթացակարգեր․ այսպես՝ պետք է աշխատել ՀՀ-ում հավատարմագրվածդեսպանների հետ (մասնավորապես, հրավիրել ԱԳՆ ու հարցը բարձրացնել), ԱԺ-ում ընդունել վանդալիզմը դատապարտող բանաձև ու ջանալ ուրիշ երկրներում, նաև՝ Եվրոխորհրդարանում, ԵԽ-ում և ուրիշ հարթակներում հարցը բարձրացնել, «խաղաղության» շուրջ բանակցելիս այս հարցը կարևորել և այլն։
Մասնավորապես, կարելի է Իրանին ներառել այս գործընթացներում, քանի որ, օրինակ՝ իրանական մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը հայկական Շուշիում մասնակցում էր Վերին մզկիթի ու մոտակա մեդրեսեի պահպանմանը և վերակառուցմանը, ուրեմն արժի առաջարկել, որ մեր կողմի խնդիրներով էլ զբաղվի որպես միջնորդ։
Բարբարոսական գործողությունները հնարավոր է կասեցնել միայն համառ ջանքերի գործադրման դեպքում․ եթե այսօր այս աշխատանքները չմեկնարկեն, ապագայում այլևս ուշ է լինելու։
Ստորև Աշոտ Գրիգորյանի և ԱԳՆ-ի նամակարգրությունը՝ արցախի հուշարձանները փրկելու հարցով