Ակն ընդ ականի Նարե Նավասարդյանը 2023թ․ օգոստոսին Սիսիանում զրից է արել արվեստագետ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի հետ։ Զրիցը մաս-մաս հրապարակում ենք Աշոտ Ավագյանի 66-ամյակի կապակցությամբ։ ՄԱՍ I-ը կարող եք կարդալ այստեղ:

ՄԱՍ II

– Իսկ կա՞ տենց տենդենց արվեստագետների մոտ, վերադառնալ մեր հողից դուրս եկած արվեստին՝ մեր խնդիրներից, մեր մտահոգություններից։ Թե՞ մենակ ես, չի արձագանքում։

– Որոշները կան, որ համամիտ են։ Քանի որ ես Սիսիանից չեմ դուրս գալիս, ես չգիտեմ իրանց թվաքանակը։ Ես որոշներին ճանաչում եմ, որ ուրիշ ձևի են մոտենում, բայց գաղափարը նույնն ա։ Օրինակ, ձեր խումբը (Ակն ընդ ական վավերագրողների համայնք), ճիշտ ա, փոքր ա, բայց դուք էլ եք, չէ՞, բոլորդ արվեստագետ։ Ուրիշ չգիտեմ, որովհետև ստեղից դուրս չեմ գալիս, իմ շրջապատը շատ փոքր ա։

– Բա ո՞նց տենց ստացվեց, որ էստեղից դուրս չես գալիս։ Կենտրոնաձիգ են արվեստագետները։

– Դե, էդ փոքրուց ա տենց էղել, շատ վաղուց։ Իմ դևիզը, չեմ հիշում՝ ով էր ասում, Հուլիոս Կեսարն էր, թե ով էր հռոմեական կայսրերից, բայց ասում էր․ Ավելի լավ ա ըլնել առյուծի պոչ, քան մկան գլուխ քո երկրում թե ինչ։ Հիմա մոռացել եմ, մեծացել եմ՝ խառնում եմ։ Միշտ ես տենց եմ մտածել, որ ավելի լավ ա ստեղ լինել առյուծի պոչ, քան Էրևանում մկան գլուխ։ Կամ հակառակը, չեմ հիշում։ էդ կուղղես։

– Այսինքն դու միշտ ստեղ քո թագավորություն, ու էկել ստեղով անց են կացել։ Ինչ-որ արվեստային կետ ա էղել։

– Երևի, հա։ Հետո բոլոր դեպքերում կայանալու խնդիր գոյություն ունի։ Հիմա, ենթադրենք, մեկը Երևանում կայանա։ Բայց չի կարա հազարը Էրևանում կայանա նենց, ոնց որ ինքը կարա, ոնց որ բնությունն ա իրան տվել։ Դրա համար բնազդային բան ա երևի, որ ես մնացի ստեղ։ Թե չէ միշտ էլ ես կարայի, Էրևանը մի կոմ, դուրս էլ կարայի գնայի, Եվրոպա, Ամերիկա, և այլն։ Բայց միշտ էլ․․․Գիտե՞ս ոնց ա էղել։ Առանց ինձ էս սարերը ի՞նչ պիտի ըլնեն, բան։ Էն ժամանակ, որ հլը մերն էին էս սարերը, մի իրեք-չորս տարի առաջ, է՜, գնում էի իմ համար անկապ, անկտուր, մենա՜կ։ Կամ մարդիկ էին գալիս, որ ուզում էին գնային, ես շատ սիրով տանում էի, որովհետև իմ տարածքն էր, իմ տարերքն էր, իմ կենսաձևն էր։ Ու տենց գնում էի, է՜, լճեր, բան, սիրուն։ Հլը ժայռապատկերների մասին չեմ ասում։ Այսինքն, ստեղից գնալու պատճառ չկար։


Աշոտ Ավագյանն ու Երևանից հյուրերը Սիսիանի սարերում

Առաջինը, որ ես ստեղ կայացել եմ, որպես էդպիսին, ինչ որ կամ հիմա։ Սա ուրիշ խնդիր ա՝ ի՞նչ եմ կայացել։ Հաջողա՞կ եմ իմ գործում թե՞ անհաջողակ։ Ձեռագիր ունե՞մ, թե՞ չունեմ։ Ուրիշ խնդիր ա։ Բայց ես հասկանում եմ, որ ունեմ, ու ձեռագիրս գալիս ա տարածքներից, որտեղ ես ապրում եմ, որտեղից չեմ գնում։ Այ հիմա ես կարամ գնամ, էն էլ արդեն չեմ կարա էլ․ Իրավիճակը երկրի էս ա, չեմ գնա։ Հիմա եթե ես գնամ էլ, չեմ կարա ուրիշ ձև, ձեռագիրս չի փոխվելու։ Ես ամենաշատը վախենում էի, որ կգնամ ուրիշ տեղ ու ձեռագիրս կփոխվի։

– Իսկ կոնկրետ որո՞նք են ոգեշնչման աղբյուրները էս տեղանքի հետ կապված։

– Ինչը որ ստեղի հետ ա կապված էղել, էդ ինձ ոգեշնչել ա, ժամանակ առ ժամանակ։ Ենթադրենք, որոշ շրջան ինձ ոգեշնչել են տատուս պատմած հեքիաթները։ Կամ մեր հարևանները ոնց են թաղումը կատարում, օրինակ։ Ինչ են երգում։ Եղերգ ա կոչվում, մենք բայաթի ենք ասում։ Ուշադիր լսում էի, պուճուր էի։ Մի շրջան, ենթադրենք, ինձ ոգեշնչել են ժայռապատկերները։ Մի շրջան՝ սարերը, լճերը, որ վերևը ես տեսնում էի։ Մի ուրիշ շրջան երևի էդ մեգալիթյան հուշարձանները, քարերը․ քարը ինքը, հողը։ Եվ ես իրանց ազդեցության մեջից դուրս չեմ էկել, չեմ ուզել դուրս գամ։ Ինչ էլ, որ արել եմ, փորձել եմ․․․ Ինքնաբերաբար, ինքն էկել խառնվել ա իմ արվեստին։ Եվ որոշ բաներ, որ ես արել եմ, փորձել եմ ժամանակակից արվեստագետի մոտեցմամբ, ենթադրենք իմ տատիկի պատմած հեքիաթները կամ ինչը, ժամանակակից ձևով ներկայացնեմ։ Տենց ա էղել։

– Սիսիանում էդ հասկացե՞լ են։

– Դժվար հարց ես տալիս, չեմ կարա ասեմ։ Կարողա մի երկու հոգի ընկալած լինեն, բայց մեծ հաշվով՝ չէ։ Ու բնական ա էդ։ Ես չեմ դժգոհում, ոչ էլ վատ եմ զգում, ոչ էլ գնահատվելու խնդիր ունեմ։ էդ շատ կարևոր ա, երևի ամենակարևորն ա էս ողջ խոսակցության մեջ, որ ես գնահատվելու խնդիր չունեմ։ Ի տարբերություն լիքը մարդու։ Բայց մի բան կա․ սկիզբը էն, ինչը ես անում էի, դե, իրանք սովոր էին ուրիշ նկարչության, տենց դեմ էին ու արտահայտվում էին։ Հետո կամաց-կամաց սովորեցին ինձ։ Հետո էկել ա մի շրջան, որ ասել են՝ դե, ինչ ուզում ա անի, մեկ ա ինքն ա։ Ու իրանց համար ոչ թե օտար եմ, այլ պռոստը կամ, էլի, ընդե մեկը կա։ Այ ըտենց։ Ինքն էլ ըտենց ա։

Եթե առաջ նույնիսկ կարող ա քննադատության ենթարկեին ինձ, էդ էլ էն կլասիկ նշանակությամբ չէ։ Չէ, պռոստը խոսակցությունների մեջ՝ ա ի՞նչ ես անկապ, անկտուր բաներ անում, ասենք թե։ Հիմա էլ էդ չեն ասում։ Իսկ էդ նշանակում ա որոշակի առաջընթաց։ Եվ էս ռևանշը, որ ես հիմա անում եմ, ես ինչի՞ համար եմ անում, ու արդեն երրորդ տարին ա, ես վստահ եմ, որ ինքը մի օր բերելու ա մի բանի, որ․․․ Էլի համակերպվելու են էդ մտքի հետ։ Եվ հիմա էդ ռևանշի գաղափարն էլ նույն վերաբերմունքի ա արժանանալու։ Հիմա կարող ա չի ընդունվում, կարող ա չի ընկալվում, հարյուր հատ կարող ա։ Բայց մի օր էն մարդկանց թվաքանակը, որ չեն ընդունում կամ չեն համակերպվում կամ անտարբեր են, իրանց քանակը աճելու ա ու մեծանա։

Որովհետև արդեն էդ փորձը ունեմ ես․ Երբ որ դու փորձում ես, ենթադրենք, Նավասարդը շրջանառության մեջ դնես։ Մի տարի, երկու, չորս, հինգ, տաս տարի, ինքը սկսում ա արդեն քեզնից անկախ աշխատել։ Հետո դրանով հետաքրքրվողները գալիս են, քեզ չեն էլ ճանաչում, նույնիսկ կարող ա քեզ հայհոյեն։ էդ նույն բանը ժայռապատկերները շրջանառության մեջ դնելը։ Նույն բանն ա էղել։ Վստահ եմ էս գաղափարն էլ ա էդպես լինելու։ Եվ իմ համար դա խնդիր չի։ Տես, արդեն երկու տարի Պարսկաստանի հետ ենք Նավասարդը նշում։ Մոռացել են՝ ով ա շրջանառության մեջ դրել ստեղ։

– Ոտավոր գաղափար ա։

– Հա, և էս ռևանշի գաղափարն էլ ա տենց ըլնելու։ Էս էլ գալիս ա իմ մասնագիտությունից, ես երկար տարիներ դասատու եմ էղել։ Եվ էրեխեն, որ առաջին օրը գալիս էր դասի, որպեսզի ստուգես, կոմպոզիցիա էինք ասում։ Եվ իրանք ի՞նչ էին նկարում։ Ասենք, տղերքը նկարում էին վերևից սամալյոտները գնում են, ներքևից տանկերը։ Ու կրակող զինվորներ։ Աղջիկներն էլ ուրիշ բան՝ տիկնիկ-միկնիկ, տենց բաներ էին նկարում։ Հետո տարեցտարի փոխվում էին։ Ու իմ էդ փորձառությունը դպրոցի ինձ բերել ա էն համոզման, որ եթե քայլ-քայլ ես անում, անկախ նրանից լավ բան ես անում, վատ բան ես անում, ճիշտ թե սխալ, մեկա ինքը ինչ-որ արդյունքի ա բերում որոշ ժամանակ հետո։ Այ սենց, էդ հարցին էլ տենց պատասխանեմ։

Շարունակելի