Ակն ընդ ականի Նարե Նավասարդյանը 2023թ․ օգոստոսին Սիսիանում զրից է արել արվեստագետ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի հետ։ Զրիցը մաս-մաս հրապարակում ենք Աշոտ Ավագյանի 66-ամյակի կապակցությամբ։ ՄԱՍ I-ը կարող եք կարդալ այստեղ, ՄԱՍ II-ը այստեղ:
– Իսկ ինչու՞ էլ դաս չես տալիս։
– Ուրեմն մի տարի կար, որ ես հասկացա, որ էլ էրեխեքին ոչ թե չեմ կարում բան տամ, այլ կրկնվում եմ։ Եվ հենց էդ տարի որոշեցի, որ ես պետք ա դուրս գամ։ Եվ հիմա էդ էրեխեքի մի մասը մեր ճանապարհով են գնացել՝ ճարտարապետական, քանդակի բաժին, կամ նկարիչներ են, կամ դիզայներներ են, մի մասն էլ, ասենք, բժշկականում ա սովորում։
Ու հենց էդ դասարանն էր, ես հասկացա, որ իրանց հետ նոր բան չեմ կարում։ Այսինքն, ես հասկացա, որ սպառվել եմ։ Կարայի յոլա տանեի, իսկ սա նայվում էր որպես կոռուպցիա իմ կողմից։ Կարայի մինչև հիմա էլ դաս տայի, և կարծում եմ՝ ուրիշներից էլ վատ դաս չէի տա։ Բայց որոշեցի, որ եթե նոր բան չես կարում տաս, ավելի լավ ա քո տեղը զիջես ուրիշներին։ Եվ ըտենց միշտ էղել ա իմ հետ։ Ազնիվ ըլնելու, ինքդ քո հետ ազնիվ լինելու խնդիրն ա։ Դրա համար ես դուրս էկա դպրոցից։
– Էս նկարները որ քննարկում ենք, միշտ ասում ես՝ դեռ չեմ գտել կամ գրեթե գտա։ Ո՞նց ա լինում էդ փնտրտուքը։
– Ես կարծում եմ, որ մեր աշխարհը երկու մասից ա կազմված։ Մի մասը, որ գտնում են իրենց ձեռագիրը ու շարունակում են անընդհատ նույն բանն անել։ Մի ուրիշ մաս կա, որ իրանք հետաքրքրասեր են կամ բզբզող են, անընդհատ նոր բան են ուզում անեն էդ կոնտեքստում, իրանց ձեռագրի կոնտեքստում։ Ես երկրորդի մեջ եմ։ Սա բացարձակին հասցնելու մասին չի, ընդամենը պուճուր․ նոր էլեմենտներ գտնել, նոր ինչ-որ բաներ։
Կինո հիմա չեմ նայում, բայց գրականությունը, առօրյա խոսակցությունները, բանը, բոլորը լցվում են քո մեջ, հետո, երբ որ կանգնում ես կտավի առաջ իրանք կամաց-կամաց գալիս են։ Բայց դու չես մտածում դրա մասին։ Հիմա, օրինակ, էս վերջին պատերազմից հետո էս շրջանը մերկ կանայք եմ նկարում։

Հիմա մեկը կարողա ասի դա փախուստ էր իրականությունից: Կարողա տենց բան կա, որը ես չեմ զգում։ Բայց ուզում եմ էն, ինչը որ հասել եմ, իրան փորձեմ մի քիչ ուրիշ ձևի մեջ։ Էս ա։ Այսինքն, չեմ բավարարվում ինչ-որ տեղ հասնելուց։
– Այսինքն քո գտածը՝ ձեռագիրը, ոճը, թվում ա, թե մի բան ա, որն ընդհանրապես չի փոխվել։ Մեր թվարկությունից առաջ էլ էր էդպես, հիմա էլ ա էդպես։ Իսկ կարո՞ղ ես նկարել մեկին նոթբուքով, նաուշնիկներով։
– Չէ, էդ իմը չի։ Իմը էս մյուսն ա, որից ես ազդվել եմ և կազմավորվել եմ, ձևավորվել եմ։ Հիմա սա անընդհատ զարգանալու տեղ ունի, կարաս անընդհատ գնաս։ Ես գնում եմ։ Մինչև ու՞ր, չգիտեմ։ Ու հիմա ոճային առումով, թե ֆակտուռայի, չգիտեմ ուր կհասնեմ, բայց փաստը էն ա, որ ինձ էս ա հրապուրում։ Ես էս եմ։
– Ուղղակի ուզում էի խոսեի, որ էս սցենարները մշտնջենական են։
– Հա, իհարկե։ Մանավանդ որ տիեզերքում որևէ փոփոխություն չկա։ Գրել եմ էն քարի վրա։ Խնդիրը ես սենց եմ հասկացել, ու 11 թվին քարի վրա եմ գրել, որ տիեզերքում նոր բան տեղի չի ունենում։ Կրկնողության ցիկլի մեջ ձևն ա փոխվում ընդամենը։ Օրինակ, սեր, ատելություն, բան, էդ գաղափարները մշտնջենական են։ Նայած շրջանում ոնց ա արտահայտվում, ձևն ա փոխվում ընդամենը։ Ընդամենը էդ ա։
– Իսկ Էպիկենտրոնի մասին կպատմե՞ս։
– Սենց էր․ Ես, որ էդ պեռֆոռմանսները, բանը, անում էի, մի շրջան էկավ, որ սկսեցին շատ թունոտ վերաբերվել։ Տեղացիները չէ, էրևանցիները։ Յանմ, էս ո՞վ ա, արա։ Ո՞վ ես դու, արա, որ, ենթադրենք, Նավասարդ անես։ Սա հուշարձան ա, եսիմինչ ա, և դու բերում ես մերկ կանայք, և այլն։ Թերթերում էին գրում, բան։ Կռիվ-մռիվ էին անում հետս։ Ես գրում էի՝ լավ եմ անում, բայց էդ պատասխան չի։ Իսկ նստել իրանց բացատրել հավես չկար, զահլա չկար։ Միևնույն է, եթե իրանք էդ պազիցիային են, իրանք դրանից չեն հրաժարվելու։ Ամենքին պատասխանել չէր ըլնում։ Եվ ես ի՞նչ որոշեցի։ Իմ տարածքն ունենամ սեփական, որ որևէ մեկը իրավունք չունենա ինձ կշտամբելու։ Սար առամ, բլուր, էլի, պետությունից, և ընդեղ սկսեցի իմ էդ ինստալյացիաները, պեռֆոռմանսներն անել։ Հիմա էդ մասսայի մեծ մասն ինձ էլ բան չի ասում։ Հիմա էլ ուրիշ խոսակցություններ են, ավելի չհասկանալու խոսակցություններ են, բայց սենց ավելի հանգիստ եմ․ Իմ տարածքն ա, ինչ ուզում եմ անում եմ։

– Իսկ անունը ո՞նց որոշեցիր։
– Անունն ավելի հին բանից ա գալիս։ Ուրեմն էս Վահան Արծրունին ստեղ էր ծառայում, և ինքը մի հատ տուն էր վարձել, ըտեղ էր ապրում։ Լինում էր՝ հավաքվում էինք, խմում էինք։ Երգում էին, հարևաններին էինք խանգարում։ Իրանք ծեծում էին էդ միջնապատը կամ ջեռուցիչը, յանմ թողեք քնենք։ Ու տենց հիմա չեմ հիշում, թե ով անունը Էպիկենտրոն դրեց։ Ասում էինք՝ էթանք Էպիկենտրոն։ էդ նշանակում ա գնում ենք Վահանենց մոտ խմենք մի էրկու բաժակ ու սկսեն երգելը, բարձր խոսալը։ Հետո ափսոս էր էդ գաղափարը մեռցնել, դրա համար․․․ Իրա անունը Էպիկենտրոն ա, բայց ինքը արվեստների լաբորատորիա ա։ Ամենասկզբում էդպես էի մտածում։ Էպիկենտրոնը տարածքի անունն ա, որի մեջ էպիկականություն կա։ Հետո ես ընդեղ Կրոմլեխը արամ․․․ Լիքը ուրիշ բաներ, որ իբր այստեղով ա անցնում կոսմիկական ուղղահայացը։ էդ արդեն տեխնիկայի հարց ա, կոնցեպտների հարց ա, ժամանակակից տենց մտածողության։
– Նարեկը (լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը) զարդեր ա սարքում, ամեն անգամ տարբեր զարդանախշեր էր հորինում։ Մարդիկ հարցնում էին՝ հայկակա՞ն են, ասում էր՝ հա, որտև ես հայ եմ ու էրեկ իրան հորինեցի։ Ուրեմն հայկական ա։ Նույնն էլ էպիկենտրոնը։ Դու ստեղծում ես հիմիկվա, կենդանի մշակույթը, որին կարելի ա հաղորդակից լինել։
– Հենց դրա համար ինքը էպիկենտրոն ա։ Մի շրջան, էն սկիզբը էնտեղ համերգներ էր արվում, քանդակագործ տղերք էին գալիս, քանդակներ էին անում։ Տենց կենտրոն էր։ Բայց շարունակականություն չեղավ, որտև էս իշխանության փոխվել, մի տեսակ կոտրվել հենց ամենասկզբից։ Բայց երևի երբ որ քիչ թե շատ կարգավորվի կփորձեմ էդ գաղափարը նորից շրջանառության մեջ դնել։ Որտև լիքը մարդ կա, ու ուզում են գան, ըտեղ մի բան անեն։ Երբ որ ասում են, ասում եմ՝ հա, էկեք։ Տենց էղել ա, իմ հետ կապ չունեցող բաներ ա ըտեղ էղել։ Ժանգլյոռություն են արել կրակներով․․․ Նույնիսկ ես ընդեղ չեմ էղել։ Պետք ա երևի էդ ավանդույթը վերականգնվի։ Գեղագիտական սահմաններում ով ինչ ուզում ա թող անի, ազատ տարածք ա։
Շարունակելի