Ակն ընդ ականի Նարե Նավասարդյանը 2023թ․ օգոստոսին Սիսիանում զրից է արել արվեստագետ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի հետ։ Զրիցը մաս-մաս հրապարակում ենք Աշոտ Ավագյանի 66-ամյակի կապակցությամբ։ ՄԱՍ I-ը կարող եք կարդալ այստեղ, ՄԱՍ II-ը այստեղ, ՄԱՍ III-ը այստեղ։
– Քո նկարներում, քո արվեստում ո՞րն ա մահվան դերը, մահվան հանդեպ վերաբերմունքը։ Գիտեմ, որ դու շատ ընկերներ ես պատերազմում կորցրել։ Ի՞նչ ա մահը քեզ համար։
– Ես մի հատ պերֆորմանս եմ արել մահվան հետ կապված, ինը թվին։ Հիմա էլ էն կարծիքի եմ, որ անխուսափելի բան ա, քանի որ իմ հնարածը չի, բնության հնարածն ա։ Եվ մի քիչ ուսումնասիրել եմ էդ։ Օրինակ, մի հինգ տարի առաջ, թափորը միշտ երաժշտությամբ էր ուղեկցվում։ Ես հիշում եմ հորս գյուղում մի հատ թաղում։ Էրեխա էի, շատ պուճուր էի։ Մի հատ կին տենց թափորի հետևից երգելով էր գնում։ Հետո շատ ավելի ուշ ազգագրական նյութերում հանդիպեցի, որ սովորույթ ա՝ հավիտենական կյանք, և այլն։ Այսինքն մահ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մարդը մի նյութից դառնում ա ուրիշ նյութ, էդ էլ ֆիզիկայից ենք անցել դպրոցում։
Եվ մահը ես ընդունում եմ որպես բնական երևույթ, էլի։ Դու կաս, դու չպիտի լինես։ Հետո ընդեղ ինչ կա մենք չգիտենք։ Կամ ինչ-որ կցկտուր բաներ կան։ Օրինակ, բուդդիստների մոտ նորից են ծնվել։ Մեկ-մեկ ես ասում եմ՝ նախորդ կյանքում։ Նույնիսկ նկարների շարք եմ ունեցել՝ հիշողություններ նախորդ կյանքից։
Այսինքն սովորական բան ա մահը։ Նույնիսկ մարդկանց մեջ մեռելների պաշտամունք ենք ունեցել, օրինակ։ Եվ էդ երաժշտությամբ ճանապարհելը մի ուրիշ աշխարհ ճանապարհելն ա, ու ուրախ են, որ ինքը գնում ա ընդեղ։
Էն ողբերգականությունը, որ հիմա կա, նախկինում տենց չէր։ էդ ծանր տանելն ուրիշ տեղից ա գալիս։ Երբ որ 5000 ջահել տղա ա զոհվում, ու դրանցից 4000-ը, որպես տան ճրագ, մենակ ա, բնական ա ընտանիքի համար անտանելի բան ա։
Ստեղ էլ մի ուրիշ բան ա գալիս, վերարտադրության խնդիրը։ Օրինակ, իմ երկու տատն էլ․․․ Ես փոքր ժամանակ հարցնում էի, հետաքրքրասեր էի, ասում էի՝ էն տղեդ, որ պատերազմից չի էկել, մյուսն էլ վիրավոր ա էկել, բա որ նա էլ զոհվեր։ Ասում էր՝ օրինակ, Արարատը, որ հերս ա, ինքը կար, իսկ եթե մենակ էն առաջին տղան լիներ, իրա համար ողբերգություն կլիներ։ Ինքը գոնե սփոփվում էր իրա երկու տղով, մեկը, որ վիրավոր ա էղել, մեկն էլ, որ փոքր ա էղել, բանակ չի գնացել։
Երևի մի օր էլ վերարտադրության մասին անեմ, որ՝ արա, շատ էրեխեք ունեցեք։ Նենց չի, որ ես ինձնից հորինում եմ։ Մինչև հիմա ժողովուրդներ կան, որոնք հարցին ճիշտ են մոտենում․ Էս մեկը՝ պատերազմին, էս մեկը՝ երկրին, էս մեկը՝ ինձ։
– Քրդերը, պաղեստինացիք․․․
– Մեր մեջ էլ ա էղել էդ գաղափարը։ Ի՞նչն էր պատճառը, որ շատ էրեխեք էին ունենում։ Մեկը, որ շատ էին մեռնում, մյուսը, որ աշխատող ձեռք լինի, ընտանիքը պահի, երրորդը, որ կարողա էդ արանքում պատերազմ լինի, կորուստներ ունենան։ Եվ իրանք էդ ամեն ինչը թեթև էին տանում, որտև կար մի բան, որից իրանց կկառչեին, որպես սփոփանք։ Ու էդ ողբերգությունը մահվան թեթև էր տարվում։ Իսկ երբ որ մի տղա ունեն, մի աղջիկ, կամ մի երեխա, դրա կորուստը արդեն մի քանի անգամ ավելի շատ ա։
Էս վերարտադրության շուրջ գործ եմ անելու․ Լսեն՝ լսեն, չլսեն՝ չլսեն։ Ու երբ որ մեռնելու պահը գա, ոնց որ թե գոհ եմ հեռանալու ինձանից։
– Դե լավ ա։ Թե չէ, կան, որ դժգոհ են գնալու։
– Որովհետև իրանց ամբողջ կյանք ուրիշ բան են դավանել․ Փողը, մեքենան, ռոսկոշը։ Իմ համար էդ միջոց ա։ Օրինակ, եթե հիմա շատ փող ունենայի, էդ ռևանշի գաղափարը ավելի տարածում կունենար։ Փիառշիկ կվարձեի, մարքեթինգ։ Թե չէ, իմ համար ռոսկոշը խորթ ա, մեր տանն էլ էր տենց։
Հիշում եմ, որ մերս հորս բզբզում էր՝ դու ի՞նչ տղամարդ ես, դու հլը հարևանը տես, բան։ Հերս սենց հանգիստ ասում էր՝ հոր գյոռը չի տանելու։ Եվ մի անգամ, էլի փոքր էի, կամ մերս էր ինձ սովորցրել, բզբզել էի, մի անգամ հորս տենց ասեցի՝ խի՞ մենք հարուստ չենք։
Դե, հերս դասատու էր, դասատուի հարուստը ո՞րն ա։ Ասեց՝ նայի, ու Մակեդոնացու էն բանը պատմեց, որ տանում են իրան, մահացել ա, և ասում ա իրա զորավարներին՝ ձեռքերս ոչ թե կդնեք կրծքիս, ըստ սովորույթի, այլ բաց կթողնեք։ Ընդե ասում են՝ խի՞։ Ասում ա՝ որ էս ժողովուրդը տեսնի ու հասկանա, որ աշխարհակալ լինելով հանդերձ, հետս ոչինչ չեմ տանում։
Դևիզի նման բան ա դարձել․ անհրաժեշտ ա ունենալը, բայց եթե էդ նպատակ ա, էդ տեսակը իմը չի։
– Ամբողջ կյանքդ քո ժամանակը քոնն ա էղել, դու միշտ քեզ տեսել ես քո աշխատանքի մեջ։ Երբեք օտարված չես էղել քո ստեղծածից։
– Հա, կարելի ա տենց ասել։ Երևի կարելի էր ավելի լավ մեքենա քշել, քան իմն ա։ Ես վստահ եմ, որ եթե տենց խնդիր դնեմ, կանեմ, էլի։ Բայց տենց խնդիր չի էղել։
– Բայց հիմա ավելի շքեղ մարդկանց հետ ես շփվում։ Роскошь человеческого общения. *ծիծաղում ա*
– Լա՜վ, էդ քեզ գովացիր։
– Հարուստների հետ ինչքան խոսացել եմ, շատ ձանձրալի են։
– Ինձ համար էդ որ խնդիր չի էղել, ես հիմա չեմ էլ հիշում հարուստի հետ շփվել եմ թե չէ։ Եվ ինչ խոսակցություն ա մեր մեջ էղել։ Երևի շփվել եմ․․․
Վստահ եմ, որ լիքը կային, սփյուռքահայեր էին գալիս կամ օտարներ, որ ինչ-որ բանկիռ էին, չգիտեմ ինչ։ Բայց իրանց հետ ուրիշ խոսակցություններ ա գնացել, նստել ենք մի շիշ արաղ ենք խմել և խոսացել ենք, ենթադրենք, Ապոլիներից։
Ինքն էլ կարում էր խոսար։ Տենց մի զարմացի, իրանց մեջ էլ կարգին տղերք կան։ Իսկ էն մյուս տեսակի հանդեպ դասակարգային ատելություն եմ միշտ ունեցել։ Որ համ դատարկ ա, համ իր դատարկությունը լցնում ա ռոսկըշով, հետո ագրեսիվ ա դառնում։
– Իսկ որ տենց ասում ես՝ կանայք տղամարդուն ասում են էս արա, էն արա։ Ուրեմն իրանց դերը տղամարդկանց վերադարձնելն ա նյութական, հողեղեն բաների՞, ըստ քո պատկերացումների։
– Այո, էդ ես չեմ հնարել։ Հին ժամանակներից սկսած միշտ էդ ա էղել։ Կինը օջախի պատասխանատուն ա էղել, տան պատասխանատուն։ Էդ ընդունված բան ա։ Տղամարդը որսորդն էր կամ․․․ Կանայք, որ պատասխանատու էին գերդաստանի՝ հետո էկողների առաջ, դրա համար իրանք ավելի նյութեղեն են։ Իսկ տղամարդը բնության մեջ ա գնացել, հերկելու, մի հատ ծիտ ա տեսել։ Ինքն ավելի ռոմանտիկ ա բոլոր դեպքերում։ Իսկ կանայք ավելի, նորություն չեմ ասում, ապրելու ավելի ընդունակ են։ Չէ, ճիշտ չասեցի։
– Կենսունա՞կ են։
– Կենսունակ են, որովհետև իրանք խնդիր ունեն էդ շարունակականությունը ապահովելու, իսկ դրա համար պետք են նյութական ամենապրիմիտիվ բաները․ ծածկ, ենթադրենք, տարածք, և այլն։ Դրա համար իրանց ըտենց են, ես վատ չեմ վերաբերվում։
– Այսինքն կանայք ավելի շատ են զգում մեր կենսատարածքի կորուստը։
– Այո, ես կարծում եմ՝ այո։ Հիմա ես չգիտեմ ձեր սերունդը ոնց ա վերաբերվում էդ մոտեցմանը, բայց խորքում, վստահ եմ, ըտենց ա։ Շարունակականությունը ապահովելու համար, այո, տարածքներ են պետք։ Բա ինչի՞ համար էին․․․Հո տղամարդու խելքը չէ՞ր էթում՝ էթար անտառը կտրեր, ըտեղ վար աներ։
Կեթար իրա համար որս կաներ, մեկ-մեկ կպառկեր խորոված կաներ, կուտեր, քեֆ կաներ։ Չէ՜, բա էս կանայք ասում էին՝ ընգեր, եթե մենք հիմա հինգ էրեխա ունենք, մենք ունենալու ենք վեցերորդը։ Գնա էդ անտառում ոչ թե քեֆ արա, այլ կտրի ու վարի, որ էդ վեցերորդին էլ կարենանք գոնե մի կերպ պահենք։
– Ըըմ․․
– Ը ու ջան, իմացի։ Ու կանայք էս տիեզերքի շարժիչ ուժն են, միշտ հիշի։ Ամեն ինչում։
– Նկատի ունես՝ սխրանքներն անում են հանուն կանա՞նց։
– Նաև էդ կա, ամբողջ կոնտեքստի մի փոքր մասը էդ ա։ Սխրանքների մղելը։ Դե, կա, չէ՞, գրականության մեջ, լիքը բաներ կա։ Թումանյանի մոտ հիշի՝ Թմկաբերդի առումը, բան։
– Որ կինը դավեց ու ամրոցը գրավվե՞ց։
– Այո։
– Էդ կինն էլ Արայիկ Հարությունյա՞նն էր։
– Կարաս տենց ասես։ Բայց մի մոռացի, որ լիքը կանայք տղամարդկանց ուղղորդել են հերոսության։ Դու մի օրինակն ասեցիր ընդամենը։
– Ինչքան կին, էդքան օրինակ։ Լավ, մի քիչ էլ էս կոշիկների մասին պատմի․․․
Կոշիկներից պատմի
– Էլ մի, չէ։ Էդ ամոթ ա։ Հետո գրես դրա մասին․․․Մի անգամ մեկը տենց գրեց, հետո վերնագիրը գրել էր՝ սրտակեր, բան։ Արա, տենց բան չկա։ Լուրջ։ Հետո քեզ առանց գրելու կպատմեմ։
– Լավ, ոնց կուզես։
– Հա, այ տենց։
– Իսկ էս վագրը որտեղի՞ց ա գալիս։
– Մեր վաղ միջնադարյան պատկերաքանդակից ա գալիս։ Հիմա սա Վասակ Սյունու վագրն ա։ Ես, որպես սյունեցի, որպես պատրիոտ, մինչև հիմա, էն գլխից էլ, էրեխա վախտվանից էլ, գիտեի, որ Վասակ Սյունին դավաճան չի։ Եվ ես որոշ աշխատանքների մեջ իրան անդրադարձել եմ էդ անկյան տակ։ Սա Վասակ Սյունու վագրն ա։ Ինքն անհաղթահարելի ա։
Վագրը որտեղի՞ց ա
– Լուրջ վա՞գր ա ունեցել Վասակ Սյունին։
– Ի՞նչ կապ ունի։
– Գործ ես սարքում․ Վագր ուներ ու ապօրինի զենքեր։
– Հա, ունեցել ա։ Արծիվ էլ։
– Իսկ որտեղի՞ց ա էկել արծիվը՝ որպես Սյունիքի սիմվոլ։
– Էդ շրջանից ա, ինձ թվում ա, սյունիների շրջանից։ Եթե ավելի հին չի։ Օրինակ, ժայռապատկերների մեր հատվածում շատ քիչ կա թռչունների պատկերներ։
Հիմնականում կենդանիներ են։ Խոյ կա, ավելի քիչ, այծերն են շատ։ Երևի էն ժամանակ պաշտամունքը այծական ա եղել։ Բայց մեր մոր ժայռապատկերներից հետո՝ անտիկ շրջանում և վաղ միջնադարում սկսում ա արծիվների էդ շքահանդեսը։ Եվ դառնում ա իրանց սիմվոլը։ Հետո Օրբելյաններն են էդ վերցնում։
– Իսկ իսկական արծիվներ ստեղ կա՞ն։
– Լիքն են։ Դու ուղղակի անտարբեր ես եղել իրանց նկատմամբ, չես տեսել։
– Ես ոչինչ չեմ տեսնում։
– Որովհետև երևանցի ես ու այթիշնիկ։
– Բայց էրեկ տեսանք մի հատ, ասեցիր արծվի անունը Վալոդ ա։
– Հա, կարամ ասեմ, որ էս արծվի անունը Վալոդ ա կամ Գրիշ։
– Հա՜, Գրիշա, խառնեցի։
– Բայց ինքը անուն չունի, էդ կիսակատակն ա։
– Իսկ քո պստիկներին տանու՞մ էիր ժայռապատկերներ։
– Հա, բա ոնց։
– Սիրու՞մ էին։
– Չեմ մանում, իրանց հարցրու։