Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

 

Ես լաց չեղա քեզ համար,

Երկի՛ր,

որովհետև 

ինձ ասել են, որ դու երբեք չես մահանում,

այդ մենք ենք, որ

մահանում ենք քեզ լքելու պահին․․․

Քո գրկում հիմա հազարավոր կյանքեր են,

հողի տակ, ոչ թե հողի վրա,

հողդ բաբախում է

լքված գյուղերի ու քաղաքների 

սպասող մարմնում,

Ոչ ոք չի կարող սպանել սիրտը,

որը մեկինը չէ, այլ հազարներինը․․․

Քեզ խաչեցին

աշխարհը աշխարհից զատող կամրջին

ու ասացին, որ դու հարություն չես առնի․

երևի նույնն էին մտածում 

Աստծո որդուն խաչողները․․․

Երանի՜ նրանց, որ չեն տեսնելու,

Բայց հավատում են քո հարությանը․․․

Սա քո կարապի երգը չէ,

Երկի’ր,

քո երգերը արծիվների մասին են եղել,

քո արագիլները դեռ հետ կգան,

որ պատմեն արծիվների երգը․․․

Հերմինե Ավագյան

2024թ.