Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

Մեր կապը էս նամակում լեզուն ա, որը երբեք բավարար չի նրա համար, ինչ լեզվով չի հերիքում։ Եթե ուղարկեի քեզ դատարկ թուղթ, գուցե դու տեսնեիր էն ինչի կարիքը ունես, էն, ինչ բավարար ա ցանկանալու ու ունենալու համար։ Բայց ես ուզում եմ դրա մասին էլ գրել։ Դու տեղի կարիք ունես ու թողնում եմ էս դատարկ, սպիտակ տեղը կարոտի, ցավի, լացի, քֆուրի, կարոտի, հիշողության, կարոտի համար ու ապագայի։

Նամակ եմ գրում քեզ, սիրելի մարդ։

Էն բոլոր նամակներն եմ գրում, որ տեղ չեն հասնում, բայց գրվում են։ Գրում եմ քեզ հայերեն, որ դու քո ձայնի մեջ քեզ մենակ չզգաս ու, եթե անգամ մի տեղ հասնի էս նամակը, քո ափերին չհասնի, որովհետեւ ես քեզ թղթի վրա չեմ գրում, գրում եմ ինձ թղթերի վրա ու էն մարդը, ով մտքումդ ա ու սպասում ես իրա նամակին։ Քո աչքերից եկածը չի լինի թղթի մյուս մնացած եզրերին, ու դրանք չեն մաշվի խոնավությունից։ Ես ուզում եմ հեռախոսը ձեռքդ նստես ինչ որ կանաչի վրա, հիշես քո ունեցածը ու էն, ինչ միշտ քոնն ա, ու էն, ինչ քեզ ունի։ հենց էդտեղից են քեզ տարել։ Բայց ես ուզում եմ չմոռանաս վերադարձի մասին, չմոռանաս շնչել, չթողնես քեզ մոռանալ ու չլինի ոչ մի թղթի մաշված տեղ քո աչքերից եկող բանից ու քեզ չլացացնի քեզնից հեռու գտնվող մեկի ծուռտիկ ձեռագիրը, որովհետեւ ինքը քեզ միշտ մոտ ա։ 

Շուտ վերադարձի, մի մոռացի վերադարձի մասին ու մի մոռացի, որ քեզ փորձում են միշտ ավելի մոտ լինել ծուռտիկ ձեռագրերով մարդիկ, իրանք քեզ սպասում են։

Բոլոր քեզ սիրելի մարդկանցից` թվային նամակի մեջ։

Միլենա Ավետիսյան

Ճակատի լուսանկարը՝ Արծնի գյուղից՝ Միլենա Ավետիսյանի