Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

 

Նամակ Աշոտ Ստեփանյանին՝ Տավուշի Կողբ գյուղում ապրող ոգևորություն ընկերոջս

Երբեք չէի մտածի, որ հեռավորությունը կարևորություն կստանա՝ քեզ գրելու և գրածս վերապրելու համար:

Թանկագինս, բնություն ջան, Տավուշի Կողբ գյուղում ապրող իմ ոգևորության դրամա, գալդ ու գնալդ ակնթարթ է: Թեև նկարներով տեսնում եմ մտածող մարդկանց ապրելու մղումը, քո՝ այդ ամենը վայրկենական ֆիքսելու կարողությունը: Ու ինձ ուղարկած քո նկարները պատմություն են, որ պատմում ես առանց բառերի, պատմում ես երբեմն ցավով, երբեմն՝ ժպտալով, սևի ու սպիտակի մեջ խուտուտ տալով ափսոսանքը:

Ի՞նչ կա-չկա լեռների մեջ, ծառերի մեջ, հողի մեջ: 

 

Դարձյալ տագնապո՞ւմ է հողը: Ցավոտ է, գիտեմ, մտածելն էլ է ցավոտ: Ես էլ եմ հողի հոգեվիճակը տեսել, զգացել… մոտիկից։

Այսօր նոր օր է:

Այսօրը երեկվա շարունակությունը չէ: Այսպես են պնդում շատերը: Իսկ ես չգիտեմ՝ ինչ գրեմ քեզ, որովհետև երկիրն այնքան են խճճել, ճմռթել, որ մարդ չգիտի՝ սա ապրե՞լ է, թե ապրելու պայքար։

 

Կողբ տեղափոխվելուցդ ընդամենը երկու օր առաջ ես ինձ ասել: Իսկ գալուդ քաղաքը սպասում է միշտ: Քաղաք, որ քնում և զարթնում է երբեմն անիմաստ, երբեմն անտեղի։

Եվ արդեն պտտվող ամիսներ: Մարդուն քացի տվող օրեր։

Բայց գիտե՞ս՝ նախանձում եմ, որ այդտեղ ես: Գոնե այդ ամենը տեսնելով ես Արցախն եմ հիշում, ապրելս եմ հիշում։

Ամեն նոր սկիզբ մի նոր հեռացում է։ Հեռացում մտքերի, մարմինների, զգացմունքների:

Ամեն նոր լույս ափսոսանքի սկիզբ է։ Ափսոսանք կորստի, շարունակվող արհավիրքի, չսպիացող վերքերով երկրի։

 

Ամեն տուն մազից կախված է: Սա գոնե հասկանում ենք ես ու դու: Երևի շատերը:

Բայց սրա մասին չեմ ուզում երկար խոսել:

Աշ, էս կյանքը խզբզում է բոլորի վրա։ Մարդիկ էլ մեր քարտեզն են խզբզում։ Հույսով։ Հույսը կորցնելով։ Խաբելով։ Իսկ մեր երկիրը մտածողների կարիք ունի։

 

Երևի ամենասիրուն բանն է, երբ նայում ես երկրին ու չգիտես՝ ինքը քո մասին ինչ է մտածում։

Երբ կրկին վերադառնաս՝ հետդ օդ բեր, բնություն, հողի հմայք. գիտեմ, դժվար է, բայց պիտի պահենք։

 

Կսպասեմ։

Որովհետև վերադարձներ կան, որ կարևոր են:

Քո ընկեր

Վովա

Նամակը՝ Վովա Արզումանյանի

Լուսանկարները՝ Աշոտ Ստեփանյանի