Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» նախագծին
Գրում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատասենյակից։ Սենյակում շատ իրեր չունենք։
Վերջերս արցախցի մի վարպետի «Մե՛նք ենք մեր սարերը» արձանի փոքրիկ տարբերակն ավելացավ։ Ոչ ուրիշների, այլ՝ ինձ համար, որպեսզի երբ աշխատանքային առօրյայով տարված հանկարծ մոռանամ խլված Արցախի մասին, տատիկն ու պապիկը հանդիմանեն ինձ։
Օրացույցը փետրվարի 20-ի վրա է։
36 տարի առաջ այս օրերին խելագարվելու էներգիա էր տիրում Երևանում, Ստեփանակերտում։
Բռունցքվել էինք ու նորից ազգ էինք դառնում։ Մեծ-մեծ չխոսեմ, էդ ժամանակ ես դեռ չկայի։ Բայց ծնողներս դուրս էին եկել պայքարի՝ հույսով, որ ես ծնվելու եմ ավելի մեծ ու միացյալ Հայաստանում։
Պարոն Իշխանյան, նամակը գրում եմ Ազգային ժողովից, Դուք էլ պետք է լինեիք Ազգային ժողովում։
Ես ուզում եմ ներողություն խնդրել Ձեզնից այն զրկանքների համար, որ հիմա կրում եք բոլորիս փոխարեն՝ լուռ, տղամարդավայել և արժանապատվորեն։
Գիտակցում եմ, որ միայն Ֆեյսբուքի հետնանկարս չպետք է աղաղակեր ձեր՝ գերեվարված լինելու մասին, այլ գործս ու խոսքս։
Չար ուժերը պատել են մեր երկրին, բայց չարի դեմ պայքարում ինչու՞ չենք բազմապատկում մեր ուժը։ Դևը շարունակ զոհաբերություններ է կորզում մեզնից, իսկ մենք տալիս ենք ու տալիս։ Տիրանում է մեր չքնաղ երկրին՝ ախորժակը ավելի գրգռելով։
Գուցե Դու՞ք եք այն մարդը ում վերադարձով ազատագրում կավետվի։
Ձեր ներկայությունը պետք է Հայաստանին, մենք ձեր կարիքն ունենք, ամու՛ր մնացեք։
Ձեզ երբևէ չճանաչած, բայց սպասումով լցված Մարիամից։
20․02․2024