Ազգային գրադարանի մուտքի մոտ․ այցելուն ոստիկանին «մլիցա» անվանեց: «Մլիցա չի, ոստիկան ա»,- մուննաթով գոռաց ոստիկանը ու փոխադարձ վիրավորանքների տարափ տեղաց:

Միլիցա էր նաև հորեղբայրս՝ Նոյեմբերյանի շրջանի միլիցիայի ավագ տեսուչ, կապիտան Սաշիկ Անանյանը։ Սաշիկ բիձիկ էինք ասում, բայց մենք՝ երեխաներս, նրան չենք տեսել։  

1991թ․ մայիսի 6-ին Սաշիկ բիձիկը իր գործընկեր միլիցիաների հետ Ոսկեպար գյուղում պաշտպանում էին իրենց ազգին։

Նրանք դիմադրում էին Խորհրդային Միության 4-րդ բանակին և ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումներին «Օղակ» (Կոլցո) օպերացիայի ժամանակ։ 

Այն ժամանակ Ոսկեպարի պաշտպանությանը միացել էին նաև Կիրովականի (Վանաձոր) Ներքին գործերի միլիցիոներները, որովհետև եթե Ոսկեպարից մի թիզ հող զիջվեր Ադրբեջանին, ապա Լոռու մարզը ևս կդառնար սահման, այսինքն՝ թիրախ թշնամու համար։

Սա հասկանում էին Սովետական միության հայ միլիցիոներները։ Իսկ հասկանո՞ւմ են արդյոք այսօր Հայաստանի Հանրապետության հայ ոստիկանները։

Մլիցայից վիրավորվող Ազգային գրադարանի ոստիկանը 2023թ․ արգելել էր Ադրբեջանի դրոշը վառած դիզայներ Արամ Նիկոլյանի մուտքը՝ վերևից իջած հրամանով։ Մի դեպքում միլիցան պաշտպանում է մեզ Ադրբեջանից, մյուս դեպքում՝ գրադարա՞նն է պաշտպանում Ադրբեջանի դրոշը վառողից, բայց, կարևորը՝ նեղվում է, որ իրեն մլիցա են ասում։ 

Հասկանու՞մ է արդյոք այդ ոստիկանը, որ մոտակա ամիսներին գուցե ստիպված կլինի պաշտպանել նույն գրադարանի մուտքը դեպի Երևան շարժվող թուրքական բանակից, երբ իրեն հրաման տվողը հավանաբար երկրից փախած կամ էլ թուրքերի մոտ գերի կլինի։ Թե՞ նա կարծում է, որ այն ինչ պատահեց Շուշիում ոստիկաննների հետ, որոնք զոհվեցին 2020թ․ մշակույթի տան ռմբակոծությունից, իրեն չի սպառնում։

Ոսկեպարում հիսուն ոստիկաններից տասնմեկը զոհվեցին, մեծ մասը գերի ընկան, երեքն էլ գերության մեջ մահացան Կիրովաբադում, որը հայկական Գանձակն է։ 

Այս մարդկանց ճակատագիրն այն ժամանակ պաշտոնական Երևանին չէր հուզում, ճիշտ այնպես, ինչպես այսօր Արցախի գերեվարված նախագահների ճակատագիրը։

Երբ հայերը պետություն չունեին, ամենաատելի կերպարները ֆերրաշներն էին։ Նրանք Սեֆյան Պարսկաստանի ոստիկաններն ու հարկահավաքներն էին, որոնք ապահովում էին օտարի լուծը հայերի գլխին։

Նրանց պատճառով էին դատարկվում հայկական բնակավայրերը, քանի որ հարստահարում էին ժողովրդին և չէին պաշտպանում ավազակներից։ Րաֆֆու «Կայծեր» վեպում ֆերրաշները կան, իսկ այս վեպը հանել են դպրոցական ծրագրից։

Ընդամենը 300 տարի առաջ այսպիսին էր հայերի առօրյան, հենց այստեղ` Արևելյան Հայաստանում։ Հիմա էլ կարծես նույն մղձավանջը վերադարձել է։

Այս ամենը տեսնելով մտածում եմ՝ իսկ իրականում «մլիցա» կոչվե՞լն է ավելի վիրավորական, թե՞ ՀՀ զինանշանի տակ ֆերրաշ լինելը։ Երբ ասում ենք, ինչո՞ւ եք կատարում այդ հրամանները, պատասխանում են՝ տուն ենք պահում։

«Տուն պահե՞լն» է, որ ոստիկանին կամ միլիցիային սարքում է ֆերրաշ․ ավելի վատ՝ իր ազգին հարստահարող ֆերրաշ։ 

 Սաշիկ բիձիկն էլ էր տուն պահում, բայց նա իր տունը պահում էր իր գյուղը պաշտպանելով։

     Սաշիկ Բիձիկը, նկարը՝ banak.info-ից

«Կոլցո» օպերացիայի ժամանակ հայաթփվեցին Գետաշենն ու Արցախի տասնյակ գյուղեր, բայց Ոսկեպարը մնաց հայկական։ 

Սաշիկ բիձիկը միլիցա էր, ոստիկան չէր։ Երկու անչափահաս երեխա ուներ։ 40 տարեկան էր, երբ զոհվեց՝ տուն պահելով։

 

Գայանե Անանյան