Այս աշխատանքը ներկայացված է «Մանկություն․ ուր էինք ուր հասանք» մրցույթին։  

«Պապան եկա՜վ, պապան եկա՜վ…». լսում էի ես եղբորս ու քույրիկիս զրնգուն ձայները ու լույսի արագությամբ դուրս թռչում հին, ժանգոտված ու կիսաշրջված ջրատաքարից (ռուսերեն՝ чан), որն իմ՝ չորս տարեկան Աննայի հիմնական ու սիրելի խաղավայրն էր…

Նոր ազատագրված Բերձոր՝ Արցախ, 1995 թվական. Մայրիկս ու հայրիկս երիտասարդ են, ինչպես ես՝ հիմա: Ի տարբերություն ինձ, նրանք այս տարիքում արդեն ունեն մեկ որդի և երկու դուստր, որոնցից փոքրը ես եմ՝ չորս տարեկան Աննան:

Աննան նոր է տեղափոխվել Բերձոր (որը ժողովուրդն ավելի հաճախ անվանում է հին՝ թուրքական անվամբ, Լաչին):

Աննայի ընտանիքն ապրում է Բերձորի նորաբաց թիվ 1 դպրոցում, է՜ն որ սարի գլխին է տեղակայված: Հա՛, դպրոցում: Երրորդ հարկում տեղակայված են մի քանի դասարան՝ մի քանի աշակերտներով և ուսուցչանոց: Երկրորդ հարկի «դասարաններից» մեկում ապրում է Աննան՝ հայրիկի, մայրիկի ու սիրելի եղբոր և քրոջ հետ:

Մի քանի ամիս առաջ, երբ Աննան առաջին անգամ լսեց, որ շուտով իրենք բոլորը տեղափոխվելու են ապրելու Բերձորում, լաց եղավ, քանի որ հայրիկն ասում էր, որ մայրիկն այնտեղ ուսուցչուհի է դառնալու, իսկ ըստ փոքրիկ Աննայի հստակ իմացության՝ մայրիկները, եթե ուսուցչուհի են դառնում, դադարում են իրենց փոքրիկների մայրը
լինելուց, թողնում են նրանց և գնում խնամելու իրենց նոր երեխաներին՝ փոքրիկ աշակերտներին…

Բայց հիմա Աննան արդեն սիրում է իր նոր տունը՝ Բերձորը, սիրում է դպրոցի դիմացի ձորակն ու դպրոցից հեռու՜, շատ հեռու գտնվող աղբյուրը, որտեղից մայրիկը ջուր է կրում տուն:

Միայն թե Բերձորում խանութ չկա, որտեղից Աննայի համար իր սիրելի՝ կակաոյի համով կոնֆետները կգնեն: Բերձորում ընդհանրապես խանութ չկա. հացը թխում են մայրիկները: Ա՜խ, այդ մայրիկները, նրանք նաև հաջողացնում են թույլ էլեկտրական լույսով, որ տալիս են մեղմ ասած՝ «օրումեջ», թխվածքներ թխել: Ավելին ասեմ, մի քանի թիթիզ մայրիկներ (որոնք բոլորն ուսուցչուհիներ են) յուրատեսակ «ակումբ» են ստեղծել՝ ամառային արձակուրդներին այդ թույլ էլեկտրական լույսով տորթեր են թխում ու վաճառում՝ հատուկ միջոցառումների համար… Ի՞նչ, կարծում էիք աշխարհից կտրված, բայց հայկական երկու գլխավոր աշխարհները միացնող այս հողկտորի վրա հատուկ առիթներ չե՞ն լինում, էն էլ ի՜նչ առիթներ՝ մայրիկն ու հայրիկը հագնվում են միանման։

Հայրիկն ու Մայրիկը՝ Բերձորի իրենց ձեռքերով կառուցած առաջին խանութում

Սպիտակ շրջազգեստ, վրան ուղղահայաց սև գծեր, այս նախշը տեսողական ավելի բարձրահասակ է ցույց տալիս մայրիկի պես փոքրիկ, բայց շատ քաղցրարյուն մամա-արձանիկներին. սա արդեն մեծացած Աննան է հասկանում: Статуеточка. փոքր հասակի համար Աննան մայրիկին այսպես է անվանում, բայց՝ չշեղվենք գլխավորից: Հայրիկի վերնաշապիկն էլ նույն մայրիկի շրջազգեստի նախշերով է՝ սպիտակ, վրան ուղղահայած սև գծեր…

Հայրիկն ու Մայրիկը Բերձորյան քեֆերից մեկում

Աննան գրեթե չի հիշում, թե ինչ բան է մուլտֆիլմը, ախր էդ «օրումեջ» էլեկտրաէներգիան այնքան թույլ է, որ հեռուստացույցը չի միանում: Փոխարենը Աննան հասկանում և հստակ արտաբերում է «трансформатор» բառը, դե, դա էն սարքն է, որը հայրիկը Գորիսից բերել է, որ հեռուստացույցը միանա: Բայց, ախր դրանով էլ էդ չարաճճին միացված մնում է առավելագույնը 30 րոպե, հետո այդ հրաշք-սարքը ծանրաբեռնվածությունից տաքանում է, և Աննայի մեծ եղբայրը անհապաղ անջատում է տանը միացված բոլոր սարքերը, քանի որ հայրիկն այդպես է հորդորել: Իսկ եթե հայրիկը տանը չէ, նրան փոխարինողը մեծ եղբայրն է, այդ աչալուրջ ութամյա տղան:
Հայրիկն էլի, շա՜տ բաներ է բերում Գորիսից, որոնցից Աննային հետաքրքրում են գլխավորապես քաղցր «բաները»:

Հենց այդ քաղցրեղենի «գալուստի» մասին էին հուշում քրոջ և եղբոր «Պապան եկա՜վ» կանչերը. պապան հերթական անգամ վերադարձել էր գորիսյան առևտրից: Աննան շնչակտուր մտնում է դպրոցի ետնամուտքով, հևիհև բարձրանում երկու շարք աստիճանները և ահա՝ հերթական աստիճանահարթակին նրան կանգնեցնում է մեծ քրոջ՝ Մարիամի (Աննայի լեզվով՝ ՄԱՆԱՄԻ) խիստ, ոտքից գլուխ չափող հայացքը, Աննան կարկամում է: Աշխարհում չկա մի բան, որից Աննան այդքան կզգաստանա, որքան մեծ քրոջ սահմանափակող խստությունն է, սա մինչ օրս էլ այսպես է…).


– Ինչի՞ համար ես ուրախացել, ջիգա՛ր,- այսպես են անվանում Աննային տանը՝ նույնիսկ ամենաբարկացած պահերին,- որ պապա՞ն ա եկել, թե՞ որ կակա ա բերել,- ավարտում է իր հարցը խիստ, մուգ շագանակագույն աչքերով մեծ քույրը, այդ վեցամյա աղջնակը:

Աննան մի քանի րոպե լռում է՝ նայելով շրջապատում ամեն ինչին, այդ թվում սեփական ցեխոտված կոշիկներին, միայն ոչ՝ մեծ քրոջ սաստիչ աչքերին և ցածր ձայնով  պատասխանում.

– Որ պապան ա եկել, Մանամ, – հայացքը նորից ուղղելով դեպի ցեխոտ կոշիկները, փորձելով թաքցնել անսահման ամոթի զգացումը, քանի որ առաջին անգամ է ասում ոչ այն, ինչ մտածում է:

– Լավ, – այնքան էլ չհավատալով «ջիգարի» պատասխանին, ասում է Մանամը և հարկ համարում շարունակել դաստիարակչական դադարը, – Ես ու Միրանը (մեծ եղբոր անունը Միհրան է, քույրիկները նրան «Միրան» են կոչում) պապայի վերադառնալու համար ենք ուրախացել, դրա համար ենք արագ վազում։ Չի կարելի պապայի փոխարեն կոնֆետի համար ուրախանալ, գիտես չէ՞:

– Հա, Մանամ, – պատասխանում է քիչ առաջվա ոգևորությունը կորցրած Աննան և շարունակում հայացքով ուսումնասիրել շրջապատը՝ դպրոցի կանաչ պատերը, աստիճանների ճաղավանդակները, Մանամի կարմիր տաբատն ու սեփական ցեխոտված կոշիկները…

– Լավ, ջիգար, արի՛, պապան մեզ ա սպասում:

Աննան աչքերը փակում է ու վայելում աջ թուշիկի և ատամների միջև դրված իր սիրելի կոնֆետի գրամ-գրամ հալվող քաղցրությունը: Դրսում ձմեռ է, տանը՝ տաքուկ փոքրիկ փայտի վառարան, լույս չկա, երեխաները պառկած են անկողիններում, մայրիկն ու հայրիկը վառարանից եկող նարնջագույն լույսի լուսավորությամբ թեյ են խմում՝ կակաոյի համով կլոր կոնֆետներով:

Աննան արթնանում է դասերի երկար դասամիջոցն ավետող երկա՜ր զանգից, էլեկտրական զանգ չէ, այլ միջին չափի երկաթե զանգ, որին խփելով փոքրիկ երկաթյա մուրճով՝ տիկին Ջուլյան աշակերտներին ազատում է անվերջանալի թվացող դասաժամի ձանձրույթից: Պատուհանից այն կողմ ձյուն է տեղում: Մայրիկը մտնում է տուն իր միջին բարձրության բարձրակրունկներով և սկսում արագ-արագ սեղան պատրաստել, որ Աննան նախաճաշի, ավելի ճիշտ՝ արդեն ճաշի: Աննան մոտենում է մայրիկին, գրկում՝ պի՜նդ, որ հնարավորինս խորը շնչի մայրիկի օծանելիքի բույրը: Դուռը ծեծում են և, առանց ներսից թույլտվություն ստանալու, ներս մտնում մայրիկի աշակերտներից՝ մի քանի վառվռուն աչքերով և ցրտից սառած քիթիկներով աղջիկներ և տղաներ.

– Տիկի՛ն Նատալյա, ասեցինք տեսնենք օգնելու բան կա՞, ջուր ունե՞ք, թե գնանք բերենք:

Մինչև մայրիկը կխոսի աշակերտների հետ, Աննան վազում և թաքնվում է մահճակալների ետևում, այն խորին համոզմամբ, որ անասելի ամոթ է, եթե մայրիկի աշակերտներներն իրեն գիշերազգեստով տեսնեն:

Դեկտեմբերի 30-ն է, հեքիաթային ու ցուրտ ձմեռ: Հայրիկը մեծ ոգևորությամբ մտնում է տուն ու ավետում.

– Վաղը բոլորս տեղափոխվում ենք տուն, Նոր տարին պիտի մեր տանը նշենք: 

Սրան հաջորդում են երեխաների ուրախ թռվռոցներն ու բացականչությունները և մայրիկի անհանգստությունը, որ շուտով Ամանոր է, և մեկ օրում հնարավոր չէ և՛ տեղափոխվել, և՛ հիմնավոր մաքրություն անել, և՛ տոնական ուտեստներ պատրաստել, բայց հայրիկի ասածն ասած է:

Հաջորդ օրը Աննայի ընտանիքը դպրոցից երկա՜ր ճամփա անցնելով հասնում է «քաղաքի» մյուս ծայրը, իրենց նոր տուն:

Տունը Բերձորի վերջին տներից է, որոնցից հետո սկսում է հարևան Քարեգահ գյուղը: Դարպասներ չկան, թեքվում են ճանապարհից դեպի ձախ, իջնում մոտ 20 աստիճան ու հասնում տունը: Տունը կիսաքանդ երկու սենյականոց շինություն է, ունի ևս երկու սենյակ, որոնք սակայն առանց կտուրի են, ներքևում կա նկուղ, բակ և մեծ ու թեք տարածությամբ ձգվող հողամաս:

Ընտանիքը մտնում է ներս. սենյակներով մեկ՝ բաց և փակ, փոշոտ և ոչ այնքան, գրքեր են թափված: Հայրիկը կռանում է, սկսում հատ առ հատ հավաքել գրքերը. մայրիկն օգնում է հայրիկին՝ ինչպես միշտ:

Գրքերը խնամքով դասավորելու ընթացքում նրանք թերթում և ուսումնասիրում են թափված գրադարանն ու կռահում, որ գրքերի մեծ մասը քրդերեն է, հետո նկատում են նաև այս ու այնտեղ թափված դպրոցական տետրեր և եզրակացնում, որ տանը ոչ վաղ անցյալում ապրել է ազգությամբ քուրդ ուսուցիչ:

Մի պահ մայրիկը ոգևորված կանգնում է ու հայրիկին մեկնում ձեռքի գիրքը.

– Հայերե՛ն է, – վառվռուն աչքերով բացականչում է նա:

Հայրիկը լուռ վերցնում է գիրքը, թերթում մի քանի թերթ, Աննան հայրիկի աչքերում արցունքներ է նկատում ու միանգամից մանկական պարզամտությամբ բարձրաձայն հարցնում.

– Պապ, ինչի՞ ես լացում:

Բոլորը լուռ են:

Հայրիկն արագ փորձում է թաքցնել արցունքները ու դեմքի կիսաժպիտ արտահայտությամբ ասում.

– Որովհետև դմբո ես:

Արդեն մեծացած Աննան է հասկանում, որ հայրիկն այդ պահին, ամենայն հավանականությամբ հիշել էր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից «Որովհետև տգետ ես» արտահայտությունը և, համեմելով այն հայրական գորովանքով, ստացել սեփական տարբերակը:

Աննա, Ծնունդ, Նոր տարի

Հաջորդ օրը հարևան սարերից հայրիկն ու եղբայրն իսկական, անուշաբույր եղևնի են բերում, Աննան և Մարիամն այդ ընթացքում գունավոր թղթերից տոնածառի շղթաներ են պատրաստում: Երեկոյան հասցնում են ոչ միայն տոնածառը զարդարել, այլ նաև տոնական սեղան գցել ու տոնել Ամանորը: Այս և հաջորդ 13 տարիների Նոր Տարին Աննան կհիշի, որպես բոլոր հեքիաթներում նկարագրված Ամանորներից ավելի տաքուկ, ձյունառատ ու համեղ տարվա սկիզբ…

Առավոտյան երեխաները բարձերի տակ հայտնաբերում են ամենահյուսիսային, բայց ամենաբարի բևեռից եկած Ձմեռ Պապիկի թողած նվերները: Իսկ սեղանին գտնում են երկու թեյի բաժակ և տոնական շոկոլադներից մնացած թղթեր: Երեխաների զարմանքին ի պատասխան մայրիկ ասում է, որ Ձմեռ Պապն այնքան էր մրսել, մինչև հասել էր Բերձորի ծայրը, որ ստիպված մի քանի բաժակ թեյ խմեց ու տաքացավ վառարանի մոտ, սակայն չէր կարող սպասել առավոտին, աշխարհի այլ ծայրերից շատ երեխաներ դեռ սպասում էին իրեն: Աննան ու Մարիամն ուրախությունից թռվռում են, որ իրենց տունը պատիվ է ունեցել հյուրասիրելու ու տաքացնելու ԻՐԵՆ՝ աշխարհի ամենաբարի պապիկին:

Տան «հայկական կյանքի» հաջորդող 24 տարիներին էլի շա՜տ հյուրեր տաքանում և օթևան են գտնում այս հարկի տակ՝ է՛լ դեպի Ստեփանակերտ ուղևորվող լեհ լրագրողներ, է՛լ ամերիկացի տուրիստներ, է՛լ Հայաստանի տարբեր ծայրերից եկած նոր վերաբնակիչներ, որոնք դեռ տուն չունեին:

…Մայրիկը բակում տնկում է բազմագույն վարդեր, հայրիկը նորոգում է կտուրը, տատիկները բերում են գույնզգույն ծաղիկների սերմեր, պապիկն էլ՝ իր մեծացրած գառնուկին, որ մորթեն՝ ուտեն, բայց հայրիկը չի մորթում…)

Աշխարհի կենտրոն Երևանից գալիս է երիտասարդ ու եռանդուն հորեղբայրը, ով դեռ ուսանող է: Նա իր հետ բերում է չլսված ճոխություն այդ տարիների համար՝ ժապավենային Kodak տեսախցիկ ու նկարում՝ Աննա-Մարիամ անբաժան քույրիկներին բակի ակացիաների տակ կանգնած, մամային ու պապային՝ իրենց նորաբաց բերձորյան առաջին խանութում, Միհրանին՝ սև ակնոցներն աչքերին ու Սևուկ շանը գրկած, վարդերը, սարերը, կյանքը…

Հեղինակի կողմից՝ առաջին դեմքով (այս հատվածը գրվել է 2022 թվականի օգոստոսի 25-ին).

Աննան՝ ծննդյան օրը, իրենց տանը

Մեր տանը մի պատ կար՝ իմ ու Մանամի պատը: 10-15-ամյակներիս՝ 5 տարի ավանդաբար Մանամը ծնունդիս այդ պատի վրա իմ համար շնորհավորանք էր գրում:

Ամեն անգամ դեկտեմբերի 18-ին ես ամբողջ օրը փորձում էի հետևել նրան, նույնիսկ գիշերը նրանից ավելի ուշ քնել, բայց ոչ մի կերպ չէի կարողանում բռնացնել Մանամիս՝ մեր պատին գրելիս: Իսկ առավոտյան՝ ի՞նչ զարմանք. մեր պատին ավելացած էր լինում ևս մեկ թվանշան և այդ տարվա համար քույրիկիս կողմից ինձ ուղղված մաղթանքները:

Ասում են ադրբեջանն այսօր պաշտոնապես մտավ Բերձոր՝ մեր Բերձորը, իմ ու Մանամիս Բերձորը: Նրանք իհարկե կմտնեն մեր տուն, տակնուվրա կանեն հայրիկիս ու մայրիկիս ձեռքերով կառուցված ու շենացած օջախը, բայց երբեք չեն հասկանա, թե ինչ է գրված մեր պատին: Իսկ այնտեղ լույս է, երջանկության ու խաղաղության մաքուր
մաղթանքներ ամբողջ կյանքի համար, ինչը ես էլ իմ հերթին մաղթում եմ մեր սերունդներին, բայց ոչ՝ թուրք հարևաններով շրջապատված: Որովհետև նրանց «խաղաղությունը» մեր խաղաղության հետ չի համընկնում:

Արդեն մեկ ամիս է համացանցում պտտվում են տեսանյութեր միայնակ մնացած, դատարկ ու անօգնական Բերձորից, որոնք ես ոչ մի կերպ չեմ կարողանում դիտել:

Ցանկացած ժամանակ, երբ կկարոտեմ իմ ապրած ու սիրած Բերձորը, կգտնեմ այն մայրիկիս ու հայրիկիս ժպիտներում, քրոջս սաստիչ հայացքի և եղբորս անսահման հոգատարության մեջ…

Ու միշտ կհիշեմ, որ Բերձորը հայի տուն է…

Ես սրա մասին անպայման պատմելու եմ մեր սերունդներին:

Շարունակելի…

Աննա Արզանյան, օգոստոս 2022թ:

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի