Սեդրակ պապը կամ 1989-2000
– Տղա ջան, արագ քայլի, որ փայտը հասցնենք տուն, մաման ու ապերը մրսեցին, արդեն քանի ժամ ա վառարանում փայտ չկա։
– Հայրիկ, հոգնեցի, մի քիչ հանգստանանք։
– Ամբողջ փայտն իմ ձեռքին ա, էդ մի ճյուղից հոգնեցի՞ր։
Այն, ինչը հորս համար պարտավորություն էր ու ընտանիքին ինչ-որ գնով տաք պահելու միջոց, ինձ համար ժամանց ու զբոսանք էր։
90-ականների առաջին կեսին` ցրտի ու հոսանք չունենալու պատճառով ամբողջ բուսաբանական այգին անտառահատվեց, այգու շատ ծառատեսակներ մինչ օրս չեն վերականգնվել։
Մենք ապրում էինք քաղաքի հյուսիս-արևելքում` Ավանում, որը շատ մոտ էր բուսաբանական այգուն։ Հորս հետ հաճախ էինք ոտքով գնում այգուց փայտ բերելու։
Ես ծնվեցի 1989 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանում։ Դրանից 110 տարի առաջ նույն օրը Գորիում ծնվել էր Իոսիֆ Ստալինը, իսկ 42 տարի առաջ Ալխեսիրասում՝ Պակո Դե Լուչիան։
Ծննդյանս օրը առատ ձյուն էր գալիս, ավտոբուսները շատ քիչ էին, տաքսի գտնելը գրեթե անհնար, ու քանի որ ես գիշերն եմ ծնվել, հայրս ու պապս մորս ծննդատուն շատ դժվարությամբ հասցրեցին։
89-ին Երևանը համեստ տեսք ուներ, գրեթե չկային սրճարաններ, փողոցներում մեքենաները շատ քիչ էին, մայթերը ոչ թե գովազդների, այլ մարդկանց համար էին։
Մեր թաղամասում հիմնականում 9 հարկանի բետոնե բարձրահարկեր էին, նույն պատկերն էր մասիվներում, Հարավարևմտյան թաղամասում (Բանգլադեշում), Դավիթաշենում, Էրեբունի թաղամասում ու մյուս ծայրամասերում։
Մայրաքաղաքն արհեստական մեծացնելու ամենահեշտ տարբերակն էին ընտրել սովետական իշխանությունները։ Նորակառույցները սնկի պես աճել էին մարզերից եկած մարդկանց բնակեցնելու նպատակով։ Մեկ սենյականոցում մենք ապրում էինք 4 հոգով` հայրս, մայրս, ես ու եղբայրս։ Ես ու եղբայրս նույն մահճակալին, իրար ծոց, նույն վերմակի տակ էինք քնում։ Հայրս մայրս՝ բազմոցին վարագույրով էին մեզնից բաժանվում։ Ու տենց մինչև 18 տարեկան, մինչև բանակ գնալս։
Հայրս` Արթուր Ավետիսյանը, քանդակագործ է, մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է, հանգիստ ու հարմարվող մարդ է։ Նրա պահանջները շատ քիչ են։ Չուներ ավելի լավին ձգտելու, հասնելու ոչ մի ցանկություն։ Նվազագույն պայմանները բավարար էին նրան, սոված չմնալը, արվեստանոցում` գիբս, կավ ու քարի կտորներ ունենալը հերիք էր, որպեսզի նա իրեն կատարյալ երջանիկ զգար։
Մայրս մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Արվեստից շատ հեռու ու շատ հաշվարկային մի կին, ում գոհացնում էր որդիների տաք հագնվելը և կուշտ լինելը։ Նրա ամեն օրվա միակ ուրախությունը մեր` դպրոցից բերած բարձր գնահատականներն էին, իսկ գլխավոր նպատակը որդիներին որևէ բուհ ընդունելը։
Հենց էդ մեկ սենյականոց բնակարանում միասին անցկացրինք մեր ամբողջ մանկությունը, պատերազմի տարիները, մութն ու ցուրտը, հարևանների հետ թեյի սեղանի շուրջ հավաքվելը, լոտո խաղալը ու դպրոցական անհոգ ժամանակները։
Ամեն անգամ վառարանը վառելիս մեզ հյուր էր գալիս Սեդրակ պապին` մեր տակի հարևանը։ Սեդրակը մենակ էր ապրում, տղեն նստած էր բանտում գողության համար, թոռներն էլ երկրում չէին։ Ամեն գալուց դեղնավուն, գույնը գցած, բայց մաքուր թղթեր էր բերում մեզ համար։ Երևի ինչ-որ սովետական հիմնարկում աշխատելու տարիներից էր մոտը մնացել։
Ես ու Մհերիկը՝ եղբայրս, ուրախանում էինք, խզբզում, նկարում էդ թղթերի վրա։ Հաջորդ անգամ Սեդրակ պապը գալիս էր, հարցնում էր, թե ինչ նոր բաներ ենք նկարել․ եթե նկարները հավանի, էլի թղթեր կբերի։ Ժամերով նստում էինք վառարանի մոտ, կարտոֆիլ խորովում։ Սեդրակը պատմում էր հայրենական պատերազմից, անհետ կորած եղբորից ու միշտ գալիս էր զինվորական համազգեստով, որի վրա քիչ չէին մեդալները։
Հետո, երբ երևանցիները ստաբիլ լույս ու ջուր ունեցան, ու կյանքի որակը մասամբ լավացավ, մարդիկ սառեցին միմյանց նկատմամբ։ Հարևաններն իրար հանդիպում էին պատահաբար, միայն շենքի մուտքի մոտշ։ Սեդրակ պապն էլ հյուր չէր գալիս։ Դե հոսանք կար արդեն, երևի տունը տաքացնելու ուրիշ տարբերակ էր գտել։
Որոշ ժամանակ անց իմացանք, որ Սեդրակ պապը տղային բանտից ազատելու համար վաճառել էր մեկ սենյականոցն ու տեղափոխվել էր ուրիշ թաղամաս։ Դրանից հետո մենք նրանից այլևս լուր չունեցանք։
Տարիներ են անցել, հին թաղամասում վաղուց չենք ապրում։ Շատերը շենքում մահացած կլինեն, նաև կլինեն նոր բնակիչներ, նոր թաղային հեղինակություններ, ձևափոխված պատշգամբներ, նոր ավտոտնակներ ու բակում հավերժ խալի լվացող Սիլվա ծյոծյան, որ թոռներին ա մեծացնում արդեն։
Կռոն կամ 2016-2022
Երբ անբուժելի հիվանդությունը ներխուժեց իմ կյանք, ինքն ինձ դարձրեց նստակյաց, անհետաքրքիր ու շատ կանխատեսելի։ Հիվանդությունը շուրջս գծեց շրջանակ, սկսեց չթողնել, որ ես շարժվեմ իմ ուզած ուղղությամբ, որոշեմ իմ անելիքներն ու ընդհանրապես պլաններ կազմեմ առաջիկա օրերի, էլ ուր մնաց ամիսների հետ կապված։
Ինձ կիսեց իրար հետ ոչ մի կապ չունեցող երկու տարբեր ժամանակահատվածների միջև. մինչև հիվանդանալը և դրանից հետո։
Հաճախ չեմ կարողանում քնել ու ընկնում եմ հիշողությունների գիրկը։ Անքուն գիշերները բերում են ավելի մեծ խնդիրներ, օրինակ, վատ մարսողություն, սրտի անկանոն աշխատանք, հավերժ հոգնածություն, կեղծ ծուլություն, տեղից շարժվելու ցանկության բացակայություն, և այլն։
Բայց նաև ունեին դրական կողմեր, որոնք, փառք Աստծո, քիչ չէին։
Վերջին 3-4 տարում անքուն մնալու շնորհիվ ծնվեցին նոր երգեր ու մեղեդիներ, նոր գաղափարներ, սկսեցի գրել պատմվածքներ, հետո նաև չափածո ստեղծագործություններ ռոք խմբիս համար։
Բայց այնուամենայնիվ, երգերը, մեղեդիներն ու գիրը ծնվում են իմ ազատության հաշվին, ծնվում են, որովհետև օրեր շարունակ չեմ կարողանում դուրս գալ տնից։ Ստեղծագործում եմ, որովհետև գամված եմ անկողնուն, դեղերին, շատ անգամ տան դիմացի չոր քարից նստարանին։
Մեր երգերը լսում են արտասահմանում, փողոցում երբեմն ինձ ճանաչում են, Ֆեյսբուքով հարցնում են, թե երբ է լինելու մեր հաջորդ համերգը, ափսոսանք են հայտնում, որ նախորդին չկարողացան գալ։
Ածանոթին կթվա, թե ամեն ինչ շատ սիրուն ու կատարյալ է իմ կյանքում։ Բայց չէ. հիմիկվա հասուն ու հաջողակ կյանքը ինձ երբեք չի տալիս այն զգացումները, որոնք ստանում էի տարիներ առաջ, փոքր ժամանակ։ Նախ քանի որ տարիներ առաջ առողջ էի, և սա պատճառ է, որ ավելի շատ կարոտեմ անհոգ մանկությունս, և երկրորդ՝ տարիներ առաջ մենք չնչին բաներից ուրախանում էինք ու երջանիկ զգում մեզ, որովհետև շատ բան չէինք հասկանում։
Վերջին Անին կամ 2000-2010
Այն ժամանակ, երբ թափանցիկ, կանաչավուն շշով մածուն էին ծախում խանութներում, ու չոր, բայց անչափ համով մատնաքաշ, որի հոտը հիմա չես առնի քաղաքի ոչ մի թաղամասում, կային նաև 800 դրամանոց սպիտակ գնդակներ տոնավաճառներում, որոնց վրա դեղին կամ գազարագույն հնգանկյան տեսքով նախշեր էին պատկերված։
Էդ գնդակներից ծնողներս առնում էին ամիսը 4-5 հատ, քանի որ դրանք հաճախ էին ծակվում․ շատ բարակ ու անորակ էին, իսկ մենք ֆուտբոլ էինք խաղում բարձրահարկ բնակելի շենքի դիմացը գտնվող այգու մոտ։ Մոշի փշերով ոլորված սյուները դարպասաձողերն էին։
Մյուս դարպասը ոչ թե մոշի փշերով դարպասի դեմ դիմաց էր, ինչպես ֆուտբոլում է լինում, այլ կողքն էր, մի 20 մետր էն կողմ, շենքի մուտքի աստիճանների մոտ։ Էդ մյուս դարպասի մոտ միշտ ինչ-որ մեքենա էր կանգնում։ Մեզնից մեկնումեկը գնում էր մեքենայի տիրոջ դուռը ծեծում ու, ամաչելով, խնդրում, որ մեքենան տեղափոխի։ Հաջորդ օրն՝ էլի նույն պատմությունը։
Խաղում էինք ֆուտբոլ մինչև մութն ընկնելը, կամ մինչև գնդակի ծակվելը։ Լինում էր, որ մթի պատճառով իրար չէինք տեսնում դաշտում։
Երբ բարձրանում էի տուն, մայրս հիշեցնում էր, որ էն չսիրածս առարկաները լավ չեմ պարապել, ու Աստված չանի վաղը ինձ դաս հարցնեն։ Բայց դա ինձ էդքան էլ չէր հետաքրքրում, ես մտածում էի, թե երբ եմ գալու դպրոցից, որ նորից հովը ընկնելուն պես իջնենք բակ ֆուտբոլ խաղալու։
Համարյա ամեն օր քնելուց առաջ կասետով Ռուբեն Հախվերդյան էի լսում։ Չկային հիմիկվա սմարթֆոնները, որ մտնեինք Ֆեյսբուք ու էնքան թերթեինք մինչև քնենք։ Իսկ էն օրերին երբ ծնողներս չէին թողնում երգ լսել, պառկում էի ու երկար ուսումնասիրում սենյակիս պատից կախված գորգն էնքան ժամանակ, մինչև քունս կտաներ։
Գորգի նախշերն ամեն օր ինձ տարբեր էին թվում ու վախենալու։ Մի օր նմանացնում էի շան գլխի, մի ուրիշ օր հանրահաշվիս դասատուին։
Դպրոցում սովորում էի լավ, բայց չուզենալով։ Քանի որ մայրս դասավանդում էր հենց մեր դպրոցում ու ամեն ինչից տեղյակ էր, ես վատ սովորելու տարբերակ չունեի։ Բացի այդ, մայրս ասում էր՝ պետք ա լավ սովորես, որ մարդ դառնաս։
2000 ականներն ինձ համար ֆուտբոլիստների մայկաներ ու մագնիտոֆոնի կասետներ առնելու տարիներ էին։ Քանի որ տան ֆինանսական խնդիրները հայրս էր լուծում, մորս` դպրոցից ստացած չնչին աշխատավարձը, հիմնականում ծախսվում էր իմ ու ախպորս վրա։
Ամեն ամիս սպասում էի մորս աշխատավարձին, որպեսզի երկու ֆուտբոլային շապիկ ավելի ունենամ։ Բակային ֆուտբոլի ամենակարևոր խաղերին անպայման հագնում էի իմ ամենասիրած ֆուտբոլիստի` Թիերի Անրիի շապիկը։
Հախվերդյանի բոլոր երգերն արդեն անգիր գիտեի ու սկսեցի հետաքրքրվել այլ կատարողներով։
Ես էլ չզգացի, թե ոնց մի քանի տարում դարձա երաժշտական հանրագիտարան։ Սթիվի Ուոնդերին, Սթինգին ու Հուլիո Իգլեսիասին լսելով՝ էկա հասա 60-ականների վերջերում սկիզբ առած բրիտանական ռոքին։ Ուսումնասիրեցի մոտ 50 բրիտանական խմբի, իրենց բոլոր ալբոմներով։ Իսկ մոտ 20 տարի առաջ, համացանցի բացակայության պայմաններում, մագնիտոֆոնով էդքան լսելը, թերթերից հանրագիտարաններից երաժիշտների մասին ինֆորմացիա հավաքելը էդքան էլ հեշտ բան չէր։
Կասետով ու Յութուբով երգ լսելու միջև մեծ տարբերություն կա։ Մենք նստում էինք երթուղային, հասնում Կոմիտասի շուկայի գետնանցում ու առնում սիրած խմբի հերթական ալբոմը (կասետով)։ Այս ճանապարհորդությունն ու ջանքը ավելի արժեքավոր ու թանկ է դարձնում սիրածդ երգը, քան որ լսես Յութուբով։
Երգն ավելի է արժևորվում նաև, երբ հետ ու առաջ տալու հնարավորություն գրեթե չունես, երբ ստիպված պետք ա լսես քո չսիրած մի քանի երգը, որ վերջապես հասնես էն մի հատին, շատ սիրվածին։
2022 թվականին, եթե տեսնենք մեզ ծանոթ մեկը երթուղային ա նստում, որ գնա խանութ կասետ կամ CD առնելու, առնվազն կզարմանաք, իսկ նոր սերնդի համար կասետը, CD-ն կամ վինիլները թանգարանային նմուշի պես բան են հիմա։ Ու հենց դրանով էին ժամանակները ավելի բնական ու լավը, որովհետև ամեն մեկը չէր լսում էն, ինչը քո սրտի մեջ էր,ամեն մեկը չէր ճանաչում էն համաշխարհային կատարողներին, որոնք քո տեսակն ու մտածելակերպն էին կերտում իրենց երգերով։ Սիրած երգերը շատ անձնական էին։
Դպրոցում ու փողոցում հասակակիցներս ու հատկապես ընկերներս զարմանում էին ու հեգնանքով վերաբերվում լսածս երգերին։ Շատերը հավանում էին, բայց չէին համարձակվում բարձրաձայնել, որովհետև ռոք լսելն ամոթ էր։ Բակում կային չգրված օրենքներ, շատերը առանց երկար-բարակ մտածելու պահում էին էդ օրենքները, որպեսզի հասակակիցների հետ խնդիրներ չունենային։ Ամոթ էր անգամ Երևանի փողոցներում կիթառն ուսին երևալը։ 20 տարի անց լավ երաժշտություն լսելը կամ կիթառ նվագելը հարգի է ու նույնիսկ ավելի զարգացած թվալու միջոց։
Հետո լույսի արագությամբ փոխվեցին ժամանակները, կասետներին փոխարինեցին ձայնասկավառակները (CD), որոնք շատ կարճ կյանք ունեցան,
Յութուբյան ու սոցանցային համաճարակն ամբողջ աշխարհը գրավեց 2000-ականների վերջին։ Եվ սիրածս երաժիշտներին լսելիս ներսումս էլ չէին արթնանում նախկին էմոցիաներն ու հույզերը, ինչպես մի շիշ գարեջուրը էլ չի արբեցնում այն ջահելին, որը ժամանակին գլուխը կորցնում էր մի շշից։
Էն կանաչավուն, թափանցիկ շշով մածունն էլ ոչ մի խանութում չկար, որովհետև ծաղկել էր միջին բիզնեսը, խանութներին մածուն, կաթ ու թթվասեր էին մատակարարում տարբեր կաթնամթերքի ընկերություններ։ Կարող ա մթերքը շատ որակով էր, բայց էն մածունի համը չուներ։
Հետո ես դարձա ուսանող, էլ չէի գնում առավոտ շուտ խանութ մատնաքաշ առնելու, որ ուտելով տուն գայի։ Ուսանողությանս հետ էլ մատնաքաշի հոտը կամաց-կամաց վերացավ մեր բակից։
Մեքենաները շատացան բակում։ Ֆուտբոլ խաղացող երեխաները դարձան վերացող տեսակ, հարմարավետ տեղավորվեցին տանը սմարթֆոնների դիմաց ու մեր էն հարևանը էլ ստիպված չէր լինում շենքի մուտքի դիմացից մեքենան տեղափոխել։
Տարբեր ֆուտբոլիստների անուններով իմ շապիկները փոքրացան։ Դրանց ճակատագրերը վաղուց ինձ չէր հետաքրքրում։ Մեկով մայրս պատուհաններն էր լվանում, մյուսը՝ սարքել էր պոլի շոր։
Մեր դասարանի Անիից մի երեք անգամ մերժում ստանալուց հետո անցա մյուս Անիներին։ Գրեթե միշտ սիրահարվում էի Անի անունով աղջիկներին։ Նույն աղջկան հավանող տղերքով որոշում էինք, թե ով ու երբ պետք ա մոտենա Անիի հետ խոսելու, ու դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո պետք ա անպայման տեղյակ պահեր մյուս ուզողին (հավանող տղուն):
Նորից սկսեցի լսել Հախվերդյանի երգերը, բայց արդեն այլ պատկերացումներով։
Ամեն երգը հիշեցնում էր Անիներից որևէ մեկին։ Հասել էի հախվերդյանական տարիքի։ Հասկանում էի, որ երգիչը, տարիներ առաջ, երգերը գրելու ժամանակ ունեցել ա նույն ապրումները, որոնք ես ունեմ հիմա։
Ժամանակը ավելի արագ էր շարժվում, հետաքրքրասիրություններիս շրջանակը լրիվ փոխվել էր, մտել էի մասնագիտություն ընտրելու, փողոցում կայանալու, ընկերուհի ունենալու ու էդպիսի բաների դժվար փուլ։
Անընդհատ փոխվում էին ընկերներս կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մեծանում էր նրանց շրջանակը։ Միջավայրերի փոփոխության պատճառով փոփոխվում էին նաև բնավորությանս գծերը։ Ավելի հաճախ էի վիճում ծնողներիս հետ, ուշ էի տուն գալիս, լինում էր ընդհանրապես չէի գալիս։
Ընկերներով իրար ճիշտ ու սխալ էինք հանում, մանր պատմությունները սարքում մեծ վեճեր, թաղամասում բաժանվել էինք սպայկաների (խմբեր) ու փորձում էինք չեղած խնդիրներ լուծել։ Փակ շրջանակում ստեղծել էինք մեր պատկերացրած բարոյականության նորմերը, որոշում էինք թաղի աղջիկներից ով ա լավը ու ով բանի պետք չի, որոշում էինք դպրոցում ով կարա մեզ ընկեր լինի, ու ով չի կարա, որոշում էինք բաներ, որոնք մենք չպիտի որոշեինք։ Դարձել էի էդ ժամանակների փողոցային կյանքի տիպիկ ներկայացուցիչը։
Ու հենց էս` ինձ համար շատ խառը ժամանակահատվածում էլ ես ծանոթացա խմիչքի հետ, սկսեցինք անդավաճան ընկերություն անել։ Մի քանի ամիս ընկերություն անելուց հետո մեզ վերջապես բաժանեց հայկական բանակը։
Ծառայությունից վերադարձա 2009 թվականին` լրիվ ուրիշ մարդ։ 2009 թվականից արդեն անցել ա մոտ 13 տարի ու հենց էդ 13 տարին ինձ ձևավորեց որպես մարդ, որպես էս երկրի քաղաքացի, որպես երաժիշտ ու, իհարկե, որպես տղամարդ, ով ամուսնացավ մի աղջկա հետ, ում անունը, բնականաբար, էլի Անի էր ու ունեցանք երկու աղջիկ։ Առայժմ երկու աղջիկ։
– Արփի ջան, մի փոքր արագ քայլի, շատ դժվար ես շարժվում։
– Պապա հոգնեցի, շատ շոգ ա։
– Ոչինչ, դիմացի, բան չմնաց,մաման ու քուրիկը մեզ են սպասում, շուտ հասնենք տուն, պատրաստվենք, որ երեկոյան հյուր ա գալու։
Տիգրան Ավետիսյան
Նկարները՝ Տիգրան Ավետիսյանի
Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի