Հայաստան, քո անունը հնչում է որպես
պղնձե անզգույշ արձագանք,
որպես ուժը կորցրած դրամի
բախումը թաց ասֆալտին։
Եվ մի՞թե դու արժան էիր սոսկ
այն բախտավոր թաթերին,
որ գտան քեզ ջեբկիրի փութով
ու որ վատնեցին կոպեկին հասու
էժանագին առուծախում։
Հայաստան, քեզ որերորդ անգամ գտան
բոսյակներդ բամբակապորտ,
և մի՞թե դու արժան էիր սոսկ
լուցկու, ծամոնի, կամ անֆիլտր
գլանակի պատվանդանին։
Հայաստան, սիրելի՜ս,
ահա, մեկն էլ տվեց քո անունը,
ու զնգաց թաց ասֆալտին մի գրոշ
պղնձե բախումով զիլ,
Եվ քեզ, անուշս, ցավոք, մեկն էլ կորցրեց:
Մի զգացմուն կա, որն արդեն քանի օր է բացատրել եմ ուզում, սակայն անորոշության բեռի տակ չի լինում նկարագրել։ Ոչ էն է վախ, ոչ էն է կսկիծ, ցավ, ափսոսանք, հեգնական լռություն, ամոթ, ապուռ, ջղաձգում, ծակոցով քոր և այլն։ Երևի բոլորը միասին վերցրած։ Օրերը այսպես թե այնպես անցնում են. մի օր տասանոցների պես ձյուն, մի օր դեղին արև, մի օր ցեխ, մի օր լալվար լվացող անձրև։ Չգիտես՝ ինչ անել, ճիշտ ու ճիշտ ածելուն անզոր հավի պես։ Իբրև քաղաքացի՝ հերն էլ անիծած մի պստիկ ճակատագրի և անվան, բայց որպես բրախված երկրի ու ժողովրդի դառը մատաղ՝ կենսական խնդիր է։ Պատերազմ չէ, որ միջինքաշային հասակդ վերցնես ու գնաս կռիվ։ Բնական աղետ չէ, որ շտապես օգնության։ Ուզում ես, երազում ես օգնել, բայց զգում ես քո սեփական ավազեհատիկ լինելը՝ հսկա բլրի դեմ, իսկ մեծ հաշվով հրող «քամի չկա»։
Ապրում ենք պատմականորեն եղերական մի շրջան՝ հին մեթոդներով, սակայն նորովի կիրառմամբ, դասագրքային օրինակը չունեցող։ Իհարկե, հավատի աչքով որ նայենք՝ ափաչափ բազալտի վերածված ժողովրդին ինչ թաթ էլ որ լինի չի փշրի, բայց դուրսուներսի «զուբիլ»-ի պես ճանկերի դեմը ո՞նց առնենք… Մեր ներսում Քրիստոս կա, բայց շուրջը ծո՜վ չկա, որ մի ձուկ բռնես ու մի ամբողջ ժողովրդի կերակրես, իսկ վառոդի կծվաշ օդում մանանաներ չեն կախվում։ Աստծու՜ սիրուն, մխիթարանք է պետք։
Ոչինչ չկա. պիտու դեղ, կարգին սնունդ, ակվարիումից դուրս ազատություն, գլուխը քա՜ր, գոնե համբերանքի չիբուխ լիներ. էդ էլ չկա. թութունը լավաշի պես սպառվում է։
Դիմանալ։ Համառորեն դիմանալ։ Զարկվել պաղ ապակուն, նորից ու նորից, ու դիմանալ՝ նոյեմբերի վերջին ճանճի պես։ Դիմանալ։ Անտեսել վաքսի պես մուր ու քսու քաղաքական լոզոտ խոսքերը, իշխանությունների ափռ–ցփռ սուտ սեթևեթանքները, դաշնակիցների բառադի տրտմությունները, հսկա աշխարհի մա՜նր կարեկցանքն ու թուրանական խեժի պես կպչուն մաղձը, և… դիմանալ։ Դիմանալ անվերջ, անկոտրում, կրքով, ապրելու ավիշը անհագ քաշելով, ինչպես միշտ, ինչպես ճակատագրական պարտադիր ժամանակներում, այժմ և ցկեանս։ Դիմանալ։
Ամենուրեք ճառեր են, կոչեր ու կոչնակներ։ Գրեթե նույն միջանցքով են անցնում քենն ու սերը, խինդն ու լացը, արևն ու անձրևը, ամենայն խառը ու հակասական երևույթները, գալիս են ու թափվում Հանրապետության հրապարակ, ուր այս ժամին թմփուկ է ու պարկապզուկ՝ չգիտես թե ինչու, չգիտես թե ում համար, իսկ անկյունում ցեխոտ տասանոցների պես ձյունն են հալում, որ ձմռան կեսին շատրվանը թշշա…
Բոլոր դերերը հորինովի են, բոլոր պաշտոնները անհեթեթ են, բոլոր խոստումները մտացածին են ու փուչ, անգամ «քաղաքացի» պիտակն է խորթ։ Մեզ շարունակ բարձրավոլտ կոչերով են դիմում, ժողովրդավարական ճմկտող խոսքերով ու անըմբռնելի տեքստերի փշրանքներով։ Կողքբոլորը անհուսության, լոդռության ու չբեր առօրյայի երաշտ է։ Ապա ու՞մ և ինչի՞ համար եմ գրում այս սոփեստական տրակտատ հիշեցնող սեղմագիրը. քեզ համար, ընկերս, քույրս, հայր ու մայրս, թոթվող մանուկս… որ հասնի ձեզ, որ տեսնեք՝ դուք մենակ չեք, և կա մեկը, որը տհաճությամբ է ծխում՝ գիտակցելով, որ թութունի քաղց է ձեզ մոտ… իմացած եղեք, որ ջղաձգում է, ծակոցով քոր, կամ ածելուն անզոր հավի դրություն։
Ես հավատում եմ ձեզ, ձեր ամրությանը, ձեր կորովին ու կրքին։ Հազար ու մի պաշարումներ ենք տեսել, մեր գլխով Մուհամմեդի քանի՜–քանի հերյուրանք է անցել…
Դիմանալ։ Այժմ և միշտ, ցկեանս դիմանալ՝ շնչելու և լինելու հագուրդը խենթորեն տանելով։ Դիմանալ. այս է ուղին։ Մնացյալը թմբիր է, առվի բերած փուչ պոպոք ու խոստումների տասանոցներով ձյուն։ Մնացյալը լիամետրաժ մեյմունություն է…
Հայկ Սիրունյան
Նկարազարդումը՝ Արթուր Հարությունյանի