Մարդը քաղաքական կենդանի է։

                                     – Արիստոտել

Հազարամյակներից եկող քո մարդկային էության մաս կազմող քաղաքական ոգին քեզ՝ հայ մարդուն շշնջում է. «Արցախը նորից վտանգված է, արդեն 1 ամիս է գերության մեջ է»։

Մյուս կողմից, 21-րդ դարի ժամանակակից մարդն է մեջդ․ լսում է այս ամենն ամեն օր, տանջվում խղճի խայթից, բայց ասում է քեզ. «Մի լսիր այդ ցնդած բիձա Արիստոտելին: Դու քաղաքականությամբ չես զբաղվում, գլուխդ կախ գործովդ զբաղվիր»։

Մեջդ ապրող այդ 2 էություններին հանգիստ չի տալիս նաև արտաքին

աշխարհը: Տարբեր տաղավարներից, համացանցի միջոցով քո տուն են սողոսկում տարբեր «փրկիչներ» ու «մարգարեներ», որոնք քեզ ասում են ամեն ինչ, սակայն չեն ասում ոչինչ բացի հուսահատություն, անտարբերություն ու անճարություն ներշնչող խոսքերից:

Հայրենասիրական պաթոսի պակաս էլ չկա։

Դե, իհարկե, չէ՞ որ հակաքրիստոսը մարդու առջև հայտնվում է Քրիստոսի կերպարով, իսկ սատանան՝ հրեշտակի: Դու լսում ես նաև թույլ և խլեցված ձայնը ճշմարտության, որը հազիվ լսելի է քո ազգի արհեստավարժ մարդկանց շուրթերից: Այդ մարդիկ անծանոթ են և տեղեկատվական ժխորի մեջ նրանց ձայնն ամբողջությամբ քեզ չի հասնում:

Եվ այսպես, հոգնելով կեղծիքն ու իրականությունն իրարից զատելուց ու քեզ համար հյուսած թակարդի մեջ խճճվելով, դու փախչում ես քո սեփական հայրենիքի համար կարևոր որոշումներ կայացնելուց։

Ես՝ Ասկերանի շրջանում ապրող, Երևանի պետական համալսարանի ուսանող Գայանե Շահնազարյանս իմ շրջափակված հայրենիքից՝ Արցախից այժմ գրում եմ քեզ, հուսով, որ իմ՝ հայրենակցիդ ձայնը կլսես:

Մեզ շրջափակել է մեր դարավոր թշնամին, այն թշնամի, որը չի փոխվել, չնայած նրան, որ քեզ հակառակն են համոզում: Բայց և մենք էլ չենք փոխվել, մնում ենք մեր հողին կառչած, չնայած բոլոր դժվարություններին: Ընդհանրապես ազգերը չեն փոխվում, ազգերը միայն վերանում են:

Արցախի այս շրջափակումը ազգ վերացնելու ճանապարհներից է, և ես ու դու այդ ազգի ներկայացուցիչն ենք։

Մենք ամուր ու ձիգ ենք, բայց Հայաստանից՝ մեր հայրենիքից օգնություն չենք ստանում, և դա ավելի է ծանրացնում մեր դրությունը։ Բոլորի դրությունն է ծանր։ Յուրքանչյուրինը յուրովի է դժվար։

Կարո՞ղ ես պատկերացնել 120 հազար մարդու առանձին-առանձին ու զգալ նրանց դժվարությունները։ Պիտի, որ բարդ չլինի, քանի որ նույն ազգից եք, խոսում եք նույն լեզվով, կիսում նույն տարածքն ու հիշողությունը։

Ամեն դեպքում փորձեմ օգնել քեզ։

Քույր Մարինեն բժիշկ է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Նա պատմում է, որ հիվանդները զրկվել են բուժվելու տարրական պայմաններից:

2 շաբաթ առաջ իր ծանր հիվանդներից մեկն շրջափակման հետևանքով մահացավ, քանի որ նրան Երևան հասցնելու ու կյանքը փրկելու հնար չգտնվեց:

Ճիշտ է, այժմ Կարմիր խաչի ուղեկցությամբ հիվանդներ են տեղափոխվում Երևան, սակայն դա էլ հուսադրող չի: Պատկերացրու մայրդ ծանր հիվանդ է և չես կարող նրա կողքին լինել։ Պատկերացրու աղջկադ տարել են այլ քաղաք բուժելու, բայց չի կարող վերադառնալ։

Համացանցում տեսել ես չէ՞ խանութների նկարները: Ամեն ինչ այստեղ հիշեցնում է Երևանի 90-ականները: Ամեն օր մայրիկիս հետ գնում եմ հացի, պանրի, կաթի հերթի: Երեկ մեր հարևան Ժաննա բաբոն պանրի հերթի էր, բայց երբ հերթը հասավ իրենց, պանիրը վերջացել էր: Մենք նրա հետ կիսեցինք մեր ունեցածը:

Գազ ու էլեկտրականությունը պարբերաբար անջատվում է: Նկուղից հանել ենք իմ մանկության տարիների վառարանը և տեղադրել ենք խոհանոցում: Ինչ-ինչ, բայց կարտոֆիլ շատ կա պլեճի համար: Այդ վառվող փեջն ու պլեճի անուշ բույրը տարածվում է խոհանոցում ու ինձ հիշեցնում է մանկությանս անհոգ օրերը: Ազատ ու անկախ մեր հայրենիքի անհոգ օրերը:

Շրջափակված հատվածի այս ու այն կողմում կիսվել են ընտանիքները: Հայրս չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ, իսկ հորեղբայրս, որ պիտի մեկներ Ռուսաստանայդպ ես էլ չկարողացավ Երևան գնալ և ինքնաթիռը մեկնեց առանց նրա: Հորաքրոջս երեխաները մնացել են Երևանում: Իսկ մեր հարևանների մանկահասակ երեխաներն արդեն 3 շաբաթ է ապրում են մեր տանը։ Նրանց ծնողները գնացել էին Գորիս՝ մասնակցելու բարեկամի հուղարկավորությանը, իսկ այժմ չեն կարողանում վերադառնալ տուն:

Անչափահաս զավակ ունե՞ս։ Պատկերարցրու միայնակ մայրս ես, գնացել ես Երևան գործուղման ու 9-ամյա դուստրդ մնացել է Արցախում՝ շրջապատված գիշատիչներով, և իրադրությունն այնպես կարող է փոխվել, որ գիշատիչները մտնեն ու հոշոտեն նրան։ Արցախում միայնակ մայրերը շատ են, պատերազմում շատ ամուսիններ են զոհվել։

Հիմա կհարցնես՝ իսկ ինչու՞ այս ամենը տեղի ունեցավ, ինչպե՞ս այս վիճակին հասանք:

Բանն այն է, որ 2018թ. ապրիլի 24-ից Հայաստանն ու Արցախը գերության մեջ են: Պատահաբար, թե դիտավորյալ հին ցեղասպանության տարելիցի օրվանից մեկնարկեց նոր ցեղասպանությունը: Իսկ 2020թ. սեպտեմբերից ես արդեն ինձ զգում եմ աթոռին ամբողջությամբ կապկպված, անզեն ու անպաշտպան:

Թշնամին մեզ հաղթեց այդ կապկպված դիրքում, տապալեց մեզ, ու մինչ այժմ ամեն օր հարվածում է: Նրան օգնում են Երևանում նստած իր ընկերները, որոնք թշնամու հետ միասին շարունակ հարվածում են մեզ, հետո ստուգում, որ ստրկության շղթաները ամուր մնան:

Այդ մարդկանց դու չես ճանաչում: Նրանք յան-ով վերջացող ազգանուն ունեն, հայկական անուններ ու կապույտ անձնագիր ունեն: Քեզ համար առավել դժվար է նրանց ճանաչել, քանի որ նրանք ապրել են քո կողքին, մեծացել քեզ հետ, նույն դպրոցում կամ համալսարանում eեն սովորել, նույն տեղում են քեզ հետ աշխատել:

Ես քեզ լիովին հասկանում եմ: Քեզ՝ հայի համար ավելի ճանաչելի է այն թշնամին, որի անունն է Դավուդ, այլ ոչ թե Դավիթ, Ահմադ այլ ոչ թե Արման: Ինձ համար ևս շատ ծանր է, բայց ես այդ գիտակցման ճանապարհն անցա, քանզի Արցախը հայկական չհամարողը լինի Դավուդ, թե Դավիթ նույնն է ինձ համար:

Երեկ ես իմացա, որ Բաքվի համալսարանի ուսանողներին դասերից ազատել են, որ գան ու մեր կյանքի ճանապարհը փակեն: Անգամ խոստացել են բարձր գնահատականներ շնորհել դրա համար։

Իսկ հիշու՞մ ես, թե ինչ էին անում հայկական համալսարանների ղեկավարները, երբ անցյալ տարի տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց հանուն նրա, որպեսզի Բերձորը չհանձնվեր, հանուն նրա, որ թշնամին Ջերմուկի մատույցների մոտ չհասներ, հանուն նրա, որ այսօր փակված չլիներ կյանքի ճանապարհը:

Հայկական կրթօջախների այդ ղեկավարներն էին ստիպում իջեցնել մերհա յրենիքի՝ Արցախի դրոշը, այդ մարդիկ էին փախչում ցուցարարներից ու թաքնվում իրենց կաբինետներում, այդ մարդիկ էին խոչընդոտում ուսանողներին մասնակցելու մեր ընդհանուր հայրենիքի կործանման ընթացքը կասեցնող ցույցերին:

Այդ օրերին, դու որ մեր կողքին կանգնած էիր փողոցում, կամ դրոշը

ձեռքիդ քո պատշգամբից քաջալերում էիր մեզ, կամ ուղղակի դիտորդ էիր, որ սպասում էիր հրաշքի, բայց և հավատդ այդ հրաշքի հանդեպ շատ մեծ չէր: Անշուշտ չես մոռացել, թե վերջին 2 տարիների ընթացքում Թուրքիայից ու Ադրբեջանից որքան սպառնալիքներ են հնչեցրել ընդդիմության և, ընդհանրապես, ազգային ուժերի նկատմամբ: Նրանք ասում են, թե միայն մենք ու Սփյուռքի մեր մեծ ընտանիքն է մեզ խանգարում «խաղաղությանը»: Սուտ է:

Իրականում նրանց դու էլ ես խանգարում: Նրանց խանգարում է Հայաստանը, Արցախը, ամեն հայ, որն ապրում է մեր հայրենիքից մնացած վերջին հողակտորի տարբեր մասերում կամ այս երկրագնդի տարբեր հատվածներում: Դու խանգարում ես նրան, բայց թշնամին քո անունը չի տալիս, որ վախենաս ռևանշիստ կամ ռադիկալ ուժ կոչվելուց ու չմիանաս ինձ։ Դու շատ լավ գիտես, որ իմ ոչնչանալով՝ սկսվելու է մեծ աղետը։ Գիտես, բայց և ոչ ոքի չես հավատում, որովհետև մեր թշնամին մոլորեցնում է քեզ:

Այժմ քո դիմաց դրված է պայմանագիր՝ «Հայրենիք մամոնայի դիմաց»: Սակայն համացանցով քո տուն սողոսկած գլուխները քեզ համոզում են թե դա կոչվում է «խաղաղության պայմանագիր»։ Ինձ ու քեզ էլ, քո զավակներից՝ Արցախից առանձնացրել, բաժանել ու շրջափակել են, որ համաձայնես թշնամիներիդ բոլոր պայմաններին, որոնք նշված են այդ պայմանագրում:

Նրանք նաև զորավարժություններ են անում քո երկրի բոլոր սահմանների ուղղությամբ: Օրեցօր նրանք ավելի են օղակում քեզ, իսկ Երևանում նստած քո հայախոս թշնամիները քեզնից թաքցնում են, որ հանձնում են քեզ աշխարհից կտրելու, բոլոր կողմերից շրջափակելու համար հանձնվող բոլոր ռազմավարական բարձունքները:

Մինչ քո ամբողջ երկիրը դառնում է համակենտրոնացման ճամբար բաց երկնքի տակ, քո ստվերոտ կողմն ատում է Արցախը։ Ատում է իրեն բաժին հասած բախտը, և ուզում է ազատվել իրեն կեղեքող թշնամիներից: Իսկ քույրերդ ու եղբայրներդ նայում են քեզ ու դառնացած ասում. «հային՝ փող, թուրքին՝ հող»:

Քո մյուս՝ լուսավոր կողմին այդ խոսքերը խոր վիրավորանք են պատճառում և դու չարացած նրանց վրա ասում ես․ «Այդ դեպքում Եռաբլուրում ու՞մ շիրիմին եք ծաղիկներ դնում: Ում պայծառ դեմքերով լուսանկարներն եք հպարտությամբ տարածում համացանցում: Մի՞թե նրանք հայ չեն»: Դու արդարանում ես, ուզում ես, որ քեզ լսող ու հասկացող գոնե մեկը գտնվի: Ու դու ասում ես «Ես հոգնել եմ, հոգնել եմ պատերազմից, խաղաղություն եմ ուզում»։

Ես էլ եմ հոգնել: Հոգնել եմ դեպի Դեր Զոր ուղեկցող ժանդարմներից, որոնց ճակատին գրված է «Պատերա՞զմ թե՞ … ցեղասպանություն», «Քաղաքականությո՞ւն, թե՞ հայրենազրկում»։

Հոգնել եմ 100 տարին մեկ գաղթի ճամփա կտրելուց: Հոգնել եմ հայրենիքիս մեջ շահագործվող ծառա զգալուց ու աշխատանքիս համարժեք չվարձատրվելուց:

Հոգնել եմ անգրագետ կարիերիստներից, որոնք արժանավոր մարդկանց տեղն են զբաղեցնում ու մեր հայրենիքը թշվառ ու անտեր դարձնում:

Հոգնել եմ սեփական զավակին լքած ու սեփական ծնողին ուրացածներից, որոնք այսօր արդեն իրենց հայրենիքն են ուրանում:

Հոգնել եմ ապագայի մասին հայրենասիրական կամ գլոբալիստականպաթոս ունեցող դատարկ խոսքեր ասող, բայց իմ ազգային ու սոցիալական խնդիրները չլուծողներից:

Դու էլ ես չէ՞ նրանցից հոգնել: Հատկապես էս վերջիններից ես հոգնել չէ՞, որովհետև դու՝ մթերման ու բերքի հարցերում խնդիր ունեցող տարեց գյուղացի, կյանքդ առաջվա պես վայելել ցանկացող երիտասարդ, սահման ուղարկող զինվորի ծնող, հարկային ու վարկային բեռի տակ կքող գործարար, տուն պահող իրավապահ մարմնի ներկայացուցիչ, դպրոցի ուսուցիչ, համալսարանի դասախոս և բազմաթիվ այլ կյանքեր ունեցող հայն ես: Այդ ապագայում դու քեզ չես տեսնում: Նրանց համար դու չես եղել, ու հիմա էլ չկաս:

Իրականում դու պատերազմից չէ, որ հոգնել ես: Դու հոգնել ես պարտվելուց, բայց ո՞րն է հաղթանակի հասնելու ուղին, եթե հոգնած ես։

Արցախի շրջափակված ճանապարհը քեզ պատած հուսահատությունն է: Այդ հուսահատությունը շրջափակել է վաղվա օրդ։ Հայացքդ ուղղում ես Հայաստանի հարավ-արևելք, դեպի Արցախ, դեպի իմ ու քո ճշմարտության փարոսը: Այդ փարոսի լույսը, որ տասնամյակներ շարունակ լուսավորում է աշխարհի բոլոր հայերի ճանապարհը ու, մերկացնելով թշնամու ստերը, ճշմարտությունն է խորհրդանշում, բայց դեռևս վախեցնում է քեզ:

Դու ցանկանում ես փախչել իրականությունից, քաղաքականությանը հոմանիշ դարձած քո հայրենիքով չզբաղվելու համար: Ուզում ես նորմալ կյանքով ապրել ու գլուխդ կախ քո գործն անել, բայց միևնույն է, հայացքդ ուղղում ես դեպի փարոսը, որը տագնապի ազդանշան է արձակում:

Հավատա, ես քեզնից չեմ նեղանում:

Կարող ես ատել, հալածել ինձ, չարախոսել իմ մասին: Ես քեզնից

չեմ նեղանա: Չէ՞ որ քեզ այդ դաժան պայմանագիրը դեմ տված թշնամիները բարեկամի դիմակի տակ սիրաշահում են քեզ, ջերմագին ու քաղցր ստեր են քեզ պատմում: Իսկ հարազատներդ քեզ մեղադրում են, արհամարհում ու իրենցից հեռացնում: Հասկանում եմ, այնքան դժվար է այդ ամենին դիմակայելը:

Միայն մի բան եմ քեզ այժմ խնդրում: Չմեռնես խաղաղության մեջ, քո կամքով քո տան մեջ չմեռնես: Ատիր ինձ որքան սիրտդ կկամենա միայն թե ապրիր: Ապրիր քանզի ծանր օրերին հենց դու քեզնով պիտի ապրեցնես Հայաստանը: Հեռացրու քեզնից մահվան փուլային և փաթեթային տարբերակներ առաջարկող սև մոգերին ու վերցրու քեզ բաժին հասած խաչը, որը քեզ հավերժություն է խոստանում: Ընտրիր կյանքը ու ապրիր:

Գայանե Անանյան

5 հունվարի, 2023թ. ք. Երևան

Նկարազարդումը՝ Քերոլին Ռոստամիի