Այս աշխատանքը ներկայացված է «Մանկություն․ ուր էինք ուր հասանք» մրցույթին։   

– Կրակե՛ք, թուրք ա, – գոռում էր Զորին շենքի մուտքից։ Ու սկսում էր կռիվը․․․․ Հայերը միշտ հաղթում էին: Մեր բակում ամենաշատը «կռիվ-կռիվն» էինք խաղում մեզ հարազատ ու ծանոթ մարդիկ պատերազմում էին, մենք էլ էինք «զինվորագրվել» այդ պատերազմին։ Զենքեր սարքելու համար փայտի հին կտոր էինք գտնում ու չլիկ սրելու հմտությունները գործի դնում, որ ճիշտ հղկենք։ Մի անգամ էդ գործի վրա էի, երբ կտրեցի մատս. կար դրեցին, սպին էլ միշտ մնաց հետս։ Նետ ու աղեղներ էլ ունեինք, եթե հրացանների փամփուշտները վերջանային։ 

Մանկությունս ու Արցախյան պատերազմը ձեռք ձեռքի անցան մի քանի տարի.

Նեղլիկ փողոցներով մի քաղաք էր, նեղլիկ մի տուն էր ու նեղ տարիներ, բայց լայն ու բարի սրտով մարդիկ, որոնք համախմբվում էին մի վառարանի, մի հեռուստացույցի, մի սեղանի մոտ ու ամենից առաջ՝ մի գաղափարի։ Ես չեմ հիշում, որ այդ տարիներին մերոնք բողոքեին ինչ-որ բանից՝ չնայած տրտնջալու առիթներ՝ ինչքան ուզես։ Գիտեինք՝ պատերազմ է դիմանալ է պետք, համբերել, հաղթանակները հեշտ չեն տրվում։ Վերջին նախադասությունն ինձ տիկին Զինան էր ասել՝ Հայրենական պատերազմի վետերան, որի շքանշաններով պիջակի զնգնգոցը բակի նստարանին էր հավաքում նրա ընկերուհիներին։

Եթե լույս լինում էր, մեկ- մեկ նստում ու նայում էինք կռվի գնացած համեստ ու  հզոր տղաներին, որոնք ինձ համար այդ ժամանակ տարածված մոդայիկ մարտաֆիլմերի հերոսների նման էին։ Այդ օրերին էկրանից նայող զինվորների հայացքը հետո ճիշտ ու ճիշտ պատճենվել էր իմ ընկեր Սևակի, Արմանի, Ավետիսի  ու մեր մնացած զինվորների դեմքին, որոնք Արցախյան պատերազմի հերոսների օրինակով առաջին իսկ վտանգի դեպքում շտապում էին ճակատ։

Լույս լինել-չլինելը՝ մի ուրիշ պատմություն էր

Առավել «շնորհքովները» «լևի» լույս ունեին, իհարկե, բայց բակի երեխաների համար մի յուրահատուկ ծիսակարգ էր լույսերի միանալուն պես՝ կիսատ թողնել խաղը ու միաձայն բարձր բղավել՝  «լույսերը տվեցին»։

Մի օր պատերազմը  հեռուստացույցից իջավ մեր բակ

Իմ մանկության ընկեր Զորիի եղբայրը գնաց կռիվ, բոլորը մեքենայի հետևից ջուր լցրեցին՝ ի նշան վերադարձի, բայց Կարենը հետ չեկավ։ Զորիի ընտանիքի համար պատերազմն այդպես էլ չավարտվեց։ 

Բաքվից  «փախած» նոր հարևաններ ունեինք

Արտյոմի ու Զեմֆիրայի աղջիկները՝ Մելանն ու Ռուզանը, միացան մեր բանակին ու դարձանք 10 –ը թշնամին էլ փախչելու տեղ չուներ։ Մելանը խաղում ամենափոքրն էր։ Նա կոմեդիկ ֆիլմի փոքրիկ հերոսի նախատիպ կարող էր լինել փախստական աղջիկը ապրում էր՝ վայելելով ձյունը, անձրևը, ցեխն ու ցեխաջուրը՝ թռչկոտելով, չպատսպարվելով, չափսոսալով մաքուր հագուստը։

 

Մելանը մի օր ինձ նվեր էր բերել թակել էր դուռը, պահանջել ինձ՝ այդ հատուկ նվերը հանձնելու համար, իսկ դռան մոտ նա գրպանից հանդիսավոր դուրս հանեց մի սպիտակ մուկ։ Մայրս վախեցած նայում էր, իսկ Մելանն ուրախ-ուրախ պատմում էր, որ շատ է չարչարվել մինչև նվերը «բռնել է» ինձ համար։ 

Պատերազմն ավարտվել էր

Բայց փոքրիկ քաղաքում մեծ պատերազմի մասին պատմող շատ բան կար՝ փողոցների վրա կախվող սև ժապավեններն ամենացավոտն էին «Մուշո 18», «Վարդան 25», Արման, Լյով․․․Պատերազմից հետ եկածներ կային, որոնք այդպես էլ չկարողացան ոտքերը դնել իրենց պահած հողի վրա նրանց շալվարի փողքերը ծալված էին թարս ու ամրացված, քամին թեթև տարուբերում էր դատարկ փողքը․․․

 

Ես երբեք չէի ուզի, որ մանկությունից հետ գային այդ պատկերներն ու սև ժապավենները, բայց 44 – օրյա պատերազմը այդ ցավոտ տեսարանները նորից փռել էր փողոցներին։ 

Պատերազմից հետո.

Մեր բակում զինվորական համազգեստով մի տարօրինակ կնոջ էի տեսնում Հռեփն էր՝ Հռիփսիկը։ Ասում էին՝ կռվել է։ Վզին ինչ –որ կախազարդ էր կիսով չափ երևում խորհրդավոր շշուկներ կային, թե կախազարդը թուրքի ականջ է։ Տղաներից շատերը ասում էին, որ խնդրել են ու «ականջ»-ը նայել են մոտիկից։

Պատերազմից հետո էլ  մենք մանկապարտեզում շարունակում էինք երգել՝ «ուս ուսի տված, առյուծի նման հետ բերենք հողը փառքը հավիտյան»։ Հենց այս ոգով մի օր ես, եղբայրս ու մեր ընկեր Մարտինը գնացինք Մասիսի հետևից։ Մասիսը պատշգամբից շատ մոտ էր երևացել, ու մտածել էինք՝ մինչև երեկո նվաճել այն։ Հարդագողի ճամփորդներին, սակայն նկատել էին հարևանները ու հետ դարձրել քաղաքից դուրս եկող ճանապարհից։ Մեր հարևան Նորիկ Հայրիկը, որը խաչքարեր էր «ասեղնագործում»,  ձմռանը ձնե քանդակների օր էր կազմակերպել, ու մեզ համար էլ՝ Վեհափառ Մասիսն էր քանդակել որպես փոխհատուցում։

Պատերազմից հետո աղջիկներով էլ տղաների կռվին չէինք խառնվում, տերևներից թագեր էինք պատրաստում, ականջօղեր, եղունգներ, մատանիներն էլ՝ «պրովոդներից», որոնց վարդի տեսք էինք տալիս։

Հետո արդեն մանկության համերը, ձայները, բույրերը փոխվեցին

«Սնիկերսների», «չինոների», «յուպիների», «լավ իզ․․․»,  ծամոնների հետ ինչ-որ թեթևություն եկավ  շենքից արդեն սկսվեցին լսվել «Պրոստը Մարիայի»,  ««Սանտա Բարբարայի»․․․ անհոգ հնչյունները։

Հետո գնացի դպրոց

Դպրոցում էլ պատերազմի մասին պատմում էին այն երեխաների աչքերը, որոնց ծնողները այդպես էլ հետ չէին եկել։ Բայց բոլորս հաղթած երկրի մասնիկ էինք, ու մի տեսակ ինքնավստահություն կար մեր մեջ։

Շատ կուզեի, որ 44-օրյա պատերազմից հետո այդ ինքնավստահությունն ունենար նաև իմ զավակը, որը պատերազմի օրերին դպրոցում ցանկությունների թերթիկի վրա (որտեղ երեխաները ռոբոտ, զենք, խաղալիք կամ առողջություն էին ցանկանում) գրել էր՝ «ես ուզում եմ, որ հայերը հաղթեն»։ 

Մի քանի տարի անց տեղափոխվեցինք ուրիշ քաղաք

Բայց նույնիսկ մեծ ու լուսավոր տան մեջ ես շարունակում էի կարոտել իմ փոքրիկ քաղաքը, տունը, իմ բակը, իմ հարևաններին, իմ ընկերներին, որոնց հետ ամենամութ ու ամենացուրտ օրերը ամենալուսավորն էին դառնում ու ամենատաքը։

Հեղինակ՝ Զարուհի Դիլանյան

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի