Այս աշխատանքը ներկայացված է «Մանկություն․ ուր էինք ուր հասանք» մրցույթին։
Մանկությանս առաջին նկարն է, որ ձեռքիս տակ ընկավ։
Շատ բան չի փոխվել․ առաջ էլ չէի սիրում լուսանկարվել, հիմա էլ։ Հիմա գոնե լուսանկարել
եմ սիրում, իսկ միակ մարդը, որին վստահում եմ ինձ նկարելուց, ես եմ։
Առաջին անգամ դպրոց այս կոշիկներով գնացի։ Հիշում եմ, երբ խանութում տեսա, հասկացա, որ սրանք այն են, ինչ ուզում եմ։
Այ էստեղ շատ բան է փոխվել։ Հիմա կյանքում ո՛չ կոշիկ կհագնեմ, ո՛չ բարձրակրունկ․շատ անհարմար են ո՛չ էլ սպիտակ գուլպա կհագնեմ։
Տանը բոլորն ունեն երաժշտական կրթություն, բացի պապիկիցս: 8 տարեկան էի, մի մեղեդի նվագեցի տան դաշնամուրով ու որոշեցի, որ ես էլ եմ ուզում դաշնամուրի գնալ։
Դաշնամուրի հանդեպ հետաքրքրությունս շատ կարճ տևեց, որովհետև տանն էս խաղալիքից ունեինք։ Եղբայրս էր նվեր ստացել 5-ամյակին, ինձնից 4 տարով է փոքր։
Եղբայրս դաշնամուրի ուսուցչուհուս անընդհատ հարցեր էր տալիս իր սենյակում դրված խաղալիք կիթառի մասին։ Եվ երբ եկավ նրա հերթը երաժշտական դպրոց գնալու, որոշեցինք, որ նա էլ կիթառի գնա։
Իհարկե, էդ առիթով ամենաուրախը տանը ես էի էդ, որովհետեւ իսկական կիթառ կունենայինք ու
վերջապես նվագել կսովորեի։
Էդպես էլ եղավ։ Սկսեցի եղբորիցս շատ նվագել ու հետո հայրս էլեկտրոկիթառ նվիրեց ինձ։
Ի դեպ, ինքնանկարները անելու ընթացքում, հասցրեցի System of a Down խմբի 3 ալբոմ լսել։
Միակ տիկնիկներս են, նվեր եմ ստացել։ Փոքր ժամանակ իմ տարեկիցները սիրում էին տիկնիկներով կամ այլ խաղալիքներով խաղալ, ես նախընտրում էի ֆիլմեր դիտել, հատկապես վավերագրական։ Երևի դա էլ ազդել է, որ ապագայում ուզենամ ռեժիսոր դառնալ, ոչ թե իրավաբան կամ բժիշկ։
Տիկնիկները առաջին անգամ պետք եկան։ Լուսանկարների սյուռ շարք սկսեցի:
Իհարկե այստեղ շատ այլ ինքնանկարներ կարող էին լինել, որոնք մանկությանս մասին հետաքրքիր պատմություններով կուղեկցվեին, բայց քանի որ փոքր ժամանակ շատ վայրենի երեխա եմ եղել, շատ քիչ իրեր են պահպանվել մանկությունիցս։
Ֆոտոշարքն ավարտեմ սենյակիս պատի այս նկարով։ Թաց ձեռքիս հետքն է, չորացնելու այլ տեղ երևի չեմ գտել։
Հեղինակ՝ Դոնարա Հովսեփյան