Բաբոն շատ բան էր տեսել իր կյանքում: Արևոտ ու ամպոտ օրերը ստվերի պես եկել ու անցել են, իսկ հիմա ժամանակն իր կնիքն է թողել նրա հոգում: Այլևս առաջվանը չէ կյանքը. փոխվել են մարդիկ, փոխվել է միջավայրը, ուր նա սովոր էր ապրել, փոխվել են կարգերն ու բարքերը: Հիմա ծերանոցում է, չնայած իր զառամության օրերն այլ կերպ էր պատկերացնում: Բայց եթե ապրում ես Արցախում, շատ բաներ կարող են երազածի պես չդասավորվել, հոգ չէ… Նրա մտապատկերում անցյալի զնգոցն է. ասես ապրել է հազարամյակներ և դա նրանից է, որ շատ բան են տեսել նրա աչքերը, շատ բան է զգացել սիրտը՝ լավ կամ վատ: Թելն ու ասեղը ձեռքն առնելիս հիշում էր մանկության անհոգ օրերը, որոնք, սակայն, կամաց-կամաց դաձան կենցաղային ու հետո՝ ավելի մեծ հոգսերի բեռնակիրներ: Ջահել կին էր, երբ սկսվեց արցախցու ապրելու շարժումը: Կարելի է ասել՝ բաբոյի հոգու բովում ժամանակը կռել է և՛ արցախցու տառապանքը, գաղթի ճամփաները, արյունն ու արցունքը, և՛ հերոսական շարժումը, որ ուղղեց մեր ժողովրդի՝ ճկված ու ցավից կորացած մեջքը, և՛ իր եղբայրների ու որդիների արյունով վաստակած հաղթանակը: Բաբոյի դեմքի ու հոգու կնճիռներում ժամանակը խտացրել էր արցախցու ճակատագրի ողջ ծանրությունը։

Անցյալի խորքերին հայացք նետելիս նրա դեմքին և՛ ժպիտ էր նշմարվում, և՛ ցավածին արցունքի կաթիլներ գլորվում մետաքսե այտերից: Հիշում էր՝ ինքն ու իր նման շատերը քանի՜ ու քանի՜ փորձություն են հաղթահարել ու դա արել են առանց նվնվալու, ճակատագրից դժգոհելու, այս ու այն կողմ մեղադրանքի սլաքներ նետելու: ՉԷ՞ որ իրենց նպատակը վեհ էր… Կարող էին օրերով անգամ մի կտոր հաց ու պանիր չունենալ ու չուտել, միայն թե օր առաջ ավարտվեր պատերազմը՝ առանց զոհեր տալու, մեր անշրջելի հաղթանակով: Կարևորն այն էր, որ մարդիկ՝ փոքրից մեծ, հասկանում էին ստեղծված իրավիճակը, ինչքան էլ հացը քիչ էր, մինչև վերջին պատառը կիսում էին իրար հետ և դա անում էին սիրով: Այդպես էր նաև բաբոն… Այն ժամանակ ավելի երիտասարդ էր, ավյունով լի ու զրկանքներն առաջինն ընդունելու ու տանելու ծով համբերությամբ ու վճռականությամբ: Շատ է պատահել, որ ավելի ու ավելի նեղ օրվա համար մի կերպ խնայված ուտելիքը հանել ու կիսել է, կիսել է անգամ պանիրը, առանց որի չէր ուտի թոնրից նոր հանված տաք հացը, առանց որի խաղաղ պայմաններում գուցե դժվար էր նախաճաշել…

Կարծես անցյալում էին մնացել դժվար օրերը, կարծես այլևս ստիպված չէին լինի մի նոր Գողգոթա բարձրանալ՝ տանելով տառապանքի խաչափայտը: Բայց ժամանակն անսպասելիորեն շրջվեց՝ արցախցուն խրելով նոր պատերազմի ու նոր արհավիրքի մեջ: Այս անգամ անհաջող էր գոյութենական պայքարի և՛ ընթացքը, և՛ արդյունքը: Արցախցին էլի անարդարացիորեն զրկվեց իր հայրենիքից, էլի սպանվեց սեփական տանը, էլի վերադարձավ պայքարի նախաշարժումնասկիզբ կետին…

Հետպատերազմյան կյանքը սուզվեց անմարդկային տառապանքների հորձանուտը: Բաբոն, ինչպես իր մյուս հայրենակիցները, իր մաշկի վրա զգաց, որ թշնամին չի փոխվել՝ նույն արյունարբուն է, նույն հայասպանը, նույն վայրագը… Երեկ առանց լույս ու գազի էր թողել քիչ է, հիմա էլ ճանապարհն է փակել, այն էլ՝ միակը, սնուցողը, աշխարհի հետ կապողը: Իհարկե այս բոլոր դժվարությունները լոկ մի բռաչափ քար են թվում բաբոյի համար՝ այն լեռնահաս փորձությունների համեմատ, որի միջով անցել է 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին: Բաբոն ժամանակների թելադրանքով ինքնաբերաբար դիմացկուն է դարձել, ներհուն ու ինչ-որ տեղ էլ ցավի հանդեպ՝ քարսիրտ:

Նա կզարմանար, երբ ինչ-որ մեկն ասեր, որ այլևս 21-րդ դարն է, որ աշխարհ կոչվածը քաղաքակիրթ է և ցեղաջնջման ուրվականը նոր ժամանակներում անիրական է. «Օզումչն կլոխ ընգնին, վեր թորքը փոխվում չի, շտեղ թորքը վեննը տինում ա, ընդըղ մահ ա ինում, ավեր ա ինում, մոխեր ա ինում…»: Ու հիմա էդ նույն թուրքը առաջվա պես ցանկանում է միայն մի բան՝ առանց հայի Ղարաբաղ, այն էլ այն Ղարաբաղի, որը միշտ մերն է եղել, եղել է աստվածատուր ու հայկական: Այդ ճանապարհին նա անում է ամեն ինչ, որ հուսահատվենք ու կոտրվենք, թողնենք ու գնանք, սպանվենք ու եղեռնվենք… Էս ամեն ինչը դրա լավագույն արտացոլքն է։

Բաբոն սիրում է հաճախ դուրս գալ, քայլել, ձեռքի հետ էլ մի երկու խանութ մտնել, օրվա պակասը գնել: Այս անգամ էլ, սովորության համաձայն, մտավ խանութներից մեկը, շաքարավազ ու պանիր գնեց: Աշխատակիցներից մեկը, կարծես զգալով ապրանքների մոտալուտ պակասուրդը, հաշվարկելով շաքարավազի ու պանրի դիմաց վճարվելիք գումարը, մի քիչ կարեկցանք արտահայտող, մի քիչ էլ բարի ու ծիծաղախիտ հայացքով բացականչեց.

-Հե՜, բաբո, մի բոթուլ ծեթ յեր կալ, մի պաժկա վերմիշիլ էլ յեր կալ, մի յեղ էլ։

Բաբոն ժպտաց, մտածեց, որ իրականում չափազանցված է այս առաջարկը, որովհետև նա չէր կարծում, որ բլոկադա ասվածը երկար է տևելու, մտածում էր, որ վաղ թե ուշ ճանապարհը կբացվի ու առաջվա պես մթերք կներկրեն՝ ապահովելով ժողովրդի օրվա հացը: Բայց նաև չհրաժարվեց առաջարկված ձեթից ու կարագի փոխարեն էլ ևս մի գլուխ պանիր գնեց, պանիր շատ էր սիրում… Եվ առնելով գնված մթերքը կացարանից բերված կապույտ տոպրակի մեջ՝ դուրս եկավ խանութից: Կացարան վերադառնալու ճանապարհին աշխատակցուհու բառերը մտածելու տեղիք տվեցին՝ իսկ միգուցե այդպես էլ չբացվի ճանապարհը, միգուցե սնունդն այնքան արագ է սպառվում, որ աշխատակցուհին հարկ համարեց նաև իրեն ազդարարել մոտեցող, ավելի ու ավելի իրական ու նյութեղեն դարձող աղետը… «Մունք յոլայնք քինան, ես խոխորցը մասին ում մտածում, ա՜ աստուծ, ծերքդ քաշիս վեչ մըզանա…»,- մտածեց նա՝ անհանգիստ ու արդարությունից խռոված: Բաբոյի մտորումներն էլ ավելի էին խտանում. «Պա հետո՞, հետո՞, տսնաս էս ամեն հինչին վերջ կա, թա չէ… Հինչքան պեն տըսինք, հինչքան պենի մաչավ անց կացինք, բայց արցախցեն էլա փոշ ա թորքեն աշկումը ու միշտ էլ ինան ա…»: Բայց նա իրեն ներհատուկ սառնասրտությունը չէր կորցրել: Շատ-շատերի նման երբեք խուճապի չէր մատնվի, չէր կորցնի իր լավատեսությունը, թերահավատ չէր դառնա լուսավոր գալիքի հանդեպ. «Բիդի տեմ կենանք… Հալբաթ մի լյուս էլ մըզետի կպեցվի…»: Նրան մտահոգող միակ հանգամանքն այն էր, որ իր մի բուռ ժողովուրդն օղակվել է ու հայտնվել պրոկրուստեսյան մահացու մահճում, ուր թշնամին իր ուզած ձևով ոչ միայն վերագծում է իր սեփականությունը համարող տարածքը, այլև ցանկանում է տանջամահ անել, մի նոր եղեռնի ու գաղթի քշել այս հողի իրական հայրենատերներին…

Աշխատակցուհու ահազանգը հետագա մի քանի օրերին իրական դարձավ. խանութները շատ արագ դատարկվեցին առաջին անհրաժեշտության առնելիքներից: Եթե սկզբում դրանք գոնե որոշ չափով բավարարում էին ժողովրդին, հիմա աչքի զարնող կիսադատարկ կամ նույնիսկ դատարկ վիճակում են: Ու այսպես գիշերը ցերեկի հետևից, ցերեկը՝ գիշերի: Օրը փոխվում է, բայց կարծես բարին հետը չի ուզում գալ: Տառապանքի ու զրկանքների վերջը չի երևում: Մի՞թե աշխարհը չի ուզում բացել աչքերն ու տեսնել, որ սա մի նոր ոճիր է, որը պետք է դատապարտվի ու կանխվի: Տեսնում է, շատ լավ է տեսնում, ուղղակի իրեն կույրի տեղ է դնում… Քայլում ես փողոցով ու սիրտդ մթագնում է, ցավում ծովացած հերթերի համար՝ առևտրային կետերի կամ բանկոմատների դիմաց: Մարդիկ հերթ են կանգնում, որովհետև շատերի երեխաները որերոդ օրն է՝ ձու չեն ուտում, պանիր չեն ուտում: Մանկապարտեզներից շատերը փակվել են, որովհետև ուղղակիորեն ունակ չեն ապահովելու համապատասխան պայմանները, որոնք եղել են մինչև շրջափակումը: Դատարկվում են նաև դեղատները, սպառվում՝ առաջին անհրաժեշտության պարագաներն ու միջոցները: Նույնն է նաև սննդամթերքի դեպքում: Բայց ավելի սարսափելին այն է, որ ոմանք բաժանված են իրենց հարազատներից՝ հայրը՝ որդուց, մանուկը՝ ծնողից, եղբայրը՝ քրոջից: Երեխան երկար բաժանումից հետո խռովել է իրեն տեր չկանգնած ու էսօր-էգուց անող ճարահատյալ ծնողից: Ոմանք զրկված են անգամ իրենց հորը կամ մորը, ինչպես հարկն ու կարգն է, հայրենիքում հողին հանձնելու հնարավորությունից… Սա անճարակության անտանելի զգացում է, որից խելագարվել կարելի է միայն։

Ցուրտ, անլույս, անհաց օրերը մայր են մտնում, ծագում՝ ավելի վատթարները, ավելի ճնշողները։

Շրջափակված Արցախի հերթական օրերից էր: է՜հ, մի ամիս է, թե ամսից ավել՝ հաշիվ չկա արդեն: Ցրտաշունչ օր էր, չնայած մի բուռ արև էր սողոսկել ամպերի ճաքերից՝ փոքր-ինչ տաքացնելու ցրտի սառը ճիրաններում հայտնված արցախցուն: Այդ առավոտ բաբոն շուտ արթնացավ, հավաքեց ձյունաճերմակ մազերը, փաթաթեց կարմրավուն շալով ու կիսաբարձր-կիսալուռ մրմնջաց արդեն աղոթք դարձած բառերը՝ օգնիր մեզ, տե՜ր, ու մոտեցավ սառնարանին՝ նախաճաշի համար հանելու պանրի վերջին փոքրիկ կտորը, որը, ինչպես ինքն էր հիշում, մնացել էր երեկվանից: Անցյալի սովորությունները չէին փոխվել նաև ճաշակի հարցում. հին օրերի պես շատ էր սիրում պանրով խմել քաղցր թեյը: Բայց հիշողությունն իրեն դավաճանել էր. երեկ ավարտվել էր նաև պանրի վերջին կտորը, իսկ ինքն արդեն շատ ծեր է, շատ բաներ մոռանում է, դե ի՜նչ արած: Այդպես էլ բաբոն չխմեց իր թեյը, գործեց կիսատ թողած գուլպաները, իսկ ավելի ուշ վերցրեց իր անդավաճան կապույտ տոպրակն ու ճանապարհ բռնեց դեպի մայրաքաղաքի խանութներից մեկը, որտեղ, լսել էր, պանիր են ստացել: Ճանապարհին սուզվեց մտքերի մեջ, մինչև որ նկատեց մի փոքրիկ աղջնակի, ով, ձեռքում սեղմելով քարոտ կիսասֆալտին գրեթե դիպչող ու հետը խոսող հացի տոպրակը, անփույթ շարժումներով տուն էր գնում: Երբ հասավ բաբոյին, աղջիկը ժպտաց, կարծես նաև իրենից շատ գոհ էր, որ տան համար հաց է տանում: Բաբոն մաշված խալաթի գրպանից երկու կոնֆետ հանեց ու գորովանքով մեկնեց դեպի աղջիկը.

-Յեր կալ, բալաս, կօտիս, լա՞վ, մատաղդ ինիմ:

-Տատի՛կ, ապրիք շատ, մինը՝ ինձ, մինն էլ՝ կուճիր ախպերիկիս,- փայլեցին քաղցրաթոթով աղջկա խոշոր աչքերը, ու նա արագ քայլվածքով գնաց՝ տանելու յուրօրինակ ավարը՝ հացն ու եղբոր կոնֆետը:

«Ծո՛ռ աշխարհք, մեր բալեքին ճկատե՞ն ա մինակ կիրած, վեր ստի խեղճ ու կրակ բիդի ինին, լավ մանկություն չբիդի տսնան»,- ակնթարթային վիշտը մի կերպ խեղդելով աչքից կաթած արցունքի մեջ՝ մտածեց բաբոն ու միևնույն ժամանակ ժպտաց, որովհետև աղջնակի ժպիտն ուրիիշ էր, մարգարեական էր, լավատեսություն ներշնչող, լուսավոր գալիքն ավետող, ապրել տվող։

Երբ բաբոն հասավ խանութին, մարդիկ արդեն գրավել էիր իրենց տեղերը խիտ ու երկար հերթերում: Հասավ վերջինն ու լուռ, հանդարտ կանգնեց: Կային մարդիկ, որոնք հրմշտում էին միմյանց՝ հաճախ փաստաբանի ճկունությամբ հիմնավորելով մի քայլ առաջ կանգնելու իրենց կարիքն ու «ճիշտ», օբյեկտիվ լինելը: Բաբոն չէր սիրում նման երևույթները, թեև չէր էլ կարող մեղադրել մարդկանց՝ նման վարքագիծ դրսևորելու համար, չէ՞ որ լավ օրից չեն գոյանում այս բազմամարդ հերթերը: Նա համբերատար սպասում էր իր հերթին՝ քայլ առ քայլ մոտենալով խանութի դռանը, բայց երբ հասավ խանութպան կնոջը՝ գնելու իր հասանելիք պանիրը, այն արդեն սպառվել էր:

-Բաբո՜ ջան, պրծավ է,- նայեց խանութպանը բաբոյին ու, թեև ամենևին էլ մեղավոր չէր, խղճի խայթ զգաց։

Բաբոն լսեց, հասկացավ նրան ու միայն ցածր ձայնով ու մանկան հիշեցնող անմեղ ժպիտով ասաց.

-Ախր, առանց պանրի կարու՜մ չում է։

Կնոջ սիրտն ավելի մորմոքեց.

-Բաբո, վեր էլա ստանանք, քու փայդ պըհըլան ում։

-Վեչինչ, մատաղ, երգիրին խաղաղություն ինի թաքի, ես ջիհանամը։

Խանութպանը միայն անձայն հետևեց բաբոյին, ով դատարկ տոպրակով ու ափսոսանք արտահայտող տխուր աչքերով դուրս եկավ խանութից: Նրա համար այդ տխուր տեսարանի մեջ բաբոն կարծես իր երազանքներից ու բարի ցանկություններից զրկված Այայի երկրի մարմնավորումը լիներ, իսկ ինքը՝ ընդամենն ականատես, որն այդպես էլ չհասցրեց բաբոյի սիրած պանիրը:

Հեռվում նշմարվեց միայն խեղճ բաբոյի՝ ձմեռային պայծառ ու սառը միգին խառնված ուրվագիծը, մի դատարկ տոպրակ, որ մի նոր ճիտին պարտք էր հիշեցնում խանութպան կնոջը, ու խանութի պատերի ներսում զնգացող նվաղ մայրական ձայն, որ հանգիստ չէր տալիս այդ կնոջը. «Ախր, առանց պանրի կարու՜մ չում է»:

Կարեն Մարտիրոսյան

Նկարը՝ Մարատ Գևորգյանի