Այս աշխատանքը ներկայացվել է «Շրջափակված Արցախ» մրցույթին, անգլերեն տարբերակը հրապարակված է The Armenia Weekly պարբերականում
Առաջինը այցելում են Տիգրանի հոր՝ Արմեն Ավետիսյանի շիրիմին։ 2020թ․ պատերազմում է զոհվել:
«Եթե հայրս ֆիզիկապես ներկա լիներ ամուսնանալու թույտվությունը նրանից կստանայի: Կարծում եմ՝ հիմա ժպտում է վերևից»,- ասում է 21-ամյա Տիգրանը,- «Ես վստահ եմ, որ ամենաշատն ինքը կուրախանար, և, մաղթանքներից բացի, շատ խորհուրդներ կտար ինձ»։
Տիգրանը աշխատում է Արցախի Հանրապետության անվտանգության ուժերում և շատ է սպասել սիրելիի հետ ամուսնանալու օրվան: Պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր և եղբոր՝ Նաիրիի հետ միասին էին ճակատում, իսկ հայրը ոչ միայն հայր էր, այլև իր որդիների մարտական ընկերը:
Քրիստեն 21 տարեկան է, երգչուհի է: Ասում է, որ սերը «դժվարության, նեղության և շրջափակման պայմաններում ընտանիք ստեղծելու հաստատակամությունն է»:
Վստահ է, որ աշխարհում միայն սիրո տարածքները հնարավոր չէ շրջափակել, որ իրական սերը պայքարի մեջ է թրծվում, իսկ Արցախն այսօր ազնիվ պայքարի մեջ է: Սերը պայքարին ուժ է փոխանցում, դրա համար նրա գրած երգերը սիրո հավերժության մասին են։ Գրում է Արցախի բարբառով, որպեսզի, ինչպես նա է ասում, պահպանի արցախյան քաղցրահունչ բարբառը:
«Մենք որոշել ենք հարսանիքն անել միայն գրանցումով ու եկեղեցով»,- ասում է Տիգրանը։
Հարսանեկան խնջույք չանելը պայմանավորած է ոչ միայն պատերազմում հորը կորցնելու հետ, այլև այն պատճառով, որ երկու ամիս է Արցախը շրջափակման մեջ է։
Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են «բնապահպանների» քողի տակ թաքնված ադրբեջանցիները, ինչի հետևանքով Արցախի շուրջ 120 000 բնակիչները, ներառյալ՝ 30 000 երեխա մնացել են առանց կենսական անհրաժետության ապրանքերի ու ծառայությունների, այդ թվում՝ ուտելիքի, դեղորայքի, վառելիքի: Այդ իրավիճակը ավելի օրհասական է դարձել Հայաստանից Արցախ հասնող գազատար խողովակի ու էլեկտրաէներգիայի անջատման, հեռախոսային կապի ու համանցացի պարբերական խաթարումներով:
Հարսնացուի ծաղկեփունջն արհեստական է, քանի որ շրջափակման պատճառով Հայաստանից շատ ապրանքերի հետ մեկտեղ նաև թարմ ծաղիկներ Արցախ չի հասնում, իսկ ձմռանը դժվար է ծաղիկներ գտնելը:
«Կյանքը շարունակվում է, և երիտասարդները պետք է ընտանիք կազմեն և շատ երեխաներ ունենան:Ուժեղ երկիրն այն երկիրն է, որն ունի շատ ամուր ընտանիքներ»,- Նորապսակներին ասաց Տեր Մաթևոսը։
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում սիրահարների ամուսնական զույգը ստացավ օրհնությունը:
Ամուսնու մայրը՝ Տատյանա Ավետիսյանը, պատերազմի ժամանակ ամուսնուն կորցնելուց հետո մենակ է մնացել երեք որդիների հետ, և այսօր երջանիկ է, որ ամուսնացունում է որդուն։ Վստահ է, որ իր ամուսինը նույնպես կհամաձայներ այսպիսի արտակարգ իրավաճում որդու ամուսնանալու որոշումը:
«Հարսանիքի պատրաստությունները ինձ շեղել են շրջափակման թեմայից»,- ասում է տիկին Տատյանան,- «Իհարկե շատ դժվար է, որ այս պայմաններում, գրեթե ամեն ինչի բացակայությամբ հարսանիք կազմակերպել, բայց կարևորը որդուս երջանկությունն է»։ Տատյանան հավատում է, որ մյուս որդիներին նույնպես Արցախում է ամուսնացնելու․ այդ էր նպատակի համար էր կյանքը զոհաբերել ամուսնինը և դա էր նրա պատգամը։
Արցախյան ընտանիքի ամրության խորհրդանիշն է «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողը, որ հայտնի է «Տատիկ-Պապիկ» անունով: Ավանդական տարազներ հագած արցախցի տատիկ պապիկը, որոնք կարծես ճեղքել են, դուրս են եկել բլուրից ու ուս-ուսի կագնել՝ պահելով իրենց արմատները հողի մեջ։ Բացի այդ, տատիկը տանիքի է նման ու եթե դնենք պապիկի վրա, տան տեսք կստանանք, այդ պատճառով նորապսակները օրհնություն են ստանում այստեղ:
«Արցախում այսօր մեր հարսանիքն է, իսկ ապագայում այստեղ կլինեն մեր երեխաների ու թոռների հարսանիքերը, և ինչպես «տատիկ պապիկի» արմատներն են հողի մեջ, այնպես էլ մերը կլինի»,- ասում է Տիգրանը՝ հարսնացուի հետ հայացքը հառած «Տատիկ Պապիկին»:
Սիրանուշ Սարգսյան