Այս աշխատանքը ներկայացված է «Շրջափակված Արցախ» մրցույթին

– Հարգելի ուղևորներ, կապեք ամրագոտիները, մեր ինքնաթիռը վայրէջք է կատարում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ազատ Արցախը ողջունում է բոլորին, բարի գալուստ։

Զբոսաշրջիկների խմբի հիացական «օ՜, գուդ, վանդըֆուլ» բացականչություններից Արցախը սթափվեց ու նայեց կողքի նստարանին կուչ եկած կնոջը՝ Շուշիին, որ դեռ խորը քնած էր։ Հետո աչքը գցեց պատուհանին սիրտը ճմլվեց, երկար տարիների բացակայությունից հետո կնոջ հետ վերադառնում էր այնտեղ, ուր անցել էր իր մանկությունը։ Այսօրվա պես հիշում էր 2020 թվի սեպտեմբերի վերջից ռմբակոծվող քաղաքի ապաստարանը, ուր մի կերպ էին հասցրել թաքնվել գիշերով՝ ինքը, տատը, մայրն ու երկու քույրերը։ 

Հայրը զոհվել էր նոյեմբերի սկզբին՝ Շուշիում, տատը չդիմացավ որդու կորստի ցավին, տարին չլրացած՝ քնեց ու չարթնացավ, քնեց աչքերը բաց։ Մառախլապատ օրվա պես տխուր այն աչքերից արցունքի երկու առվակ այտերին այդպես էր հիշում այն տխուր առավոտը, երբ արթնացան ու տատիկի սենյակը վազեցին, բայց բաբոն գնացել էր երկինք՝ իր մինուճար Հայասեր բալայի մոտ:

Իրար ձեռք բռնած իջան օդանավից, ուղեբեռը ստացան ու նստեցին առաջին պատահած տաքսին։ Պատուհանից նայում էր փողոցներին, շենքերին, փորձում հիշել՝ ինչը ինչպես էր նախկինում, երբ ինքը դեռ դպրոցական էր ահա հացի խանութը, կողքի բացօթյա խորտկարանը, ուր ընկերներով գալիս էին ժինգյալով հաց ուտելու: 

Շուշին նայում էր ամուսնուն,  պատուհանից երևացող տեսարանները նրա սրտում նույն հույզերը չէին առաջացնում նա այստեղ չէր ծնվել, նա չէր տեսել ոչ պատերազմը, ոչ ավերված շենքերը, նա չէր տեսել Շուշին՝ ադրբեջանական տառերով պղծված, Ղազանչեցոցը՝ քարուքանդ։ Ի՞նչ իմանար՝ ինչ համ ուներ էն անտառներից քաղած հոնը, մոշը, որ ներկում էր մատներն ու շուրթերը, հագուստը, և տատը սև սապոնով այնքան էր տրորում, մինչև շապիկը ծակվում էր: Արցախը փակեց աչքերն ու քիմքին զգաց մանկության անուշ բույրերը:

-Ա՛ր, տխրեցի՞ր։ Ուրախացի, մի քանի րոպեից մամային պիտի տեսնենք, քույրերիդ, էն անուշ ձագուկներին: Հուզվում եմ շատ, Արս, ախր այլ բան է տեսակապով զրուցելը, այլ է իրական կյանքում ծանոթանալը: Շատ եմ հուզվում, – ասաց կինն ու ամուր սեղմեց բժիշկ ամուսնու ձեռքը։ Արցախը նայեց Շուշիի պարզ հայացքին ու ոչինչ չասաց։

Տասնհինգ տարի ճիշտ այդքան ժամանակ է անցել այն օրից, երբ բժշկական համալսարանի դրսեկության ծրագրով առաջին կուրսեցի Արցախ Հայասերի Հաղթոյանը մեկնեց Շվեյցարիա։ Գնաց ու գնաց:

Տարիները գլորվեցին, համալսարանն ավարտեց, անցավ աշխատանքի, հետո գիշեր-ցերեկ աշխատեց, տան տեր դարձավ, հանդիպեց Շուշիին, ամուսնացավ։ Ոչ մի կերպ չէր ստացվում երկրից դուրս գալ, բայց թեթևացնում էր Արցախում ապրող մոր ու քույրերի հոգսերը։ 

Մայրն այդպես էլ անդրդվելի մնաց, չհամաձայնեց երկրից գնալ։ Ինքը խոստացել էր հոր շիրիմի մոտ, որ մի օր հետ է գալու ու էլ երբեք չգնա։

Պատմական դառը օրերով անցավ հայրենիքը, ինչեր ասես չտեսան մարդիկ շրջափակում, պարենային ճգնաժամ, մութ ու ցուրտ, անլույս ու անհաց օրեր։ Էն ժամանակ մայրիկից հեռու ապրել էր իր կյանքի ամենատխուր օրերը, երբ դեկտեմբերին եկել էր Երևան՝ ռոբոտաշինության մրցույթին ու հետո թշնամին փակել էր Կյանքի ճանապարհը, արդեն չի հիշում՝ քանի օր էր հեռու մնացել մորից ու քույրերից, բայց ցրտում վառվող խարույկի պես տաք էր այն գրկախառնությունը, երբ Կարմիր խաչի մեքենաներով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, մի կերպ հետ եկան Ստեփանակերտ ու փարվեցին իրար։

Հետո կյանքը սահեց էն երգի նման՝ ձախորդ օրերը կուգան ու կերթան։ Ինքն արդեն Շվեյցարիա, երբ սկսվեց ազատագրական պայքար, էլի մի պատերազմ, հերթով ընկան թշնամու հենակետերը Քարվաճառում, Ջերմուկում, Վարդենիսում ու հայությունը ամրագրեց Արցախի ու Հայաստանի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, հայոց Շուշիի երկնամերձ բարձունքում նորից ծածանվեց հայոց եռագույնը։ 

Այս ամենին Արցախը հետևել էր շունչը պահած, օտարալեզու լրատվականների հեռարձակումներն ու կայքերի լրահոսը անդադար թերթելով։ Անքուն գիշերները պարապելիս, երբ աչքերն այլևս չէին դիմանում մասնագիտական տեքստերի անվերջանալի շարաններին, բացում էր ու կարդում, սիրտը լցվում էր հպարտությամբ, բերկրանքով ամեն մի նոր ավետիսի հետ թերթերը գրել էին, որ գարնան սկզբին հայկական զորքերը ազատագրել են Շուշին, մարդիկ ցնծության մեջ էին, ինքը Շվեյցարիայի հեռուներից՝ հանրակացարանի փոքրիկ սենյակում, ձեռքը բռունցք է արել, ու սիրտը պայթում է ուրախությունից։ Ի՜նչ օրեր էին, ի՜նչ օրեր․․․

Մեքենան կանգ առավ հարազատ տան մոտ, դողդոջուն մատներով դիպավ դարպասի բռնակին, հրեց ու ներս մտավ։ Իր սիրուն նռնենիները բերքի ծանրության տակ խոնարհ շարվել էին կողք կողքի։ Ճաքած նռներըն ասես իր կարոտի խտացումը լինեին, կարմիր հատիկները արցունքի պես ուր որ է՝ պիտի կաթեին հողին։ Հոր բահը՝ մաշված կոթով, հենած էր ցանկապատին։ Թվաց՝ ոչ մի օր չի բացակայել այդ բակից, և ահա դուռը պիտի բացվի, հայրը ոտաբոբիկ պիտի անցնի մարգերով, հսկա ձեռքերով բռնի բահի կոթից ու փխրեցնի հողը, ծխախոտը բերանի մի անկյունում պահած՝ քթի տակ դնդնա՝ հո՜, հորովել, հորի-լորի, հորովե՜լ․․․

-Վա՜յ, իմ աչքի լույս բալաս, ցավդ տանիմ, իմ Արցախ բալաս,- տան դուռը բացվեց և մայրը վազելով եկավ, փարվեց որդուն, երկուսով վերացան աշխարհից, դարձան կարոտի ամպ, որ սպասում էր պարպվելուն։

Իրար հետևից դուրս վազեցին  քույրերն ու նրանց երեխաները՝ իրար հերթ չտալով, թե ով պիտի առաջինը գրկի Արցախին։

Շուշին նայում էր նրանց ու հազիվ էր զսպում հույզերը։ Հետո տուն մտան, մայրն ու քույրերը հերթով համբուրում էին հարսին, տարատեսակ խորտիկներով լեցուն սեղանից ամենալավ կտորները դնում նրա ափսեն ու հիացած նայում։

Քեռուն վերջապես գերի վերցրած երեխեքը իրար հերթ չէին տալիս իրենց հարցերով, Արցախը չէր հասցնում պատասխանել, քոթոթներին գրկում էր ու գլորվում գորգին։ 

Այդպես հայրն էր խաղում իրենց հետ։ Պատերազմ չլիներ, պապը հիմա թոռների հետ այդպես կխաղար։ Պատերազմները քանի քանի սերունդ քար դարձրին, հողը տնքում էր ցավից, անվերջ բացում էր իր գիրկն ու զինվորներին առնում իր մեջ, հողից ցավ էր ծաղկում էն օրերին։ Ասում էին՝ էն ձմեռներն անձյուն էին, ձյուն  չկար, անձրև էլ չկար, որովհետև տղերքի կորստի ցավից երկինքն էլ էր քարացել, ցամաքել էր երկնքի սիրտը, խռովել էր։ Ի՜նչ օրեր էին, ի՜նչ օրեր․․․

Ճաշից հետո միասին դուրս եկան, քայլեցին մոտակա ծաղկի սրահը։
Արցախը մի մեծ փունջ վարդ վերցրեց, մեքենա նստեցին, իջան զինվորական պանթեոնի մոտ։ Լուռ անցան անմահացած քաջերի շիրիմների շարքերով, հասան շիրմաքարից ժպտում է հավերժ քառասուն տարեկան հայրը ՝ Հայասեր Արցախի Հաղթոյանը 1980-2020։

Ծաղիկները խոնարհեցին հոր շիրիմին։ Արցախը մրմնջում էր՝ կներես, հայր, որ ուշացա, եկել եմ, էլ չեմ գնալու, երազանքդ կատարված է՝ Արցախը ծաղկում է։

Խաղաղ, արևաբույր իջավ Արցախի սիրուն երեկոն, մայրամուտը ներկեց հորիզոնը սիրուն երանգներով, Շուշին հիացած նայում էր այդ տեսարանին

-Իմ կյանքում տեսած  ամենասիրուն մայրամուտն է սա, սիրելիս, երանի նկարիչ լինեի, այս կտավը հանճարեղ կլիներ՝ Արցախի մայրամուտը։

Արցախը ժպտաց ու թիկնեց ծառին։

Մայրն ու քույրերը թեյի սեղանն էին պատրաստում։ Նստեցին միասին, մայրը բերեց ընտանեկան լուսանկարների մի հաստափոր ալբոմ։

– Մամ, լավ էլի, Շուշին հիմա կզարմանա, ախր էդ ալբոմներն արդեն վաղուց պատմության գիրկն են անցել,- ծիծաղեց Արցախի մեծ քույրը, որ ժամանակից շուտ էր ճերմակել, բայց հանուն մոր ու երեխաների միշտ փորձում էր ժպիտը դեմքին պահել։ 

Արցախը նայեց իր սիրուն քրոջը, որ այդքան երիտասարդ, բայց կքած էր վշտի բեռան տակ ամուսինն ընկել էր Շուշին վերջնականապես ազատագրելու օրերին։ Երբ փորձում էին մխիթարել, ասում էր՝ ես մի մխիթարանք ունեմ ինձ նմանները վերջինն են, որ պատերազմ են տեսել ու կորցրել ամենաթանկերին, էլ չի լինելու, փառք Աստծու։

– Բալաս, սա մեր կյանքի պատմությունն է, չեմ կարող հենց այնպես  հրաժարվել դրանից, ես էլ սրանով եմ ապրում,- ասաց մայրն ու ալբոմը սեղմեց կրծքին։

Շուշին վերցրեց կաշեպատ կազմով ալբոմն ու սկսեց թերթել,  հանկարծ էջերից խունացած թղթի կտորներ թափվեցին։ Հավաքեց, կարդաց կարմրավուն թղթիկի գրությունը

«Արցախի Հանրապետություն

Օպերատիվ շտաբ

20,01-03,02,2023 

Շաքարավազ 

0,5 կգ

Արցախի հանրապետությունում սնունդ գնելու կտրոն»:

Հետո նայեց կանաչ, կապույտ, նարնջագույն թղթիկները՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, ձեթ։

Ձեռքերը դողացին։

– Հայաստան մայրիկ, սա ի՞նչ է։

Արցախի մայրը հայացքը հառեց հեռուն, մտովի հետ գնաց, վերցրեց կտրոններն ու հառաչելով ասաց

– Աղջիկս, այսպիսի օրեր թող ոչ մեկը չտեսնե։ Էսքան տարիներ են գլորվել, բայց ամեն օր, երբ հաց եմ դնում սեղանին, հիշում եմ՝ ինչ օրեր տեսանք, էս կտրոնները մեր ուժի, համբերության, մեր կամքի, տո մեր անմահության վկան են, Շուշի բալաս։ Մունք  հաղթեցինք էդ օրերին, մեզ կարացին վեչ հաղթին։ Թեյդ խմե, սառչում ա, բալաս, մենք տեսանք,  վերապրեցինք, դուք տեսնեք վեչ, հեչ մինը տեսնի վեչ։

-Քեռի, այ քեռի, օզումը՞ս հանելուկ ասիմ։

-Ասա,- ծիծաղեց Արցախը։

– Էն հի՞նչնա, հի՞նչնա կա՝ լյացա, կավեչ՝ լյացա։

Շուշին չկարողացավ գուշակել։

-Էհ, բալաս,- ասաց մայրը,- էն օրերին բանջարեղեն չկար, հումորի էինք տալիս, որ լացին հաղթեինք։ Սոխ չկար, կարտոշկա չկար, ոչ մի բան չկար, մենակ հույսն էր պահում։

-Շուշի ջան, բա չե՞ս իմացել, մեր Արցախն էլ էր անեկդոտի թեմա դառել,- միջամտեց Արցախի փոքր քույրը, մայրը հիշեց այդ պատմությունն ու սկսեց ծիծաղել,- լսի ուրեմն, էս Արցախը որ գնաց Շվեյցարիա սովորելու, մի օր հարևանուհին հարցրել էր՝ Հայաստան, խոխան շտե՞ղ ա, կարոտում ենք է, մաման մտքերով տարված՝ կեսբերան ասել էր՝ Արցախը Շվեյցարիա է, միամիտ կինը չէր հասկացել, նեղացել էր մամայից, թե ՝ Շվեյցարիան կլոխը պատովնա տվե, հա բա, մեր Արցախը մըզ հետի համ Շվեյցարիա է, համ Լապլանդիա, տո վեր օզումըս, համ էլ Դրախտ։ Բա, Շուշի ջան, տի պեներ։

-Քեռի, էն երգն էլ քո մասին ա չէ՞, էն որ ասում ա՝ Արցախ, ցավտ տանիմ։
– Ըհը, էտ մեր բոլորի մասին ա,- ծիծաղեց Արցախը։
– Ես էլ մի  անեկդոտ հիշեցի, – Արամի վզովն ընկավ տղաներից մեկը,- բաբոն ասում ա՝ էն ժամանակներում որ կարտոշկա չկար, սենց բաներ էին պատմում կարտոշկան խաչմերուկումը պըտահումա վեսկուն,ասումա՝ լյա՞վըս, դիշովկա։

Բոլորը մի կուշտ ծիծաղեցին։

-Բա, բալաս, տի պեներ,- ասաց Արցախի մայրը ՝ խունացած կտրոնները խնամքով ծրարի մեջ տեղավորելով,- մեզ կարինվեչ հաղթին, դե վեր կացեք, վեր, ուշ է, քնեցեք, իմ ջիգյար բալաներ։ էհ, Աստուծ, տու ուժ  տաս լոխճին։ Հիշեցեք, մունք ուժեղ ենք, մեզ կարանվեչ հաղթին։ 

Մարինա Գրիգորյան

Նկարը՝ Նանե Դավթյանի