Արցախ. Շրջափակում 

Օր 1

Հույսը աղավնու թևերին

Բոլորս նայում ենք հեռուն,

Ուր արևի ճառագայթների հետ կռվող

Մանուկներ են ծնվում։

 

Օր 2-3-4-5

Դեկտեմբերյան արև,

Շախմատիստներին չենք հուշում

ՍտեփանակերտԳորիս ճանապարհին

Թրքական ..-ը պատնեշ է հայի և հայի միջև

 

Օր 6

Սառն են օրերը,

Գազը վերականգնվում է,

Շրջափակված ենք,

Ես 120 000-րդ անձն եմ, ում

Սպառնում է լինել

Հերթական մորթվող,

ցեղասպանվող սերնդի հայը:

Ես 120 000-րդ անձն եմ, ում

Հայրենիքում փորձում են զրկել հայրենիքից..

Թուրքը գոռում է 

«պահպանիր քո բնությունը, պահպանիր քո կյանքը»

Եվ բնական իրավունքները գերության մեջ են,

Խնամքով անջատում ենք գովազդի լույսերը՝

Պահպանենք էներգիան,

Կարտոֆիլի կեսը ստվարաթղթի մեջ փաթաթված սառնարանում է՝

Պահպանենք սնունդը,

Կրճատում ենք տեղաշարժերը

խնայենք վառելիքը,

մեքենաները ածխաթթու գազ չեն արտանետում՝

պահպանում ենք բնությունը․․․

Ադրբեջանցի ցուցարարի ձեռքին 

Սպանվում է բարության աղավնին

 

Օր 7

Հանգստանում ենք,

Լուրեր չենք նայում,

Խանութների նոսր ապրանքներից չենք գնում՝

մեծահոգի պետք է լինել,

Աղոթում ենք, որ

Ներվի չաղոթված տարիները

 

Օր 8-9-10-11

Գերված ու հոշոտված հայրենիքում ենք,

Ծեր ու մանուկ 

Քննարկում են ալիևի խորամանկ մտքերը,

Աշխարհի անգործողություն հայտարարությունները,

Նոր ընտանիքներ են օրհնվում Արցախի եկեղեցիներում,

Հիսուս Քրիստոսը ներկա է:

 

Օր 12-13

Պատմական հող

Քաղաքացի

Իրավունք

Քաղաքականություն 

Արցախցի մանուկՄենք արցախցի ենք

Արցախցի դպրոցականՄենք ապրել ենք ուզում

Արցախցի ուսանողկույր մի եղիր, աշխարհ

Արցախցի մայրիմ երեխային վերադարձրեք

Արցախցի, Արցախցի, Արցախցի, Արցախցի

Բացեք կյանքի ճանապարհը

Դավաճանները ներկա են

Ամենուր դատարկ արկղեր են՝ սննդի, դեղորայքի

Եվ այս ամենը շարունակ Էլի

 

Օր 14

Շրջափակումը դեռ շնչում է 

Ամանորը փայլում է 30 000 երեխաների աչքերում,

Ձմեռ Պապիկին ուղղված նամակներում 

Չտեսնված,

չնվիրվող 

նվեր են պահանջում՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

 

Օր 15

Հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Մինչև ելույթները ստուգում եմ մատյանս.

– Տերոռ

– ներկա

– Հումանիտար ճգնաժամ

– ներկա

– Բանակցություն

– բացակա

– Հետհաշվարկ

– ներկա

– Հումանիտար օգնություն 

– բացակա

– ասաց կուշանա՝ հարգելի

– ժողովուրդս

– ներկա… և բացակա

Լուռ ու զգաստ շնչում ենք 

Մեր անշնչացած բացակաների փոխարեն,

Նրանց աչքերը բացվում են մեր կոպերի տակ

Նրանք դժգոհ են, նրանք զայրացած

… 

 

Օր 16-17-18-19-20

պարենային ապրանքների

դեղորայքի,  

բենզինի և դիզելային վառելիքի

 էներգամատակարարման

ջրամատակարարման

խնդիրներ են քննարկման սեղաններին..

փողոցներում անհանգստություն

ու անկարողությունն է շրջում:

Ծանր հիվավանդները 

Կարմիր խաչի և ադրբեջանական տեսախցիկների

Ուղեկցությամբ 

Հատում են Արցախի անգիծ սահմանները:

Մահվան թիրախում գյուղացիներն են…

 

Օր 21

2022-ն՝ իր դիմումի համաձայն ազատվում է,

2023-ը

1 տարի ժամկետով պաշտոնի է նշանակվում

Հունվարի 1-ից…

Օրերը չեն բացվում

Տոները չեն սկսվում

 

Օր 22-29

Ոչ աշխատանքային

Ոչ տոնական

Ոչ ընկերական

Ոչ անձնական

Օրեր…

Ամենօրյա վիտամին գնող մայրը

Սարսուռ է ապրում.

Որդին ամենժամյա պայքար է 

Մղում անգամ 

Թերի կյանքի համար.

«մա՛մ, մա՛մ, մի քանի օր էլ կյանքս երկարեց»։

 

Օր 30

Փակվում է մանկապարտեզը,

Դպրոցն ու համալսարանն էլ կփակվեն,

Խոհարար

Շինարար

Հանքափոր 

Մատուցող

Վարորդ

Վաճառող

Անաշխատանք մնացած մասնագիտություններին

Կգումարվեն նաև 

Անչափահասների մայրիկները

Ազերի թաթերը 

Մեզ ամուր սեղմել ու խեղդում են

Ինչպես զգեստներին ենք քամում՝

պարան բարձրացնելուց առաջ։

 

Օր 31

Շրջափակումն անխնա 

Խժռում է ամսացույցի օրերը,

Չենք տխրում,

Բայց չենք կարողանում ուրախ լինել։

320-րդ օրն է Եվրոպան և Ուկրաինան 

Խուսափում են ռուսական ապտակներից,

Համաշխարհային շնորհակալության օրն է,

Ես շարունակում եմ փնտրել 

Վերջը…

 

Օր 32 

Աշխարհի հորդորները

Նմանվում են տատիկիս խորհուրդներին

Որքան էլ իմաստուն էին,

Մանկական չարաճիճիությունս 

խանգարում էր կատարել դրանք։

քաղաքակրթությունը նժարի վրա 

զիջում է…

 Նորագույն պատմությունը՝ երկիր մոլորակից 

Դեպքերը՝ երևակայությունից 

ծանր են կշռում։

Բաքուն խնամում է

էլեկտրական գծի վթարը

փակ գազատարը

բաքվի «բնապահպան»-ները 

փոխարինվում են զինյալ խմբերով՝

նրանք հակասառը հագուստ ունեն։

 

Օր 33

Արցախն առանց ստուգումների

Ստուգում է ներքին ռեսուրսները

Ջերմոցային տնտեսության,

Այգիների, 

Հիդրոէլեկտրակայանների,

Պարեն-պահուստների 

Վրա վատնած միլիարդները 

Քառանիվներ են խղճուկ ասֆալտների վրա,

Քառապատեր են ճոխ հողակտորների վրա,

Արդյունավետ ցորեն ու արևածաղիկ… 

2000-ականներում ժողովրդի աղաղակները 

Բամբասանքի մականուն էին տալիս 

և աղբաղրկղ նետում ճշմարտությունը:

 

Օր 34-40

Դեղին ձեթ

Կապույտ մակարոնեղեն

Նարնջագույն հնդկաձավար

Կանաչ բրինձ

Կարմիր շաքար

Սահմանափակվեց նաև գնումների քանակը։

Սառնարանի անկյունում 

Գտնված երշիկը 

Էկզոտիկ ուտեստ է փոքրերի համար՝ 

Երշիկը կիսում եմ բազմաթիվ մասերի

Շատերին եմ սիրում․․․

 

Օր 41-42-43-44

Երեք փողոցներ մեքենաների 

Շարասյուն է,

Նրանք անշտապ սպասում են

Գազի լիցքավորման,

Միակ վառելիքն է այս պահին, 

Հերթերն ավելանում են

Վարորդները գիշերում են

Սառը, մութ փողոցներում…

Մեր մասին խոսում են 

Աշխարհի բազում լեզուներով,

Երեխաների բակային խաղը 

Ապաշրջափակման ծրագրերի քննարկում է…

Բոլորը սպասում են 

Դրա ոչնչացմանը…

 

Օր-45-46-47-48

Խանութներում հայտնվում են

Ծխախոտ, քաղցրավենիք, սուրճ..․

Վերադառնում են 

Ընկերական երեկոները մեկ գավաթ սուրճով

Կրակի հետ խաղացող 

Փայտերի ջերմությունը

Անտառային հոտեր է տարածում,

Առանց ռազմական գործողությունների

Մասսայական գերություն

և հարազատ ազատություն,

գուցե՞ տիեզերքից այս 

պատկերը 

նկարչական նոր ուղղության սկիզբ կլինի,

փոքրացել է շղթան իրականի

ջերմ է ձմեռը…

ես ամենքից թաքուն երջանկանում եմ։

 

Օր 49

Ստեփանակերտում

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Ուսուցիչներ, ծնողներ հանդիպում են 

Նշանակված կարևոր պաշտոնյայի հետ

Բոլորս լսում ենք 

Որքան բրինձ ու մակարոնեղեն,

Ձեթ ու նորույթ՝ գազար է 

Վաճառվում մեզ,

Ինչպես ենք լուռ դիմանում, 

Ինչպես են նրանք քրտնաջան աշխատում,

Առանց աշխատանքի մնացածները

Պետական հոգածության ներքո կլինեն,

Սովորողն առանց դպրոց էլ կսովորի,

 

Օր 50

Բացվում են դպրոցները

ՀԱԱԳԱ-յի միջազգային դատարանում քննվում է 

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը

Խանութների քաղցրավենիքը 

Տներից, աշխատասենյակներից ձգում 

Հերթերի մեջ է կանգնեցնում քաղցր չուտողներին։

 

Օր 51

Փետրվար ամիսը

ևս չփրկեց իրավիճակը

որքան մոտենում ենք 

գարնանը,

նույնքան տանելի են դառնում 

հոսանքի գիշերային անջատումները…

զանգերը 

հաղորդումներ են

խանութներում առկա ապրանքների…

անձնական կապերը 

շուկայական հարաբերություններ են,

հերթերի ժամերը խնայելու միջոց։

Ի՞նչ կանեինք այս օրերին, եթե

Շրջափակում չլիներ,

Գուցե՞

Կձանձրանայի։

 

Օր 52

Ներքին անհաշտ 

Երբեմն անտարբեր

Քաղաքականությամբ

Ամեն

Օր

Ամեն 

Ժամ

Հովհարային 

Սպասումներով

Խստիվ պահպանում ենք 

Լույսի, մթերքիների, մրգերի 

Գրաֆիկները։

 Ճանապարհի բացվելու լուրը

Սուրբ Սարգսի տոնի

Բլիթի աղիություն է,

Ջուր առաջարկող չունի,

Մենք տանն ենք մնում։

Բարձ եկամուտի սպասում է,

Սուրբ Ղազար կղզու տոմս չի գնվում,

Մենք տանն ենք մնում։

Տարածաշրջանային հարց է

Խաղաղապահներ ունենք,

Եվրոպան չի խառնվում, 

Մենք տանն ենք մնում…

 

Արցախի բլոկադան 67 օրական է

Օր 79

Ձմռան վերջին օրը

Գարնանածին պոետը 

Լքում է երկիրը

Կիսատ

Արձակվել են քամու ձիերը

Թաղմանը հաջորդող օրը

82-ամյա բլոկադան մշուշով է պատում

Ստեփանակերտը 

Որ մարդիկ չտեսնեն

Ծառերի լացը

Թռչունների 

Ծաղիկների սուգը

Ձիերի խոնարհումը նրա

Հողաշատ շիրմին…

 

Օր 84

Մենարանի ուխտավորը

Հարմարվում է նոր՝ երկնային

Տարածությանը և

Նահատակ ջահելներին

Պատմում է, գուցե,

Մեր տխրության 

Եվ զորավոր մեղքերի մասին։

Երևի հանդիպում է

Գարնանացան տրակտորիստին՝ 

Գնդակահարված 

Ռուս խաղաղապահի հայացքի ներքո,

Ջրագիծ վերանորոգող 22-ամյա տղային՝

Մորթված թուրքական դանակով

Եվ ահա, երկնային զրույցն ընդհատում են

Երեք ոստիկաններ՝

Տեսախցիկների առջև

Թշնամու գնդակներից մաղված

Լռում է երկինքը

Լռում է երկիրը։

 

Օր 85

Արցախում դիմադրության կոչեր են

Սեղմում են կոկորդներս 

Սեղմում են երկիրը

Արնոտ է ճանապարհը

Արյուն է արցունքները։

Սոնա Համբարձումյան

Նկարազարդումը՝ Նարե Նավասարդյանի