Ազատը ծնվել, հասակ առել ու ապրում է Ստեփանակերտում։ 32 տարեկան է. «Կրծքի երեխա՝ ապրել եմ պայքարող Արցախում, երեխա ժամանակ՝ հաղթած Արցախում, պատանի ժամանակ՝ ծաղկող Արցախում, իսկ հիմա ապրում եմ մոռացության մատնված, սակայն դարձյալ պայքար, ծաղկում ու հաղթանակ կամեցող Արցախում»։

Հաճախել է երաժշտական դպրոց, հետո՝ ուսումնարան, զուգահեռ սկսել է նվագել Պետական կամերային նվագախմբում՝ որպես ջութակահար, իսկ հետո տեղափոխվել ալտի բաժին. «Մարդիկ իմ հիմիկվա ապրելակերպը տեսնելով՝ չեն հավատում, որ ես մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ…»։

2 տարի առաջ է ամուսնացել, կինը նույնպես Ստեփանակերտից է։ Գրիգորին Ազատի ու Աննայի դեռևս միակ որդին է, «բայց ես 7 որդի եմ ուզում, կինս դեմ չի արդեն»։

Ֆեյսբուքի էջումդ լուսանկարի մակագրություն ես արել՝ «Ես ու ինձ պարզերես անողները». համոզված եմ, որ նկարում քո կինն ու զավակն են, և մեծ բան է, երբ ընտանիքդ քեզ պարզերես է անում. ինչո՞վ, կասե՞ս, մենք էլ սովորենք։

– Իմ որդուն 5 ամսականից ինձ հետ տանում եմ կրակային պարապմունքների։ Նա ինձ պարզերես է անում, երբ կրակոցից չի վախենում, ինքնաձիգն էլ տեսնելուց միանգամից ասում է տա՛-տա՛-տա՛…Կինս էլ, քանի որ նույնպես զենքից ու պատերազմից չի վախենում, էդպես է ինձ պարզերես անում. շատ կարևոր բան է, երբ պատերազմն անխուսափելի է։

Արցախում ձեր շարժումը կոչվում է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը». ախր, ինչու՞«էթնիկ զտում», ես օրինակ, էթնիկ զտումը հասկանում եմ այլ էթնոսի պետության տարածքում, գուցե՝ «Պաշտպանենք Արցախի ինքնորոշո՞ւմը» շարժում, կամ նման մի այլ բան։ 

– Այդ շարժման կազմակերպիչներն իմ մտերիմներն են, ցավոք, զբաղվածության պատճառով չկարողացա իմ չափով օգտակար լինել նրանց, սակայն համամիտ եմ նրանց առաջարկած ամեն մի կետի հետ։ Հիմա տարածաշրջանում թելադրողը բնավ հայերը չեն, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մեկի ձեռքով կարող է ստորագրվել, որ Արցախը հայերինը չէ, ու այդ ամենից հետո կսկսվի Արցախի էթնիկ զտումը, և ես վստահեցնում եմ, որ մեր թշնամիները երբեք մեզ հետ հաշտ ու համերաշխ չեն ապրելու։ Ասեմ ավելին, միշտ ցանկանալու են իսպառ վերացնել Հայաստան աշխարհը՝ իր բոլոր մարզերով, քաղաքներով, գյուղերով, տներով, մարդկանցով ու վերջում նաև՝ գերեզմաններով։ Մեր ցանկացած թերի կատարված աշխատանք կարող է հանգեցնել հայերի էթնիկ զտմանը, իսկ ովքեր ասում են, որ դա հնարավոր չէ, ձեզ համար հանգիստ ապրեք՝ նման մարդկանց պատճառով 100 տարի առաջ մեկ ու կես միլիոն հայ ցեղասպանվեց։ Արցախի ինքնորոշման համար պայքարը միշտ եղել է, կա ու կլինի, մեր թշնամին էլ մեզանից լավ գիտի դրա մասին։

– Հայաստանցիներիցս ի՞նչ ակնկալիք ունես ձեր այս վիճակը մեղմացնելու համար։

– Մենք էլ ենք հայաստանցի, և ինչ որ անեք Բերձորից այդ կողմ գտնվող հայերի համար, նույնն էլ արեք այս կողմում գտնվող հայերի համար, մեր-ձեր չկա՛, նպատակը մեկն է՝ ապրել արժանապատիվ, սակայն, ցավոք, որոշ հայրենակիցներ տարակարծիք են մեզ հետ։

Ակն ընդ ական վավերագրողների համայնքի այս մրցույթը՝ «Շրջափակված Արցախ», որևէ բանով օգնել, օգնու՞մ է ձեզ։ Արվեստը կարո՞ղ է նպաստել ապաշրջափակմանը։

– Մշակույթի շնորհիվ մենք կարող ենք մեր խնդիրները հասցնել արվեստագետներին, արվեստը գնահատողներին, մեզ բարին կամեցողներին։ Ապաշրջափակման միակ տարբերակը ուժ գործադրելն է թշնամու նկատմամբ. եթե հիմա ֆիզիկական և ռազմական ուժ գործադրելու այդքան շատ հնարավորություններ էլ չունենք, ապա պետք է աշխատենք այդ ուղղությամբ, օգտագործենք աշխարհի հետ հաղորդակցվելու նոր գործիքներ, որոնցից մեկը նաև մշակույթն է։

– Դժվարությունները մշակույթի համար տեղ թողնու՞մ են։

– Թողնում են, բայց ո՜նց եմ կարոտում այն ազատ օրերին, երբ դժվարությունները չկային։ Մեկ էլ մտածում եմ, որ բլոկադան կարող է ավելի շատ դրական արդյունքներ բերել, քան բացասական։ Օրինակ՝ հիմա մարդիկ սկսել են 15-20 տարի աչքաթող արած իրենց այգիները մշակել, ծառ տնկել… Տեղ կա, որ թոնիր էլ են օգտագործում, ու դա շատ լավ է։ Երբ ես փոքր էի, մայրս ասում էր, որ մի օր, երբ գազերը տան, ծորակը կբացենք, ու միանգամից տաք ջուր կգա։ Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ են գազերը տալու, որ այդ պահը տեսնենք։ Մի քանի տարի անց գազը եկավ, և ամբողջ թաղի մարդիկ օգնում էին գազի խողովակը միացնող վարպետներին, որպեսզի հնարավորինս շուտ սկսեինք օգտվել գազից։ Ու երբ առաջին անգամ տաք ջրի ծորակը բացվեց, դա մեզ համար մի ամբողջ պերֆորմանս էր, հիմա ես ինչի՞ց պիտի նեղվեմ, երբ արդեն հասցրել եմ հա՛մ գազը տեսնել, հա՛մ տաք ջուրը, հա՛մ էլ գազի կրկնակի անջատումը։ Դրանք ինձ այլևս էլ չեն հուզում, ես ունեմ ավելի լուրջ խնդիրներ, որոնք առաջնահերթ են հայրենիքի փրկության համար։

– «Լույս չկա՝ պետք չի, մեր լույսը ինքն ա». սա վերնագիրն է մրցույթին ներկայացրած քո գործերից մեկի։ Որդիդ է լուսանկարում, կարծում եմ։ Ծնողների լույսը զավակներն են, երկրի լույսը՝ ջահելները, բայց զավակներին, ջահելներին բառիս բուն իմաստով էլ է լույս պետք. ո՞նց անենք։ Կներե՛ս այդ պայծառ գաղափարդ նյութեղեն դարձնելու համար, բայց ես սա ասում եմ որպես հայաստանյան ցուրտ ու անլույս տարիներին այդպիսի երկու լույս պահած ու էդ անլույս ծանր վիճակը շատ լավ հասկացող մայր։

Լույս չկա, պետք էլ չի, մեր լույսը ինքն ա

– Ես մի քիչ դժվարանում եմ ասել՝ ուրախ եմ, որ դուք այդ մութ ու ցուրտ տարիներին երկու լույս եք մեծացրել, սակայն կասեմ, ես հպարտ եմ, որ հիմա իմ մտքերով կիսվում եմ մեկի հետ, ով իր մաշկի վրա է զգացել, թե ինչ է դժվարությունը, զգացել ու հաղթահարել է այն։ Ես ուրախ եմ միայն նրա համար, որ անհրաժեշտություն չկա ձեզ բացատրելու, թե ինչպես  է հնարավոր հաղթահարել այդ դժվարությունները։ Կարո՞ղ եք համեմատել այն օրերի դժվարությունները այսօրվանի հետ, բնականաբար, ո՛չ։ Այն ժամանակ շատ դժվար էր. պապս օրը մի քանի անգամ սայլակի վրա ջուր էր բերում, որ մեզ լողացնեն, թեյ ու հաց պատրաստեն, հիմա ավելի հեշտ է նման բաները հաղթահարելը։ Լույս, ջուր, գազ չկար, ապրել ենք հաղթանակի հույսով։ Ես նկուղում եմ մեծացել, ռմբակոծության ձայներից եմ զարթնել. քանի՜ անգամ են մեծահասակ մարդիկ ռմբակոծության ձայնը լսելուց հետո ինձ ու մնացած երեխաներին մտցրել մահճակալի տակ ու վրան էլ մի բան գցել, որ եթե բան լինի, գոնե մենք փրկվենք… Եվ մեծացել եմ, չէ՞, պայքարելու ցանկություն ունեմ, չէ՞, պետք լինի՝ իմ տղան էլ այդ ամենը կտեսնի, դրա մեջ վատ բան չկա։ Հիմա մեր ճակատագիրը սա է, ինչպե՞ս ուրիշ կյանքով ապրենք։ Փառք Աստծո, լավ օրեր բավականաչափ տեսել եմ իմ կյանքում, գիտեմ, թե ինչ է ուրախ ապրելը, կցանկանայի ապրել նորից այդ կյանքով, բայց դեռ դրան ինքս չեմ արժանացել։

Այս մրցույթում ներառված քո գործերից մեկը «շրջափակման խոխմաների» շարքից հավաքածու է։ Այս երկու կատակներդ շատ եմ հավանում՝ Օր 9-րդՍտեփանակերտ քաղաքի մատույցներում արդեն չորս օր է՝ անհասկանալի ոռնոց է լսվում: ArtsakhStress-ի լրագրողական հետաքննությունը պարզել է, որ ոռնոցը արձակում է մի 32-ամյա երիտասարդ, որի կինն ու սիրուհին մնացել են բլոկադայից այն կողմ: Մյուս շատ հավանածս կատակդ սա է՝ Սիրտս զգումա, որ մի քիչ էլ այսպես մնա, ու մի գմփոց գա, մի խումբ քաջեր փախչելու ժամանակ պատահաբար կազատագրեն ՔարվաճառըՀումորն օգնու՞մ է։

– Հումորը միայն մարդկանց մի քիչ շեղելու միջոց է։ Ամեն ինչ կանցնի ու կգնա, բայց դե անընդհատ սթրեսային իրավիճակում ապրած մարդկանց մոտ շատ լուրջ խնդիրներ են առաջանում, ամենուրեք թողնում իրենց հետևանքը։ Հումորի միջոցով փորձում եմ մարդկանց մոտ գոնե ժպիտ առաջացնել. մարդիկ կան, որ իրոք այդ ամենի կարիքը ունեն։

Շրջափակումից հետո մարդիկ գալի՞ս են քա փաբը։ Հայաստանում ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վերջերս կարծիք հայտնեց, թե ոչ մի միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութի չի անցնում։ Մենք ընտանիքով վերջերս «միջին վիճակագրական» մի խնջույքի էինք Երևանում, թմրանյութ չկար սեղանին կամ այլուր, Արցախու՞մ ոնց է։

– Փաբը ճանապարհի շրջափակման հետ նույն օրը ինքս փակեցի։ Հիմա դրա ժամանակը չի, երբ ամեն ինչ լավ լինի, փաբը նույնպես կաշխատի։ ՔՊ պատգամավորները շատ բան կարող են ասել։ ՔՊ պատգամավորները տոնական խնջույքներ էին կազմակերպում նաև այն ժամանակ, երբ մենք տոները դիմավորում էինք հասարակ սեղաններով, ինչպես ամեն հասարակ օր հաց ենք ուտում։ Ի՞նչ կապ ունի խնջույքը թմրանյութերի հետ, եթե թմրանյութերի շուկան է օրեցօր աճում, ու անգամ ավագ դպրոցներում է նկատվում թմրանյութերի շրջանառություն։ Արցախում այդ հարցը բավական կարգավորվել է, երևի շնորհակալ լինենք այդ առումով, որ ճանապարհը փակ է։

Այս ծանր վիճակից դուրս գալու հույսը Ստեփանակերտում չի մարում, չէ՞։

– Չնայած որոշ օղակներ ցանկանում են մարել մեր հույսը ու պայքարի տենչը, սակայն չի ստացվի, ոչ միայն Ստեփանակերտում է հույսն ինձ հետաքրքրում, այլ նաև Հայաստանի մնացած բոլոր անկյուններում։ Տեղ գյուղի համար նույնպես ցավում եմ, Սյունիքի , Տավուշի, Գեղարքունիքի համար՝ նույնպես, դրանք էլ են իմը, ու ինձ հակառակը համոզել չի ստացվելու։ Մինչև բոլորս միասին կարգին չգժվենք, այս հարցերը  լուծում չեն ստանալու. Արցախի հիմնախնդիրը համազգային խնդիր է, մենք մենակով ինչ-որ բան անել չենք կարողանա, միայն՝ հայը հայով։

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի