Մտանք Իրան, դեմը Նախիջևանն ա։ Վարորդը մի քիչ հայերեն գիտի, բայց խոզը ոչխարի հետ ա խառնում, ու Ալիսին թվում ա, որ էս ճամփան հաճախ խոզեր են անցնում։

Ջուլֆա ենք հասնում ուշ գիշերը, ձեռքերով-ոտքերով բացատրվելով քյաբաբ, խորոված ու թեյ ենք պատվիրում։ Ստեղ Ջուլֆայում ա ծնվել Օշինի մաման։

Մյուս օրը Ջուլֆայի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ամենամյա ուխտագնացությունն ա։ Սուրճ ենք խմում ու պոկվում։

Օշինը խոսում ա Ամերիկա՝ ծնողների հետ, պարզում ա, որ քառասուն տարի առաջ իրա ծնողները ստեղ մի տարի վրաններում են ապրել, խնամել են վանական համալիրը։ Մաման էլ ասում էր՝ կորսված տարին։

– Հա՞յ եք։

Ուրեմն Ստեփանոսի տոմս պետք չի։ Մեզ սուրճ ու թխվածքաբլիթ են հյուրասիրում մինչև գալիս են հայ ուխտագնացները Թավրիզից, Մեղրիից, Կապանից։

Ամենուր ծածանվում ա Իրանի դրոշը։ Վանական համալիրը մեծ ա ու ներառում ա կամուրջներ, պաշտպանական կառույցներ, այգիներ։

– Էստեղ մեր փոքրիկ Հայաստանի Հանրապետությունն ա, – շշնջում ա ուխտագնացության համակարգողը ու ձեռքով կանչում եկեղեցի մտնել։

Օշինը դժգոհում ա, որ եկեղեցու վրա թարմ գրվածքներ կան՝ 1904-ից մինչև 1945 ու 2023: Ես էլ ասում եմ՝ ուրեմն մեր պատմությունը շարունակվում ա։

Սրբազանն իր ուղերձում հիշատակեց Արցախի դժվար կացությունը և միասին աղոթեցինք հայոց ազգի համար։

Ուխտագնացությունից հետո գնում ենք Թավրիզ, քշում Արարատ ու դիմացը գոռում Հոոոոոմենտմեեե՜ն։

Մեզ ուղարկում են «Արարատ»-ի Թավրիզի մասնաճյուղի վարչության նախագահ Նժդիկ Աբրահամեանի լուսանկարչական խանութ։

Ճամփին հանդիպում ենք Ալենին, ով զանգում ա Նժդեհին ու զգուշացնում, որ իրեն ենք փնտրում։ Ալիսը մոմեր, իսկ Օշինը հրավառություններ են առնում Ալենի խանութից։ Դեռ չգիտենք ու չենք էլ իմանա իրանական ռիալների ու թումանների արժեքը։

Քանի Նժդիկը խանութը չի բացել, թափառում ենք Թավրիզի հին թաղերով, հսկայական բուրգերներ ուտում ու ոչ-ալկոհոլային գարեջուր խմում՝ դեղձի, լիմոնի, տրոպիկական։ Էնքան ենք ծիծաղում, որ Ալիսն ասում ա՝ պետք ա էս Heyday-ի հարբեցողությունը թարգենք։

Անհամար օպելանման իրանական ավտոների ֆոնին առանձնանում են էս հնաոճ ջիպիկները, մոտենում ենք՝ էրկուսն էլ Սբ․ Թադեի ուխտագնացներ են։

Նժդիկի լուսանկարչական խանութում՝ Photo Armen-ում, Օշինը պարզում ա, որ Նժդիկի եղբայրը Լոսում իրա բասկետբոլի մարզիչն ա էղել։ Նժդեհն ասում ա, որ վերջին տարիներին Հայաստանի կապը Սփյուռքի հետ թուլացել ա։ Մտահոգ ա հայրենիքի՝ ՀՀ-ի ու Արցախի համար։

Թավրիզից հետո հաջորդ կանգառը Խոյն ա։ Ստեղից 19-րդ դարի սկզբին նախնիներս տեղափոխվեցին հիմիկվա Հայաստան։ Հենց հոթելում ընկերանում ենք Վիդայի հետ, ով մեզ բազառ, թանգարան, մոտակա հայկական եկեղեցի ա տանում։

Իսկ երեկոն անցկացնում ենք իրա ամառանոցում։ Մեր նոր ընկերների համար դնում ենք մի քանի հայերեն երգեր, որ քաշած ունենք։ Թարգմանում ենք․

 

Գիշերն անուշ է, գիշերն հեշտագի՜ն, Հաշիշով օծուն ու բալասանով. Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝ Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին

Լուսանկարները՝ Ալիսոն Թահմիզյանի, Նարե Նավասարդյանի

Գրի առավ Նարե Նավասարդյանը