Ֆեյսբուքի բանավեճում ինձ առաջարկեցին տեղափոխվել Ստեփանակերտ՝ լինել էն փոփոխությունը, որ կուզեմ աշխարհում տեսնեմ։ Ու գնալու եմ։ Խաղաղապահների մեքենայով, ի զարմանս Կրեմլի, ի հեճուկս Վաշինգտոնի, գնալու եմ Ստեփանակերտ ու ասեմ․ Ես՝ նախկին պռոջեքթ մենեջեր Անահիտ Սարգսյանս, մոր կողմից ղարաբաղցի, Բաքվին չեմ ձուլվում։ 

Նստելու եմ մարշուտնին, բարձրանալու եմ Չլդրան՝ Մարտակերտի մեր գյուղը, տատիկ-պապիկիս տուն։ Առավոտները հավերին եմ կեր տալու, երեկոյան՝ խոզերին։ Միջօրեն քաղցրացնելու եմ տնական գինով, մառանը մտնեմ, կարասների մեջ լող տամ, մոռանամ երևանյան առաջին նվաստացում զարթուցիչը։ Փողոց անցնելիս ճամփան զիջեմ բադերին։ Բերանս վառեմ տատուս նոր թխած կլոր գաթայով, տան գործերով էլի չթողնի օգնեմ։ 

Հունիսի 28-ին Մարտակերտի ազատագրման օրը նշեմ, նոյեմբերի 15-ին՝ Չլդրանինը։ Մեր դեմի տուն հյուր գնամ Գավրուշին՝ երկար լսեմ տղու մասին, ով կարող ա մեծ առումով դավաճանվել ա, բայց փոքր առումով մեկա թուրք ա խփել, ձյաձ Գավրուշայի ցավին երեք էդքան թուրքի ցավ ա ավելացրել։ Ճիշտ ա, գեղեցիկ չի, Գարիկ ջան, ահել-ջահել թողնել գնալ, ձերոնց թողնել սենց մեծ դատարկություն, բայց ավելի տգեղ ա Շուշիի եկեղեցին՝ գերի, ու էն դառը երգերը, որ դեռ իր մասին պիտի հյուսվեն։ Հա չէ, էտ հրեշտակից էլի կարանք սարքենք, ու եկեղեցին լինի-չլինի, մենք գիտենք, որ հողը մերն ա։ Տվինք թուրքին էլ, մերն ա, ոնց որ խոստումը։

Մեր Չլդրանցի Սերգեյը հինգ խոխա ունի, հինգ էտքան թոռ: Ասում ա՝ մինը գիտությունների թեկնածու ա, էն մինը` բանաստեղծ։ Պռոստե կնեգը քսան թվին մին սխալ պեն ա ըրալ՝ մահացել ա։ Ու հիմա էլ չի լսում մարդու 26 բանաստեղծությունները՝ Չլդրանի 26 նահատակների մասին։ Հիմա Սերգեյ դեդոն ուրիշ ունկնդիրներ ունի, ասում են՝ վերջերս մի խումբ ճամփորդներ ա հանդիպել, իր գրածն ինտեռնետին են տվել։ 

– Կաց, անծանոթ կտրիճ․․․ , – ասմունքում ա Սերգոն, ու ոսկե ատամը փայլում ա։

Դե, ճամփեն բացեք, է, ֆեյսի վեճից գնամ հող, դավաճանության խարանից՝ դավաճանվածի ցավ, Երևանից գնամ, գնամ մեր գեշ մարդկանց մոտ։ Գնամ՝ ուխտադրուժ չլնեմ, գնամ՝ եղբայրասպան չլնեմ, արցախցուն ադրբեջանական բանակ ուղարկող չլնեմ։ Իմ իսկ պայքարից հոգնած չլնեմ։ Գնամ մորանցս տուն՝ հայ ըլնեմ, ամեն օր փոշոտ, հոգնած, ինքնորոշված լինեմ։ Չվախենամ հավ մորթեմ, թե մեր կոմ կրակեն՝ մի լավ տրվենք սադրանքների, պատասխան դժոխքի կրակ բացենք։ Մեր հերերի խոստումն ու եկեղեցում զենք պահենք։ Մենք մեզ ճանաչենք առանց ուրիշների ճանաչելու։ Կամքը մեր ծանր լինի, ասեն՝ արճիճ ա, պըցըրցնել չինիլ։ Որ խմենք՝ էրթանք Մուշ, էրթանք տուն, ամենացու փոքրոգի չեմուչումը չլսենք։

Գնամ Չլդրան՝ թվա, որ ուսիցս ա Մռավը, Քչալանց աղբրից ջուր խմեմ։ Ապավինեմ մերոնց ու իրենց ապավենը լինեմ։ Պատառոտ էս քարտեզի կտորը զենքով էլի կարենք Սյունյաց եզերքին։

Անահիտ Սարգսյան

Նկարազարդումը՝ Նարե Նավասարդյանի