Մտնում եմ Երևանում վարձած տունս։ Ինձ սպասող չկա։ 

Սեղանին համակարգիչս է ու վերընթերցած գրքերս, խզբզած թղթերս, Գրեթերթի մի քանի համար։  

Ո՞վ պիտի գա։ Մտածում եմ։ 

Մերոնք հերթով զանգում են օրվա բոլոր ժամերին։ Հարցուփորձ են անում՝ երկրի իրավիճակից մինչև գնաճ, նոր նշանակումներից մինչև հրաժարականների լուրեր։ Իրենք էլ են նորություններ ասում՝ առանց իմ հարցադրումների։ 

Սուրճի բաժակներն եմ լվանում։ Կապ չունի, որ մենակ եմ։ Մամայի, պապայի, հորքուրի բաժակները նույնպես լվանում եմ․․․ մտքումս։ 

Մաման միշտ ասում է՝ երբ կլինի գամ քեզ մոտ, մի տարի է՝ չեմ գրկում։ Ես էլ թե՝ մա՛, գաս ի՞նչ անես, իմ գալու ժամանակն է։ 

Ազատ ու անկախ․․․ քո տուն․․․ կերտեցինք․․․ Պատմությունը մեր երկրի․․․*

Ոգևորվում եմ․ եղանակը բացվել է, ցույցեր են։

Միայնակ լինելն ինչ-որ տեղ երջանկություն է ոմանց համար։ Այդպես էլ չերջանկացա միայնության մեջ։ 

․․․Ինձ տուն տանող գիշերն է։ Պատրաստվում եմ։ Ընկերս գրում է՝ ի՞նչ վերցնեմ հետս։ Ասում եմ` հագուստ, ուրիշ ոչինչ։ 

Կիլոմետրեր պետք չեն հողի զարկերակին հասնելու համար։ 

Գնում ենք։ Դեռ Շուշիի մատույցներին չենք հասել։ Արդեն երևում են ադրբեջանցիների կառուցվող թունելները։ Խառը ճանապարհներ, չնվազող աշխուժություն։ Ընկերս ասում է․

-Էս ի՞նչ են անում։

-Ռազ, եսիմ է, սարքում են։ Թունել են սարքում, նոր ճանապարհներ, րոպեների ընթացքում են ասֆալտապատում։

 

 

-Հա՜, Շուշին արդեն երևում է, մի քիչ բարձր նայիր։ Էս ռուսներ շա՞տ կան ստեղ։

 

Ես երբեմն լռում եմ, որովհետև հարցեր կան, որոնց պատասխաններն ինքս էլ չգիտեմ։

Նայում եմ ճանապարհներին, սրտխփոցս արագանում է։ 

«Ճարտարը դարձնենք մեր երազանքների քաղաքը»․ կարդում եմ թիթեղների վրայի գրառումը։  Ներսումս ոգևորությունս հրավառությունն է։ Ջա՜ն, տուն եմ հասնում։ 

Մաման սեղանը բացել էր՝ մեր գյուղի, չէ, չէ։ Ի՞նչ գյուղ։ Ճարտարին գյուղ ասես՝ կկանգնի, գերանը կկոտրի ասողի։ Քաղաք է Ճարտարը։

Քաղաքի գյուղական համովություններով՝ տնական աքլորի միս, պանիր, կանաչի, թթվի տեսականի։ Ո՞րը ուտես, ո՞րը թողնես։

Մեր այգու վարդերը զգաստ կանգնել էին։ Իրենց գեղցկությունն էին ցուցադրում։ 

«Քեզ նմանն ուրիշ ոչ մի տեղ չկա։ Քուն պարգևիր ինձ ու արթնացրո՛ւ, փոքրիկս, մեծ ու փոքր մարդկանց տուն, ուրիշի երազանք, իմ նպատակ, անթերիս»,- շնչիս մեջ այսքան բան էի պահել, Ճարտարս, ամենօրյա դեղահաբ։ 

Սենյակս, բարձս, որ լավ գիտեն իմ բոլոր գաղտնիքները։ Գիշերը նստում էի ու սենյակիս  պատուհանից դուրս նայում,  տներն էի մարդկանց հետ համեմատում։ Մեկը մտամոլոր՝ ինչպես հորաքույրս, մյուսը՝ հայոց լեզվիս ինքնավստահ ուսուցչուհին, ինձ այդպես էլ չհամոզող մուրացկանի նման մի տուն էլ հեռվում՝ անտանիք․․․ 

Վաղը կգնանք Գանձասար։ Բարի գիշեր։ 

Առավոտյան ժամը յոթն է։ Այս ժամից ուշ երբեք չեմ արթնացել։ Տաքսիին ենք սպասում։ 

 

Հասնում ենք Ստեփանակերտ։ Տատ ու պապ․ ինչքան բան եք տեսել ու տեսնելու։ Լուսանկարվում ենք, որ շարունակենք ճանապարհը։ 

 

Ճանապարհները՝ մարդու հետ խոսող, կիսվող, ցավից ոգի ու թափ առած, անշեղ։ Ես բացում-փակում եմ մեքենայի պատուհանը։ Օդն ինձ ուժ է տալիս։ 

Պատերազմի ժամանակ վանքի վրա էլ էին «աչք» դրել՝ խփել են, բայց պատը վահան էր դարձել, վանքին հարվածը չէր հասել։

 – Ոնց որ երկնքից նայենք երկրին,- ասում է Ռազը։ 

– Հա, հրաշք տեղ է, այստեղ խաղաղվում եմ։

– Ինչ լավ է, որ հետդ եկա Արցախ։ 

– Դե մինչև աչքովդ չտեսնես՝ չես հասկանա արժեքը։ 

– Մեր երկիրը ընկալելու երկիր է։

– Դե բայց բոլորը չեն ընկալում, ոմանց համար բեռ է, արժեք չունի։ Գլխների գալիքը չգիտեն։

Մյուս օրը՝ Արցախի առաջին դպրոց՝ Ամարասի վանական համալիր, հետո՝ ամենատարեց Տնջրի ծառի մոտ։

 

Ծառ-հսկայի փչակում մարդիկ մոմեր են վառում, ինչից ծառն այրվել է, սևացել, բայց հսկայությունը չի մարել։

Ընկերս վերադառնում է Հայաստան։

Վերադառնալիս գրում է․ 

«Հեռանում եմ Արցախից՝ ճանապարհին թողնելով կիսավեր տները, կիսաքանդ մեքենաները, մայթերին նստած սպասող մայրերին: Թողնում եմ հաղթանակած սպիտակ մազերով տղամարդկանց, թողնելով Եղբայրական գերեզմանտան աննկատ վազող քամու սուլոցը, գնում եմ ու ճանապարհին ոչինչ չի փոխվում։ Արդեն կարոտում եմ․․․»։

Այստեղ հերթական օրեր չկան։ Ապրելու և մտածելու օրեր են։ 

Գնում եմ եղբորս մոտ։ Եղբայրական գերեզման։

Պարզվում է՝ վերջին անգամ։ Չեմ խոսում։ Այդ ծանր քարերի տակ ինչպե՞ս է դիմանում Արամը։

Բոլորը գալիս-գնում են տուն դարձած Եղբայրական։ Ժամերն այստեղ չեն ավարտվում։ 

Վերադառնում եմ Երևան։ 

Ամիսներ անց Արցախը շրջափակվում է։ Պետք է շտապ վիրահատեն ողնաշարս։ Երկրի ողնաշարը քիչ էր, հիմա էլ իմը։ 

Շրջափակումից մեկ օր առաջ մերոնք հասցնում են գալ։

Քեռիս` շրջափակման օրը։ Երեք անգամ ինձ վիրահատելուց հետո մերոնք այլ՝ թաքուն ճանապարհներով վերադառնում են։ 

Ես կրկին մենակ եմ։ 

Երջանկություն գտնող թռչուններ եմ ուզում տեսնել։ Ճանապարհներ շրջանցող ու տուն տանող թռչուններ։

Հեռախոսազանգ ստացա։ 

Պապան, մաման, հորքուրն են։ Կողք-կողքի նստած։ Հարցնում են՝ ո՞նց եմ, ի՞նչ եմ անում, ի՞նչ պիտի անեմ։ Ասում եմ՝ ամեն ինչ լավ է, գործեր, դաս, ամենօրյա։ Ժպտացինք՝ ես այստեղ, իրենք՝ այնտեղ։

Պատուհանն ուղիղ դիմացս է, լույսն ընկել է աչքերիս մեջ։ Մտածում եմ՝ ո՞ւր է տանում այս լույսը և ո՞ւմ է տանում։ Ուզում եմ նորից քնից արթնանալ մեր տանը, որտեղ ոչ մի շող պատահական չէ, և ես կարիք չունեմ մտածելու ծառերի ռոմանտիկ ու ծերունական թեմաներով զրույցների, շունչդ բաց չթողնող օդի, ձեռքդ բաց չթողնող հողի, աչքդ բաց չթողնող լույսի մասին։ Այդ պահին դու մոռանում ես քեզ։ Դառնում ես նրանցը։

Պատուհանից դուրս եմ նայում։ Փնտրում եմ մեր թաղի տները, ճանապարհի աջ ու ձախ մասերում ծիլ տված խոտերը, անտառից եկող հանգստության հետ մարդկանց աչքերի խաղաղությունը, ինձ տուն տանող երկար ճանապարհն ու երկինքը, որտեղից անձրևն է թափվում։ 

Ես շարունակ փնտրում եմ։ Փնտրում եմ ինձ։ Փնտրում եմ առավոտն ու երեկոն, տնից դուրս չեկող անկողինս, տեղից չշարժվող հայելիս, երկրորդ հարկ տանող աստիճանները՝ շրջապատված տնային ծաղիկներով, որոնք ուշ-ուշ են ծաղկում, բայց մեզանից չեն հեռանում։ Աչքերս փակում եմ։ Մութ է։ Երազ եմ տեսնում` մեր բակում նստած ասում-խոսում ենք։ Բարձր ծիծաղ։ Տեղիցս վեր եմ թռչում։ Նույն առաստաղն անկենդան ինձ է նայում։ Ոչինչ չեմ լսում։ Երևի կարոտի կիրակիներ են։ Սուրճիս հետ չլուծվող կարոտի կիրակիներ։

Վաղը հեռախոսազանգ կստանամ։ Պապան, մաման, հորքուրը կլինեն Արցախից։ 

 

Եվ գուցե երջանկության մոտ տանող թռչուններ կգտնեմ։ Թռչուններ, որ կգտնեն երկրում բաց թողած մանկությունս։

——————————————————————————————————————————————————————

*Բառերը Արցախի Հանրապետության հիմնից են, հեղինակ՝ Վարդան Հակոբյան 

Վովա Արզումանյան