Այս աշխատանքը ներկայացվել է «Շրջափակված Արցախ» մրցույթին
Ինչպե՞ս եղավ, որ չհասցրինք քայլել մեր փայ պատանեկության արահետով: Չհասցրինք նկատել մեր ձայնի փոխվելը, ածիլվելուն ընտելանալը, սիգարետի կլանող հրապուրանքը, ալկոհոլի ինքնավստահ բույրը, կանանց շեղակի շանթեր նետելը: Ինչպե՞ս եղավ, որ հասանք մարդաբոյ թևանցուկի՝ չգիտեմ: Թույլ պահիր, ոչինչ չկա, չի էլ եղել: Թարթիր աչքերդ, պաղ ափդ քսիր երեսիդ, երկար արտաշնչից թող սիրտդ թկթկա: Գոյություն ունես, է՜, գոյությո՜ւն: Կյանքը այս թափանցիկ ակվարիումն է հենց, որտեղ երկոտնուկները որտքերը մկրատելով՝ քայլում են ու ճեղքում մթնոլորտը: Ի՛նչ դար է գոյություն ունենալու համար. կարող ես երդվել, որ երկիրը կլոր է, իսկ հակառակը պնդողի վրա մկան թուլացնող ծիծաղով հրճվել: Կարող ես փռվել բազմոցին ու նայել կապտականաչ կծիկի պես այս մոլորակի մասին մի հաղորդում և մողեսների հետ արև վայելել, դելֆինների հետ սուզանավ հետապնդել, սարսռալ, երբ ժանիքը մտնի եղնիկաի կողերից ներս, կարող ես մրջյունների մանր պոլիսը տեսնել կամ թռչնի աչքերով շոգերից ոլորված օձ փնտրել: Ի՛նչ դար է գոյություն ունենալու համար…
Նորից թարթիր աչքերդ, նորից ձեռքդ երեսիդ դիր, շուրջդ նայիր՝ կաս, է՜, կա՜ս: Պատկերացրու, որ սա մի խելահեղ ընթացք է, որտեղ հայտնվել ես մի ակնթարկում՝ մի ակնթարթով, իսկ այս ցածրիկ շենքերի տեղը երևի ժամանկին ձիերի ախոռ է եղել, իսկ այս օվալը, որ իբրև հրապարակ է ծառայում, գուցե հեթանոսական անբռնազբոս վայելքների մի բոստան էր, իսկ ժամանակներ հետո պիտի դառնա երկնաքերից ստացվող խոհանոցային սալիկների արտադրամաս: Հեռուն մի գնա՝ տունը, ուր ապրում ես, ի՞նչ է եղել և ի՞նչ կլինի հետո: Ամեն ինչ ճկվում ու փոխվում է ժամանակի կաթոցի հետ: Մի զարմացիր, հանդարտ վեր կաց փողոցի անկյունային նստարանից ու կողքիդ ծերունուց թող իր բաժին թունդ լազուրի խավարի մեջ մենակ: Անցիր այս իրիկնային հրմշտոցների միջով, լուսավոր բուտիկներից երեսդ թեքիր, սրճարանի բազմոցներին հենված տիկնանց հետ գործ չունես. նրանք փարթամ պարոնների հոգացության տակ են փշաքաղվում: Թոշնած նրբեշիկի հոտը, խնդրեմ, մի շփոթիր խաչմերուկին պլյուս-մինուս անող ծաղկավաճառի ջերմոցային բույսերի թոռմշած բույրերի հետ: Աչքդ թեքիր խավարում ծվարած գուրգուրվողներից. դու հո գիտե՛ս, թե ինչ տխմար իրավիճակ է, երբ աղջիկը կծկվում է գրկումդ՝ անծանոթ հայացքներից: Ո՞վ է զանգում: Մի՛ վերցրու: Ինքդ քո հետ մնա հիմա: Այ, տես, թե ինչ լավ է երեխան պաղպաղակ լիզում. կաթնային երջանկություն, մանկական թովչա՜նք: Ապա հորը տես՝ միջին վիճակագրական լոքոյի բոյով տղամարդ, իսկ կինը՝ ամուսնուց մի սրունքաչափ կարճ, անհամաչափ սիրուն, հայացքը պստլոյին, վեց ամսական հղիության բեռից կորոցած, պատրաստվում է մտնել ամուսնու թևը, իսկ սա, մեքենայի բանալին գրպանը դնելով, թևը փակագծի պես բացում է: Դու՞ էլ կուզեիր էսպիսի ընտանիք ունենալ: Թե՞ քո կենտությունը քեզ լրիվ հերիք է: Մանավանդ, որ երիտասարդ ես, մանավանդ, որ արական ես, մանավանդ, որ հետաքրքրության մակույկում ես:
Մայրիկ, քեզ ո՞նց բացատրեմ տղամարդու ուզածը, որ երբեք չի համապատասխանում գտածի հետ: Քո նշմարած մատղաշ օրիորդներից և ոչ մեկը մեզ հարսնության չի գա, որովհետև բլքոզ տրամադրության ամպերը կծածկեն այդ անուշ օրերին: Եվ դու կմնաս ափսոսանքի մեջ: Դու երբեք, երբե՜ք չես հասկանա, թե սրան ինչ մեղու է խայթել, որ քո ընտրած ծաղկաթերերի մեջ ապագա նատյուրմորտ չի տեսնում:
Տես, սևին խփող երկինք է արդեն: Այս աշխարհի միակ հաճույքը երիտասարդության պատրասնքն է: Դրանից հետո կյանքը խումհարային անսթափություն է: Հանգիստ ծխիր, ոչինչ, որ ջանդ դիք է քարշ տալիս. ջահել թոքերդ ներող կլինեն: Առողջ ապլերակե՜րպ, առավոտյան «բրեքֆըսթ», հետո պարտադիր «լանչ»… հանգիստ ծխի՜ր: Նյարդերդ հանգիստ լինեն, կյանքդ չթունավորեն, թե չէ՝ ծխես էլ, չծխես էլ՝ գրեթե նույնն է: Զսպելն ավելի սոսկալի է, մայթը զգույշ հատիր. այս պողոտայով Լյուցիֆերի զարմերի վարգը վրաերթի կենթարկի ու ջահելությունդ կփռվի հալոցքից գնդված ասֆալտին:
Բարձրությունից կյանքը այլ պատկեր է ստանում: Ծխախոտի կարմիր պեծիլների պես մարմրում են հեռուների լույսերը: Աննշան թրթռումներ, մանրիկ ճակատագրեր, որոնց քանի դեռ խոշորացույցի տակ չես առել՝ կյանքը արբանյակային հանդարտություն ունի: Ատամիդ ցավն ի՞նչ է Մարսում փնտրվող դեղին կյանքի դիմաց: Մտովի մոտեցրու կադրը. կապտականաչ կծիկից մինչև նշմարվող գունավոր պետությունները, հետո դաստակի երակների պես խճճված գծեր, դրանից էլ, իհարկե, մե՜ծ դժվարությամբ գտիր մի պստիկ երկիր: Մտիր ներս, էլի մոտեցրու, գտիր հնարավորինս մեծ քաղաքը, դրա հնարավորինս բարձր կետը, այդ տեղ միայնակ կանգնած տղային և վերջ… Հայաստանում ես: Այստեղ, իհարկե, մետրը շա՜տ խոշոր չափման միավոր է, և այդպիսով, դառնությունը մի սփսփիչ կախարդանք է թվում, իսկ լացը՝ թաց ժպիտ է դառնում: Մի սրտնեղիր. այս է՝ «Հա-յաս-տան»: Դու ֆիլմային պատկերացրու. անհանգիստ փեթակ, պարսավանքի չեչաքար, մանգաղից խույս տված հասկ, գրաբարյան արտաշունչ, երկնողի արցունք, ժայռ փորողի քրտինք, հաճույքից ալիքվող տող, քունքից հոսող թանաք, բահի կոթի պես բարդիներ, կարկատած լաթերի պես հորիզոնի հանդեր, առավոտներ՝ քամուց արցունքակալվող կոպերի նման, միջօրեներ՝ գաթայի հալվող խորիզի համով, գիշերներ՝ ցավազրկող թմրության ներարկում: Եվ մեծ հաշվով՝ փոքր հաշվարկների երկիր է, թա՜նկ երկիր է, ափում սղլի՜կ երկիր է, երկիր-շափյուղան: Գյուղաքաղաքները պատկերացրու: Մեկը թշվառ, մեկը խորոզոտ, մեկը չբեր, մեկը լքված, մեկը գյուղամիջյան հողե պչրանքով, մեկը՝ կրունկ հարող խորդուբորդ ճամփեքով, մյուսը հնձած երիցուկների վրա մուգ ասֆալտով: Այս վերջինն, իհարկե, Երևանն է, որտեղ բաբելական միտումով շենքեր են աճում՝ մեկը մեկից բարձր, և ամեն հաջորդի վերընձյուղումը նման է սայթաքումից հետո բարկացած կանգնելուն: Այս քաղաքի բնակիչները քնահարամ երեսներով մարդիկ են, որ շտապում են իրենց կյանքն ապրել՝ անիվի մեջ վազող սկյուռի նման:
Եղած-չեղած մի կյանք է, գլորիր թող գնա, դանդաղ արտաշնչիր, պաղ ափդ դեմքից քսիր. գոյություն ունես, է՜, գոյությո՜ւն: Այս քաղաքում հանգիստ-սթար կա՞: Չէ: Իսկ ի՞նչն է մարդկանց հանդարտությունից քաշում ու բերում այս փեթակ: Ի՞նչն է ստիպում անարատ նեկտարը թողնել ու գալ մեղվապահի լցրած շաքարաջրի վրա ու հավիտյան բզզալ, բզզալ ու բզզալ, այս երկրում քսան տարին ծով է, որ տեսնես երկրի մանկապատանեկան ու ետամուսնական լուսանկարների ալբոմը:
Ինչպես գրել մի վեպ, որ դառնա լավ ծախվող «բեսթսելլեր»: Ասեմ. մի թշվառ, հողե պճրանքով, խորդուբորդ ճամքեքից կգա գեղեցկուհին: Նա, վարդագույն կրունկներով, անմեղության ալյուրը դեղ մաշկին, կգա քաղաք՝ իր մասին գյուղական զրույցները դեռ ականջում: Կգա, կմտնի համալսարան, կտեսնի խնամված քիչ մռութով տղերքի, մայրաքաղաքային աղջիկների՝ պայուսակներում «Շանել», կզգա, որ շրթներկը սազում է իրեն՝ մանավանդ կենտրոնի մթնշաղերում, մանավանդ ինչ-որ արուի հետապնդումից փքված, մանավանդ Այգեստանի տան տիրոջ վստահությունը շահած, մանավանդ մի երկու գիրք կարդացած և արդեն շարժուձևը ինքնաբերաբար փոխած. դանակը՝ աջով, պատառաքաղը՝ ձախով: Այս օրիորդով կսկսվի պատմությունը ու կտարածվի… Մետրոյի խոնավ, բայց սեպտեմբերյան տոթերի դեմ սփոփանք թվացող զովության մեջ հավաքվել են մարդիկ: Ուր որ է պիտի գա օրվա վերջին վագոնը: Դասից հետո աշխատող աղջիկներ, որոնք չեն հասցնում մի երկու էջ թերթրել, ուսումից հեռու, բայց խրախճանքին մոտ պճնամոլներ, մի սմքած պառավ՝ ձեռքին վատ ծախվող ծամոններ, Գանգես չտեսած հնդիկներ, սրանք ուղղված մաքրակենցաղների սևեռումներ, մանուկներ՝ մատները քթների մեջ, ծնողները՝ սաստելուց ուժասպառ, լուռ ու փաղաքշոտ գրկված ընկեր-ընկերուհիներ և անկյունում վարդագույն կրկունկներով փշատ աչքերով մի օրիորդ, ձեռքին պայուսակ՝ հարևանի ստացած եվրոպական ծանորցից փակովի վերցրած, ներսում՝ ծերը-ծերի վարձը, իսկ հայացքում՝ քաղաքային կյանքի հանդեպ քաղցր ապշանք, ընկերուհիների հագուկապի տանջող հիշողություն և առաջին գուրգուրանքի թեև դյութող, բայց դեռևս մեղսական մի թմբիր: Հետո անցիր առաջ, այս օրիորդի կողքով, թող թույլ քսվելով անցնի համաճարակը, տենդը, վուվուզելլայի ձայնը՝ իբրև չինական շեփոր, խառնաշփոթրը, դիվային անցուդարձը, համազգային իլյուզիան, հահա-հիհիները, կիսատ բարքերի անկումը և… առաձգական պատերազմը:
Այս պատերազմը՝ իբրև սև լաչակ կապիր ցամաքած կոպերով կնոջ սպիտակող մազերին կամ դիր իմաստնացած հոր նիկոտինից դեղնող մատների արանքում: Պատերազմը ցույց տուր արկերից փախչող, մեքենաներից մազապուրծ և արդեն քաղաքային մայթերին քարկոծվող շան հայացքում: Պատերազմ ցույց տուր Երևանին անընտել տարհանված աշակերտի փոխվող բարբառում, նրա մի համար մեծ կամ մի համար փոքր օգնության շոր-կոշիկի տհաճության մեջ: Դու պատերազմը ցույց տուր անսրունք զորացրվածի մելամաղձոտ բաժանման օրը և շիկահերին ուղղված «նոր սեր անելու» ծնողական հորդորի մեջ: Վառոդի հոտը նկարագրիր, որ սուրում է ճամպրուկներից՝ մի անգամ կապված, բայց ցմահ ուղևորության համար: Նկարագրիր ձայնը՝ դատարկվող տան նկուղից լսվող, ձայն-ցասումը, ձայն-եղերականը, ձայն-հեգնանքը, ձայն-մենությունը, ձայն-մենահատը, ձայնը, որ չի լսել ոչ ոք՝ արձակողը նույնպես: Այս ամենին հագցրու մի կոստյում, ձիգ կապիր փողկապով ու տար կարմիր հրապարակ ու կամ սպիտակ, քանոնով գծված մի շենք, նստեցրու ոսկեգույն բազմակթոռին ու սակարկային խոսկացությունների թունդ պահին հանիր հագուկապը: Մյուս ներկաների կոստյումներից խոսիր, նրանց կրծած եղունգներից, նրանց անկիրք ժպիտներից, ձեռսեղմումներից՝ ձև ու ձևական, նրանց գաղտնի արտածումներից՝ նավթ, զենք, գազ, կիսալուսին, կարմիր մանգաղ և այլն: Այսպես, պատմելով արի, հասիր մինչև պատմական «չափալախը», որ եղավ չգիտես թե ոնց, չգիտես թե երբ և դրա մրմռացող հետքը իրենց այտերին չծնված սերունդն է խորապես զգալու… Դե, հետո կարող ես քո ծուռմռտիկ փողոցից էլ խոսել, որ վերևից նայելիս նման էր կոշիկին փռվող չարդուկած շալվարի փողքի: Բնակիչների մասին կգրես, որոնք ապրում էին Աստծո և սատանայի կազմած վիճակահանությամբ: Վերևից քայլելեիս հետդ գլորվում էր պարպված գարեջրի շիշը: Անկյունում ապրում էր «Ժիգուլի»-ով տղան, որի համար այս աշխարհի բոլոր երազները անվավոր ու բենզինով էին: Իր պապը՝ «կալբաս»-ը սանտիմետրով գծող կոմունիստը, նույն հարկի տակ, բայց առանձին, որի մահվանը սրտատրոփ սպասում էին փնթփնթոցից հոգնած հարսը և բիձուկի կապիտալին կարոտ երկու աղջիկները: Քիչ այս կողմ ապրում էր հոդացավով պառավը, որի մթնոտ սենյակը կարելի էր տեսնել միայն դռան ճեղքից: Նրա հետ չէր շփվում ոչ ոք, ու նա մեռավ էլ, թաղվեց էլ ծածուկ՝ կես ժամում, իսկ իր մենակյաց որդին, որի շուրթերը երևի ուտելիս էլ չէին բացվում, բանտվեց այդ ստվերով խորշում՝ իր էքզիստենցիալ գոյությունը քարշ տալու: Դեմ դիմաց շքեղ տան մեջ չորս հոգանոց ընտանիք էր՝ արդեն ծերացած երկու քույր, երկու եղբայր: Չամուսնանալուց էգոսիտացած էին ու փակ, թե երեխա էին տեսնում՝ պիտի երեխան կսմթեր իրեն: Մի քանի տուն ներքև մի գրող էր ապրում, որին ոչ ոք չէր կարդացել, բայց ակնածում էին, ինչպես թոնթրի կողքին պառկած գյուղացիները տառաճանաչ գիրք կարդացողին: Դզող-փչոզի տնից քիչ այն կողմ, գորշ կնոջ պարիսպներից վերև (այդ պարիսպով անցած ամեն գնդակ դանակահարվում էր՝ հարսիացու խորոզի նման) հի՜ն եվրոպական շքամուտք հիշեցնող մի տուն էր՝ խելոք ընտանիք, որ չքացավ մի ամսում: Տան տղան քայքայված բետոնին կաթվածահար եղավ, մի շաբաթ չանցած՝ հայրը, կնոջ ու երեխաների մասին ոչ մեկը ոչինչ չի հիշում, իսկ դարպասը զմրսվեց մի ժանգոտ կողպեքով, որ տարիներով հետո պիտի բացեին ու փակեին քաղաքի գարշելի շպարով մարմնավաճառները, ուսանողներն ու ծնողների հետ դժկամորեն ապրած նորապսակները…
Ահա և քեզ վիպական սյուժե: Անցիր առաջ: Շան տեղ մի դիր դրանց: Մութ արանքներում կչկչան լակոտ-լուկուտ կամ թլֆած պլանքյաշ են փնտրում: Սիգարետդ չքցես, չմտածեն՝ մի բան կար, որ զգաստացար: Քայլիր քո ճամփով և հարյուր դրամի չափով գթա, թող քեզ հանգիստ թողնի ու չբացի չմարսվող սպիրտոտ բերանը. աղերսական մարմաջի զահլան հո չկա: Մի երկու հատ էլ ֆիլտրով տուր թող ծխի, մենակ թե իրիկնային մտքերդ չշեղվեն: Դանդաղ արտաշնչիր, պաղ ափդ դեմքիդ քսիր. գոյություն ունես, է՜, գոյությո՜ւն: Քեզ սպասում է մի դեղին լամպ՝ բոլորքը շուրջպար բռնած հոգեվարքով մլակներ, կոպերիդ տակ հեքիաթ հյուսող մի ցեց, որ կխոստանա անքնություն, տարաբնույթ հուշեր և խաժամուժային խառնաշփոթ: Արդեն անկողնում դու կշնչես սպիտակեղենից ելնող քնաբույրը: Ավելի ուշ՝ քարվան կտրելու ադամամութին, կքնես և առավոտյան ոչինչ չես էլ գրի: Ի՞նչ կա, որ: Օր էր՝ անցավ:
Գնա, գնա աջ ու ձախ, հյուսիս ու հարավ, գնա, ուր կուզես: Ջահել ես՝ կենարար ավիշով հարբած ես, երջանիկ ես: Հետոյի հերն էլ անիծած…
Հայկ Սիրունյան
Նկարը՝ Պետո Պողոսյանի