Երեք կարճ վավերագրական ֆիլմ պատերազմի, արժանապատվության և տեղահանության մասին

Հեղինակ՝ Լյուսին Քարճյան

2026 թվականի մայիսի 8-ին Երևանի «Սինեմա Հաուսում» տեղի ունեցավ երեք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի ցուցադրություն։ Դրանք պատմում են ադրբեջանական հարձակման և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի օրերին հայերի ապրած իրական դեպքերը։ Բոլոր երեք ֆիլմերը մայիսի 11-ից հասանելի կլինեն «Կինոդարան» հարթակում։

250 կմ

Ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան

Ավելի քան 40 միջազգային կինոփառատոնների մասնակցություն, մոտ 20 մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն խաղարկային կարճամետրաժ» (Աթենքի միջազգային կինոփառատոն, 2024, Օսկարի որակավորման կարգավիճակ), Հայաստանի կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակ (2024) և «Լավագույն կարճամետրաժ»՝ Amnesty International-ի կողմից (2023)։ Այս բոլոր ձեռքբերումներից հետո ֆիլմը վերջապես հասանելի է լայն հանրությանը։

Վերնագրում նշված 250 կիլոմետրը Արցախի ու Հայաստանի միջև եղած հեռավորությունն է։ Գլխավոր հերոսը տասներկուամյա Նարեկն է, որն իր մեքենայով տեղահանված մորը, քույրերին, եղբորը և մի քանի այլ կանանց ու երեխաների տանում է հարազատ գյուղից դեպի Հայաստան։ Նրա սառնասրտությունն ու վճռականությունը խոսում են արցախցու բնավորության մասին։

Երբ մեքենայի շարժիչը գերտաքանում է, Նարեկը հանգիստ հայտնում է խնդրի մասին, ստուգում շարժիչը, ջուր լցնում ու շարունակում ճանապարհը։ Ուղևորուհիներից մեկն առաջարկում է գնալ, ջուր բերել մոտակա աղբյուրից։ Պատմությունն այն որբ տղայի մասին, որին նա վերադառնալիս իր հետ է բերում, կարող էր առանձին ֆիլմ լինել։

Ճանապարհին մեքենան ենթարկվում է ադրբեջանական հարձակման, ուղևորները փախչում են մոտակա լեռները։ Նարեկի եղբայրը հիշում է, որ մեքենայում մոռացել է իր ընտանի կենդանուն, վազում է հետ։ Հենց մտնում է մեքենան, մոտակայքում պայթյուն է որոտում։ Նարեկն առանց վարանելու շտապում է փրկել եղբորը, ով հրաշքով ողջ է մնում։ Այսպես Նարեկը ցույց է տալիս, որ հասկանում է իր պատասխանատվությունն ընտանիքի հանդեպ, մինչ հայրը կռվում է առաջնագծում։

Ֆիլմն ավարտվում է բոլոր ուղևորների փրկությամբ։ Հայաստանի սահմանին Նարեկի հայացքը ետ՝ դեպի Արցախ արտահայտում է այն, ինչ զգում են հարյուր հազարավոր տեղահանված հայեր։ 25 րոպեանոց այս վավերագրական ֆիլմը շատ տարբեր թեմաներ է արծարծում՝ ցույց տալով թե՛ տրավմատիկ դրվագներ, թե՛ ընտանեկան կապեր, թե՛ անծանոթների բարությունը, թե՛ հայրենիքի հանդեպ կապվածության ուժը։

Քար

Ռեժիսոր՝ Արման Այվազյան

Ֆիլմը հետևում է 15–20 տղամարդու, ովքեր պատերազմի ավարտին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով տրված երեք օրում փորձում են դուրս բերել և փրկել Քաշաթաղի և Բերձորի խաչքարերը։

Խաչքարերը ծանր են։ Դարեր շարունակ իրենց տեղում կանգնած քարերը պեղելը նշանակում է բառացիորեն արմատախիլ անել պատմությունն ու մշակույթը։ Տղամարդիկ աշխատում են անձնազոհաբար՝ պահպանելու փորագրված քարերը, որոնք ադրբեջանական կողմը կարող է ոչնչացնել՝ որպես Արցախի հայկական ժառանգություն։ Յուրաքանչյուր խաչքար հանելն ու բեռնելը ֆիզիկական մեծ ճիգ ու վճռականություն է պահանջում։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է ծայրահեղ ճնշման տակ փրկվում մշակութային ինքնությունը։

Տուն

Ռեժիսոր՝ Հրանտ Վարժապետյան

Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որի որդին զորակոչվում է Արցախի պաշտպանության բանակ։ 17–18 տարեկան այս պատանին ճանապարհում են հարազատների ու ընկերների հետ ընտանեկան հավաքույթով։ Նա ակնհայտորոն չի ցանկանում բաժանվել ընտանիքից, բայց իրեն զուսպ է պահում։ Նրա 10–11 տարեկան քույրիկը նույնպես կարծես թե հասկանում է ամեն ինչ, սակայն չի դրսևորում իր հույզերը, թեև ջերմ է եղբոր հետ։

Հաջորդ առավոտյան, ընտանիքի աչքի առաջ, տղան բարձրանում է զինվորական բեռնատարը։ Նա ետ է նայում քրոջը, մորը, հորը, նրանց միջի հեռավորությունը սկսում է աճել։ Հետագա տեսարաններում երևում են մարտեր, պայթյուններ, երիտասարդներ, որոնք պաշտպանում են հայրենի հողը։ Ֆիլմը թողնում է հույս, որ տղան մի օր կվերադառնա տուն։

Երկխոսությունը գրեթե չկա։ Դեմքերի արտահայտություններն են փոխանցում այն ամենը, ինչ ապրում են ընտանիքները պատերազմի ժամանակ։ Ժապավենը պատմում է հայրենիքի ու ինքնության համար արված անձնազոհության մասին։


Երեք ֆիլմերն էլ մայիսի 11-ից կարելի է դիտել «Կինոդարանում»։