Հեղինակ՝ Յունուս Յալդըզ, փ.գ.թ. — Գիտաշխատող, Բունդեսթագ

Ադրբեջանի ապօրինի հարձակումը Արցախի Հանրապետության վրա և դրան հաջորդած 44-օրյա պատերազմը տևեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրեց մոտ 5,000 զինվոր։ Երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր ժողովրդի համար սա մի ամբողջ սերնդի կորուստ էր։

Արցախի վրա հարձակվելուց՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ներգրավեց 2,000–4,000 վարձկանների, որոնցից շատերը ծագում էին Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ, նախկին Ազատ սիրիական բանակ՝ ԱՍԲ) ջիհադիստական միջավայրից։

Այս վարձկաններին ֆինանսավորում, համակարգում և ճկուն տեղակայում էր Թուրքիան, ինչը նոր սպառնալիք էր Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) տարածաշրջանի, այնպես էլ Կովկասի համար։ Նրանց արդեն օգտագործել են Լիբիայում, Սիրիայում և Արցախում։

Միաժամանակ Թուրքիան հանդես էր գալիս որպես իր «եղբայր պետությանն»՝ Ադրբեջանին, օգնության ձեռք մեկնող կողմ։

Ջիհադիստ և այլ վարձկանների ներգրավումը միջազգային իրավունքի խախտում է․ այդ մասին Հայաստանի Հանրապետությունը ապացույցներով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։[1]

Հայերի համար, որոնք արդեն 1915–1916 թվականներին ենթարկվել էին ցեղասպանության երիտթուրքերի կողմից և ավելի վաղ՝ 1895–1896 թվականներին Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք, երբ շուրջ երկու միլիոն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված այս նոր տեղահանումներն ու սպանությունները վերակենդանացրին պատմական հիշողություններն ու ցեղասպանության վախը։

Այն փաստը, որ միջազգային հանրությունն անտեսեց 2020 թվականի էթնիկ զտումը, ցույց է տալիս, որ Հայաստանը մնացել էր և շարունակում է մնալ մենակ։

Ահաբեկիչ վարձկանների կիրառումը և դրան հաջորդած Արցախի էթնիկ զտումը՝ որպես պատերազմի մարտավարություն, լուրջ ապակայունացնող սպառնալիք է ոչ միայն ամբողջ Կովկասի, այլև այլ հակամարտային գոտիների համար։ Առանձնապես մտահոգիչ է այն, որ չկա որևէ հստակ ապացույց, որ այդ ահաբեկիչները լքել են տարածաշրջանը։ Ենթադրաբար, նրանց մի մասը վերաբնակեցվել է այնտեղ, ինչը լուրջ անվտանգային ռիսկեր է ստեղծում։

Որպեսզի հասկանանք, թե ովքեր են այս վարձկանները, պետք է դիտարկել նրանց ծագումն ու գործունեությունը։

Ինչպե՞ս հայտնի դարձավ, որ Արցախի պատերազմում ահաբեկիչներ են կիրառվել

Պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկաններ հաստատեցին, որ թուրք զինվորական մասնագետներ ժամանել էին նրանց մարզելու և Արցախ ուղարկելու համար նախապատրաստելու նպատակով։ Նրանք նշել են, որ առանց այդ մասնագետների որևէ որոշում չէր կայացվում, և իրենց ստորաբաժանումներում կային այլ օտարերկրյա մարտիկներ, որոնք կռվում էին ադրբեջանական ուժերի հետ։[2]

Գերմանական Der Spiegel շաբաթաթերթը նույնպես հայտնել է, որ Մուրադի բրիգադի (ԱՍԲ/ՍԱԲ կազմում) վարձկանները նախ կիրառվել են Սիրիայում, ապա՝ Արցախում՝ Թուրքիայի ֆինանսավորմամբ և աջակցությամբ։

Տարածաշրջանային համատեքստին ոչ այնքան լավ ծանոթ լինելու պատճառով՝ Der Spiegel-ը, ցավոք, պնդում է ՌԴ աջակցության մասին։ Իրականում, Հայաստանը չուներ ՌԴ-ի աջակցությունը։ Դա ակնհայտ է Ադրբեջանի ապօրինի հարձակման ընթացքում տարածաշրջանում տեղակայված ռուսական զորքերի անգործությունից։ Արցախն ու Հայաստանը մնացին մենակ։ Ռուսաստանը պատմականորեն զենք է վաճառել երկու կողմերին էլ և հարձակման ընթացքում լռություն պահպանեց։

Հետաքննությունները ցույց են տվել, որ Թուրքիան տարածաշրջան է ուղարկել առնվազն 1,000 սիրիացի վարձկան և անօդաչու թռչող սարքեր։ Այս տվյալները հաստատվել են նաև աշխարհագրական տեղորոշման վերլուծություններով։[3]

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառված մյուս խոշոր կազմավորումը Համզայի բրիգադն էր, որը նախկինում մասնակցել էր Լիբիայի պատերազմին։ Բրիգադի հրամանատարն ինքը բացահայտորեն խոստովանեց դա հարցազրույցում։

Մարտիկներ հավաքագրվել են նաև սիրիա-թուրքական սահմանի մոտ գտնվող ճամբարներից (օրինակ՝ Աֆրինից)՝ խոստանալով ամսական շուրջ 1,000 դոլար աշխատավարձ։ Նրանց տեղափոխել են Այնթապ (Գազիանթեփ), ապա՝ Անկարա և Ստամբուլ, որտեղից օդային ճանապարհով ուղարկել են Բաքու և այնուհետև՝ Արցախ։

«Syrians for Truth and Justice» կազմակերպության տվյալներով՝ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 2,580 սիրիացի մարտիկ, որոնցից 293-ը զոհվել են Արցախում։[5] Վարձկաններին խոստացել են 10,000 թուրքական լիրա երեքամսյա ծառայության համար, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 25,000 լիրա փոխհատուցում։ Ավելին, արդեն 2020 թվականի հուլիսին, ըստ հաղորդումների, 150 թուրքական ծագումով կովկասյան ջիհադիստներ Իդլիբից տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախում կռվելու համար։

Արցախում կիրառվել են նաև Սուլեյման Շահ բրիգադի (ալ-Ամշաթ), Ֆայլաք ալ-Մաջդի, Ֆայլաք ալ-Շամի և այլ խմբավորումների մարտիկներ։ Նրանց տեղակայումը սկսվել էր դեռևս սեպտեմբերի 22-ին՝ ներխուժումից հինգ օր առաջ։

Այս փաստերը ցույց են տալիս, որ հարձակումը նախապես ծրագրված էր ամիսներ, եթե ոչ տարիներ առաջ՝ Ադրբեջանի երկարաժամկետ ռազմական վերազինման շրջանակում, և որ կիրառվել են բոլոր հնարավոր միջոցները՝ ներառյալ ջիհադիստներ և թուրքական ու իսրայելական անօդաչու սարքեր։[4]

ՍԱԲ-ի հրամանատարներից մեկն ասել է. «Ադրբեջանում մնացածները թուրքմենական ծագումով կովկասյան ջիհադականներ են։ Նրանք ստացել են ադրբեջանական քաղաքացիություն։ Սիրիացիներն ու արաբները բոլորն էլ վերադարձել են Սիրիա»։[6*]

Նշված կովկասյան ջիհադականները ծագում են «Աջնադ ալ-Կավկաս» իսլամիստական խմբավորումից, որն իր գործունեությունը հիմնականում ծավալել է Լաթաքիայի և Իդլիբի լեռնային շրջաններում՝ տարածքներում, որոնք այն ժամանակ, ինչպես և այժմ, գտնվում են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) վերահսկողության ներքո։ ՀԹՇ-ի, ՍԱԲ-ի և դրանց ենթախմբերի՝ Սիրիայի ներկայիս իշխանական կառույցները սերտ կապեր են պահպանում թուրքական պետության հետ, ինչն առավել քան ակնհայտ է Սիրիայի Դեմոկրատական Ուժերի (ՍԴՈ) քրդական ուժերի ճնշման գործընթացում։

Արցախում տեղակայված լրացուցիչ վարձկաններ ուղարկվել էին «Սուլեյման Շահ» բրիգադից (որը հայտնի է նաև որպես «Ալ-Ամշաթ»), «Ֆայլաք ալ-Մաջդ»-ից և «Ֆայլաք ալ-Շամ»-ից։ Նրանց տեղակայումը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 22-ին՝ արշավանքից հինգ օր առաջ։

Փաստագրված է նաև, որ 25–30 ույղուր մարտիկ Անթաքիայից ինքնաթիռով տեղափոխվել է Սիրիա, որտեղ «Ալ-Ջանուդիյա»-ի մատույցներում թուրք հրահանգիչների կողմից ռազմական պատրաստություն է անցել։ Նույն վայրում գտնվել են նաև «Մուրադ» և «Սուլեյման Շահ» բրիգադներից ևս 250–300 թուրքմեն վարձկաններ։ Սեպտեմբերի 27-ին նրանք Սիրիայից Գազիանթեփի վրայով ուղևորվել են Բաքու, ապա փոխադրվել Արցախ։

Այս վարձկաններին զուգահեռ՝ «Ահրար ալ-Շամ»-ի և «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի մարտիկները Թուրքիայի հետախուզական ծառայության համակարգմամբ Աֆրինից տեղափոխվել են Ադրբեջան, ապա՝ Արցախ։ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության կողմից 2020 թվականի նոյեմբերի 27-ին անցկացված քննության ընթացքում պարզվել է, որ «Սուլթան Սուլեյման Շահ» ջիհադականների կողմից ավելի քան 2000 վարձկան վճարովի հիմունքներով հավաքագրվել, Ադրբեջան տեղափոխվել և ներգրավվել է պատերազմական գործողություններին, իսկ խմբավորման առաջնորդն անձամբ ղեկավարել է մարտական գործողությունները տեղում։[6]

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը առաջիններից մեկն էր, ով հետաքննեց Թուրքիայի կողմից ջիհադական վարձկանների կազմակերպված տեղակայումն Արցախ։ Սիրիական աղբյուրների հիման վրա նա պարզեց, որ Թուրքիան Արցախ է ուղարկել ամենամեծ երկու սիրիական զինված խմբավորումներից («Համզա» և «Սուլթան Մուրադ») 2000 ջիհադական։ Հայկական զինված ուժերը ծանր կորուստներ հասցրեցին նրանց, սակայն անզոր էին Ադրբեջանի ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի դիմաց։ Սնելի վկայությամբ՝ այս վարձկանները տեղակայված էին ադրբեջանական ռազմական ճամբարներում։[7]

Թեև միջազգային լրատվամիջոցները փաստել են, որ Թուրքիան այս պատերազմում աջակցել է Ադրբեջանին[8] և, ամենայն հավանականությամբ, խրախուսել է հարձակումը — ինչն ըստ էության ընդունվել է անգամ Էրդողանի մամուլի խոսնակի կողմից, հայտարարելով, որ «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան կանգնած է նրա կողքին, և Ադրբեջանն օգտվում է մեր լիարժեք աջակցությունից» — Թուրքիան շարունակում է ժխտել ցանկացած միջամտություն։ Թուրքիայի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառվել միջազգային հանրության կողմից։ Արդյունքում՝ Ադրբեջանն ի վերջո հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա (մասնավորապես՝ Գորիս, Ջերմուկ) 2022 թվականի սեպտեմբերի 13-ից սկսած՝ շարունակաբար առաջ մղվելով՝ սահմանները փոխելու նպատակով։[9]

Խմբավորումները

«Սուլթան Մուրադ» բրիգադը թուրքական ծագումով ջիհադական խմբավորում է՝ շուրջ 9,000 մարտիկով։ Այն մտնում է ՍԱԲ-ի կազմի մեջ և գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո։ Դա ակնհայտ է խմբավորման հռչակած առաքելությունից՝ ՔԲԿ-ի և ՅՊԳ-ի դեմ պայքարելու, ինչպես նաև ՍԴՈ-ի դեմ ընթացող նրա ներկայիս գործողություններից։ Խմբի անդամները նաև որպես վարձկաններ են ծառայել Լիբիայում։ 2018 թվականից ի վեր այն գլխավորում է Ֆահիմ Էրթուղրուլ Իսան,[11] որն այժմ Հալեպում տեղակայված Հյուսիսային Սիրիայի բանակի հրամանատարն է։ Կարելի է ենթադրել, որ այս խմբավորումը կշարունակի ներգրավվել ճգնաժամային տարածաշրջաններում, մինչդեռ միջազգային հանրությունը կա՛մ անկամ է, կա՛մ անկարող՝ որևէ քայլ ձեռնարկելու։[10]

Բրիգադն անուն է հանել քրդուհի ռազմագերիների զանգվածային բռնաբարություններով, հարկադիր ամուսնություններով և խաղաղ բնակչության նկատմամբ համակարգված բռնություններով։[12] ՄԱԿ-ը դատապարտել է բրիգադին — «Ֆայլաք ալ-Շամ»-ի և «Ֆայլաք ալ-Մաջդ»-ի հետ մեկտեղ — երեխա-զինվորներ հավաքագրելու պրակտիկայի համար։[13]

«Համզա» դիվիզիան նույնպես մտնում է ՍԱԲ-ի, հետևաբար՝ Թուրքիայի վերահսկողության ներքո, և հայտնի է պատերազմական հանցագործություններով՝ խոշտանգումներ, բռնաբարություններ, առևանգումներ և ռազմագերիների սպանություններ։ Նրա ղեկավար Սայֆ Բալդը (հայտնի է նաև որպես Սայֆ Աբու Բաքր) նախկին ԻՊ ահաբեկիչ է և ազատ սիրիական բանակի տարբեր զինված ուժերի նախկին անդամ։[14]

«Սուլեյման Շահ» բրիգադը, որը հայտնի է նաև «Ամշաթ» անունով (անունը ստացել է հիմնադիր Մուհամմադ ալ-Ջասիմից, ով կոչվում էր Աբու Ամշաթ), ՍԱԲ-ի կառուցվածքում ևս մեկ թուրքամետ զինված ուժ է։ Այն անուն է հանել Աֆրինում խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումներով, առևանգումներով, բռնաբարություններով և բռնություններով, ընդ որում խմբի կազմում ենթադրաբար ավելի քան 2,000 մարտիկ կա։[15]

«Աջնադ ալ-Կավկաս»-ը ՀԹՇ-ի կողքին կռված չեչենական իսլամիստական զինջոռ է։ Նրա մարտիկները սկզբնապես «Անսար ալ-Շամ»-ի կազմում էին։ 2015 թվականին հիմնադրվելուց ի վեր այն համագործակցել է այլ ջիհադական խմբավորումների հետ, մասնավորապես ՀԹՇ-ի նախորդ «Նուսրա ֆրոնտ»-ի և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» հետ։ Այս խմբի մարտիկները հաճախ այլ հակամարտությունների, մասնավորապես Սիրիայի փորձառու վետերաններ են, և թեև նրանք հետամուտ են իսլամական խալիֆայության կամ էմիրության հաստատմանը, ուղղակի կապ ԻՊ-ի հետ, կարծես, չունեն։[16]

«Ֆայլաք ալ-Մաջդ» բրիգադն ևս թուրքամետ զինյալ ուժ էր ԱՍԲ-ի/ՍԱԲ-ի կառուցվածքում։ «Ֆայլաք ալ-Շամ»-ի և Թուրքիայի աջակցությամբ այլ խմբերի նման՝ այն ներգրավված էր Աֆրինի 2018 թվականի գրավմանը՝ ՍԴՈ-ի դեմ։ Այն տխրահռչակ է առևանգումներով, խոշտանգումներով, խեղումներով և այլ պատերազմական հանցագործություններով։ «Ֆայլաք ալ-Շամ»-ը ձևավորվել է 2014 թվականին՝ որպես «Ալ-Քաիդա»-ի հետ չդաշնակված սիրիացի իսլամիստների միավորում։ Նրա մարտիկները նույնպես մասնակցել են Լիբիայի քաղաքացիական պատերազմին։ Թուրքիայի աջակցությամբ խումբը համագործակցում է «Ջայշ ալ-Ֆաթահ»-ի նման ավելի խոշոր ջիհադական կազմավորումների հետ և առանցքային դեր է խաղացել Աֆրինի գրավման գործում։

Այս բոլոր թուրքամետ ջիհադական խմբավորումների ներգրավումը 44-օրյա պատերազմի ընթացքում — ինչպես նաև նախկինում Սիրիայում և Լիբիայում — վկայում է թուրքական կառավարության և դրա ինքնահռչակ եղբայրական պետության կողմից արդեն լավ հաստատված ու ապացուցված գործելաոճի մասին։ Նրանք քրդական դեմոկրատական ներկայացուցիչներ են տեղահանո՞ւմ կամ սպանո՞ւմ Սիրիայում, հայե՞ր Արցախում, թե՞ այլ ազգային փոքրամասնություններ. արդյունքն ըստ էության նույնն է։

Եզրակացություն

Ռազմական հանցագործությունները չեն ավարտվել Արցախի գրավմամբ և վարձկանների կիրառմամբ։ Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորները ցուցադրում են հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ և այլ բռնություններ։ Տարածված պրակտիկա էր գերիների կամ զոհվածների ականջները կտրելն ու դրանք որպես պատերազմից հուշանվեր պահելը։

Կիրառվել են նաև ֆոսֆորային զինամթերք և կասետային ռումբեր։ Թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև հայկական մշակութային հուշարձաններ՝ դարավոր եկեղեցիներ ու գերեզմանոցներ։[17] Նվաճումից հետո այդ գերեզմանոցներն ու եկեղեցիները համակարգված կերպով ոչնչացվեցին՝ ըստ թուրքական մոդելի (1915 թվականից մինչ օրս), որը հազարամյակների հայկական քաղաքակրթության ոչ մի հետք ու վկայություն չի թողնում՝ ճիշտ այնպես, ինչպես ցեղասպանությունից հետո։[18]

Նույն ճակատագիրն է սպասում Արցախի հայկական մշակութային հուշարձաններին, որը մարդկության քաղաքակրթական ժառանգության անդառնալի կորուստ կլինի։ Սակայն ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքված նավթի ու գազի համաձայնագրերի ֆոնին, սա, կարծես, քչերին է հուզում։[19]

Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը՝ կանխելու հետագա ընդարձակողական քաղաքականությունն ու վարձկանների կիրառումը, մնում է բաց և հրատապ հարց։ Մերձավոր Արևելքն ու Կովկասը արդեն իսկ զգալիորեն փոփոխվել են Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի աջակցությամբ գործող զինված խմբավորումների գործունեության հետևանքով։ Իսկ բազմաթիվ հայերի և քրդերի աչքում միջազգային հանրությունը կորցրել է իր վստահելիությունը։


Ծանոթագրություններ

  1. https://hy.armradio.am/archives/377709
  2. https://cyberleninka.ru/article/n/mercenary-participation-in-the-2020-44-day-war-in-artsakh-and-its-impact-on-the-international-security-system
  3. Der Spiegel; Oryx; Tagesschau
  4. NZZ
  5. https://stj-sy.org/en/turkey-recruited-2580-syrian-fighters-to-azerbaijan-293-died/
  6. https://cyberleninka.ru/article/n/mercenary-participation-in-the-2020-44-day-war-in-artsakh-and-its-impact-on-the-international-security-system
  7. Armenpress; Civilnet
  8. Դա հաստատված է միջազգային լրատվամիջոցների հետաքննություններով, այդ թվում՝ France 24, The Guardian, BBC, Սիրիայի մարդու իրավունքների դիտակետի, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ վարձկանների և անվտանգության ծառայությունների կիրառման հարցերով աշխատանքային խմբի կողմից։
  9. https://evnreport.com/new-updates/the-2022-azerbaijani-incursion-into-armenia-events-and-aftermath/
  10. https://www.counterextremism.com/armed-opposition-groups-nw-syria/sultan-murad-division
  11. https://x.com/fehimisa1
  12. https://www.counterextremism.com/armed-opposition-groups-nw-syria/sultan-murad-division
  13. ՄԱԿ-ի փաստաթուղթ G20/210/90
  14. https://www.counterextremism.com/armed-opposition-groups-nw-syria/hamza-division
  15. https://www.counterextremism.com/armed-opposition-groups-nw-syria/suleiman-shah-brigade
  16. https://www.counterextremism.com/armed-opposition-groups-nw-syria/ajnad-kavkaz-ak
  17. Dickran Kouymjian: The Destruction of Armenian Cultural Monuments: Its Significance for World Heritage Preservation. In: In Noah’s Country. Sydney 2015.
  18. https://as.cornell.edu/news/report-shows-near-total-erasure-armenian-heritage-sites
  19. https://ec.europa.eu/commission/presscorner/detail/da/statement_22_4583