Մի նկարը բացում է ազատագրման շրջանը, մյուսը՝ փակում:

«Այսպիսով, նոր շրջանի հայոց պատմության մեջ առաջին անգամ, հայերը կարողացան տարածք վերագրավել»։

Այս խոսքերն ասել է առաջին լուսանկարում պատկերված զինվորականը՝ Մոնթե Մելքոնյանը։ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղն էին վերագրավել, 1991 թվականի սեպտեմբերի 14-ին, 7 ժամ 10 րոպե տևած մարտում։

Լուսանկարը նույնպես արվել է ազատագրված Բուզլուխում։ Հեղինակը ֆրանսիացի է՝ Միրիամ Գոմը։ Նա լուսանկարն անվանել է «Զվարճալի տղա»։

Երկրորդ լուսանկարի հեղինակը Վաղինակ Ղազարյանն է։ Լուսանկարն արվել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին, հոկտեմբերի 30-ին։ Խրամատը, համազգեստը, ինքնաձիգը, հորիզոնի շերտ-շերտ սարերը հուշում են, որ նկարը պատերազմից է։ Ոչ, պատերազմից չի, Սյունիքի մարզն է, Ներքին Խնձորեսկ գյուղը։ Այս Արցախյան պատերազմին այնտեղ կռիվ չի եղել։

Լուսանկարների ընդհանրությունն ու տարբերությունը երկու պատերազմների արդյունքների խորհրդանիշն են։

Երկու լուսանկարներում էլ զինվորական համազգեստով մարդը պառկած է անհարմար դիրքում, ոտքերը ծալած, գլուխը հենած ուսին, քնելու համար չնախատեսված վայրում։ Երկու նկարներում ինքնաձիգ կա, երկուսում էլ ԱԿ-74, երկուսում էլ այն զինվորի առջևում է։ Սակայն մի նկարում ինքնաձիգը դիտողի առջևում է, հանգիստ դրած է, կարող ես վերցնել։ Մյուսում՝ դիտողից հեռու է, զինվորի մարմնով սեղմված է հողին, լարված է դրած, վերցնես` զինվորին կարթնացնես։

Առաջին նկարում երևում է զինվորականի դեմքը, որտեղ թեև առկա է հոգնածությունը, բայց մարդը խրոխտ է պատկերված։ Մորուքից, կնճիռներից, ձեռքերի երակներից կարդացվում է, որ հասուն մարդ է, իր գործին գիտակ, աննահանջ ու նպատակասլաց։ Նա ապահովության զգացում է հաղորդում նրանց, ում համար կռվում է։ Քանի դեռ նա մարտական դիրքում է, պաշտպանված ես․ լուսանկարում պատկերված քունը հանգիստն է, որն առնելուց հետո նա կրկին անցնելու է հայրենիքի պաշտպանության գործին ու հաջողության է հասնելու։

Համազգեստի միջոցով տպավորությունները տարածվում են զինվորական համազգեստ կրողների վրա։ Ընդհանրանում է հայ զինվորականի պատկերը՝ նպատակասլաց, աննահանջ ու գիտակ։

Լուսանկարի մակագրությունը՝ «Զվարճալի տղան», նոր շերտ է ավելացնում կերպարին, որը նկարը նայելուց անհնար է կարդալ։ Սակայն լուսանկարիչը որոշել է իր տպավորությունն ընդգրկել լուսանկարում։ Եվ զվարճալի դրական բառը էլ ավելի է ապահովության զգացումով լցնում կերպարի հանդեպ։ Այսպես, եթե ինքնաձիգ կա, ապա պաշտպանում է արտաքին թշնամուց, իսկ եթե նաև զվարճալի է, ապա առհասարակ վախենալու չի, և նրա ներկայությունը հաճելի է։

Երկրորդ նկարում զինվորի դեմքը չի երևում, ոչ էլ գլուխը կա։ Այդուհանդերձ տպավորություն է, որ նա երիտասարդ է։ Պատճառը ձեռքերը չեն, որը միակ երևացող բնորոշիչն է, որի միջոցով հնարավոր կլիներ հասկանալ զինվորի տարիքը։ Լուսանկարչի ընտրած հեռավորությունը թույլ չի տալիս դա կարդալ։ Պատճառը հասարակության ասույթներն են, որոնք պատմում են զինվորների մասին՝ «զինվորը սոված է մնացել», «զինվորն առանց խրամատ է մնացել», «զինվորն անտեր է մնացել»։ Այս ասույթները չեն կարող լինել հասուն, խրոխտ, նպատակասլաց մարդու մասին, քանի որ մեր գիտակցությունն ընդունում է, որ հասուն, խրոխտ, նպատակասլաց մարդը կարող է դժվարություններ կրել և նրան այդպիսի արտահայտություններով ներկայացնելը համապատասխան չի։

Բացի դա, զինվորը դիտողին մեջքով է պառկած։ Երեխաները մեջքով են թեքվում մեծահասկաներին, երբ նեղանում են նրանցից։ Մեջքով դիտողին լինելը խղճահարություն է առաջացնում զինվորի հանդեպ, զինվորին դարձնում է անպաշտպան։ Դիտողը մեղավորության զգացում է ունենում, որ նա այդ վիճակում է։ Հետևաբար դիտողը չի կարող ակնկալել այդ կերպարից այն, ինչի համար նա հագել է այդ համազգեստը՝ պաշտպանել հայրենիքը, պաշտպանել լուսանկարը դիտողին։

Այս պարագայում համազգեստը նույնպես բնորոշիչ է, հավաքականության մեջ է առնում կերպարին։ Այսինքն, ինչպիսին երևում է այս զինվորը, նույն զգացումն է ստեղծվում մյուս զինվորների նկատմամբ։ Այս նկարում դեմքի բացակայությունն էլ ավելի հավաքական է դարձնում կերպարին։ Ու այդ կերպարը նեղացած, փոքր զինվորն է, որը չի կարող պաշտպանել հայրենիքը ու լուսանկարը դիտողին։ Ու կարծես քնած զինվորը քնել է ոչ թե որ հոգնած է, այլ որովհետև նեղացած է։ Եթե նախորդ նկարում տպավարությունն այն է, որ Մոնթեն արթնանալու է, որ կռվի, ապա այս նկարում տպավորությունն այն է, որ զինվորը արթնանալու է, որ նորից քնի։

Լուսանկարներում առկա է նաև տեղանքի տարբերությունները։ Մոնթեի նկարում տեղանքն է ֆիքսում կերպարին, երկրորդ նկարում՝ կերպարը տեղանքին։ Այսինքն, Մոնթեի նկարում տեղանքը հնարավորություն է կերպարի մասին տեղեկություն հաղորդելու համար: Քանի որ լուսանկարիչը մոտիկից է նկարել, հետևաբար լուսանկարչի համար կերպարն առանցքային է, դա ապացուցում է նաև լուսանկարի մակագրությունը։

Երկրորդ նկարում լուսանկարիչն այնպիսի հեռավորություն ու անկյուն է ընտրել, որ նկարագրի տեղանքը, որտեղ առկա է զինվորը։ Ինչպես ասվեց, անգամ ձեռքերից հնարավոր չէ տարիք կռահել, որ կերպարի տարիքի մասին հավելյալ տեղեկություն ստանանք։ Հետևաբար, այստեղ լուսանկարչի համար զինվորը առարկա է, որի առկայությունը տեղանքում խղճմտանք առաջացնելու միջոց է, այն էլ մի տեղանքից, որը նման է պատերազմականի, բայց այնտեղ պատերազմ չկա։ Դա ապացուցվում է նաև մակագրությամբ՝ «Քնած զինվորը», այսինքն զինվորը հատկանիշ էլ չունի, նա պարզապես քնած է, ի տարբերություն առաջին նկարում պատկերված զինվորի։ Ու թեև Մոնթեի լուսանկարը մակագրված է տղա, սակայն այնտեղ տղամարդ է երևում, իսկ երկրորդ լուսանկարի զինվորը՝ տղա։

Հաղթանակները տեղի են ունենում դիմացից։ Գրոհում ես, դեմքդ է երևում։ Պարտությունը մեջքից է։ Նահաջնում ես մեջքդ է երևում։ Այսպիսով մի լուսանկարիչը հաղթանակ է ֆիքսել հաղթանակի վայրում, մյուսը՝ պարտություն, որն անգամ պարտության վայրում չէր, բայց հոկտեմբերի 30-ին հայտնի էր, որ նահանջում են հայկական զորքերը, ինչքան էլ որ ստում ու մոլորեցնում էին պատկան մարմինները։

Այս երկու լուսանկարների հայելային նմանություններն ու տարբերությունները խորհրդանշում են երկու պատերազմների արդյունքներն ու արվեստագետների տրամադրությունը։ Այդ տրամադրության փոխանցումը երկրի պաշտպանության գրավականն է։ Արդյո՞ք հնարավոր է հաղթել ու պաշտպանվել թշնամուց, եթե արվեստագետը խեղճ է տեսնում զինվորին։

Խեղճ «Քնած զինվոր»-ը World Press Photo միջազգային մրցույթի մրցանակակիր է։ Մոնթե Մելքոնյանի լուսանկարը միջազգային մրցույթի մասնակցել չէր կարող, քանի որ խրոխտ «Զվարճալի տղա»-ն ընդունված չէր նրանց կողմից։

Հովհաննես Իշխանյան