2020թ․ թվականի պատերազմի ծանր ավարտը գուժեց, որ կյանքն այլևս առաջվանը չի լինելու, որ սուգն ու ողբը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել մեր ինքնությունը։
2020թ․ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրան սպասարկողները 44 օր աղաղակում էր՝ հաղթելու ենք։ Հաղթեց թուրքը (դե, չտարանջատենք, դրանք նույնն են)։ Թուրքին պարտվելու միտքը հանգիստ չի տալիս, փորձում ես քեզ համոզել, որ ընդամենը մի անձ է ստորագրել ամոթի թուղթը՝ հայոց պատմության մեջ իր տխրահռչակ անունը թողնելով՝ որպես․․․
Բարդ է առաջ նայել, հատկապես, երբ ապագան չի երևում, և գուցե պետք է անցյալին հայացք նետել, գուցե պետք է ճյուղակոտոր տոհմածառիդ արմատներին հասնել և տեսնել, թե ինչ են մտածել՝ ջարդերից փրկվելիս, և արդյո՞ք հանձնվել են, արդյո՞ք մտածել են՝ վերջ, ամեն ինչ կորած է, էլ իմաստ չունի ապրել, առավել ևս՝ պայքարել, թե՞ հակառակը՝ չեն հանձնվել ու դիմակայել են բոլոր փորձություններին՝ տալով ինձ հնարավորություն շարունակել իրենց առաքելությունը։
Երբեք չէի մտածի, որ կգա մի օր, երբ ես հնարավորություն կունենամ թերթել նախնիներիս կյանքի պատմության էջերը․ միշտ երազում էի գոնե մի պատմություն լսել նրանց մասին, բայց այս տարի Մեծ պահքի օրերին ստացա ամենամեծ նվերներից մեկը՝ տոհմիս մասին պատմող միակ գիրքը։
Ցեղասպանության մասին վկայություններից մտքումս միայն մի հարց սկսեց պտտվել՝ թուրքի հետ խաղաղության դարաշրջան բացողները մի՞թե ծանոթ չեն պատմության այդ սև էջերին: Lավ, եթե անգամ ծանոթ էլ չեն, մի՞թե 2020թ․ պատերազմի ժամանակ թշնամու վայրագությունները դաս չեղան նրանց համար։ Հետո, սկսեցի մտածել, որ գուցե նրանց նախնիները չեն անցել նույն տառապանքների ու տանջանքների միջով, ինչի միջով անցել են իմ և մյուս հայերի նախնիները։
Նախնիներս Վանից են՝ Նոր գյուղից (Նորագյուղից), վարել են նահապետական կյանք։ Տոհմիս մասին գրքում, որը հրատարակվել է 1965թ․Ազատ Մկրտչյանի կողմից, այդ ժամանակ տոհմի ամենամեծ հարսի՝ 90-ամյա Եղիսաբեթ Շահբազի Շահբազյանի հուշերում ասվում է, որ Վանի վիլայեթի Հայոց Ձորի գյուղը Վասպուրականի ամենամեծ գյուղերից մեկն է եղել և կոչվել է Նոր գյուղ, որովհետև նրա բնակիչները եկել են Կասրիից և մի հարթ ու գեղեցիկ տարածության վրա կառուցել իրենց բնակատեղին։ Մինչ Եղիսաբեթ մայրիկի վկայություններին ացնելը, ընդգծեմ, որ նրանից միայն մեկ լուսանկար է պահպանվել, այն էլ բավականին փոքր չափի։ Նրան միայն մեր տոհմի տարեցներն են հիշում, այն էլ բավականին աղոտ։
Վանի Նոր գյուղում ամենամեծը հենց մեր տոհմն է եղել, և ըստ Եղիսաբեթ մայրիկի վկայությունների՝ մեր տոհմի տղամարդիկ և կանայք կռվել են թուրք բռնակալների դեմ հանուն հայրենիքի, ազատության և անկախության, հանուն հայրենի գյուղի և հայ ընտանիքների փրկության։
Նրանք այդպես են վարվել 1915թ․ ապրիլի և մայիսի կռիվների ընթացքում, երբ Վանի կուսակալ Ջեվդեթի հրամանով կարգադրվել է սրի քաշել Հայոց Ձորի ամբողջ հայությանը, այդ թվում՝ մեր գյուղի հազարից անցնող բնակիչներին․
«Գյուղի 250 կտրիճները դիրքավորվեցին հարազատ լեռների ու հակառակորդի անցման ուղիների առավել կարևոր կետերում և մարտի բռնվեցին թշնամու հետ։ Ես հիշում եմ, թե ինչպես մեր տոհմի Իսրոն, Քարեն, Մինասը, Մնոն․․․ և շատերը զինված «մաուզերներով», թրերով և զենքի այլ տեսակներով, թվով 250 հոգի, մեկ ամիս շարունակ կռվում էին օսմանցիների դեմ, մեր գյուղի լեռների, Վան և Խոշաբ տանող ճանապարհների և Վարագա սարի փեշերին։ Նրանք 1915թ․ ապրիլյան կռիվների ժամանակ պաշտպանում էին ոչ միայն մեր, այլև հարևան Հառեղ, Աստվածաշեն, Հնդստան, Տոնի, Հարատենց, Խեք գյուղերի բնակչությանը․ այդ գյուղերի երիտասարդները նույնպես կռվում էին նրանց շարքերում։ Մեր գյուղի տղերքի քաջությունն ու ամուր կամքն էր, որ մեզ փրկեց, այլապես Բաղեշի, Սղերդի, Տիգրանակերտի և բազմաթիվ հայաբնակ վայրերի բնակիչների նման մեզ էլ կկոտորեին։ Մեր տղամարդիկ և կանայք ինքնապաշտպանությամբ փրկեցին իրենց կյանքը։ Մեր գյուղը դիմացավ այդ սարսափելի հարձակումներին, բայց իհարկե, շատ ծանր և դժվարին պայմաններում։ Շուտով սկսվեց մեծ գաղթը և մենք թողեցինք նվիրական և պատմական հայրենի գյուղը․ բոլորս խառնվեցինք իրար, տարիների ստեղծած մեր հայկական օջախները ավերեցին անօրենները», – գրում է Եղիսաբեթ մայրիկը։
Մեր տոհմի Մկոյի, Ներսոյի (մեր տոհմածառի իմ ճյուղը նրա հորից՝ Մարտիրոսից, ապա նրանից է սկզբնավորվում), Վարդանի, Մարկյարի, Յանուշի, Ափրոյի, Ավետիսի, Պատուրի և Բանուշտի ընտանիքները՝ ավելի քան 30 կռվող տղամարդ, 183 կին, երեխա, տատիկ-պապիկ գաղթել են, սակայն գաղթի ահավոր ճանապարհին ընկել են այդ մեծ գերդաստանի անդամները և միայն մի բուռ մարդ է հրաշքով փրկվել, հասել Իգդիր, այնտեղից էլ Մարգարա գյուղ, Էջմիածին և վերջապես՝ Երևան։ Երբ սովետական կարգեր են հաստատվել Հայաստանում, մեր մեծ գերդաստանից մնացել էր միայն չորս ընտանիք։ 1965թ․ հրատարակված գրքում ասվում է, որ չորս ընտանիքը դարձել է 55՝ բաղկացած 221 շնչից (hիմա, իհարկե, մեր տոհմն ավելի է ընդարձակվել, թեպետ բավականին բարդ է նշել, թե մոտավորապես քանի ընտանիք կա, քանի որ սփռված ենք աշխարհով մեկ)։

Եղիսաբեթ մայրիկը շարունակում է․ «Ես չգիտեմ, թե ինձանից հետո եկող սերունդը ինչպես կկատարի իր ազգին և հարազատներին բնաջնջող թուրքերի հանդեպ իր պարտքը, բայց ես և ինձ պես հարյուր հազարավոր հայեր լցված ենք վրիժառության մեծ և անմոռաց տենչով, քանի որ օսմանցին մեզ զրկեց մեր պապենական տնից և հողից, խլեց մեզնից ամեն ինչ, թալանեց ու ավերակ դարձրեց մեր գյուղերը, կոտորեց ու առևանգեց հայերի մի ստվար զանգված։ Էլ ինչպե՞ս լռենք, ինչպե՞ս մոռանանք, չի՛ լինի, պետք է կռվել և վրեժ լուծել։ Մի մահաբեր հրացան, որով միայն պետք է հատուցել օսմանցուն»։
Եղիսաբեթ մայրիկի մտքերը դժվար թե դուր գան «խաղաղության դարաշրջան» հաստատող մեր երեսփոխաններին, որոնք ի զորու չեն անգամ սեփական երկրի սահմանները պաշտպանել, ուր մնաց թե՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատեն։ Չնայած՝ գերեզմանում էլ է խաղաղ, գուցե հենց դա նկատի ունեն։
Խաղաղությունը չեն մուրում՝ պարտադրում են, իսկ թշվառ վիճակում խաղաղություն մուրողներին՝ ոչնչացնում։ Եղիսաբեթ մայրիկի նման մտածողները հիմա կամ քիչ են, կամ լուռ, իսկ ավելի ագրեսիվ են Շուշին դժբախտ և դժգույն համարող անհայրենիքները, որոնք չեն խորշում հայկական տեղանունների ադրբեջանական անվանումները գործածել՝ դրանով հավատարմության երդում տալով ամեն պահի իրենց ստորացնող և ծաղրուծանակի ենթարկող թուրքերին։
Կոտորածից փրկված իմ նախնիների համար բարդ կլիներ գիտակցել, որ Արևելյան Հայաստանում կարող են գալ ժամանակներ, երբ թշնամուն ոչ թե մահաբեր հրացանով, այլ աղուհացող դիմավորել ցանկացողներ կլինեն։ Նրանց բարդ կլիներ բացատրել, որ թեպետ թուրքը շարունակում է սպանել և ոչնչացնել հայերին, միևնույն է՝ նրանց հետ պետք է խաղաղություն հաստատել։ Գուցե մահաբեր հրացանն այլ ուղղությա՞մբ կրակեր, գուցե թույլ չտա՞ր իր հայրենիքի համար նման անփառունակ վախճան․ իսկապես, չգիտեմ, չեմ կարող ժամանակի մեջ տեղաշարժվել և այնքան հետ գնալ, որ այս հարցերը նրան և մյուսներին ուղղեմ, ովքեր փրկվել են թուրքական յաթաղանից։
Եթե 1915թ․ իմ նախնիները Վանի Նորագյուղում դիմադրություն չկազմակերպեին, չպաշտպանեին իրենց և հարակից գյուղերի բնակիչներին, մեր տոհմը հենց այդտեղ էլ կոչնչանար, բայց կռվեցին, որ նաև ես ապրեմ։ Իմ զենքը գրիչն է, բայց մտքումս Եղիսաբեթ մայրիկի խոսքերն ունենալով՝ ցանկացած պահի պատրաստ եմ գործի դնել նաև մահաբեր հրացանը՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանական տանդեմին «թողնել մեկ հայ՝ թանգարանի համար»։ Իսկ եթե դու ընտրում ես թուրքի ստրուկը լինելու ապագան, դու դատապարտում ես նաև քո սերունդներին, որոնց անեծքները մահից հետո էլ քեզ հանգիստ չեն թողնելու։
Նախնիներս հստակ ավանդել են՝ վրեժ։
Ռազմիկ Մարտիրոսյան
Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի