«Սերովբեն պատանի տարիքից հետաքրքրությամբ լսում էր Կարծախ այցելած շրջիկ երաժիշտների ու աշուղների երգ-զրույցները։ Արտատպելով այդ ամենն իր երաժշտական հիշողության մեջ` հետզհետե ամրապնդում է աշուղ դառնալու երազանքը և ինքն էլ սկսում է երգեր հորինել։

Համագյուղացի աշուղ Սիային, ում՝ բավականին մուգ մաշկ ունենալու պատճառով կոչում էին Ղարա-Ղազար, նկատում է պատանու հակումներն ու համաձայնում է վերջինիս վերցնել իրեն աշակերտ։ Սերովբեն Սիայիի մոտ հինգ տարի սազ նվագել է սովորում։ Հանցագործ աշխարհի տրամաբանությամբ, ընդունված կարգի համաձայն, Սիային Սերովբեին շնորհում է աշուղի կոչում։

Ուսման հանդեպ սերը Սերովբեի մոտ արթնացել էր վաղ տարիքից։ Նրա ընկեր Ավետիսը պատմել է.

«Մի խումբ պատանիներով Խոզապին լճի ափին անասուններ էինք արածեցնում. մեզ հետ էր նաև Սերոբը։ Նա հազվադեպ էր մասնակցում ընկերական խաղերին, հաճախ առանձնանում էր, ցածր ձայնով երգում ու ճիպոտով քարերի վրա ինչ-որ ռիթմեր նվագում։ Մի օր էլ տեսնենք Սերոբն իր հետ բերել է մի տախտակի կտոր և ձիու պոչից մազ քաշել վրան։ «Ինչի՞ համար են դրանք»,- հարցնում ենք նրան։ Սա թե` սազ եմ շինելու»։

Անհոգ հովիվ պատանիները հռհռում էին` չպատկերացնելով, որ իրենց առաջ կանգնած է աշուղ Ջիվանին»։ [տեղեկությունը վերցրած է Վիկիպեդիայից, խմբ․]

Տարիներ առաջ, կարծեմ՝ 2014-15 թվականին, երբ հայկական սահմաններն անվտանգ էին, հայկական բանակը՝ կանգուն, որոշեցի շարժվել մորս ծննդավայր՝ Ջավախք, Կարծախ գյուղ։

26 տարեկան էի։ Կարծախում Ջիվանու արձանը նորից տեսա ու կյանքում առաջին անգամ ինձ սկսեցին հետաքրքրել իմ արմատները։

Աշուղ Ջիվանիի արձանը՝ Կարծախ գյուղում (նկ․՝ Վիկիպեդիայից)
Աշուղ Ջիվանիի արձանը՝ Կարծախ գյուղում (նկ․՝ Վիկիպեդիայից)

Երևի ծնողներս չէին պատմել մեծ պապերիս ու մեծ տատերիս մասին, դրա համար հետաքրքրություն չէր առաջացել կամ էլ ժամանակակից գիշերային կյանքը միշտ խանգարել էր, որ քրքրեի արմատներս։

Բայց ինչ-որ բան կպավ. 21-րդ դարում ստեղծագործող, ժամանակակից ստուդիաներում ձայնագրվող ու Ֆենդերներով նվագող մարդուն՝ ինձ, մի բան ծեփեց հայ աշուղի կենսագրությանն ու տեղանքին։

Յութուբյան դարում, սմարթֆոնների ու համացանցի պայմաններում հեշտ էր դառնալ երաժիշտ, բայց սարերում օրն անցկացնող, հաց ու պանրով կշտացող տասնհինգ տարեկանն էդ ե՞րբ ու ո՞նց հասկացավ, որ ուզում ա նվագի, ստեղծագործի։

***

Կարծախում հարազատ մարդ չունեի։ Բարեբախտաբար պապս այդ ժամանակ դեռ ողջ էր, բայց վաղուց ապրում էր Երևանում։ 70-ականներին աշխատանքի բերումով տեղափոխվել էր մայրաքաղաք ու հաստատվել։ Եվ չնայած նպատակ ուներ վերադառնալ հայրենի գյուղ, բայց չէր ստացվել։

Մայրս ու քեռիս հաստատվել էին քաղաքում, ամուսնացել, երեխաներ ունեցել։ Պապիս`Աղվան Բագրատունու եղբայրները, նույնպես տարբեր տարիներին եկել էին Երևան։

Տատս՝ Քսենյա Մոսիկյանը, բնականաբար, պապիս հետ էր։ Մեծ պապս ու մեծ տատս վաղուց մահացել էին, ու գերեզմանն էլ չգտա գյուղում. առանձնապես մեծ ճիգեր էլ չգործադրեցի․ ցուրտ էր։

 

Աղվան Բագրատունին ու Քսենիա Մոսիկյանն իրենց որդու՝ Արամ Բագրատունու հետ

Գյուղի ավելի լեռնային հատվածում, որտեղ միայն խնձորի ու տանձի ծառեր էին աճում, ինձ ընդունեց Գրիգորը, ում պապը դպրոցական տարիներին ուզում էր ամուսնանալ պապիս քրոջ հետ, բայց վերջինս նախընտրեց Երևանը։

Ջավախքում երեկոյան ժամերին բավականին ցուրտ էր։ Տեղափոխվեցինք վառարանի մոտ, որը երևի «վրացական ստանդարտներով էր պատրաստված» և նման չէր հայկական գյուղերում տեսածս վառարաններից ոչ մեկին։

Դամբուլի օղու և թոնրից հանած գառան միջամտությամբ՝ Գրիգորն ինձ սկսեց պատմել Կարծախի պատմությունը։

1830թ․ ենթագիտակցորեն կամ տնտեսական ու անձնական ցանկություններից ելնելով՝ Կարծախի հայերը գաղթեցին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթից, ինչի արդյունքում փաստորեն փրկեցին հետագա սերունդներին ջարդերից ու ստորացումներից։

Նրանք հայտնվում են այդ ժամանակվա Արևելյան Հայաստանի հյուսիսային հատվածում, որը ենթարկվում էր Ցարական Ռուսաստանին ու բավականին անվտանգ էր։ Էրզրում քաղաքին հարակից Օգոմի, Սալվար, Երկնիստ, Մեծ դու և Փոքր դու գյուղերի որոշ բնակիչներ` համախմբվելով հաստատվում են Խոզապին լճի հարակից Գինեյ Դեշ (իրենք այդպես են կոչում) սարի տակ ու բնակավայր հիմնում, զբաղվում անասնապահությամբ։

Գյուղում հիմնում են միջնակարգ դպրոց ու գրադարան, հող մշակում, առևտուր անում շրջակա գյուղերի հետ, զարգացնում մանր շրջիկ բիզնեսը։ Հետագա տարիներին գյուղում կառուցում են շատ տներ, և գյուղն ունենում է մոտ 750 բնակիչ։ 19-րդ դարի վերջում գյուղը տարածաշրջանում ամենամարդաշատն էր։

1880-ականի վերջին հին եկեղեցու տեղում սկսվում է նորի կառուցումը, որի արժեքն էր 13 000 ռուբլի։ Ժամանակի հայկական մամուլը գրել է, որ գյուղացիները շինության համար 21 կմ հեռավորությունից քար են բերել։

Համաձայն եկեղեցու պատի արձանագրության, շինարարությունն ավարտվել է 1894թ․, սակայն դեռևս կային անավարտ հատվածներ։ Հայտնի է, որ թիֆլիսահայ Եգոր Ավագյան-Դավթյանը 100 ռուբլի է տրամադրել այդ հատվածների կառուցման համար, որն այդ ժամանակվա համար շատ մեծ գումար էր։

1896թ․ սկսվում է զանգակատան շինարարությունը։ Զանգը նվիրում է թիֆլիսահայ Բագրատ Ալիբեկյանը։

Նոր եկեղեցու կառուցմամբ գյուղը կրոնական և մշակութային կյանք է մտնում։ Հետագայում սովետական տարիներին Կարծախի բնակչությունը հասնում է մոտ 2000-ի։ Գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, գրադարան և կաթի մթերման գործարան։ 1900-ականների սկզբում, թուրքական արշավանքների հետևանքով, գյուղը ժամանակավոր լքած կարծախցիներն ամիսներ անց վերադառնում են և շարունակում իրենց բնականոն կյանքը։

2014թ․ գյուղում ապրում էր մոտավորապես այնքան մարդ, ինչքան գյուղի հիմնադրման ժամանակ՝ 150 տարի առաջ։

Ամբողջ գիշեր Գրիգորն ինձ պատմում էր գյուղի ու գյուղացիների մասին լեգենդներ ու պատմություններ, որոնց հավաստիությանը, երևի, ինքն էլ չէր հավատում։ Հյուսիսային Հայաստանում կամ Հարավային Վրաստանում, աշխարհից կտրված անկյունում, կյանքն այնքան բնական ու ոչ ժամանակակից էր, որ Երևան գալու ցանկությունն ինձ մոտ իսպառ բացակայում էր։

21-րդ դարի աժիոտաժի պայմաններում Ջավախքի Կարծախ գյուղում օրվա կեսը հոսանք չկար։ Սմարթֆոնս գրեթե 24 ժամ կապ չուներ, և ինչ-որ ակունքային, ենթագիտակցական գյուղացի էր զարթնել ներսումս, և ես վերադառնալու ցանկություն չունեի։

Վաղ առավոտից կողքի գյուղերից ձմերուկ, սեխ ու դեղձ էին բերում, փոխանակում պանրի ու ձվի հետ. տպավորություն էր, որ մենք ապրում ենք 2000 տարի առաջվա Եվրոպայում, երբ փող ունենալը դեռ ամեն մեկին տրված չէր։

Խանութներում Ստալինի նկարով Պրիմա էին ծախում։ Ֆիլտրով սիգարետ գրեթե չկար, իսկ Գառնին ու Red-white-ը, որոնք Երևանում վերջացել էին 2002-2003 թվերին, Կարծախում դեռ ցուցափեղկերի տակ էին` մի քանի տարվա փոշու շերտի տակ ծածկված։

Կարծախում չկային շարժվող ամբոխներ, իրենց կյանքի մակարդակը բարձրացնող ու արևմուտքի պահանջները կատարող մարդիկ։ Գյուղում ամեն մարդ կատարում էր իր գործը։ Չկար քաղաքական վեճերի ժամանակ։ Իմ տարիքի տղերքը, որոնք ամուսնացել էին տեղացի կամ հարևան գյուղի աղջիկների հետ, առավոտից մինչև մութ հող էին մշակում, անասուն էին արածեցնում։

Պապիս՝ Աղվան Բագրատունու տատը, 1800-ականների կեսերին, երևի զգալով թուրքերի մոտալուտ վայրագությունները, տեղափոխվում է Կարծախի հարակից գյուղերից մեկը։ Հետո, ծանոթանալով Կարծախ գյուղից մի տղայի հետ, վերադառնում է գյուղ ու ամուսնանում։

Տարիներ անց ծնվում է պապս՝ Աղվան Բագրատունին, որը դպրոցում հանդիպում է տատիս և 14 տարեկանում որոշում, որ բանակից վերադառնալուց հետո, հենց նրա հետ է ամուսնանալու։

Աղվան Բագրատունին՝ ձախից, բանակի ընկերների հետ

Երկրորդ համաշխարհայինից մոտ 15 տարի էր անցել. Աղվանն ու Քսենյան միասին էին ապրում։ Ջավախքում կյանքն այնպես էր, ինչպես Խորհրդային միության մյուս հատվածներում։ Ինչպես տատս էր ասում․

«Նորմալ ապրում էինք, հավասարություն էր, չէինք ուզում անկախություն, բայց չէինք էլ ուզում պոկվեինք հարազատ հողից»։

Նախկինում պապիս քաշած գինիներից ու մի քանի партия շախմատ խաղալուց բացի ինձ ուրիշ ոչինչ չէր քաշում մորս ծնողների տուն։ Իսկ հիմա խմելու ու շախմատ խաղալու ցանկության իսպառ բացակայության պայմաններում, Կարծախից վերադառնալուց հետո ինչ-որ քամի ինձ քշել էր Քանաքեռ տեղ, որտեղ քառորդ դարից ավել ապրում էին տատս ու պապս։

Սկզբում զարմանքով, հետո արդեն հաճույքով Աղվանը՝ պապս, պատասխանում էր հարցերիս։ Ինքն էլ ինձ էր հարցնում իրա գյուղից՝ ոնց են Մոսիկյանները, Բագրատունիները, կանգո՞ւն է արդյոք բլրի դիմացի հողից տունը։

«Դե хуй его знает, պապի ջան»,- մտքումս պատասխանում էի ես։

Գրիգորի հետ 4-5 օր գիշեր-ցերեկ խմելու արդյունքում ինչ իմանայի ինչն էր կանգուն, ինչը ոչ։ Մի բան հաստատ կարամ ասեմ. թուրքերը դեռ Ջավախքում չեն։

«Մարդ չդառար էլի, արի շախմատ խաղանք, այ տղա…»։

Հետո, 5 խաղից 3-ը հաղթելուց հետո, պապին բերեց իր քաշած գինու շիշը։ Պատմեց, որ 70 տարի Կարծախից ընդամենը 2 կմ հեռավորության վրա թուրքերի սահմանն էր, բայց իրենք այդ լճից ձուկ էին բռնում, հանգիստ ապրում, գլուխները բարձին քնում․ խեռներին չէր։ Իսկ հիմա 2021 թիվն ա, շատ անինքնասեր տարի հայերի համար։

Պապին 2015թ․ մահացավ։ Վերջին խոսակցության ժամանակ ասեց. «Լևոնը թույլ էր, պետք ա հնձելով գնար»։

Հետո մի երկու անգամ շախմատ խաղացինք։ Հետո ֆուտբոլի ակադեմիայի մոտի իր հողամասը չէր կարողանում մշակել․ կամ պառկած էր, կամ առողջական անվերջ խնդիրների պատճառով քայլում էր։ Հետո թաղումն էր։

Հետո տատին մնաց մենակ։ Հետո տատին երազում ամեն օր պապիին էր տեսնում։ Հետո ինձ էր պատմում ամեն երազի մասին։ Հետո ժամանակի հետ տատին սկսեց պապիին ավելի քիչ տեսնել։ Կարծախ գյուղն էր տեսնում, կանաչ դաշտերը, իր մանկությունը, հոր հին կոշիկներն ու մոր գոգնոցը։ Հողին կառչած ամեն ինչը։ Բաներ, որ մեզ հետ են մինչև կյանքի վերջ, բայց ցավոք ոչ բոլորիս։

Կուր-Արաքսյան դաշտավայրը պետք է հետ վերցնենք, բայց Ջավախքը՝ ոչ։ Սենց են մտածում հայ որոշ գործիչներ։

Կլինենք վրացիների հետ սերտ բարեկամական շփումների մեջ, և Ջավախքի հետ կապը կմնա շատ ջերմ հողի վրա։ Այն Ջավախքի, որը գրչի մեկ շարժումով Խորհրդային իշխանությունը հանձնեց Վրաստանին, ու այն Ջավախքի, որտեղ թուրքական սահմանի մոտ, Խոզապին լճի ափին ձիու մազից սազ էր շինում պատանի Սերովբեն, որպեսզի երգեր հորինի ու նվագի Կարծախ գյուղի աղջիկների համար։

***

Տատիս հարցնում եմ՝ իսկ Կարծախ գյուղում սահմանի մոտ չէի՞ն վախենում թուրքական զորքից ու արշավանքներից։

Ասեց․ «Այ բալես, Սովետական երկրից Ամերիկան էր վախենում: Թուրքերն ո՞վ եղան, որ սահման անցնեն, մենք չէինք էլ ուզում անկախանայինք»:

Բայց անկախացանք։ Երեսուն տարի աշխարհին ներկայանում ենք սեփական գերբով, դրոշով, ֆուտբոլի հավաքականով, սեփական փողն ունենք ու անձնագրերը:

Աշխարհի փոքր երկրներից էինք, բայց պաշտպանում էինք մեր մյուս պետության անվտանգությունը։ Բայց արի ու տես, որ էս ամեն ինչը մեզ շատ էր:

Երբ տեսնենք ծառը կացինն առած սեփական քոքն ա կտրում, մինիմում կզարմանանք, բայց մեր կողքը մեր ծառից կարողացան կացին սարքել, որը կտրեց մեր ծառը։

Երկիրն էլ դրեցին անիվների վրա ու հրում են անդունդը: Մեր բախտից դեմ ա առել ինչ-որ քարի, որ օրեցօր քայքայվում ա:

Պապս չտեսավ էս խայտառակությունները։ Իսկ եթե ողջ լիներ, մոշի գինի կքաշեր, մարդա մի բաժակ կլցնեինք ու շախմատ կխաղայինք:

Պապս ու տատս՝ Աղվան Բագրատունին ու Քսենիա Մոսիկյանը

Տիգրան Ավետիսյան

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի