«Էրեխեքին պահեք, բալամ, թուրքերը գալիս են»,- Ամեն երեկո դարպասի մոտ կանգնում ու ասում էր տատս։ Հայրս էր պատմում, որ տատս թուրքական վայրագություններից ծանր հիշողություններ ուներ։
Պապիկը՝ Հովհաննես Չուխուրյանը, երգերը երգելիս կարծես թե թաքուն էր երգում ու ասում էր. «Կամաց երգեք, բալեք, էստեղ պատերն էլ ականջներ ունեն, թուրքերը կլսեն»։
Պապիս ցավոք, չեմ հասցրել ճանաչել։ Համագյուղացիները պատմում են, որ առատաձեռն ու բարի մարդ էր, սիրում էր գյուղատնտեսությամբ զբաղվել։
Ծագումով Վագըֆից էր։ Ծնվել էր Այնճարում։
Ամուսնացել է ծագումով Խդրբեգցի Ազնիվ տատիս հետ ու հայրենադարձվել Հայաստան 1930-ական թթ։ Ունեցել են 8 զավակ` 6 տղա, 2 աղջիկ։ Ողջ են մնացել զավակներից 5-ը` հայրս ու 4 հորեղբայրներս։ Հայրս՝ Մովսես Չուխուրյանը, ծնվել է 1965թ․ Բագրատաշենում ու ունեցել 3 զավակ։ Նա չի տեսել իր պապին՝ Պողոս Հովհաննեսի Չուխուրյանին, դրա համար շատ բան չեմ կարող գրել նրա՝ մեծ պապիս մասին, միայն այն, որ նա ծնվել է Մուսալեռի Վագըֆ գյուղում։
Թերեւս այս կետից սկսած մեր տոհմի պատմությունն ավելի շատ ազգանվանական ու տոհմաբանական արխիվներին ու տատիս հիշողություններին է առնչվում։
Ազգանվանական որեւէ բառարանում Չուխուրյան ազգանունը չգտնելով, սկսեցի արտասանությամբ ու հնչեղությամբ մոտ ազգանուններ փնտրել։
Գիտեի նաեւ, որ նույն ծագումն ունենք Ճուղուրյանների, Չուխարյանների հետ։ Համեմատականներն ու փնտրտուքները տարան դեպի «Սուետիոհայերու պատմութիւն» գիտական աշխատանքը, որտեղ նկարագրվում էին Սուետիայի (Մուսալեռան) գյուղերի կենցաղը, ավանդույթներն ու այդ գյուղերից ծագած տոհմերը, ազգանունները։ Այստեղ վերջապես գտնում եմ Չոգորեան ազգանունը, համադրում տատիկիս պատմած այն իրողության հետ, թե մեր ազգանունը փոփոխվել է գաղթի ճանապարհին` Եգիպտոսում, Սիրիայում ու Այնճարում ապրելու տարիներին ու ստացվում է, որ մենք հենց Չոգորեան տոհմի հաջորդներն ենք։
Չոգորեան ազգանվան արմատը 2 բացատրություն կարող է ունենալ.
- Չոգոր կոչվող երաժշտական գործիքը, որից պիտի ենթադրենք որ նախապապս գուցե նվագել է այս գործիքով։
- Չուխ, որը Մուսալեռան բառապաշարում նշանակում էր փոս, հեռու հատված։ Այսինքն, այս տրամաբանությամբ էլ նախապապերս ապրած պիտի լինեն Վագըֆի ավելի հեռու փողոցում։
Խդրբեգն ու Վագըֆը Մուսալեռան 6 նշանավոր 6 գյուղերից երկուսն էին, որոնք հերոսական պաշտպանություն կազմակերպեցին թուրքական հարձակումների դեմ 1915թ. հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը։
Տատս հաճախ էր մտմտում քթի տակ տնային գործերը կատարելու կամ պարզապես լավ տրամադրության ժամանակ․
«Գերմեր ֆստան հագցուցե,
Հալա-հալա-հալա Նինոյէ
Չուծե աղվոր վիլուծե,
Հալա-հալա-հալա նինոյէ»։
Արդեն պատանի էի, երբ իմացա, որ մուսալեռցիների սիրերգն էր տատս փոխանցում մեզ։
Տատս պատմում էր Խդրբեգի ու Այնճարի մանկության ու պատանեկության մասին։
Պատրաստած համեղ խորտիկները, հետո միայն պիտի պարզեի, որ Մուսալեռան անմահական խոհանոցին էին վերագրվում։
Հաճախ էր պատրաստում թաբուլե, հարիսա, սուրքի, կիժ, խիրուպանեյր (վերջիններս Մուսալեռում տարածում ունեցող 3 տեսակի պանիրներ են):
Սուրքին՝
200 կրամ կաթնաշոռ,
- 1 ապուրի դգալ լոլիկ-պղպեղի մածուկ
- 1 ապուրի դգալ ծոթրին
- ½ թէյի դգալ տարչին
- ½ թէյի դգալ սեւ պղպեղ
- ½ թէյի դգալ քիմիոն
- ½ թէյի դգալ ռեհան
- ½ թէյի դգալ ուրձ
- ½ թեյի դգալ բահար
- ½ թէյի դգալ վարդի թերթիկ
- աղ
Բաղադրիչները խառնել իրարու:
Ամրանը պատրաստել սուրքի (մգլոտած, բորբոսած պանիր), ձեռքերը ձէթոտելով գնդել բուրգի նման, շարել բամբակեայ լաթի մը վրայ եւ դնելով ստուերոտ ու քամոտ տեղ մը` չորցնել, երբեմն-երբեմն տակն ու վրայ ընելով կամ եթէ պետք է տակի լաթը փոխել: Չորցնելէն յետոյ, բորբոսացնելու համար, լեցնել ապակեայ կարասի մէջ, փակել բերանը, պահել մութ ու պաղ տեղ մը: Ժամանակի ընթացքին այն կը սկսի բորբոսնիլ: Օգտուելու ժամանակ, մաքրել բորբոսը, բարակ շերտերով կտրատել, վրան լեցնել ձէթ: Իսկ խուսափելու համար բորբոսէն, այն պահեստաւորել սառնարանին մէջ:
Կիժը կամ քըպծուծ պանեյր շոռին խառնած չոր ծոթրին եւ աղ, կուժի մէջ քըպցելով` սեղմելով կը պահեստաւորեն, որոշ ժամանակ՝ գլխիվայր, որպէսզի ջրային մասը քամուի։
Իսկ երրորդ տեսակի պանիրը կը կոչուի խիրուպանեյր, զորս կը ստանան կաթը եռալու ժամանակ մածնաջուրով կտրելով:
Մուսալեռան հարուստ խոհանոցին առնչվող այլ համեղ ու հետաքրքիր կերակրատեսակների մասին կարող եք իմանալ այստեղից։
Վերադառնանք Վագըֆին. Վագըֆը Մուսալեռի եւ առհասարակ ամբողջ Թուրքիայի տարածքում վերջին հայկական գյուղն է, որտեղ դեռեւս մոտ 100 հայ է ապրում։ Ուխտագնացների են ընդունում ամեն տարի ու փորձում են հնարավորինս կենդանի պահել Մուսալեռան հերոսների մասին պատմությունները, հայկական գյուղական կենցաղն ու ավանդույթները։
2020թ. Թուրքական կառավարությունը հայտարարել էր, թե Վագըֆը կունենա գյուղական ավանդույթներին ու կենցաղին նվիրված թանգարան։ Բրիտանական The Guardian պարբերականը նույնպես անդրադարձավ դրան։ Սակայն ծրագիրը դեռ չի իրականացվել։
Գուցե մոտ ժամանակներս կվիճակվի լինել Վագըֆում ու գտնել պապական տունս` պապիս գաղթելուց շուրջ 115 տարի հետո։ Ո՞վ գիտի…
Տարիների հետ ավելի ու ավելի եմ սկսում կարեւորել տեղի հետ կապված հիշողությունն ու սերն առ հեռավոր Մուսալեռ հայրենիք, որ փոխանցվել են տատիկից ու հայրիկից ու ինձ մոտ տպավորություն է, որ ծնվելուց ի վեր եղել են ինձ հետ։
Նարինե Չուխուրյան
Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի