Սանասարը և Բաղդասարը բերդ հիմնեցին ժայռակուռ հսկա քարերով ու Սասնա տուն՝ Սասուն կոչեցին: Մեծ պապիս գյուղն էլ Սասունում Դավթի բերդին մոտ է եղել, Սասնա գյուղերից ամենամոտը: Մեծ պապս՝ Ղութոն, պատմում էր, երբ ոչխարի հոտը գյուղից սար էր բարձրանում՝ երկնքում արևն արդեն մեկ պարանաչափ (չվանաչափ) էր ծագել, իսկ հոտը արդեն հասել էր Դավթի բերդին:
Իմ Ղութո պապը, նրա Կարապետ պապը, նրանց ապուպապերը ու բոլոր նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանի Աղձնիք նահանգի Սասուն գավառի Սասնաբերդին ամենամոտ գտնվող Հարկոռք գյուղում: Գյուղը, ըստ իմ պապիկի, Հարկոռք է կոչվել, որովհետև այստեղ է զոհվել Հայկ անունով մի զորական և այնտեղ էլ թաղվել. Հայկի գոռ, Հայկի գերեզման:
Պապս ու իր նախնիները չէին գաղթել այլ վայրերից, եկվոր չէին, ապրել են երկնքին կպած ամրակուռ ժայռոտ սարերում, անդնդախոր ձորերի կիրճերում, դարձել էպոսի ծուռ Սանասար, Անհաղթ Դավիթ, կռել են իրենց թուր Կեծակին, ելել որսի Որսասար, հեծնել Քուռկիկ Ջալալին ու, հարատևելով ժամանակի անվերջության մեջ, դարձել Արաբո, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ․․․
19-րդ դարի վերջին Հարկոռքը փոքր գյուղ է եղել, բնակեցված հայերով, որտեղ մի գերդաստան էր պապիս ընտանիքը: Երկրպագությունը՝ հողի աշխատանքն էր, ապրելու իմաստը՝ Սասնաբերդի շենացումն էր, իսկ մտածողությունը Անդրանիկի խոսքերով՝ Աստվածներից էլ բարձր: Արդար ու քաջակորով էին, ինչպես բերդի քարերն ու բերդագլխի երկինքը, մաքուր՝ ինչպես գլգիլ հացը: Սերնդեսերունդ սասունցիները անկախ գոյատևեցին, ձգեցին արմատները մինչև երկրի խորքերը, ճյուղեր տվեցին մինչև Ծովասարի ծաղիկները, պահպանելով իրենց լեզուն, հավատը, ավանդույթները, երգը, բառն ու բանը, միշտ մղելով պայքար ազատության համար հասան մինչև յաթաղան, արմատազարկ սև յաթաղան…
Պապիս երկու եղբայրները թաղված են գյուղի մոտակայքում գտնվող եկեղեցու սալաքարերի տակ. Հակոբն ու Ջամիլը: Իսկ մինչև իր մահը պապիս ականջներում որպես ցավի մորմոք լսվում էր գաղթի ճանապարհին մնացած մոր ձայնը: Պապս ու իր քույրը եղեռնազարկ գաղթականների հետ հասան Արևելյան Հայաստանի Արագածոտն գավառ և Սասունի մյուս գյուղերից՝ Ռաբաթից, Բերմից, Բացից, Արխունդից, Քիշանքից փրկվածների հետ բնակություն հաստատեցին Արագածի փեշերին գտնվող, նախկինում Այնալու, այժմ Դավթաշեն գյուղում:
Ու ծնվեցին նոր գյուղեր՝ Կաթնաղբյուր, Սասնաշեն, Բազմաբերդ: Արդյոք կորսվե՞ց հազարամյա Սասունի հողում ծլարձակած արմատը։
Պապս ունեցավ ութ զավակ, նրա զավակներն ու թոռները մեծացան, արմատներ գցեցին մի միջավայրում, որտեղ մանկանց օրորոցի երգը ֆիդայինների երդումն էր, մանկական խաղերը Սասնա Դավթի գուրզ զարկելն էր, իսկ հեքիաթները՝ մեր էպոսի պառավի արտի, թլոր Դավթի ու Ագռավաքարի ասքերն էին:
Ես իմ պապ Ղութոյի երրորդ սերունդն եմ, նրա Գևորգ որդու՝ Հակոբի դուստրն եմ: Իմ հոգու երգը պապերիս տունդարձի ցավի մրմուռն է, իմ խիղճը անթաղ դիակների մոխիրներից հառած բրաբիոն ծաղիկն է, իսկ իմ արյունը Սասունում արարված սասունցու արմատն է:
Ֆիդայական երգերը, Սասունի պարերը, էպոսի բարբառը այժմ էլ սասունցիներով բնակեցված գյուղերում չեն սովորեցում՝ դրանք ծնվում են մեզ հետ:
Ես գիտեմ՝ գաղթի ճամփաներում պահպանվել է մի արահետ, որտեղ դեռ ոչ ոք չի տրորել իմ պապերի ոտնահետքերը, իսկ այդ ոտնահետքերի հետ ձգվելով մեզ է հասել այն կենաց արմատը, որը աճեց, բազմացավ Արագածի փեշերին: Այդ անապական մնացած արահետը մեր Սասնաբերդի սյուներն են, որոնք թեքվել, բայց դեռ կանգուն են: Կգա օրը ետդարձի, պապիս ոտնահետքերով իմ ոտքերն են քայլելու դեպի Սասուն: Ու թե դաշն են Աստված, երկինք ու երկիր, պիտի երթանք, պիտի երթանք մեր երկիր:
Լուիզա Գաբրիելյան
Նկարադարդումը՝ Կարինե Արոյանի